ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Երբ ոստիկանությանն անհրաժեշտ է գործ սարքել, հեռու չեն գնում, ամենաքիչը թմրանյութեր օգտագործելու մեղադրանքը կարողանում են «կախել մարդու վզին», քանի որ մի որոշ ժամանակ անց դրա չլինելու հանգամանքն ապացուցելը գործնականում դառնում է անհնար: Ու եթե այս հոդվածին ավելացնում են նաեւ, ասենք, ծեծկռտուք կամ վիճաբանություն, այն էլ խմբակային, մարդուն «հանգիստ» պահում են ճաղերի հետեւում` անկախ հանգամանքից, թե իրականում ինչի համար է մարդը հայտնվում անազատության մեջ:
Այն, ինչ վերջին 2-3 օրվա ընթացքում տեղի է ունեցել ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր հետ, կարող է ընթացիկ վիճակ լինել, երբ երիտասարդները երբեմն վիճում են, ծեծկռտուք սարքում ու հայտնվում ոստիկանությունում: Սակայն երբեմն էլ, երբ անհրաժեշտ է մեկի նկատմամբ ճնշումներ գործադրել, ապա տվյալ մարդու հարազատին անազատության մեջ պահելով ավելի մեծ ճնշում է գործադրվում, հետեւաբարՙ մեծ «արդյունք» կարելի է ակնկալել, ինչը հնարավոր է երիտասարդների մի մեծ խմբի վիճաբանության վայրում հայտնված Արմեն Չախալյանի ձերբակալության պարագայում:
Տեղի է ունեցել այն, որ, ըստ վրացական լրատվամիջոցների, Չախալյանի եղբորը ձերբակալել են «զանգվածային ծեծկռտուքի մասնակցելու» մեղադրանքով, երբ, ըստ տեղեկությունների, երիտասարդների ծեծկռտուքի ժամանակ իրավիճակը հարթելու համար կանչված Արմեն Չախալյանը տեղ հասնեուն պես ձերբակալվել է` ի թիվս մի քանի տասնյակ երիտասարդների:
Թե իրականում ինչ է տեղի ունեցել` կպարզվի, ու չշտապեք մաքրագործել կամ հակառակը, վատաբանել Վ. Չախալյանի եղբորը, բայց հիշեցնենք, որ Արմեն Չախալյանը եւս հետապնդման է ենթարկվել Վահագնի եւ հոր հետ, երբ նրանց տանը բեմադրված խուզարկությամբ մեջտեղ բերված երեք տեսակի զենքերից մեկական «հայտնաբերվել էր» եղբայրների ու հոր «ներքնակների տակ»: Իսկ քանի որ ժամանակի անհիմն մեղադրանքներով տասը տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանը որպես քաղբանտարկյալ համաներմամբ ազատ է արձակվել ու դատական հայց ներկայացրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ, հնարավոր է, որ Սաակաշվիլու իշխանության պտուղներից առատորեն օգտված Ջավախքի տեղական իշխանիկները դեռեւս խնդիրներ ունեն լուծելու:
Այս պայմաններում նաեւ տարօրինակ է, որ ժողովրդավարության ջատագով ու, իբր, դրոշակակիր Վրաստանում վրացական որոշ լրատվամիջոցներ մեծագույն ջանասիրությամբ լցվել են Չախալյանի եղբորը, «չճշտված տեղեկություններով», թմրանյութ օգտագործած վիճակում լինելու լուրեր տարածելու գործին այն դեպքում, երբ առնվազն անմեղության կանխավարկած գոյություն ունի, թեկուզ Վրաստանում, թեկուզ հայի հանդեպ:
Մյուս կողմից, հենց Չախալյանի հանդեպ վրացական արդարադատության չգոյությունը վստահեցում է, որ եղբոր հանդեպ էլ արդար վերաբերմունք չի լինելու` սկսած մամուլից, որը Վահագնին «Վրաստանի թշնամի» է ներկայացնում:
Ամեն դեպքում, եղբոր հետ կատարվածի առնչությամբ, հայտարարությամբ հունիսի 30-ին հանդես է եկել Վահագն Չախալյանը` մանրամասներ ներկայացնելով: Ըստ այդմ, «2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկջոկատայինների կողմից ձերբակալվել է Արմեն Չախալյանը»:
Վահագնի խոսքերովՙ եղբոր ձերբակալության հանգամանքները հիմքեր են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը ակնհայտ «քաղաքական դրդապատճառներով իրականացված սադրիչ գործողություն է, որի հեղինակներն են տեղական ուժային կառույցներում դեռեւս որոշ չափով իրենց ազդեցությունը պահպանած Սաակաշվիլու-Մերաբիշվիլու ռեժիմի նախկին կամակատարները»:
«Հիմքեր ունեմ պնդելու, որ այս սադրիչ քայլով վերոնշյալ շրջանակները փորձում են արհեստականորեն լարել մթնոլորտը հայ բնակչության եւ կենտրոնական իշխանությունների միջեւ, երկկողմանի անվստահության պայմաններում վերականգնել իշխանափոխությունից հետո իրենց խարխլված դիրքերը», հայտարարությամբ նշել է Չախալյանը:
Նրա ընդգծմամբՙ տեղի ունեցածը մեծ չափով հետեւանք է նրա, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները մինչ այժմ չեն դրսեւորել անհրաժեշտ վճռականություն եւ քաղաքական կամք Ջավախքի հայ բնակչության նկատմամբ նախորդ ռեժիմի հանցագործ քաղաքականության դատապարտման, արդարության վերականգնման, հայաբնակ շրջաններում օրենքի գերակայության եւ ժողովրդավարական արժեքների հաստատման սկզբունքային գործում:
Չախալյանը հույս է հայտնել, որ եղբոր ձերբակալման գործողությունը ծրագրած եւ իրականացրած ուժերը սխալ կգտնվեն իրենց հաշվարկներում, նրանց սադրանքն էլ կձախողվի:
«Մեկ անգամ եւս վերահաստատում եմ, որ գործել, գործում եւ գործելու եմ բացառապես օրինականության սահմաններում: Հայտարարում եմ, որ, անկախ ամեն ինչից, շարունակելու եմ տարածաշրջանում լիարժեք ժողովրդավարության հաստատման, ջավախահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների պաշտպանությանն ուղղված իմ քաղաքական գործունեությունը», ասված է հայտարարության մեջ:
Անկախ ամեն ինչիցՙ հայ ակտիվիստների ձերբակալությունները Ջավախքում, ամենից առաջ, մեկ նպատակի են ծառայել ու դեռ ծառայում են` ստեղծել վախի մթնոլորտ, առնվազն, ինչը հեշտացնում է կառավարումը` ով էլ լինի դրա ղեկին: