Սինգապուրի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները հանրությանը ներկայացրել են իրենց վերջին գյուտըՙ աներեւութացող թիկնոցը, որը անհետացնում է, օրինակ, ակվարիումի ոսկե ձկնիկին եւ կատվին: Տեխնոլոգիան դեռ պետք է լրամշակվի, սակայն գիտության կարեւոր քայլ է տվյալ ոլորտում:
Համացանցում հրապարակված տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես ջրի մեջ ընկղմված թիկնոցից անսպասելիորեն ձկնիկ է հայտնվում: Տեսագրության մեկ ուրիշ մասում երեւում է թիկնոցի ազդեցության գոտում հայտնված կատվի ստորին կեսը: Այդ մասին հաղորդում է բրիտանական «Ինդիփենդենտ» թերթը:
Թիկնոցը ստեղծված է ապակյա նուրբ պանելներից, որոնք օբյեկտներն անտեսանելի են դարձնում լույսի բեկման առձնահատկությունների շնորհիվ: Թեեւ սարքը միայն որոշակի անկյան տակ է քողարկում առարկաները, այդուհանդերձ առավել կատարյալ է, քան աներեւութացնող թիկնոցների նախորդ տարբերակները, որոնք գործում էին միայն բեւեռացված լույսով կամ միկրոալիքներով:
Գիտնականների կարծիքով, նոր տեխնոլոգիան կարելի է կիրառել անվտանգության ոլորտում եւ քողարկված դիտարկման նպատակով: