ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ
Արամ Սարգսյանին ճանաչում եմ 1996 թվից, երբ արդեն քայքայվում էր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, որ տասնամյակներ շարունակ վիթխարի աշխատանքներ իրականացրեց, որպես ամրակուռ կամուրջ աշխարհատարած Սփյուռքի եւ Մայր հայրենիքի միջեւ:
Ուղղակի կարելի է հիանալ ու զարմանալ հայ արվեստին ու գեղանկարչությանը, քանդակագործությանը անվերապահ նվիրված Արամի Սարգսյանի վրա, որ այդ մութ ու մռայլ օրերին, ծրագրեց ֆինանսական եւ հոգեբանական ահռելի վիճակի մեջ հայտնված Մայր հայրենիքի կերպարվեստի վարպետներին կապել Սփյուռքի հետ: Այդ տքնաջան աշխատանքը, անկոտրում կամքըՙ հասնելու իր նպատակներին, հաջողությամբ պսակվեց, երբ Արամ Սարգսյանի ու գործընկերների երազանքը իրականություն դարձավ «ԱՐԱՄԵ» պատկերասրահի ստեղծումով:
Այսօր, քննադատության սլաքներ եւ բամբասանք շպրտելը «ԱՐԱՄԵ»-ի գործունեության մասին, Սփյուռքի զանազան գաղթօջախներում, խիստ անշնորհակալ աշխատանք է: Իսկապես, Լիբանանի թե Մերձավոր Արեւելքի համար այս խառնաշփոթ օրերին, Արամ Սարգսյանը եւ «ԱՐԱՄԵ»-ի Լիբանանի եւ արաբական երկրների ներկայացուցիչ Մայք Վայեճյանը, իրենց կազմակերպած ցուցահանդեսներով, «Արեւելքի Փարիզ» Բեյրութի շքեղ պատկերասրահներումՙ նաեւ մարդկային եւ արվեստագիտական բնագավառներում, անգնահատելի դեր խաղացին հայ արվեստի հանդեպ սերը լիբանանահայության թե տարբեր երկրներից ժամանած հյուրերի սրտերում վառ պահելու համար: «ԱՐԱՄԵ» պատկերասրահի կողմից ցուցադրված հայ կերպարվեստի մեծագույն վարպետների կողքինՙ արվեստասեր հասարակությունը ծանոթացավ նոր սերնդի տաղանդաշատ գեղանկարիչներին, որոնց վաճառված ստեղծագործությունները հազիվ թե փակեին շքեղ պատկերասրահների եւ փառավոր շնորհահանդեսների ծախսերը, որոնց նպատակն էր օտար շրջանակներին եւս ծանոթացնել հայ հին թե նոր կերպարվեստի նվաճումները:
Հիվանդագին խանդը, «տակ փորելը», նվիրյալներին քարկոծելը միշտ էլ եղել են հայ իրականության անբուժելի ախտերն ու արատները: Սակայն, մենքՙ Սփյուռքի արվեստասերներս ի սրտե նորանոր հաղթանակներ ու նվաճումներ ենք ցանկանում «ԱՐԱՄԵ»-ինՙ շարունակելու իր առաքելությունըՙ հանուն հայ կերպարվեստի տարածման:
Նկար 1. Ձախից աջ` Սրամ Սարգսյան, Մայք Վայեճյան, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյան