Հուլիսի 27-ին Ռումինիայի Տուլչա քաղաքում, «Ազգամիջյան ֆիլմերի շաբաթ» փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հայկական երեկո: Տուլչայի նահանգային իշխանությունների հրավերով, Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի եւ Ռումինահայոց միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի կողքին միջոցառմանը ներկա էր նաեւ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:
Տուլչայի նահանգի փոքրամասնություններին նվիրված այս հերթական 8-րդ փառատոնն անցկացվում էր Ռումինիայի կառավարության եւ նահանգային ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ, որին իրենց մասնակցությունն էին բերել տեղի ռուս, ուկրաինական, իտալական, գերմանական, հունական, թուրք-թաթարական, գնչուական եւ վերջապես հայ համայնքային միությունները:
Հուլիսի 27-ի երեկոյան Տուլչայի կենտրոնական հրապարակում իրենց ազգային երաժշտարվեստը ցուցադրեցին տեղի գնչուական գործիքային նվագախումբն ու Բուխարեստի հայկական «Վարդավառ» պարախումբը: Համերգային ծրագրից հետո ցուցադրվեց ռումինահայ ռեժիսոր Ֆլորին Գեւորգյանի «Մեկ գիշերային սեր» կարճամետրաժ ֆիլմը:
Միջոցառման շրջանակներում, դեսպան Գասպարյանը համագործակցության կապեր հաստատելու շուրջ զրույց ունեցավ Տուլչա նահանգի պրեֆեկտ Լուչիան Սիմիոնի հետ: Լուչիան Սիմիոնը, ով միաժամանակ Ռումինահայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահն է, պատրաստակամություն հայտնեց նպաստելու նահանգի եւ Հայաստանի որեւէ մարզի միջեւ կապերի հաստատմանը: