Ջուլֆալակյանը կրկին պարտվեց Վլասովին
Կազանում ընթացող համաշխարհային ուսանողական 27-րդ խաղերում երեկ իրենց մրցավեճն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումների վերջին օրը Հայաստանից մրցագորգ դուրս եկան մեր 2 փորձառու ըմբիշներըՙ Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որոնցից մեդալների ակնկալիքներ կային:
Ավելի հաջող հանդես եկավ Արթուր Ալեքսանյանը: Առաջին երկու գոտեմարտերում նա միեւնույն 4-0 հաշվով պարտության մատնեց թուրք Սուլեյման Դեմիրչիին եւ լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին: Այդ հաղթանակների շնորհիվ հայ ըմբիշը կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց: Այդ փուլում էլ Արթուրն իրեն հիանալի դրսեւորեց եւ գրագետ վարելով գոտեմարտը, 3-1 հաշվով առավելության հասավ իրանցի Մահդի Ալիյարիֆելզաբադիի նկատմամբ:
Արթուր Ալեքսանյանն իրավունք ստացավ վիճարկելու Ունիվերսիադայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ գոտեմարտում նա մրցեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ: Ցավոք Արթուրին չհաջողվեց շարունակել հաղթարշավը եւ նվաճել Ունիվերսիադայի չեմպիոնի տիտղոսը: Հայ ըմբիշը մրցակցին զիջեց 0-5 հաշվով ու բավարարվեց արծաթե մեդալով: Այսպիսով, Կազանում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 2 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Իսկ ընդհանուր առմամբ հայ մարզիկները Կազանում արժանացել են 10 մեդալի` 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե:
Արսեն Ջուլֆալակյանը մինչեւ 74 կգ քաշայինների մրցավեճում առաջին գոտեմարտում հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Աթաբեկ Ազիկբեկովին (4-0): 2-րդ գոտեմարտում վիճակահանությամբ Արսենին բաժին էր հասել ռուսաստանցի Ռոման Վլասովը, որին հայ ըմբիշը պարտվել էր Լոնդոնի օլիմպիադայի եզրափակիչում: Ցավոք, պատմությունը կրկնվեց եւ Ջուլֆալակյանը կրկին զիջեց մրցակցին (1-3): Քանի որ վերջինս հասել էր մինչեւ եզրափակիչ, Արսենն իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին: Առաջին գոտեմարտը հաջող ստացվեց. Արսենը 3-0 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին: Բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում Ջուլֆալակյանը 4-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին: