Ինչպես արդեն երկու օր առաջ եվրոպական լրատվամիջոցները հաղորդեցին, նորվեգացի մետալ-երաժիշտ, գրող Վարգ Վիկերնեսը` հայտնի իր ծայրահեղական հայացքներով, ձերբակալվել է Ֆրանսիայում, ոստիկանության այն ենթադրությամբ, թե մտադիր է եղել իրագործել արդեն հայտնի մեկ այլ նորվեգացուՙ Անդերս Բրեյվիկի ձեռագրով ահաբեկչություն:
Ձերբակալության հրամանը տրվել է, երբ երաժշտիՙ նախապես արդեն զենքի իրավունք ունեցող կինը գնել է չորս հրացան: Սրանից բացի, ոստիկանությունը կարեւոր գործոն է համարում նաեւ նրա անուղղակի կապը Բրեյվիկի գաղափարների հետ, վերջինս Վիկերնեսին ընդգրկել էր նրանց շարքում, որոնց նա մինչեւ Ուտույա կղզում կատարած ոճրագործությունը, ուղարկել էր իր «Եվրոպական անկախության դեկլարացիան»:
1994-ին Վ. Վիկերնեսը 21 տարվա ազատազրկման էր ենթարկվել նորվեգական մեկ այլ մետալ-խմբի կիթառահարի սպանության մեղադրանքով, ինչպես եւՙ մի քանի եկեղեցիների հրկիզման համար: Սակայն 2009-ին վաղաժամ ազատագրվել եւ իր ֆրանսուհի կնոջ հետ բնակության էր տեղափոխվել Ֆրանսիա: Ի դեպ, բանտարկության տարիներին նա գրել է գրքեր, ինչպես «Հին սկանդինավյան կրոններն ու մոգությունները», «Սկանդինավյան դիցաբանությունը եւ աշխարհահայցքը» եւ այլն: Բանտից դուրս գալուց հետո էլ Վիկերնեսը չի թաքցրել իր հակասեմիտական եւ քսենոֆոբիական հայացքները:
Երաժշտի կենսագրական տեղեկություններում հետաքրքրական փաստ կա արձանագրված. ծնողներըՙ ինժեներ հայրը եւ մայրըՙ նավթային խոշոր մի ընկերության աշխատակցուհի, ամուսնալուծված են եղել: Վիկերնեսի դաստիարակությամբ զբաղվել է մայրը, որն, ըստ վկայությունների, ռասիստական հայացքների կրող է եղել եւ բավական անտարբեր է վերաբերվել եկեղեցիների հրկիզման փաստին: Երաժիշտի կապը մոր հետ մշտապես սերտ է եղել:
Վարգ Վիկերնեսը հիմնադիրը եւ միակ մասնակիցն է black metal «Burzum» խմբի, նոր հեթանոսական, որոշների կարծիքով նաեւ նոր նացիստական շարժումների հայտնի գործիչ է: Խմբի անունը փոխառել է Ջ.Ռ.Ռ. Տոլկիենի «Մատանիների տիրակալը» գրքից, որ թարգմանաբար նշանակում է «խավար»:
Մետալ-երաժշտության պատմությանը նվիրված «Մետալիստի ճանապարհորդությունը» վավերագրական ֆիլմում Վարգ Վիկերնեսին համարել են մետալ-երաժշտության բոլոր ժամանակների ամենասկանդալային դեմքը: