Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջն անորոշ իրավիճակը շարունակվում է ու արդեն սկսում է լրջորեն անհանգստացնել հայ ֆուտբոլիստի ճակատագրով մտահոգվողներին: Ըստ որոշ լրատվամիջոցների, «Լիվերպուլն» արդեն «Շախտյորի» հետ իբրեւ համաձայնեցրել էր գործարքի կնքման հարցը եւ արդեն այս շաբաթվա ընթացքում պետք է պաշտոնապես այդ մասին հայտարարվեր: Սակայն Մխիթարյանն առ այսօր Երեւանում է ու մարզավիճակը պահպանելու նպատակով մարզվում է ֆուտբոլի ակադեմիայում: Հենրիխը չի ցանկանում շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ուստի հնարավոր չէ պարզել իրողությունը:
Իսկ ահա «Շախտյորի» ներկայացուցիչները գնալով ավելի կոշտ դիրքորոշում են դրսեւորում Հենրիխի բացակայության փաստի վերաբերյալ ու սպառնում են տուգանել եւ պատժել նրանն թիմի հավաքին չներկայանալու համար: Ուկրաինական football.ua կայքին տված հարցազրույցում «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինն անդրադարձել է Մխիթարյանին. «Մխիթարյանից առայժմ որեւէ նորություն չկա: Մենք «Տոտենհեմից» եւ «Լիվերպուլից» պաշտոնապես որեւէ առաջարկ չենք ստացել: Ես արդեն ասել էի, որ առաջարկ ենք ստացել Դորտմունդի «Բորուսիայից», որը պատրաստ է 30 մլն դոլար վճարել Մխիթարյանի տրանսֆերի համար: Մեր պահանջը 30 մլն եվրո է: Դա միակ առաջարկն է, որ ստացել է «Շախտյորը»: Մխիթարյանի պայմանագրում նշված չէ նրա հրաժարագինը: Այնտեղ նշված է տուգանքՙ պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում: Եթե Մխիթարյանը ցանկանում է խզել պայմանագիրը «Շախտյորի» հետ, ապա նա պետք է 30 մլն դոլար վճարի: Իսկ եթե գնում ենք քաղաքակիրթ ճանապարհով եւ վաճառում ենք ֆուտբոլիստինՙ չխզելով նրա հետ պայմանագիրը, ապա մեր սահմանած գումարը 30 մլն եվրո է: Եթե նրա համար առաջարկվող գումարը չբավարարի «Շախտյորին», իսկ ֆուտբոլիստն էլ չներկայանա թիմ, ապա կպատժվի համաձայն պայմանագրում եղած պատժամիջոցների: Այնպես որ դա մեզ համար խնդիր չէ»: