Այն, ինչ կատարվեց Ռիո դը Ժանեյրո եւ Սան Պաուլո քաղաքներում վերջին 3 շաբաթների ընթացքում, դարձավ ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ ամբողջ աշխարհում քննարկման թեմա: Ըստ Euronews-իՙ 220.000 մարդ շաբաթներ շարունակ երկրի երկու խոշորագույն քաղաքների փողոցներից տուն չէին վերադառնում, գիշերում էին հրապարակներում, անկարգություններ կազմակերպումՙ պահանջելով չբարձրացնել երթուղային ավտոբուսների եւ մետրոյի սակագները: Բրազիլական իշխանությունները երկար չկարողացան դիմակայել հասարակական ճնշմանն ու նախորդ շաբաթ հայտարարեցին, որ երկու տրանսպորտներն էլ չեն թանկանալու:
Ընդունված է ասել, որ Հայաստանում սոցիալական հարցերով բողոքի ակցիաներ չեն լինում, թանկացումը ժողովուրդն ընդունում է գլուխը կախ ու «դե մի կերպ յոլա կգնանք»-ի տրամաբանությամբ շարունակում գոյատեւել: Սակայն նախորդ շաբաթ Երեւանում միջքաղաքային տրանսպորտի սակագինը 50 տոկոսով բարձրացնելու լուրը որոշակի ցնցումներ առաջացրեց հասարակության մեջ, ու ընդդեմ թանկացումներին տրամադրությամբ Երեւանը կամաց-կամաց նմանվում է Ռիոյին, առայժմ խաղաղ ու հանգիստ ակցիաներով, առանց զոհերի կամ տուժածների:
Որ տրանսպորտի իրավիճակը սարսափելի է եւ փոփոխություններ են անհրաժեշտՙ անհերքելի փաստ է: Դրա մասին մեր թերթում մի քանի անգամ գրվել է եւ ամեն անգամ ընդգծվել, որ անհնար է փոփոխություններ կատարել առանց սակագնի բարձրացման:
Անհնար է առաջխաղացում առանց գնաճի, սակայն ինֆլյացիային զուգահեռՙ պետք է աշխատավարձերն ու կենսաթոշակներն էլ բարձրացնել, որպեսզի սոցիալական ճեղքեր չառաջանան: Վերջին 2 ամսվա ընթացքում սա հինգերորդ թանկացումն է. արդեն թանկացել են գազը, էլեկտրաէներգիան, հացն ու կաթնամթերքը, ուրբաթ օրվանից տրանսպորտը նախկին 100-ի փոխարեն դարձավ 150 դրամ: Որոշ մասնագետներ պնդում են, որ սա հարկադրված քայլ է, եւ ներկայացնում են իրենց վերլուծությունները, որոշ մասնագետներ էլ հակառակ տեսակետն են պնդումՙ կրկին վերլուծություններով եւ հաշվետվությամբ:
Քաղաքապետարանից հավաստիացնում են, որ ուղեվարձի թանկացումից սկսած իրենք նաեւ մոնիտորինգ են կատարում եւ համոզվել են, որ երթուղային տաքսիների վարորդները ավելի մարդ չեն վերցնում եւ նաեւ կանգառներում հերթեր չեն գոյանում: Ես էլ եմ երթուղային տաքսիով երթեւեկում: Երեկ էլ, 68 համարի երթուղայինում ուղեւորները բերնեբերան լցված էին, գործարանային նստատեղերը կիսաքանդ էին, վարորդն էլի ծխում էր: Ստացվում է, նախ էքստրեմալ պայմաններում պետք է երթեւեկենք ու նաեւ 50 տոկոսով բարձրանա վճա՞րը: Քաղաքապետարանի խոստումներին, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի, ցավոք, քչերն են հավատում:
Տրանսպորտի թանկացումը կարծես համբերության վերջին կաթիլն էր, եւ կարծես թե հասարակական աղմուկն ավելի մեծանում է:
Կիրակի օրվանից բազմաթիվ հայտնի դեմքեր, դերասաններ ու քաղաքական գործիչներ նախաձեռնել են free car ակցիանՙ մեքենայով մարդկանց անվճար հասցնում են տուն կամ աշխատավայրՙ հորդորելով մարդկանց չվճարել 150 դրամ: Նախաձեռնությունը դերասան Հայկ Մարությանինն էր, ում միացան եւ դեռ միանում են շատերը:
Կամավորները քաղաքում շրջում եւ բաժանում են բուկլետներՙ քաղաքացիներին կոչ անելով չվճարել 150 դրամ, համընդհանուր բողոքել ու պահանջել, որ տրանսպորտի սակագինն էժանանա:
Այս ամենին նախ լուռ անտարբերությամբ, հետո արդեն հայտարարությամբ պատասխանեց քաղաքապետարանը. քաղաքում տեղի ունեցողը շոու է: Սա քաղաքապետարանի գնահատականն է:
Շոու է, թե ոչ, դժվար է ասել, հատկապես երբ քաղաքապետարանի աշխատակիցներից ոմանք հայտարարում են, թե 50 դրամն ի՞նչ փող է, որ կռիվ եք անում, ու նմանատիպ սարկազմով լի արտահայտություններ: Դա, իհարկե, այդ անձանց իրավունքն է, սակայն փաստն այն է, որ հասարակության մեջ Դժգոհությունը հասել է գագաթնակետին եւ դա չտեսնելն ուղղակի անհնար է:
Անշուշտ, այս բողոքի ակցիան պետք է ոչ միայն սթափեցնող լինի, այլեւ արդյունավետ: Բնականաբար, ոչ ոք չի կարող երկար ժամանակ իր մեքենայով մարդկանց անվճար տեղափոխել, կամ 150-ի փոխարեն վճարել 100 դրամ: Պահանջը պետք է լինի կառավարությանըՙ բարձրացնել աշխատավարձը գոնե 50 տոկոսով. ի վերջո այսքան թանկացումների ֆոնին անհնար է անգամ գոյատեւել ստանալիք աշխատավարձով: Նաեւ կոնկրետ երաշխիքներ եւ ժամկետներ պահանջել, թե երբ կազատվենք «հոտավետ» ավտոներից, անբարեկիրթ վարորդներից ու ժամերով կանգառում երթուղայինի սպասելու արդեն ավանդական իրավիճակից:
Ի դեպ, երեկ մի շարք վարորդներ հաստատել են, որ սակագնի բարձրացմանը զուգահեռ իրենց աշխատավարձը չի բարձրացել. մոտ ապագայում էլ վարորդները նման ակնկալիքներ կարծես թե չունեն:
Մինչ քաղաքապետարանում լռում են, մինչ տրանսպորտի վարչության պետը գոռում է, եւ մինչ քաղաքացիներն առայժմ բողոքի ակցիաներ են անցկացնում, համացանցում պտտվում է մի տեսահոլովակ, երբ այս տարվա մարտի վերջերին, ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետարանի լրատվական բաժնի պատրաստած տեսանյութում Տարոն Մարգարյանը «պաշտոնապես հայտարարում է, որ առաջիկայում թանկացումներ չեն լինելու»: Հաշվի առնելով վերջին օրերի զարգացումներըՙ քաղաքապետի այդ հավաստիացումը նախընտրական բլե՞ֆ էր ուրեմն: