ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մարտունի, ԼՂՀ
Հայկական դիրքը սահմանից ընդամենը հիսուն մետր է հեռու : Խաղաղությունն այստեղ հարաբերական է, առաջին գծում կանգնած զինվորը դա շատ լավ է գիտակցում: Մի անփույթ շարժումը, կարգապահական սխալն ու ակնթարթային հապաղումը կյանքեր կարժենան:
Մեր այցելությունից մի քանի ժամ առաջ էին վերջին անգամ կրակել: Զինվորների հաշվարկովՙ մոտ ութսուն փամփուշտ է արձակվել հայկական դիրքի ուղղությամբՙ մի մասնՙ օդ, մյուս մասըՙ ուղիղ դեպի դիրքերը: «Համարժեք պատասխան միշտ է տրվում, իրենք կրակում են, մենք պատասխանում ենք: Բայց իրենք վախից են կրակում, մենք երբեք առաջինը չենք կրակում: Գիտեն, որ մենք միշտ արթուն ենք, դրա համար էլ վախից կրակում են, մեզ զգուշացնեն, որ իրենք էլ են արթուն», ասում են զինվորներն ու հավելում, որ ծառայությունից չեն դժգոհում. դժվարությունները հաղթահարելի են, սնունդըՙ նորմալ: Միակ խնդրանքը պաշտպանության նախարարությանը այն է, որ տղաներին տրամադրեն նաեւ սուրճ ու ծխախոտ: «Ընդհանուր սննդակարգում դա չկա, բայց սպաները գիտեն, որ մենք միշտ սուրճ ենք գնում ճաշարանից, իսկ ծխողների համար ավելի սարսափելի է, երբ տուփում ծխախոտ չի լինում: Էդ ժամանակ ծառայությունը դարեր է տեւում»:
Առաջին գծում կյանքն ուրիշ է. տարբեր մարդիկ, մտածելակերպ ու կենսագրություն: Զինվորների հավաստիացմամբՙ իրենք տարբեր են, բայց իրենց միավորողն առաքելությունն էՙ առաջին գիծն ամուր պետք է լինի, իրենք են սահմանի, երկրի ու ժողովրդի անվտանգության երաշխավորը:
Ծառայության վեց ամիսը լրացած զինվորները 14 օրով բարձրանում են առաջին գիծ: Մինչ դիրքեր բարձրանալը նրանք տիրապետում են զենքի կիրառման նրբություններին, մարտական պատրաստվածությունը հասցվում է լավ աստիճանի, եւ միայն համոզվելուց հետո, որ սահմանի պահպանությունն ապահով ձեռքերում է, զինվորներին ուղարկում են առաջին գիծ:
Սաֆարյան Արտաշեսն ու Խանախարյան Մաքսիմն ընդամենը 40 օր են բանակում: Մեր այցելության ժամանակ երդումն էին կրկնում. ասում ենՙ իրենց կյանքում կարեւոր փուլ է ու պետք է լավագույն կերպով պատրաստվեն երդմնակալությանը: Ընկերացել են ծառայության հենց առաջին օրը: Ավտոբուսում իրար կողքի էին նստել, հիմա էլ նույն վաշտում են ծառայում:
«Սկզբում շատ դժվար էր: Ամեն ինչ էր վատՙ հագուստից մինչեւ ուտելիք, դժվար էր համակերպվել, սովորել նոր կյանքի, իսկ կարոտն էլ շատ էր տանջում, բայց հետո ամեն ինչ փոխվեց, սովորեցինք էս կյանքին: Հետո որ մենակ չես, ընկերոջդ հետ ես, ամեն ինչ ավելի հեշտ է», ասում է Արտաշեսը:
Գրիգորյան Ռոբերտին զորամասում բոլորն են ճանաչում: Արդեն ութ ամիս ծառայության մեջ է: Հարմարվել է նոր կյանքին: «Դարձել եմ դիմացկուն, ինքնուրույն, բանակում դու քո գլխի տերն ես ու մենակ պետք է ապրես, որոշում կայացնես: Բանակ նշանակում է դժվարություն, չի կարող ամեն ինչ հարմարավետ լինի»:
Ռոբերտը 14 տարեկանից կարատե մարզաձեւով է զբաղվում: «Երկու անգամ Հայաստանի չեմպիոն եմ եղել, հետո եկա բանակ ու մի անգամ էլ արդեն որպես շարքային Գրիգորյան մասնակցեցի առաջնությանն ու գրավեցի երկրորդ տեղը»: Ռոբերտը հիշում է, որ հաղթանակից հետո իրեն զորամասում շատ լավ են դիմավորել, հրամանատարն անձամբ է շնորհակալություն հայտնել, ինքն էլ ոգեւորվել է, ու հիմա ծառայությունը բոլորովին այլ կերպ է ընթանում:
«Հայրենիքը մեզանից է սկսվում»
Ջալադյան Ալբերտը զորամասի հպարտություններից է: 14 ամսվա զինծառայողն աշխարհի ռեկորդակիր է: Որովայնի ձգում մարզատեսակով հետաքրքրվել է տարիներ առաջ, երբ գրազը հաղթեց: «Այդ սպորտաձեւում ռեկորդը 4000-ն է, որոշեցի, որ ես պետք է հաղթեմ ու նոր ռեկորդ սահմանեմ: Որ զորամասում էիՙ մտածում էի, ոչ մի բան չեմ կարողանա անել ու երկու տարի պետք է սպասեմ, մինչեւ զորացրվեմ, սակայն սպայական կազմն իմացել էր իմ հետաքրքրությունների մասին, ու հրամանատարն էլ օժանդակեց, որ ես ավելի շատ մարզվեմ ու նպատակս իրականացնեմ: 9000 ձգում արեցի, ու որոշ ժամանակ անց ինձ ուղարկեցին հավաստագիր եւ վկայական, որ ես աշխարհի նոր ռեկորդակիրն եմ», ասում է Ալբերտըՙ հավելելով, որ զգացողություններն անբացատրելի էին:
Հաղթանակը միակ դրականը չէ, որ բանակից ստացել է Ալբերտը: Ծառայության երկու տարին նա ժամանակի կորուստ չի համարում: Կյանքի փորձ է ձեռք բերել, կոփվել, ճանաչել մարդկանց, մենակ խնդիրներ լուծել:
«Գիտակցումը, որ դու սահման ես պաշտպանումՙ անփոխարինելի է: Ի վերջո հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ սահմանն այսօր պաշտպանում ենք մենք, նշանակում էՙ հայրենիքը մեզանից է սկսվում: Էստեղ զինվորների մեծ մասը հպարտանում է Ավոյով: Որ արտասահմանցուն էլ պատմես, թե դրսում ի՞նչ կյանք է ունեցել, ու ինքը թողել է էդ պայմանները, եկել Ղարաբաղ, հաստատ կհպարտանան: Ավոն եկել է իր հայրենիքի սահմանները պաշտպանելու, ուրեմն մենք ողջ ենք իրենց շնորհիվ, չպետք է փախչենք, պետք է պահպանենք նրանց ստեղծածն ու, եթե հնարավոր է, նաեւ զարգացնենք»:
«Իմ մեջ կռիվ էին տալիս մարդն ու զինվորը»
Գրիգորյան Վոլոդյան ականապատող է: Վեցամսյա նախապատրաստական դասընթացներ է անցել ու հիմա ականապատողների խմբի մեջ ընդգրկված ականներ է տեղադրում հակառակորդի համար: Ծառայության ընթացքում ավելի քան 1000 ական է տեղադրել: «Որ առաջին անգամ ական տեղադրեցի, չէի պատկերացնում, թե ինչ եմ անում: Տեղադրելուց 10 օր անց ասացին, որ մեր տեղադրած ականներից մի քանիսը պայթել են, ու հակառակորդը զոհ ունի: Մի վայրկյան ինքս ինձ ատեցի: Չէր բացառվում, որ հենց իմ դրած ականն էր պայթել: Ի վերջո, նա էլ ինձ պես երիտասարդ զինվոր է, նրա մայրն էլ է սպասում իր որդու գալուն, ինչպես իմ մայրը: Ինձ շատ վատ էի զգում, ուզում էի գոռալ, որ մեջիս բացասական էմոցիաները դուրս գային: Բայց ոչինչ չէր օգնում: Էդ պահին իմ մեջ կռիվ էին տալիս մարդն ու զինվորը: Մարդկային առումով, ես չէի ցանկանում որեւէ մեկին վնաս հասցնել, բայց ես նաեւ զինվոր էի ու պարտավոր էի պահպանել իմ երկրի սահմաններն ու հրամաններ կատարել: Ու ես շարժվեցի զինվորական օրենքներով: Այդ օրենքներով կշարժվեմ մինչեւ ծառայության ավարտը, իսկ քաղաքացիական կյանքում կապրեմ իմ օրենքներով ու սկզբունքներով»:
Սերժանտ Մուշեղ Սարգսյանին լուսանկարել չհաջողվեց: Անգամ այն փաստը, որ իր լուսանկարը կհայտնվի թերթում, եւ ծնողները կտեսնեն որդուն, չհամոզեց Մուշեղին փոխելու միտքը: Մուշեղին զորամասում բոլորն են ճանաչում: Աչքի է ընկնում կարգապահությամբ, ազնվությամբ եւ կարողանում է բոլորի հետ «լեզու գտնել»: Սպայական կազմը մի քանի անգամ Մուշեղին ասել է, որ օրինակելի զինվոր է եւ կարող է զինվորական փայլուն կարիերա ունենալ, սակայն Մուշեղն այլ երազանքն ունի: Մի քանի ամսիցՙ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, կվերադառնա տուն ու կնախապատրաստվի նոր կյանքի: Մուշեղի երազանքն օդաչու դառնալն էՙ ճախրել երկնքում ու վայելել ազատության բերկրանքը:
Ծառայությունից դժգոհ չէ, ասում էՙ եթե կամքի ուժ ունես, ուրեմն հանգիստ կծառայես, եթե չունեսՙ ձեռք կբերես ու կդառնաս տղամարդ:
«Կյանքը մի դպրոց է, որ պետք է անցնես», ասում է նա ու հավելում, որ ծառայության ընթացքում ամենասարսափելին այն է, երբ լսում են, որ զինվոր է մահացել: «Հավատացե՚ք, չկա մի զինվոր, որ ծանր չտանի էդ լուրը», ասում են զինվորներն ու լռում, հայացքները փախցնում ու տխրում:
«Մի քանի ամիս առաջ, երբ Լյուքսին բերում էին Երեւան, մենք վերեւում էինք: Դիրքում բոլորը լացում էին, ոչ մեկը չէր կարողանում արցունքները զսպել ու չէր ամաչում, որ ինքը տղա է, բայց լաց է լինում: Մի կողմից, մենք պետք է դիրքը պահեինք, մեր ուժով ու հավասարակշռությամբ աչքի ընկնեինք, մյուս կողմիցՙ ցավը սպանում էր: Մեզ նման մի տղայի դի ծնողները բերում էին Երեւան, մեզ նման մի տղա մահացել էր ու մահացել էր մեր մեկ այլ տղայի ձեռքով: Դրանից ավելի սարսափելի բան աշխարհում չկա… Ուզում եմ ասեմՙ տղերք, մի՚ կրակեք իրար վրա, էս գնդակը, որ ձեր հրացանում է, թուրքի համար է, հայի համար չէ», ասում է Մուշեղն ու հավելում, «Կներեք, ես պետք է գնամ, ծառայության մեջ եմ»:
Հ. Գ. – Զորամասի դիմացի սարին արդեն 2 ամիս հսկայական խաչ է կանգնած: Զորամասի հրամանատարության աջակցությամբ զինվորներն են ստեղծել ու ամրացրել: Երեկոյան խաչը լուսավորվում է, լույսի ստվերը տարածվում է մինչեւ հակառակորդի սահմանը: Զինվորները պատմում են, որ խաչի ուղղությամբ հաճախ են կրակում, բայց հսկայական խաչը կանգուն է:
Նկար 1. Արտաշես Սաֆարյան, Մաքսիմ Խանախարյան