Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնումՙ նախապատրաստվելով Եվրոպայի եւ աշխարհի թիմային առաջնություններին: Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են օլիմպիական չեմպիոններ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Իսկ Սերգեյ Մովսիսյանն առայժմ մարզվում է անհատական ծրագրով:
Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 7-18-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այդ մրցաշարի ավարտից ընդամենը 6 օր անց Թուրքիայի Անթալիա քաղաքում կմեկնարկի աշխարհի թիմային առաջնությունը: Ինչ խոսք, նման խիստ գրաֆիկով 2 կարեւորագույն մրցաշարերի մասնակցությունը շախմատիստներից առաջին հերթին ֆիզիկական լավ պատրաստություն կպահանջի: Բացառված չէ, որ Եվրոպայի թիմային առաջնությունում մեր հավաքականի կազմում հայտնվեն մի քանի երիտասարդ շախմատիստներ: