Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գրախոսություն մեծ մտավորականի երկերի վեցհատորյակի հրապարակման առիթով

Նիկողայոս Ադոնցը ոչ միայն հայ պատմագիտական, այլեւ քաղաքական, հրապարակախոսական, փիլիսոփայական, քերականական, գեղարվեստական մտքի մեծագույն կրողներից է: Չկա հասարակագիտական մի ոլորտ, որի ուղությամբ կատարված նրա ուսումնասիրություններն ու աշխատությունները լինեն թերարժեք եւ կորցրած իրենց արդիական հնչողությունը: Եվ սա առավել կարեւոր էր դարձնում նրա ողջ գրական ժառանգության հրապարակումը, որը պահանջում էր տքնաջան, մանրազնին եւ պատասխանատու աշխատանք: Այսօր արդեն կարելի է պնդել, որ այդ աշխատանքը կատարված է գրեթե ամբողջությամբ, քանզի ընթերցողի սեղանի վրա է նրա երկերի վեց հատորը, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է մեծ մտավորականի թողած հսկայածավալ ժառանգության որոշակի բնագավառ: Վեց հատորների խմբագրական հանձնաժողովը բաղկացած է Պետրոս Հ. Հովհաննիսյանից, Ա. Գ. Մադոյանից եւ Պ. Գ. Ստեփանյանից: Հատորների հրատարակության նախապատրաստման, ծանոթագրությունների եւ ցանկերի կազմման աշխատանքներն իրականացրել է հայտնի պատմաբան, աղբյուրագետ եւ մատենագետ Պ. Հ. Հովհաննիսյանը, որն այդ ամենն իրականացրել է ջերմեռանդությամբ եւ նվիրումով, քանզի նպատակ է ունեցել լուսաբանել այն ամենն, ինչ կարող է մնալ անհասկանալի` կապված այս մեծ հայի ստեղծագործական գրեթե ողջ արգասիքի հետ: Պ. Հովհաննիսյանն է նաեւ հեղինակը յուրաքանչյուր հատորի փոքրիկ ներածական խոսքի, ուր ներկայացնում է տվյալ հատորի խնդիրը, այսինքն` Ադոնցի ստեղծագործական ծաղկեփնջից այդ հատորում առանձնացված մասի ստեղծման պատմությունը, նպատակն ու խնդիրները: Իսկ Ա հատորի ներածական խոսքում տալիս է Ադոնցի ուսումնասիրությունների մատենագիտությունը, հիմնավորում դրանց ամբողջական հրատարակման անհրաժեշտությունը, որն իրականություն է դարձրել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի այսօր արդեն նախկին տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանը: Հասկանալու համար այդ անհրաժեշտությունը, բավական է մեջբերել Պ. Հովհաննիսյանի հետեւյալ խոսքը. «… հարուստ եւ բազմաժանր է Ն. Ադոնցի գիտական ժառանգությունը: Նրա յուրաքանչյուր կողմ, յուրաքանչյուր արտահայտություն հարստացրել է հայ միտքը մեծագույն, անանց արժեքներով: Ինչպես Հ. Թումանյանը գրականության ոլորտում, Կոմիտասը` երաժշտության, Հր. Աճառյանը` լեզվաբանության, Մ. Աբեղյանը` գրականագիտության, Վ. Սուրենյանցը` նկարչության, Ա. Թամանյանը` ճարտարապետության, այնպես էլ Նիկողայոս Ադոնցը պատմագիտության ոլորտում անկրկնելի է ու մեծ»:

Փորձենք սրանում համոզվել, ոչ շատ խորությամբ, քանզի մեկ գրախոսությամբ դժվար է գնահատել վեց ծավալուն հատոր կազմած ժառանգությունը, գնահատելով յուրաքանչյուր հատորի բովանդակած ուսումնասիությունների գիտական (եւ ոչ միայն գիտական) արժեքը:

Ա ՀԱՏՈՐԸ (տե՛ս Նիկողայոս Ադոնց, Երկեր, Ա, Պատմագիտական ուսումնասիրություններ, Երեւանի համալսարանի հրատարակչություն, Երեւան, 2006, 652 էջ) ընդգրկում է 18 պատմագիտական ուսումնասիրություններ եւ մեկ գրախոսություն` նվիրված Գ. Գալեմքարյանի «Կենսագրություն Սարգիս արքեպիսկոպոսի Սարաֆյան եւ ժամանակին հայ կաթողիկեայք» աշխատությանը, թեպետ սա էլ իր էությամբ պատմագիտական ուսումնասիրություն է, քանզի գրված է քննական-վերլուծական մեթոդաբանությամբ, հեղինակի եւ նրա ուսումնասիրության առարկա նյութի մեկնաբանություն է` այդ նույն նյութի վերաբերյալ իր իմացածի համադրությամբ: Հատկապես կարեւոր ենք համարում մատնանշել, որ պատմագիտական ուսումնասիրություններում թեպետ կարելի է չհամաձայնել Ադոնցի առաջ քաշած որոշ տեսակետների, բայց կարեւոր է այն հանգամանքը, որ նա վերանայում է շատ հին հայեցակարգային մոտեցումներ, նորերն է մատուցում` հիմնավորելով դրանք կամ մատնանշում է մի ճանապարհ, որով պատմագրության հետագա ընթացքը հիմնազուրկ կարող է անել շատ կարծրատիպային մոտեցումներ: Դրանք վերաբերում են Տիգրան Մեծի եւ Միհրդատի քաղաքական փոխհարաբերություններին, Վասակի պատմական դերի ճշմարիտ գնահատականին հասնելու ձգտմանը, հին Հայաստանի քաղաքական մտքի ուղղվածություններին, Բյուզանդիայի հայազգի պետական այրերի գործունեության վերլուծությանը եւ այլն:

Բ ՀԱՏՈՐԸ ներառում է Ադոնցի պատմա-բանասիրական ուսումնասիրությունները (տե՛ս Նիկողայոս Ադոնց, Երկեր, Բ, Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, Երեւանի համալսարանի հրատարակչություն, Երեւան, 2006, 680 էջ) : Կարեւոր է, որ հատորում զետեղված 32 ուսումնասիրություններից 22-ը մայր հայրենիքում լույս են տեսել առաջին անգամ: Դրանք վերաբերում են հայ հին մշակույթի եւ մասնավորապես մատենագիտությանն առնչվող կարեւորագույն խնդիրների լուսաբանմանը` դարձյալ ինքնատիպ եւ շատ առեղծվածների լուսաբանման համար նոր արահետներ բացող: Այդ առեղծվածները վերաբերում են Մաշտոցին, Խորենացուն, Կորյունին, Փավստոսին, Սեբեոսին եւ այլոց: Հատորում կան պատմա-համեմատական քննություններ, գրախոսականներ, գեղարվեստական խոսքի հայ նշանավոր դեմքերի գրական արգասիքների արժեվորումներ եւ վերարժեւորումներ: Հատորից այն ճիշտ տպավորությունն ես ստանում, որ հանձին Ադոնցի գործ ունես ոչ միայն տաղանդաշատ պատմաբանի, այլեւ բանասերի եւ գրաքննադատի հետ: Կարեւոր է գրական խոսքի քաղաքական ավանդի նրա ընկալումը, ոչ միայն կապված Ֆիրդուսու «Շահնամեի», այլեւ «Դավիթ Բեկ» վեպի, Ավ. Ահարոնյանի ստեղծագործությունների հետ:

Ադոնցի երկերի Գ ՀԱՏՈՐՆ ընթերցողին մատուցում է մի նոր անակնկալ` պատմաբան եւ բանասեր Ադոնցը նաեւ նույն որակի լեզվաբան է ( տե՛ս Նիկողայոս Ադոնց, Երկեր, Գ, Հայրենագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատ., Երեւան, 2008, 496 էջ ): Հատորով լույս է ընծայված Ադոնցի կոթողային մի աշխատության` «Դիոնիսիոս Թրակացին եւ նրա հայ մեկնիչները» հայերեն թարգմանությունը: Ինչպես նկատել է հատորը հրատարակության նախապատրաստած Պ. Հովհաննիսյանը` «Ադոնցի այս երկասիրության հայացումը ժամանակավրեպ չէ եւ համոզված ենք, որ այն երկար ժամանակ կծառայի որպես ուղեցույց` հայ քերականագիտական մտքի համակողմանի ուսումնասիրության համար»: Այս խոսքերի ճշտության մեջ համոզվում ենք` գործն ընթերցելու ընթացքում: Աշխատության մեջ բացահայտված են Դիոնիսոսի քերականական արվեստի նրբերանգները, նրա քերականության հայ հեղինակների մեկնաբանությունները, այն դերը, որ ունեցել է սույն հեղինակը Ադոնցի արտահայտությամբ` «հայ դպրության պատմության կարեւորագույն մատենագրական հոսանքներից մեկի ձեւավորման համար»: Հասկանալի է, որ Ադոնցը նկատի ունի հայ քերականագիտական մատենագիտությունը, որի համար «գայթաքար» էր «հունաբան դպրոցը»: Բացի հիշյալ երկասիրությունից հատորում ամփոփված են նաեւ Ադոնցի հայոց լեզվի ուղղագրությանն ուղղված հոդվածներ, ինչպես նաեւ քերականագիտական աշխատությունների գրախոսություններ եւ ստուգաբանական ուսումնասիրություններ:

Դ ՀԱՏՈՐՈՎ ընթերցողի դատին է հանձնվում Ադոնցի «Քննական պատմություն հայոց» աշխատությունը ( տե՛ս Նիկողայոս Ադոնց, Երկեր, Դ, Քննական Պատմություն հայոց, ԵՊՀ հրատ., Երեւան, 2009, 720 էջ ): Ինչպես հատորի ներածականում գրում է այն հրատարակության պատրաստած Պ. Հովհաննիսյանը, Ադոնցը նպատակ է հետապնդել տալու հայոց ողջ պատմության քննական վերլուծությունը (եւ նա դա ապացուցում է փաստերով), սակայն ցավոք չի կարողանում իրականացնել իր առջեւ դրված խնդիրն ամբողջությամբ եւ քննական վերլուծության է ենթարկում Ուրարտական շրջանին վերաբերվող պատմությունը եւ դարձյալ հայոց պատմության մի քանի դրվագներ: Հատկանշական է, որ որպես միջնադարագետ եւ բյուզանդագետ հայտնի պատմաբանը այս հատորով ցրում է բոլոր այն տարակուսանքները հայոց (եւ ոչ միայն հայոց) հին շրջանի պատմության վերաբերյալ իր իմացական մակարդակի վերաբերյալ` ի հայտ բերելով իր վերլուծական մտքի նորանոր թռիչքները եւ բացահայտելով պատմաբանի բնական օժտվածության նորանոր ծալքերը: Զերծ մնալով այն խնդրի քննարկումից, թե արդյո՞ք հայկական էր ուրարտական քաղաքակրթությունը, միայն կուզենայինք շեշտել, որ Ուրարտուի պատմական դերի գնահատման առումով Ադոնցի մատուցած հայեցակարգերը երբեք չեն կորցնի իրենց արդիականությունը: Ահա դրանցից մեկը. «Այսպես փայլեց մի օրրան, որը երեք դար շարունակ` 900-600 թթ. փայլել էր Հայաստանի բարձունքներում: Նա առաջինը միավորեց երկիրը` բազմաթիվ ցիրուցան ցեղեր համախմբեց մի քաղաքական ու մշակութային կյանքի շրջանակներում: Նա ուրիշ արժանիք էլ ունեցավ` նրա անընդհատ պայքարը Ասորեստանի դեմ խափանեց սեմական տարրի խուժումը Հայկական լեռնաշխարհը եւ նրա ներթափանցումը Փոքր Ասիա»(էջ 318): Եվ կամ` «Պայքարել Ասորեստանի կատաղության ու մոլեգին կրքերի դեմ, փակել նրա ճանապարհը դեպի Նաիրյան երկրները, դա մի ազնիվ առաքելություն էր, որ Ուրարտուն պատվով կատարեց, այսպիսով նշանակալի ծառայություն մատուցելով քաղաքակրթությանն ու մարդկությանը» (էջ 319):

Հատորում տեղ են գտել նաեւ հայոց հին պատմությանը եւ պատմական գլխավոր դեմքերին վերաբերող հոդվածներ եւ ծրագրված աշխատություններից առանձին մասեր, որոնցում առաջ քաշված որոշ հայեցակարգային մոտեցումներ միգուցե այսօր փոքր-ինչ վիճելի լինեն, բայց ընդհանուր առմամբ դրանք վկայությունն են հեղինակի ինքնատիպ եւ ստեղծագործ մտքի:

Որ հիրավի Ադոնցը համարվում է բյուզանդագետ եւ նրա բյուզանդագիտական ուսումնասիրությունները նրան պատվավոր տեղ են ապավովել համաշխարհային բյուզանդագիտության մեջ, հեշտորեն կարելի է համոզվել` ծանոթանալով նրա երկերի Ե ՀԱՏՈՐԻ ամփոփած նյութին ( տե՛ս Նիկողայոս Ադոնց, Երկեր, Ե, Հայ – բյուզանդական ուսումնասիրություններ, Երեւան, ԵՊՀ հրատ, 2012, 664 էջ ): Հատորը հրատարակության նախապատրաստած Պ. Հովհաննիսյանն իր ներածական խոսքում ներկայացնում է Ադոնցի բյուզանդագիտական ժառանգությունը, տալիս է Բյուզանդիային եւ հայ – բյուզանդական հարաբերություններին նվիրված նրա ուսումնասիրությունների ստեղծման ժամանակագրությունը, ապա` դրանց ներառած հիմնահարցերը եւ գնահատականը: Կարեւոր ենք համարում մեջբերել նրա երկու տեսակետները բյուզանդագետ Ադոնցի մասին: Ըստ նրա` «Նախ, Ադոնցն առաջին հայ բյուզանդագետն էր: Մինչ նրա ասպարեզ գալը հայ պատմագիտությունը միայն հպանցիկ աղերսներ է ունեցել բյուզանդագիտության հետ:

…Երկրորդն այն է, որ Ն. Ադոնցն ամենայն հնարավորն էր անում, որպեսզի ընտելացնի ժամանակակից բյուզանդագետներին այն հանգամանքին, որ Բյուզանդիային վերաբերող հայկական աղբյուրները ոչ պակաս արժանի են ուշադրության, քան «դասական» եվրոպական կամ արեւելյան լեզուներով գրվածները, իսկ երբեմն նույնիսկ նախընտրելի են» (էջ 9):

Կարեւոր է նաեւ այն հանգամանքի մատնանշումը, որ Ադոնցն իր բյուզանդագիտական ուսումնասիրություններում քանդում է այն կարծրատիպային մոտեցումները, համաձայն որոնց Բյուզանդիան զուտ հունական կայսրություն էր: Ըստ նրա` Բյուզանդիան միայն հույների կողմից կառուցած շենք չէր: Այլ` «Եթե հույները կայսրության անհերքելի տերերն էին լեզվի եւ քաղաքակրթության միջոցով, ապա հայերը իրենց ստեղծարար մտքի եւ իրենց ազգին հատուկ ռազմական հանճարի շնորհիվ գտնվում էին այն ազգերի շարքում, որոնք ամենամեծ նպաստն էին մատուցել այն պահպանելու գործում» (էջ 174): Եվ սա նաեւ այն պարզ պատճառով, որ «Բյուզանդիայի պատմության ամենաակնառու հերոսները կամ ծնունդով կամ ծագումով հայեր էին» (նույն տեղում):

Ադոնցն առանց ընկնելու ազգային սնապարծության գիրկը, քննական վերլուծական մեթոդաբանությամբ, որն իրականացնում է հարուստ սկզբնաղբյուրային հենքի վրա, նախ ապացուցում է հայերի դերը բյուզանդական կայսրությունում, որը աստիճանաբար փոխարկվում է ղեկավար դերի, քանզի նրանց ձեռքն է անցնում կայսրության գայիսոնը: Սրանում լիարժեքորեն կարելի է համոզվել խորությամբ ծանոթանալով այն բազմաբովանդակ նյութին, որը ներառում է այս հատորը: Իսկ այդ նյութը բաղկացած է 24 միավորից, որից 22-ը Մայր հայրենիքում լույս է տեսնում առաջին անգամ: Դրանք առնչվում են բյուզանդական կայսրերի ծագմանը, Բյուզանդիայի հայ գիտական դեմքերին, առանձին ճառերի եւ նամակների քննություններին, Աշոտ Երկաթի կառավարման շրջանի վերլուծությանը նաեւ հայ – բյուզանդական փոխհարաբերությունների ենթախորքի վրա, Դավիթ Կյուրողապատի ծագումնաբանությանն ու գործունեությանը եւ այլն: Մի բան ակնհայտ է, որ այս հատորը միանգամայն այլ հայեցակարգային մոտեցումներ է մատուցում հայ-բյուզանդական փոխհարաբերությունների մասին եւ ստիպում է վերանայել շատ հին պատմագիտական հայեցակարգեր:

Ադոնցի երկերի Զ ՀԱՏՈՐԻՆ անդրադարձով արդեն ցանկանում ենք ամբողջացնել մեծ մտավորականի նրա դիմանկարը ( տե՛ս Նիկողայոս Ադոնց, Երկեր, Զ, Հրապարակախոսություն, ԵՊՀ հրատ, 2012, 540 էջ ): Այս հատորով լույս է ընծայված նրա հրապարախոսական ժառանգությունը: Այդ ժառանգությունը տարաբնույթ է եւ ընդգրկում է նյութեր, որոնք վերաբերում են ցարական «Պոլոժենիայով» նախատեսված կաթողիկոսության ընտրություններին եւ կաթողիկոսությանն ընձեռված հնարավորություններին (ընդ որում նա «Պոլոժենիան» գնահատում է անաչառության դիրքերից), Հայ եկեղեցու դերի գնահատակին` դարձյալ նույն դիրքերից, Հայկական հարցին, որի զարգացման եւ լուծման վերաբերյալ մատուցում է ինքնատիպ տեսակետներ: Դրանցից կարեւորում ենք հատկապես նրա այն կարծիքը, թե անհնար է հայկական բարենորոգումներ անցկացնել` մեծ տերություններին թիկունք համարելով, ինչպես կարծում էին շատ հայ քաղաքական գործիչներ, որոնք դրա իրականացումը տեսնում էին ցույցերի կազմակերպման մեջ: Դրա իրականացման ճիշտ ճանապարհն Ադոնցը տեսնում էր զինման աշխատանքների մեջ: Թերեւս Ադոնցն այն տեսակետին էր, որ այնքան էլ ճիշտ չէ Ռուսաստանից ակնկալել Հայկական հարցի լուծումը, մասնավորապես 1912-14թթ.-ին:

Ադոնցը չսխալվեց նաեւ` գտնելով, որ պատերազմից հետո մեծ տերությունները կանդամահատեն Թուրքիան եւ սպասելի է, որ ստիպեն նրան ճանաչելու նաեւ Հայաստանի անախությունը Ռուսաստանի կողմից գրավված Արեւմտյան Հայաստանի տարածքում: Նրա տեսակետները մասամբ չիրականացան, քանզի գլուխ բարձրացրեց բոլշեւիզմը, որի ներկայացուցիչների դիրքորոշումը Հայկական հարցի նկատմամբ նա խիստ քննադատության է ենթարկում: Ըստ նրա` այդ դիրքորոշումն էր պատճառը Սեւրի պայմանագրի հայոց համար նախատեսած կետերի չիրականացման: Ուսանելի է նրա հետեւյալ ընդհանրացումը. «Ծանր եւ դառն է մտածել, որ աշխարհում առաջին սոցիալիստական պետությունը դուրս եկավ մի մուրճ, որ անսպասելի հարվածով կռեց Հայաստանի ստրկության արդեն ընկնող շղթաները» (էջ 148):

Բավարարվելով այսքանով, ավելացնենք սոսկ, որ Զ հատորում ամփոփված Ադոնցի հրապարակախոսական ժառանգությունը նպաստում է հայ քաղաքական մտքի այն ուղղությամբ զարգանալու տեսակետի ճշտության հիմնավորմանը, որ այսօր էլ պետք է զերծ մնալ մեծ տերությունների նկատմամբ տածած հույսերից, եւ առաջնահերթությունը պետք է տալ սեփական հնարավորությունները ճիշտ օգտագործելու եւ սեփական ուժերին ապավինելու գաղափարներին:

Ամփոփելով ասվածը, շեշտենք, որ Ադոնցի երկերի վեցհատորյակի հրատարակությունը հիրավի կոթողային գործ է, քանզի ամբողջացնում է այս մեծ հայի դիմանկարը, իսկ այդ դիմանկարում միահյուսված են պատմաբանին, լեզվաբանին, բանասերին, իմաստասերին, աշխարհագրագետին, հրապարակախոսին եւ քաղաքագետին բնորոշ երանգները: Եվ այդ երանգներն իրենց տարբերության մեջ մնում են չխամրող, դյութիչ եւ գեղեցիկ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂ» ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ԵՐՐՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՇՈՒՏՈՎ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ, ԿՆՈՋՙ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ՇՈՒՏՈՎ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ, ԿՆՈՋՙ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական