Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ԳՈԼՈՎ

Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հենրիխ Մխիթարյանի նորամուտը շատ հաջող ստացվեց: Մասնակցելով շվեյցարական «Բազելի» հետ ընկերական հանդիպման առաջին խաղակեսին, Հենրիխը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակՙ մեծապես նպաստելով թիմի հաջողությանը, որը խաղը շահեց 3-1 հաշվով:

Արդեն 11-րդ րոպեին Մխիթարյանն աջ եզրով սրընթաց ներխուժեց տուգանային հրապարակ եւ գնդակը հասցեագրեց Ռոյսին, որն էլ բացեց հաշիվը: Իսկ 27-րդ րոպեին Հենրիխը տուգանայինի մատույցներից դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը:

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկն իր գոհունակությունն է արտահայտել Մխիթարյանի խաղի մասին, նշելով, որ հայ ֆուտբոլիստը դրսեւորեց իր բարձր կարգը: Իսկ «Բիլդը» հետեւյալն է նշել. « Մխիթարյանը թիմի համար գերազանց ձեռքբերում է: «Բազելի» նկատմամբ տոնած հաղթանակը ցույց տվեց, որ Հենրիխ Մխիթարյանը հաջողությամբ է փոխարինում Մարիո Գյոտցեին»: