Ըստ Պոլսո Կարագյոզյան վարժարանի խնամակալության ատենապետ Տիգրան Գյուլմեզգիլի, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո վերջապես իրականություն է դառնում Շիշլիում նոր բարձրահարկ շենքի կառուցումը:
«Մարմարա» օրաթերթի տվյալներով, 34-հարկանի նորակառույցի վերեւի 18 հարկերը վարձով են տրված «Մարիոթ» հյուրանոցային ընկերությանը, որը հանձն է առել նաեւ հսկել շինարարության մանրամասնությունները: Ներքեւի 16 հարկերը նախատեսված են առեւտրական կենտրոններին գրասենյակների համար:
Շենքը ունենալու է նաեւ «ավտոպարկ» եւ երկրորդ հարկում 4500 քառ. մետր տարածքով մշակույթի մի կենտրոն: Նորակառույցին կից «Կարագյոզյան սանուց միության» շենքը ամբողջովին վերանորոգվելու է եւ ունենալու է մեկ մարզասրահ, 250-տեղանոց մեկ թատերասրահ եւ բազմաթիվ վարչական գրասենյակներ: Այս երկրորդ ծրագրի համար նախատեսված է 3,5 մլն դոլար: