Դա սպառնալիք է քուրդ բնակչություն ունեցող երկրների, հատկապես Թուրքիայի միասնականության համար
«Ազգ»-ի երեկվա համարում «Հյուսիսային Սիրիան անցել է քրդերի վերահսկողության տակ» վերնագրով հոդվածում նշել էինք, որ «Քրդական ժողովրդավարական միասնություն» կուսակցությունըՙ PYD-ն, մաքրելով տարածքը, «Ան Նուսրալի» վարձկաններից, պատրաստվում է ինքնավարության, եւ դա համարել էինք Թուրքիայի սիրիական քաղաքականության ձախողումը:
PYD-ի գլխավորությամբ Հյուսիսային Սիրիայի շուրջ 2 միլիոնի հասնող քրդերի ինքնավարություն հռչակելու պատրաստակամության մասին տեղեկացվել էր թուրքական մամուլում: Քրդական այս պատրաստակամությանը հուլիսի 23-ին արձագանքել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, ի դեմս խոսնակ Ջեն Պսակիի, վերագրելով դա քրդերի անկախության ձգտումներին: Դրանց առնչությամբ խոսնակը հայտարարել էր. «Մտահոգությամբ ենք հետեւում Սիրիայում անկախ քրդական շրջան հռչակելու վերաբերյալ մամուլում տարածվող լուրերին: Դա կսրի արաբների ու քրդերի միջեւ առկա լարվածությունը եւ առիթից օգտվելու հնարավորություն կտա ծայրահեղականներին»:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը միաժամանակ նշել է, որ իրենք ուշադիր հետեւում են «Իրաք-Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման եւ Սիրիայի քրդերի բախումներին: Այս խմբավորումը սկզբում կրում էր «Իրաքի իսլամական պետություն» անվանումը, որը ենթակա էր «Ալ Ղաիդային»: Խմբավորման իրաքյան թեւին, այնուհետեւ միացել է «Ան Նուսրալի» գլխավորած սիրիական թեւը, եւ խմբավորումը ստացել է «Իրաք-Սիրիայի իսլամական պետություն» անունը:
Անկախ անվանումից, ենթադրվող այս պետության սահմանները Իրաքով ու Սիրիայով չեն սահմանափակվում են, այլ ձգվում են Թուրքիայից Արաբական ծով, այսինքնՙ դրանք ներառում են նաեւ Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի երկրները: Կհաջողվի՞ «Ալ Ղաիդային» ու «Ան Նուսրալին» ձեւավորել սուննի արաբների միացյալ պետություն անծայրածիր այս տարածքում, հազիվ թե: Բայց որ ստեղծման նախաձեռնությունը հնարավորություն կտա շահագրգիռ միջազգային ուժերին ձեւափոխելու Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզը, ակնհայտ է:
Համենայն դեպս, նախորդ օրը «Ազատ Սիրիայի բանակի» հրամանատարներից Բաշար Էլ Զոաբին հայտարարել է, որ մինչեւ ամսվա վերջը անկախություն են հռչակելու Սիրիայի հարավային շրջանները: Եթե այս հայտարարությունը համադրենք հյուսիսային Սիրիայում քրդական ինքնավարություն կամ անկախություն հռչակելու PYD-ի պատրաստակամության հետ, ապա պարզ կդառնա տարածաշրջանում ընթացող քաղաքական զարգացումների պատկերը:
Մանավանդ որ Իրաքը ներքաշվել է շիա-սուննի միջդավանանքային հակամարտության մեջ, երկրի հյուսիսում ձեւավորված «Քուրդիստան» շրջանը դե-ֆակտո անկախացել է, դրա օրինակով ու անմիջական հարեւանությամբ այդպիսի մի շրջան ստեղծվում է նաեւ հյուսիսային Սիրիայում, դեռ ավելինՙ «Քուրդիստան» շրջանի նախագահ Մասուդ Բարզանի քրդերի անկախության մասին արտահայտվելիս, ինչպես արտահայտվել էր հուլիսի 22-ին Էրբիլում գումարված համազգային քրդական համագումարի նախապատրաստական նիստում, քրդերից պահանջել է համախմբում ու միասնություն, իսկ քուրդ բնակչություն ունեցող Իրանին, Իրաքին, Սիրիային ու Թուրքիային սպառնացել, թե այլեւս ոչ ոք չի կարող զենքի ուժով ճնշել քրդերի ազատագրական պայքարը:
Այլ կերպՙ տարածաշրջանի խնդիրը «Ալ Ղաիդայի» ու «Ան Նուսրալի» արաբական միացյալ պետությունը չէ, այլ քրդական անկախ պետականության ստեղծման համար արեւելյան, արեւմտյան, հարավային եւ հյուսիսային «Քուրդիստանի» միավորումը ըստ երեւույթին PKK-ի առաջնորդության: Ինչո՞ւ, որովհետւ ավելի քան 30 տարի Թուրքիայում զինված պայքար մղող այս կազմակերպությունը հենակետեր ունի Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանում, նաեւ ռազմական կառույցներ Սիրիայում ու Իրանում:
Այսինքն, PKK-ն, բացի Թուրքիայից, քրդերին առաջնորդում է նաեւ Սիրիայում ու Իրանումՙ պայքարելով այս երկրներում պետական իշխանությունների դեմ: Այդ պայքարը, սակայն, ծառայում է միացյալ «Քուրդիստանի» նախադրյալների ստեղծմանը, այլ ոչ թե միասնական քրդական պետության կազմավորմանը այն առումով, որ հակամարտություններում ամենաանլուծելին ինքնիշխանության եւ հողային խնդիրներն են: Դրա վառ օրինակը դեռեւս 1948-ին սկզբնավորված արաբա-իսրայելական հակամարտությունն էր:
Սակայն անկախ անլուծելիության հանգամանքից, միացյալ «Քուրդիստանի» կազմավորման նախադրյալների ստեղծումն անգամ սպառնալիքի տակ է դնում ինչպես Իրաքի ու Սիրիայի, այնպես էլ Իրանի եւ Թուրքիայի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը: Ընդ որում, քուրդ բնակչություն ունեցող այս երկրներից որեւէ մեկում տեղի ունեցող ամեն մի զարգացում փոխներգործություն է ունենում մյուսի վրա: Թերեւս այդ առումով պատահական չէր հյուսիսային Սիրիայում ընթացող զարգացումներին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի բուռն արձագանքը. «Թուրքիան չի հանդուրժի քրդական որեւէ նախաձեռնությունՙ դիմելով անհրաժեշտ բոլոր քայլերի»: