ՍԱՐԳԻՍ ԱՎԱԳՅԱՆ, Բժիշկ, avsargis@bell.net
Հարգելի խմբագրություն
«Ազգ»-ի հուլիսի 3-ի համարում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված հարցը տեղին է եւ օրինաչափ: Սակայն դա հարցի լուծում չէ: Այո, չի կարելի գումար շորթել երեխայի բուժման համար, քանի որ դա պետությունը ներառել է պետական պատվերի մեջ:
Սակայն….
Երեւանի պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտն իր ուսումնառության տարիներին վճարում է տարեկան 800000 դրամ 5 տարի բակալավրի, ապա նաեւ 3 տարի 500000 դրամ կլինիկական օրդինատուրայի մանկաբուժություն մասնագիտության համար: Սա կազմում է տարրական մաթեմաթիկական հաշվարկով 5500000 դրամ: Եթե հաշվի առնենք, որ մանկաբույժը, աշխատելով 27 տարեկանից մինչեւ իր թոշակի տարիքըՙ 67 տարեկանը, ամեն 5 տարին մեկ նաեւ վերապատրաստում է անցնում (ամեն մի վերապատրաստումն արժե 150000 դրամ), ստացվում է որ նա 8 անգամ վերապատրաստվելու համար նույնպես պետք է վճարի 8x 150000=1200000 դրամ: Այսինքն առանց հաշվելու գրքերի, ապրուստի եւ այլ ծախսերըՙ զուտ կրթական վճարները կազմում են 6700000 դրամ:
Եթե սա լինի բանկից վերցված վարկ, ապա 40 տարում մարելու համար, առանց բանկային տոկոսները հաշվի առնելու, անհրաժեշտ է, որ ամեն տարի մանկաբուjժը բանկին վճարի 6700000:40=167500 դրամ, կամ որ նույնն է` ամսական 13959 դրամ:
Հաշվի առնելով, որ բոլոր զարգացած երկրներում այս բանկային վճարը կազմում է սովորաբար աշխատավարձի մոտ 5 տոկոսը, ապա կստացվի որ աշխատավարձը պետք է կազմի մոտ 20 անգամ ավելի ամսական այդ վճարից, որը կազմում է 280000 դրամ:
Այ սա պետք է լինի սովորական տեղամասային մանկաբույժի աշխատավարձ, որպեսզի բժիշկ-մանկաբույժը իր ինքնարժեքն ունենա, ընդ որում մի մոռացեք, որ մենք հաշվի չառանք ուսումնառության տարիների բազմաթիվ ծախսեր, որոնք հաշվի առնելու դեպքում նշվածս գումարը կկրկնապատկվի:
Բազմաթիվ ելույթներ եմ ունեցել թե՛ հեռուստատեսությամբ եւ թե՛ մամուլով, սակայն այսօրվա իշխանությունները հույսը դրել են զոռբայության, իրավաբանների օգնությամբ բժիշկներին վախեցնելով աշխատեցնելու վրա: Բժիշկներն էլ, տեսնելով, որ այսօրվա իրենց աշխատավարձը նշածս թվի միայն 25-30 տոկոսն է կազմում, հասկանում են, որ իրենք անիմաստ են աշխատում ու ստիպված կամ մասնագիտությունն են փոխում, կամ էլ հեռանում են երկրից, որ գոնե իրենց ծախսած գումարը հետ բերեն: Փլուզվում է համակարգը: Դրա համար էլ այսօր շրջաններում մանկաբույժի հսկա պահանջ կա, երբ սովետական տարիներին ամեն մի մանկապարտեզի մի մանկաբույժ էր կցված:
Սա է խնդիրների խնդիրը, ճիշտ տնտեսական չափորոշիչներով առաջնորդվելը, որի մասին խոսում ենք արդեն 20 տարի, բայց քանի որ իշխանությունները համառորեն չեն ուզում ռեալ նայել տնտեսական օրենքներին, դրա համար էլ Հայաստանի շրջանները բժշկաթափվում են: