ՄԱՆՈՒԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի փիլիսոփայության ամբիոնի վարիչ
«Արաբակա՞ն», թե՞ իսկական գարուն
Ներկայումս արեւմտյան քաղաքագիտության մեջ մոդայական է դարձել «քաոսի տեսությունը», որը սերում է բարդ ոչ գծային դինամիկ համակարգերի ֆիզիկական տեսությունից: Վերջինիս ակունքներում կանգնած են 20-րդ դարի ականավոր մաթեմատիկոսներ Ա. Պուանկարեն, Ա. Ն. Կոլմոգորովը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ի.Պրիգոժինը: Հենվելով իր «չհավասարակշռված պրոցեսների ֆիզիկայի» վրա, Ի. Պրիգոժինը մուծել է «բիֆուրկացիա» տերմինը (լատիներեն` bifurus նշանակում է երկատում): Ինչպես ցույց են տալիս անհավասարակշռությունների թերմոդինամիկայի տվյալները, համակարգի անկայունության հետեւանքով որոշակի կետում վեկտորի կամ ուղղության ընտրությունը մեծապես կախված է այսպես կոչված ֆլուկտուացիաներից (պատահական փոփոխություններից): «Ֆլուկտուացիան,- նշում են Ի. Պրիգոժինը եւ Ի. Ստենգերսը, – համակարգին ստիպում է ընտրել այն ուղին, որով կարող է ընթանալ համակարգի էվոլյուցիան: Բիֆուրկացիայի միջոցով անցումը նոր վիճակին նույնքան պատահական է, որքան մանրադրամով վիճակ գցելը… Անհավասարակշիռ գործընթացների դեպքում պատահական փոփոխությունները որոշում են համակարգի էվոլյուցիայի ելքը»: Նույնը վերաբերում է նաեւ հասարակությանը, որը միագիծ օրինաչափությամբ զարգացող համակարգ չէ: Պատմական գիտակցության մեջ հետին պլան է մղվում կանխատրված օրինաչափությամբ հասարակության վերընթաց զարգացման ընդհանուր տեսական գաղափարը, որին հաճախ հարմարեցվում է իրական պատմական ընթացքը: Ուշադրության կենտրոնում են ներքին հակասությունների սրման միջոցով ճգնաժամային իրադրություններ հարուցելու կամ «սոցիալական պայթյունի» նոր տեխնոլոգիաները:
20-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ում ակտիվ փորձեր ձեռնարկվեցին «Քաոսի տեսությունը» քաղաքականացնելու, հարմարեցնելու սոցիալական պրոբլեմների ուսումնասիրության, համաշխարհային քաղաքականության իմաստավորման խնդիրներին: Այդ գործում նշանակալի է ֆիզիկայի գծով 1984թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի գիտնական Մյուռեյ Գել-Մանը: Պետդեպարտամենտի եւ Պենտագոնի հովանու ներքո նա ստեղծել է Սանտա Ֆե տիպի բարդությունների ուսումնասիրության ինստիտուտ, որտեղ ստաժավորվել են վերոնշյալ գերատեսչություների, ինչպես նաեւ ԱՄՆ խոշորագույն վերլուծական կենտրոնների, այդ թվումՙ ՌԷՆԴ կորպորեյշնի աշխատակիցները:
Քաղաքականացված «Քաոսի տեսությունը» հիմնվում է հետեւյալ դրույթների վրա:
Աշխարհը ոչ գծային բարդ համակարգ է, որը բաղկացած է ազգերից, պետություններից, կրոններից եւ այլն, որոնք իրենց հերթին եւս, առանձին-առանձին բարդ դինամիկ համակարգեր են:
Դինամիկ համակարգերը երբեք չեն հասնում հավասարակշռության վիճակի:
Իրար հետ փոխգործակցող սոցիալական մեծ համակարգերն ունակ են միմյանց հասցնելու այնպիսի կրիտիկական վիճակի, երբ անգամ ոչ նշանակալի, առերեւույթ պատահական իրադարձությունները կարող են առաջացնել շղթայական ռեակցիա` աղետաբեր հետեւանքներով: Նախապես պլանավորված այդ գործուղությունը ստացել է «ինքնակազմակերպվող բեկում» անվանումը:
Ասվածից քաոսի տեսության ամերիկացի հետեւորդները մի շարք կիրառական բնույթի հետեւություններ արեցին:
Կայունությունն անիրական է եւ երբեք չի կարող նպատակ լինել, քանի որ նրա պահպանումը խիստ թանկ է նստում Միացյալ Նահանգների վրա:
ԱՄՆ-ի ազգային շահերի արդյունավետ եւ նվազ ծախսատար պաշտպանությունը կարելի է ապահովել ավելի ճկուն մեթոդներով:
ԱՄՆ-ը պետք է ձգտի «ակտիվորեն փոփոխություններ ներմուծել» այն հասարակություններում, որոնք գտնվում են ճգնաժամային վիճակում:
Բիֆուրկացիայի կետում գտնվող համակարգը հեշտ է փլուզել կետային կամ կետ-կետ բնույթի ներգործությունների շնորհիվ:
Անհրաժեշտ է կետային ներգործությունների նոր տեխնոլոգիաներն ավելի լայնորեն օգտագործել, եթե դա համապատասխանում է Ամերիկայի շահերին:
Երկարաժամկետ կանխատեսումներն առասպել են: Դրա փոխարեն առաջարկվում է բռնել ճգնաժամային համակարգերը «կետային ներգործություններով» փլուզելու կամ «ինքնակազմակերպվող բեկումի» ուղին:
Ասվածը կաբինետային տեսաբանների պարապ մտավարժանք չէ, այլ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի քաղաքականության պատասխանատուներից մեկի հոդվածներից բերված մեջբերում: Չարժե լրջորեն քննարկել այն հարցը, թե որքանով է «Քաոսի տեսությունը» ճշգրիտ կերպով նկարագրում համաշխարհային գործընթացները եւ ինչ չափով է նրա կիրառումը համապատասխանում ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերին: Սեփական փորձով ինքներս բազմիցս համոզվել ենք, որ կեղծ գիտական տեսությունը կարող է դառնալ գործողության ղեկավարման ուղեցույց: Գլխավորն այլ է` «Քաոսի տեսությունը» ապացուցում է, որ ԱՄՆ-ի քաղաքական-դիվանագիտական եւ ռազմական ղեկավարության մեջ կան ուժեր, որոնց համար կայունությունը ոչինչ է, որոնք համոզված են, որ ապակայունացումը, խաղը դեպի լարվածության սրումը, իրենց երկրի շահերի ապահովման լավագույն եղանակն է: Դրանով իսկ հանվում է Մեծ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հարուցած պայթյունի եւ Ամերիկայի պետական շահերի միջեւ թվացյալ հակասությունը: Դա, որքան էլ պարադոքսալ հնչի, հակասությամբ քողարկված հրահրչություն է:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգներին չհաջողվեց իրականացնել համաշխարհային տիրապետության մեսիական գաղափարը: ԽՍՀՄ-ը թույլ չտվեց: Ինչն էլ հանգեցրեց բազմամյա «սառը պատերազմի» եւ «զսպման ռազմավարության» ի հայտ գալուն:
ԽՍՀՄ փլուզումը խոշորագույն աշխարհաքաղաքական աղետներից մեկը դարձավ: 1990-ականներին Ամերիկան զգուշաբար, քայլ առ քայլ, սակայն անշեղորեն արագություն զարգացնելով, ստուգեց իր հնարավոր միջամտությունների սահմանները: Մինչեւ որ, վերջապես, որոշեց, որ այդպիսի սահմաններ ԱՄՆ-ի համար չկան, որ ամեն ինչ հնարավոր է: Եկան Բուշ կրտսերի ժամանակները: Բուշը հանդես եկավ ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետությունը դե յուրե եւ դե ֆակտո հաստատելու «առաքելությամբ», ինչը, շրջհոսելի բանաձեւմամբ, անվանում ենք միաբեւեռ աշխարհ: Ոչ միայն չընդունվեց Բուշ կրտսերի անսքող թելադրանքի ռազմավարությունը, այլեւ բոլոր մայրցամաքներում ուժեղացրեց հակաամերիկյան տրամադրությունները: Ուրվագծվեց «Բոլորն Ամերիկայի դեմ եւ Ամերիկան բոլորի դեմ» հակամարտության մռայլ հեռանկարը: Նման դիմակայության համար Միացյալ Նահանգները նույնիսկ չուներ բավարար ռեսուրսներ: Հենց այդ ժամանակ առաջնաբեմ ելավ «փոխգործակցության նոր դարաշրջանի» գաղափարը, որով հանդես եկավ ԱՄՆ-ի առաջին սեւամորթ նախագահ, խաղաղության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարաք Օբաման:
«Զսպման ռազմավարության» հունով ընթացող այս կոնցեպցիան ոչ միայն չհամապատասխանեց նոր դարաշրջանի իրողություններին, այլեւ, որպես գաղափարախոսական կարկատան, շուտով սկսեց ամբողջ կարերով մեկ ճարճատել` փաստելով նորկտակարանյան պատգամի ճշմարտությունը. «Ոչ ոք նոր շորի կտորը չի կարկատի հին հանդերձի վրա, քանզի… պատռվածքը ավելի վատ է լինում» (Մատթ. 9:16)»:
Ակներեւ դարձավ Օբամայի գաղափարի անկենսունակությունը` տեւելով ոչ ավելի, քան մեկ տարի:
Արագորեն պարզվեց, որ հումանիտար օգնության ամերիկյան բազմամիլիարդանոց ծրագրերը ոչինչ չեն լուծում` փողերը վերցնում են, սակայն ոչ մի կերպ չեն հրաժարվում սեփական պետությունների ինքնիշխանությունից:
Իրեն ամենեւին չարդարացրեց ընտրանիներին կաշառելու պրակտիկան, երբ Միացյալ Նահանգները աչք է փակում «ժողովրդավարության ազգային առանձնահատկության վրա», եթե այդ երկրները կանգնում են ամերիկյան ռազմավարության նավարկուղու վրա:
Նույնիսկ գլոբալ ֆինանսական ճգնաժամը չկարողացավ «թզուկներին համախմբել Գուլիվերի շուրջը»:
Այս պայմաններում պահանջարկված դարձան «քաոսի տեսության» եռանդուն ջատագովները: Գիտակցելով արաբական աշխարհում հեղափոխական ցնցումների անխուսափելիությունը եւ այդ տարածաշրջանում ստատուս քվո պահպանելու քաղաքականության համար ռեսուրսների խիստ անբավարարությունը, ԱՄՆ-ն անցավ Մերձավոր Արեւելքի երկրներում ներքին հակասությունները սրելու եւ «պայթեցման բռնկիչը վառոդով լի տակառին մոտեցնելու» եւ դրանով իսկ այստեղ հեղափոխությունների շղթայական ռեակցիա հրահրելու ռազմավարությանը: Ունենալով առաջին քայլի կամ խաղի կանոններ առաջադրելու առավելությունը, ապրիորի Ամերիկան ինքնըստինքյան դառնալու է ճգնաժամից գլխավոր օգուտը ստացողը: Դա ինձ հիշեցնում է հայտնի հայկական ասացվածքը. «Երկու շուն մսի կտորի համար կռվեցին, ճամփորդի բանը հաջողվեց»:
Եթե Մեծ Մերձավոր Արեւելքում նոր ռազմավարության ստուգափորձը հաջող անցնի, ապա որոշ ժամանակ անց հետխորհրդային տարածքում մենք շուտով կտեսնենք «զայրացած քաղաքացիների» ընդվզումի նոր բռնկումներ: Դրանք, բնականաբար, կողջունվեն եւ աջակցություն կստանան խաղաղության սեւ աղավնու կողմից: Դրանք արդեն կլինեն նոր սերնդի «գունավոր» հեղափոխություններ, որոնք հնոցի կրակից առավել կբորբոքեն հետխորհրդային հասարակությունների ներհակությունները` կրակի մեջ նետելով դյուրավառ մի շարք հասկացություններ` «ազատություն», «արդարություն», «իրավահավասարություն» եւ այլն: Կփորձեն արհեստականորեն ստեղծել այնպիսի մի քաոս, որը կընթանա ժողովրդավարության, մարդու եւ ազգի իրավունքների մասին ճամարտակող նորօրյա աստվածների նախապատրաստած ուղիով: Ուղի, որը խրախուսվում է կանաչ ձեռքով, այսինքնՙ դոլարով, եւ «թվիտերային հեղափոխության» ներգործուն դրոշակումներով: Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որոնք արտասահմանյան կառավարությունների եւ հիմնադրամների կողմից ամեն տարի սրսկվում են հետխորհրդային հասարակությունների ՀԿ-ներին: ARD գերմանական հեռուստաընկերությանը ապրիլի 5-ին տրված հարցազրույցում ՌԴ նախագահ Վ.Պուտինը նշել է, որ արտասահմանից ֆինանսավորում ստացող ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ պետության հսկողության ուժեղացման մասին համապատասխան օրենքն ընդունելուց հետո միայն չորս ամիսների ընթացքում այդ ՀԿ-ների հաշվին արտասահմանից փոխանցվել է մեկ միլիարդ դոլար, որից 855 միլիոնը` դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով: Չմոռանանք նշել, որ այդ կազմակերպություններից շատերը զբաղվում են քայքայիչ ներքաղաքական գործունեությամբ: ՌԴ նախագահը հարց է տալիս. «Մի՞թե մեր հասարակությունը չպետք է իմանա, թե ո՛վ եւ ինչի՛ համար է ստանում փողերը»: Այո, այդ ինչ «սուրբ գաղտնիք» է թաքցվում հասարակությունից:
Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում եւ նույնիսկ Ուկրաինայում նույն կանաչավուն, իմա` դոլարային գործընթացներն ազդում են հասարակական-քաղաքական մթնոլորտի վրա: Հայաստանում վերջին նախագահական ընտրություններն ակներեւ կերպով ցույց տվեցին, որ սոցիալական բնույթի դժգոհությունները հաճախ ուղղորդվում եւ ուժգնացվում էին դրսից` արդարության, իրավունքի մասին ճառաբանող որոշ ՀԿ-ների եւ ժողովրդի «ցավերով բոցավառված» գործիչների կողմից: Ակներեւ էր, որ նրանք ուզում էին ոչ թե իսկական, այլ «արաբական սեւ գարուն» կամ դրա նման մի բան…
Հետխորհրդային երկրներում գործում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հասարակական կազմակերպություններ, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են արտասահմանից: Ինչպիսի՞ն է այդ գործունեության ընդհանուր արդյունքը: Զարգացած քաղաքացիական ինստիտուտնե՞րը, որոնք ազգային իշխանություններին մղում են ընթանալու ազգային գերակայությունների ուղիով: Ոչ: Միգուցե այդ երկրներում կազմավորվել են հասարակական կառուցվածքներ, որոնք խորհրդատվական օգնություն են ցույց տալիս ազգային ընտրանուն` պետականության համար կարեւոր հարցերում: Նույնպես ոչ: ՀԿ-ների հաշվետվությունները պահանջարկված են միայն արտասահմանյան դոնորների կողմից: Այսինքն` նրանց, ովքեր ինքնին եւ ձեւակերպում են իրենց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների գործունեության ուղղությունները: Հրահրել եւ ստեղծել իրենց նպաստավոր ռեժիմներ: Ստեղծել իբր թե մարդու ազատության եւ իրավունքների մասին միջազգային օրենքներ, որոնք իրենց արտաքին լրջությամբ զավեշտալի են, քանի որ, ըստ էության, կոչված են ոչ թե իսկապես պաշտպանելու մարդու, ազգերի ինքնորոշման իրավունքն ու ազատությունները, այլ հրահրելու կրոնական, սոցիալական եւ քաղաքական բնույթի հակամարտություններ: