«Արմենպրես»
Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու դահլիճում, Հայ առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Լոնդոնում ՀՀ ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանի, Հայաստանից ժամանած արվեստագետների եւ համայնքի գրասեր հասարակության ներկայությամբ տեղի է ունեցել բանաստեղծ, թատերագիր Մանուել Ադամյանի գրական գործունեության 50-ամյակին նվիրված հանդիսություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն իր բացման խոսքում ընդգծել է Ադամյան գրողի եւ մշակութային գործչի դերակատարությունը, արժեւորել նրա տեղը արդի հայ գրական ընտանիքում:
Օրվա գլխավոր բանախոս, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը բնութագրել է գրողի ստեղծագործության հատկանիշներն եւ արժանիքները: Նա ընդգծել է գրական-մշակութային գործունեության կողքին Մանուել Ադամյանի կրթական առաքելությունը. 1971 թ. Երեւանից վերադառնալով Բեյրութ` նա նշանակվում է Սահակյան վարժարանի տնօրեն, ապա աշխատում Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկում: Գրականագետն անդրադարձել է նաեւ գրողի ազգային-քաղաքական տիպարին: Ապրելով Մերձավոր Արեւելքում` բեյրության հայկական հորձանուտի մեջ, նա եղել է հնչակյան «Արարատ» թերթի խմբագիրներից մեկը: Լիբանանյան քաղաքացիական հյուծիչ պատերազմների ընթացքում նաեւ զենք է վերցրել` պաշտպանելու հայի համայնքին, ծայրահեղական ուժերը նույնիսկ նրան առեւանգել են, եւ հրաշքով կենդանի է մնացել: Լոնդոնյան շրջանում նա շարունակել է ստեղծագործական բեղուն առօրյան, բնականաբար նաեւ հասարակական-մշակութային գործունեությունը: Այստեղ նա հիմնել է «Կոչնակ» երկշաբաթաթերթը, իսկ ահա 15 տարի անընդմեջ հրատարակում է «Նոր սերունդի ձայն» ամսագիրը, որտեղ կարողանում է համադրել հայության հին ու նոր սերունդների նվիրաբերումը ազգային կյանքին:
Հաճելի անակնկալ էր Մանուել Ադամյանի «Հավատքի որդին» պիեսից փոքրիկ հատվածի բեմադրությունը (բեմադրիչ` Ռուբեն Քոչար), մասնակցությամբ հայաստանցի արվեստագետներ Հարություն Մովսիսյանի, Նարինե Քոչարի եւ այլոց: Հարություն Մովսիսյանն ընթերցել է նաեւ Ադամյանի բանաստեղծություններից: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի Գայանե Գրիգորյանը ներկաներին խանդավառել է Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արտեմի Այվազյանի երգերի, «Անուշ» օպերայից հատվածների կատարումով:
Թեմի առաջնորդը Գարեգին Բ Վեհափառ հայրապետի կողմից գրողին է հանձնել «Սուրբ ՍահակՍուրբ Մեսրոպ» շքանշանը: «Իմ Հայաստան» փառատոնի մշակութային բաժնի պետ Լաուրա Ավետիսյանը բանաստեղծին է հանձնել ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալը, իսկ 2010թ. Մանուել Ադամյանը ՀՀ նախագահի կողմից արժանացել է նաեւ «Մովսես Խորենացի» մեդալի: Երեկոն ավարտվել է Մանուել Ադամյանի երախտագիտական խոսքով:
Հաջորդ օրը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը «Գրիգոր Նարեկացու կարեւորագույն դասը» թեմայով դասախոսություն է կարդացել Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչների համար: