Վ. Ա.
Ադր. ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի վերջին նախագահ Վագիֆ Հուսեյնովը, որ ներկայումս Ռուսաստանի քաղաքացի է, Մոսկվայում հուշերի գիրք է տպագրել, որից հատվածներ տեղ են գտել haqqin.az-ում: Նախկին «գլխավոր հետախույզը», որ մասնագիտությամբ լրագրող է, մի քանի ակնարկներ է արել իր ղեկավարած գերատեսչության եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի միջեւ շփումների թեմայով:
Հուսեյնովը, մասնավորապես, մեջբերել է իր եւ ԱԺՃ պարագլուխ Էլչիբեյի հետ իր հանդիպման «սղագրությունը»: Դա, երեւի, առանձին խոսակցության թեմա է: Այս պահին մեզ հետաքրքրում է Ադրբեջանի քաղաքական շրջանակներին տիրած իրարանցումը: Վերջին օրերին Բաքվում ով չի ծուլանում, մյուսին մեղադրում է ԿԳԲ-ի հետ կապերի, հատուկ ծառայությունների գործակալ, «ազգային-ազատագրական շարժման» մեջ ներդրված լինելու մեջ:
Հատկապես իրենց ազատ են զգում նախկին ԱԺՃ-ական, ներկայումս իշխող վարչախմբի հովանավորությունը վայելող գործիչները: Նրանցից խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալիեւը, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ ԱԺՃ «հիմնադիր ժողովին մասնակցել է նաեւ «Երիտասարդ գիտնականների ակումբ»-ը, որն ստեղծել էր Ադր. ԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն»: Աղամալիեւի վկայությամբ, այդ խմբի մեջ էին մտնում Հիքմեթ Հաջիզադեն, Զարդուշտ Ալիզադեն եւ Իսա Գամբարովը եւ իրենք «տարբեր աղբյուրներից տեղեկություն էին ստանում, որ նրանցից ոմանք համագործակցում են ԿԳԲ-ի հետ»:
Պատգամավորը, սակայն, «չի կարողացել հաստատել կամ հերքել այդ լուրերը»: Միայն վերստին հիշեցրել է, որ «այդ մասին շատերն էին խոսում, անգամ բարձր պաշտոններ զբաղեցնողները»: Եթե Աղամալիեւը ԱԺՃ- ԿԳԲ կապի մասին առհասարակ զգուշավոր է խոսում, ապա «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարի պարագայում, չգիտես ինչու, անցնում է ճակատային ձեւակերպումների. « Ես միշտ կասկածել եմ, որ նա կապված է հատուկ ծառայությունների հետ: Ճիշտ է, ես նման փաստեր չունեմ, բայց Իսա Գամբարն ինքը երբեք չի հերքել այդ մեղադրանքները: Ամեն դեպքում ես էլ հանդես եմ գալիս այդ իրադարձությունների հետաքննության օգտին»,- եզրափակել է նա:
Խոսքը 1989-ի տարեվերջին Նախիջեւանի հատվածում խորհրդա-իրանական պետական սահմանի ավերման, 1990-ի հունվարի կեսերին Բաքվում հայկական ջարդերի եւ քաղաք զորքեր մտցնելու դեպքերի, դրանցում ԱԺՃ դերակատարության մասին է: Ըստ Ադր. ԽՍՀ ՊԱԿ-ի վերջին նախագահ Հուսեյնովի, Մոսկվայից Բաքու գործուղված Եվգենի Պրիմակովը կարգադրել է «ձեռք չտալ Իսա Գամբարովին»:
Խնդրի նրբությունը, սակայն, նրանում է, որ Վագիֆ Հուսեյնովն իր հուշերում չափազանց թափանցիկ ակնարկում է, որ Բաքվում ԱԺՃ արմատական գործողություններն ուղղորդվում էին դրսից` «ամենայն հավանականությամբ, Հեյդար Ալիեւիչի կողմից»: Նա նույնիսկ պնդում է, թե իրենց հայտնի էր, որ դեռեւս 1989 ի գարնանը «Իսա Գամբարովը, Էթիբար Մամեդովը եւ Նեյմաթ Փանահովը Մոսկվայում հանդիպել էին Հեյդար Ալիեւի հետ»:
Այսօր իշխող վարչախմբի քվոտայով խորհրդարանի պատգամավոր ընտրված Ֆազաիլ Աղամալիեւը պահանջում է, որպեսզի «այդ իրադարձությունները հետաքննվեն»: Կգնա՞ Իլհամ Ալիեւը նման համարձակ քայլի: Բացառված է, քանի որ հակառակ դեպքում կպարզվի, որ «համազգային առաջնորդն» իշխանության է եկել պետական խռովության, անմեղ մարդկանց սպանությունների, քաղաքական մրցակիցներին ԿԳԲ-ի գործակալ հավաքագրելու եւ բազմաթիվ այլ մեքենայությունների գնով: Այսինքն` անօրինական ճանապարհով: Չէ՞ որ նա համարվում է «համազգային առաջնորդի գործի արժանավոր շարունակող»: