ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
Ճիշտ օգտագործելու դեպքում կդառնա թուրքական ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ միջոց
Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրված է եւ հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:
Չուսումնասիրված հարցերից թերեւս պետք է առանձնացնել քեմալականների իթթիհատական ծագումը եւ օսմանյան ցեղասպան քաղաքականության ժառանգականությունը, թուրքական ժողովրդական զանգվածների եւ քուրդ աշիրաթների մասնակցությունը հայերի կոտորածներին, պետական կառույցների եւ բանակի դերը, Մուստաֆա Քեմալի մերձավոր շրջապատի հայասպան դիմագիծն ու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կազմի պատասխանատվությունը, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, ժխտողականության հարցում իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը Թուրքիայում, հայերի ունեցվածքի պետական եւ ժողովրդական հափշտակումը, հայ երեխաների կյանքը «փրկելու» թուրքական նկրտումները, ինչպես նաեւ հայկական հարցի ու Աթաթուրքի տաբուի առնչությունները:
Մինչդեռ անկախության տարիներին Հայաստանում լույս տեսած աշխատությունները զգալի թիվ են կազմում: Ըստ երեւույթին ցեղասպանության հարցին մենաշնորհային մոտեցումն ու աշխատությունների կրկնաբանական բնույթը, որքան էլ դրանք լինեն ստվարածավալ, ներկայացվեն կամ արժանանան պետական մրցանակի, արգելք է եղել, որ լուսաբանվեն նշված հարցերը:
Այդուհանդերձ հրատարակվել են նաեւ բավականին ուշագրավ աշխատություններ: Թեեւ դրանք հատուկ չեն անդրադարձել վերոհիշյալ հարցերին, սակայն զերծ են կրկնաբանությունից, նաեւ նորություն են հայ պատմագրության մեջ: Որպես այդպիսին կարելի է, օրինակ, նշել Մելինե Անումյանի «Ճանաչում եւ դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. եւ 1926 թ.)» աշխատությունը :
Նախքան աշխատության բովանդակությանն անդրադառնալը պետք է ասել, որ մինչ այդՙ 2011-ին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հրատարակել էր հեղինակի «Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի» ուսումնասիրությունը: Մ. Անումյանի գրախոսվող «Ճանաչում եւ դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները» գիրքը 2013-ին Երեւանում լույս է ընծայել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Աշխատությունը 167 էջ է, ունի պատասխանատու խմբագիր Արսեն Ավագյանի հեղինակած առաջաբան, ներածություն, եզրակացություն, օգտագործված աղբյուրների եւ գրականության ցանկ:
Գիրքը բաղկացած է 3 գլուխներից: 1-ին գլխում քննարկվում է 1918-ի Մուդրոսի զինդադարի ֆոնին Օսմանյան Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը եւ Հայոց ցեղասպանության պատասխանատուների դեմ իրականացված հետաքննությունները: 2-րդ գլուխը ներառում է հայերի տեղահանության եւ կոտորածների գործով դատավարությունները, քննության ենթարկելով իթթիհատականների պատասխանատվության հարցն ու դրա նշանակությունը քեմալականների ազգային շարժման համար, իսկ 3-րդ գլխում հեղինակը վեր է հանում Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի մեջ մեղադրվող իթթիհատական գործիչների դատավարությունը, որոնց մեջ էր մեր ժողովրդի դահիճներից դոկտոր Նազիմը, եւ դրանք համեմատում է հայերի տեղահանության ու կոտորածների գործով դատավարությունների հետ:
Համեմատությունը խիստ կարեւոր է ռազմական ատյանում իթթիհատականներին հայկական ջարդերի համար մեղավոր ճանաչելու օսմանյան կառավարության նկրտումները եւ ջարդերի նկատմամբ քեմալականների վերաբերմունքը բացահայտելու առումով: Հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով հարուցված 63 գործերով կայացել է մահապատժի 20 դատավճիռ, սակայն ի կատար է ածվել միայն 3-ը:
Քեմալականների «անկախության» դատարանը առ այսօր առեղծվածային այդ մահափորձի մեջ մեղադրված շուրջ 50 իթթիհատականներից 17-ին դատապարտել է մահապատժի: Դատապարտվածները նույն թվինՙ 1926-ի հուլիս-օգոստոս ամիսներին Աթաթուրքի հրամանով կախաղան են հանվել: Հատկանշական է, որ մինչ «անկախության» դատարանը Աթաթուրքի դեմ դավադրության մեղադրանքով մահապատժի էր դատապարտում այս իթթիհատականներին, նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունում քեմալական կառավարությունը 1926-ի հունիսի 27-ին ընդունած օրենքով «լքյալ գույքերի» ֆոնդից մինչեւ 20 հազար լիրա արժողությամբ կալվածքներ է հատկացնում Թալեաթի, Ջեմալի, Տրապիզոնի կուսակալ Ազմիի, Բեհաեդդին Շաքիրի, մեծ վեզիր Սաիդ Հալիմի, Ջեմալի թիկնապահների, ինչպես նաեւ օսմանյան ռազմական ատյանի որոշումով մահապատժի ենթարկված 3 մարդասպանի ընտանիքներին: Մինչդեռ 1919-ին, երբ կազմավորման փուլում էր քեմալականների ազգային շարժումը, հայկական կոտորածները կազմակերպելու համար իթթիհատական պարագլուխներին անձամբ դատապարտել էր Քեմալ Աթաթուրքը:
Այլ կերպ, եթե 1919-1921 թթ. օսմանյան կայսրության նոր իշխանությունները հայերի տեղահանության եւ կոտորածների համար երիտթուրքերին դատապարտում էին, իսկ ռազմական ատյանը քննում էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչների գործը, որ մեղմի Մուդրոսի զինադադարի պայմանները եւ ստեղծի հաշտության նպաստավոր պայմանագրի նախադրյալները, ապա Մուստաֆա Քեմալը իթթիհատականներին նույն մեղադրանքով դատապարտելու միջոցով փորձում էր դրական ազդանշան հաղորդել Անտանտի տերություններին ամրապնդել քեմալականների դիրքերը, ապահովել ազգային պատերազմների ընթացքը եւ իթթիհատական պարագլուխներին զերծ պահել քեմալական շարժումը դրսից կառավարելու ձեռնարկումներից:
Սակայն անկախ նկրտումներից, «հայերի տեղահանության եւ կոտորածների» համար երիտթուրքերին դատապարտելով օսմանյան կառավարությունը ու ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը ակամա խոստովանել են պատմական ճշմարտությունը, իսկ Կ. Պոլսո ռազմական ատյանը իթթիհատականների նկատմամբ դատավճիռներով տվել է Հայոց ցեղասպանության իրավական գնահատականը:
Մելինե Անումյանը «Ճանաչում եւ դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները» աշխատության մեջ հենց այդ հանգամանքն է շեշտում: Ճիշտ օգտագործելու դեպքում նրա աշխատությունը կդառնա թուրքական ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ միջոց, հետեւաբար կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այսինքն, բացի գիտականից, ունի նաեւ պրակտիկ նշանակություն, իսկ դա աշխատությանը տալիս է առանձնակի արժեք եւ առանձնահատուկ նշանակություն: