Հուլիսի 30-31-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:
Ժողովի սկզբում Ամենայն հայոց կաթողիկոսը իր գնահատանքը բերեց խորհրդի անդամներին, որ ընդառաջ հրավերին ժամանել են Մայր աթոռ` քննարկելու Հայաստանյայց առաքելական եկեղեցու առջեւ ծառացած զանազան մարտահրավերներ, հայ հավատացելոց կյանքը հուզող խնդիրներ:
Ժողովի նիստերն ատենապետեց Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Գերագույն հոգեւոր խորհրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր աթոռի միջոցառումների վերաբերյալ զեկույց ներկայացրեց հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հանձնախմբին` հանձնարարելով շարունակել միջոցառումների ամբողջացման եւ նախապատրաստման աշխատանքները:
Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ ի գիտություն ընդունեց Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցը Թեմական ուղենիշային կանոնադրության պահանջներին թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի վերաբերյալ:
Տեղեկություններ ներկայացվեցին սեպտեմբերի 21-28-ը Մայր աթոռում գումարվելիք Հայ եկեղեցու ընդհանուր եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագծի լրամշակման աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ հանձնախմբի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: ԳՀԽ անդամները գնահատանքով ընդունեցին զեկույցը` թելադրելով հանձնախմբին շարունակել կանոնադրության լրամշակման գործընթացը:
Գերագույն հոգեւոր խորհուրդը քննության առավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական գրությունը, ինչպես եւ Ֆրանսիայի հայոց թեմում դրան առնչված զարգացումների հետ կապված հարցեր:
Հետ քննարկության Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունեց Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնից եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամությունից եւ խնդրանք ներկայացրեց Վեհափառ հայրապետին հաստատելու այն:
Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ ափսոսանք հայտնեց հրաժարականում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին ուղղված անհիմն գնահատականների առնչությամբ: Գերագույն հոգեւոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Ֆրանսիայի հայոց թեմի թեմական խորհրդին ստեղծված իրավիճակի կարգավորման գործում` հորդորելով նաեւ թեմի հավատացյալներին եւ ազգային հաստատություններին ու կազմակերպություններին` քրիստոնեական սիրո ոգով նպաստել Ֆրանսիայի հայոց թեմի բարեկարգությանը եւ շինությանը: