Չէ, իսկապես, աշխարհում կա՞ մի երկիր, որի անվտանգությունը սահմանի մի հատվածում պաշտպանի մի այլ երկիր: Ճիշտ է` համատեղ, բայց այդ` այլ երկրի հրամանատարությամբ, ու, պատկերացրեք, եթե տվյալ երկրին ձեռք տա երկու հարեւաններին կռվեցնելը, շատ հանգիստ կարող է եւ իր պաշտպանելու պարտավորությունն իրականացնել, եւ սադրանք հրահրել: Այդ մասին երեւի թե ժամանակին պետք է մտահոգված լիներ Հայաստանը, երբ ռուսական կողմի հետ պայմանագիր էր կնքում, ու լուսանցք թողներ, որ որոշումների կայացումն առանց Հայաստանի հրամանատարության բացառվի: Այլապես թուրք հովվի սպանությունը, որ հուլիսի 31-ին հատել էր հայ-թուրքական սահմանը եւ եկել իր կորած ոչխարների հետեւից (35-ամյա Մուստաֆա Ուլքերը Կարսի Աքյաքյա գյուղի հատվածից հատել է հայ-թուրքական սահմանը), հարկավոր պահին հարկավոր տեղում կարող է միջպետական լարվածության պատճառ դառնալ, թեեւ դրա մեղավորը ոչ թե հայկական կողմը, այլ Ռուսաստանի սահմանապահներն են:
Մանավանդ` թուրքերն արդեն մեղադրում են Հայաստանին: Ի՞նչ է ստացվում, մեր երկրում սահմանների պաշտպանության անվան տակ անվերահսկելի վիճակ կարող է տեղի ունենալ սահմանին, մանավանդ` երբեք չպետք է բացառել, որ նման դեպքի կրկնություն միշտ կարող է թելադրել այլ պետության օրվա քաղաքական շահը: Խեղճ փոքրիկ Հայաստան, դու մտածում ես մի բան, իսկ իրականությունը բոլորովին կարող է այլ բան դուրս գալ: Ու արժե մտածել միջպետական պայմանագիրն այնպիսի լրացման ենթարկելու մասին, որ առանց այսպիսի վիճակների պատասխանատվություն կրող Հայաստանի գիտության` ոչ մի գործողություն չիրականացվի (տեղի բնակչությունը վկայում է, որ այսպիսի փաստեր հաճախ կան, երբ թուրք հովիվները սահմանից հետ են տանում իրենց ոչխարը, բայց նրանց վրա մինչեւ հիմա չեն կրակել):
Այս օրերին Հայաստանում եւ հայերի հետ տեղի ունեցած ամեն բանի մեջ հայերը սադրանք ու դիտավորություն են տեսնում, մանավանդ` երկիրը սահուն գնում է կարեւոր որոշումներով ակնկալիքներով աշուն, երբ բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ սպասում են իրենց լուծումներին հայոց օրակարգում:
Եթե մի փոքր լարենք մեր հիշողությունը եւ հետ գնանք առնվազն նախագահական ընտրություններ ու հիշենք բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացնում էր այն ժամանակ նախագահի թեկնածու եւ այժմ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա հայացք գցենք անցնող ժամանակին, կարող ենք արձանագրել, որ առնվազն կես տարի անցնելուց հետո այդ խոստումները հնչեցնելու պահից դրանցից ոչ մեկի իրականացումը դեռեւս ճանապարհ չի ընկել: Անգամ հետընտրական ամիսներին անընդհատ տեղի ունեցող փոքր միջադեպերը (ակամա թե դիտավորյալ) ու հասարակական ուշադրությունը դրանց կողմը պարբերաբար շեղելը չեն մոռացնում բոլոր այն պահանջները, որոնք հանրությունը ներկայացնում էր նախագահի թեկնածուներին: Եվ ուրեմն` մեր պետությունը նույն խնդիրներով ու նույն հանգրվանում է, ինչ նախագահական ընտրություններին էր` բազմաթիվ խնդիրներով ծանրաբեռն: Այդ խնդիրներն այժմ էլ փոխանցվել են դեպի աշուն, եւ ըստ ամենայնի, այս տարի վերջին տասն տարվա ամենածանր աշունն է սպասում Հայաստանին:
Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այն հայտարարությունը, թե ԵՄ-Հայաստան բանակցային գործընթացը հաջող ավարտվել է, նշանակում է, որ արդեն աշնան սկզբին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նախապատրաստությունները կտանեն իշխանության ջանքերի մի առյուծի բաժին, չնայած հազիվ թե թղթերի ստորագրումը սոսկ մեր կյանքի փոփոխություն կարձանագրի անմիջապես կամ արտագաղթ կկասեցնի: Եթե, իհարկե, այդ թղթերի ու տեքստերի ստորագրումն ընդհանրապես հասարակ հայերի կյանքի վրա անդրադառնալու է, ու ոչ թե ուղղակի ապահովելու է Լֆիկի մուտքը եվրոպական շուկա: Իսկ թե Ասոցացման համաձայնագիրը հնարավորություններ է ստեղծելու արտագաղթը կասեցնել, ինչպես որ երեկ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էր կարծում, քանի որ նոր ներդրումներ կունենանք, ու թե որքանով է դա կախված հենց մեզնից ու այլ խանգարողներ չեն լինի` դեռ հարց է: Մանավանդ` այն մեծ կասկածը կա, որ համաձայնագիրը նոր հնարավորություն է դառնալու մեր մի բուռ հարուստների եւ ոչ թե երկրի համար:
Հայաստանը պետք է եվրոինտեգրման եւ հայ-ռուսական հարաբերությունները կարողանա զարգացնել արժանապատվորեն, առանց որեւէ մեկի վրա նետվելու եւ մյուսից հետ քաշվելու, ինքնիշխան պետության պատիվն առանց մեկ սմ-ով իսկ տատանելու: Աշնանը մեր քայլերից է պարզ դառնալու` «եւ-եւ»-ն ու «կամ-կամը» հորինված-արհեստակա՞ն օրակարգեր են, թե՞ դրանց տակ բան, այնուամենայնիվ, կա:
Բոլոր դեպքերումՙ աշնանը երկրին ու նրա իշխանությանը ներկայացվող դրսի ու ներսի մարտահրավերների մեջ են ոչ միայն Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, զուգահեռ` ռուսների հետ պարիտետային հարաբերությունների վերաիմաստավորման հանձնառությունների թարմացումը, այլեւ դրանցից ավելի կարեւոր` մեր քաղաքացիների կյանքի եւ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանն ուղղված առարկայական եւ ոչ թե իմիտացիոն քայլերը, որոնցից խուսափելու տեղ այլեւս չկա:
Բայց մինչ աշուն էլ վերջին շրջանում մեր հանրային կյանքում անընդհատ ինչ-որ բրոունյան շարժում է, թեեւ երբեմն անհասկանալի են ե՛ւ բուն շարժառիթները, ե՛ւ հետեւանքները կամ արդյունքները:
Այս իմաստով այս պահին անհասկանալի է, թե ի՞նչ են ուզում ուղեվարձի թանկացման դեմ պայքարած ու գոնե առաջին փուլում հաղթած ցուցարարները` քաղաքապետարանի մոտ վրաններ տեղադրելու իրենց պահանջով. ուղղակի բողոքի տրամադրությունները վառ պահե՞լ մինչեւ աշուն, հետագա քննարկումների արդյունքում սակագնի բարձրացումը թույլ չտա՞լ, թե՞, ի վերջո, ավելի գլոբալ, հենց բողոքող ակտիվիստների համար առայժմ չերեւացող խնդիր է դրված: Չերեւացող` բողոքավորների համար, բայց որոշակի անձանց եւ ուժերի համար` լավ երեւացող, չի բացառվում, որ այդ ուժերը նաեւ իշխանության մեջ լինեն:
Բայց առավել դժվարը ներսի խնդիրները լուծելն է, սեփական քաղաքացիների մեջ հույսի արթնացումը ու օլիգարխների ախորժակի զսպումը, որ վաղուց է խոստացվում, բայց դեռ չի իրականացվում: Ամենակարեւորը` օդում կախված մնաց կառավարման դեմքը թարմացնելու հրամայականը, թեեւ շատերը դեռ համոզված են` պաշտոնափոխություններ, մարզպետափոխություններ անպայման լինելու են աշնանը: Իշխանությունը ստիպված է լինելու ազատվել վարկաբեկված անձանցից:
Ընդ որում` շատ գործընթացներ, որ այժմ տեղի են ունենում, համարվում են աշնանը տեղի ունենալիքի նախավարժանքը, այդ թվում` տրանսպորտի սակագնի դեմ բողոքը, որի հեռավոր շարժառիթներում թաքնված է սոցիալական բունտի ուրվականը` որպես բիզնեսների վերաբաշխման եւ օլիգարխներին վախեցնելու, ինչու չէ` նրանց ունեցվածքից հասարակության այլ շերտերի բաժին հանելու գործիք:
Մեր բոլոր խնդիրները, փաստորեն, վերահասցեագրել ենք աշնանը: