Երեկ Ռուսաստանի մի շարք քաղաքներում նշվել է «հայտնի պետական-քաղաքական գործիչ» Վիկտոր Պոոլյանիչկոյի մահվան 20-րդ տարելիցը: Նա սպանվել է Հյուսիսային Օսիայում, որտեղ ՌԴ փոխվարչապետի կարգավիճակով զբաղվում էր ինգուշա-օսական լարված հարաբերությունների կարգավորմամբ: Թե ինչո՞ւ Ռուսաստանի` իրեն ժողովրդավարական հռչակած իշխանությունը հանկարծ զգացել էր նախկին կոմունիստական ռեժիմի եւ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների վատահամբավ ներկայացուցիչներից մեկի կարիքը եւ նրան վստահել ազգամիջյան հակասությունները հարթելու դժվարին առաքելությունը` որոշում ընդունածների գաղտնիքն է:
Այլ խնդիր է, թե ներկայիս ռուսաստանյան իշխանություններն ինչո՞ւ են մեծարում Պոլյանիչկոյին: Իսկ որ երեկվա միջոցառումները կազմակերպված էին պետական մակարդակով, կասկածել չարժե: Հակառակ դեպքում Դոնի Ռոստովում, Օրենբուրգում եւ Մոսկվայում համաժամանակյա հիշատակի արարողություններ չէին անցկացվի: Պոլյանիչկոյին, բնականաբար, հիշել եւ մեծարել են նաեւ Բաքվում, որտեղ նրան անվանել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար պայքարի անհաշտ մարտիկ»:
Վիկտոոր Պոլյանիչկոն իր մասին ամենամռայլ հիշողություններ է թողել Արցախում: Նրա գլխավորած ռազմաֆաշիստական ռեժիմի օրոք է Լեռնային Ղարաբաղում եւ Շահումյանի շրջանում իրականացվել «Կոլցո» գործողությունը, որի նպատակն էր տարաշաշրջանի հայ բնակչության լիակատար բռնատեղահանումը, դիմադրության դեպքում` գլխովին ոչնչացումը: Նման փորձ Պոլյանիչկոն ձեռք էր բերել Աֆղանստանում, երբ այդ երկրի «նախագահի» խորհրդականն էր եւ համակարգում էր խորհրդային զորքերի պատժիչ գործողությունները:
Երեկվա ադրբեջանական մամուլի հրապարակումներում կրկված էր, որ «հայերը Պոլյանիչկոյի դեմ կայացրել էին մահվան դատավճիռ»: Արցախում նրան իրոք ատում էին: Դա օրինաչափ եւ համարժեք վերաբերմունք էր, որովհետեւ Պոլյանիչկոյի յուրաքանչյուր քայլ ուղղված էր արցախահայության դեմ: Նա փորձում էր Արցախը հայաթափել` կանգ չառնելով միջոցների ընտրության առջեւ: Էական չէ` Մոսկվայի՞ հրամանն էր դա, թե՞ Բաքվի: Փաստը մնում է փաստ. մեկուկես տարի իշխելով Լեռնային Ղարաբաղում, Պոլյանիչկոն հասցրել էր վաստակել համընդհանուր ատելություն եւ անեծք:
Հարեւան երկրի խնդիրն է` ում եւ ինչպես կամ երբ մեծարել: Ինչպես ասում են` ամեն ոք դատում է իր փչացածության չափով: Բայց երբ իրեն անկախ համարող պետության քարոզչամեքենան աստվածացնում է խորհրդային ամբողջատիրական համակարգի ծնունդ եւ հենասյուն մեկին, ինչպիսին Վիկտոր Պոլյանիչկոն էր, ակամա մտածում ես. «Մի՞թե այսօրվա Ադրբեջանում էլ շարունակում են երազել, որ կգա «տարածքային ամբողջականության պաշտպանության անհաշտ մարտիկը», եւ ամեն ինչ կկարգավորվի»:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը նույնիսկ կապ էր հաստատել Վիկտոր Պոլյանիչկոյի այրու` Լիդիա Յակովլեւնայայի հետ: Ցավալի էր կարդալ այդ կնոջ բառերը: Նա ճգնել էր գունազարդել ամուսնու կենսագրության խայտառակ էջերից մեկը` նրան ներկայացնելով իբրեւ «Ադրբեջանի եւ ադրբեջանական ժողովրդի մեծ բարեկամի, որը, եթե կենդանի լիներ, կցավեր, որ ադրբեջանական տարածքներն օկուպացված են»:
Տիկնոջ խոսքերից հասկացվեց, որ մնացել է կատարյալ մենակ` անցյալ տարի մահացել է որդին: Մարդկայնորեն, ինչ խոսք, նա արժանի է կարեկցանքի: Բայց մի՞թե Աստծո պատիժը չէր, որ Պոլյանիչկոն սպանվել է, ընտանիքը` քայքայվել: Չէ՞ որ բոլոր բռնակալների, սադիստների վախճանը ողբերգական է լինում: Պատասխանատվությունից խուսափել ոչ մեկին չի հաջողվում: Պոլյանիչկոն բացառություն լինել չէր կարող: Որովհետեւ մի ժողովրդի դժբախտության հաշվին շահել մյուսի համակրանքը, ինչին Լեռնային Ղարաբաղում ի վնաս հայության ձգտում էր նա, ավելին է, քան լինել բացահայտ թշնամի:
Նկար 1. Լուսանկարում ձախից աջ` Վագիֆ Ջաֆարով, Ադր. ԿԿ Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար, Մատվեյ Ռադաեւ, Ադր. ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Վլադիսլավ Սաֆոնով, ԼՂԻՄ եւ հարակից շրջանների արտակարգ դրության զինվորական պարետ, Վիկտոր Պոլյանիչկո, Ադր. ԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար: Լուսանկարվել են Շուշիում, 1991թ. մայիսի 9-ին, Գետաշենի հայաթափման օրերին, Շուշիի ազատագրումից ուղիղ մեկ տարի առաջ: