Հայտարարեց վարչապետ Էրդողանը հունիսի 9-ի ելույթներում
Մինչ Թուրքիայում տարածվում էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» այգում ծայր առած ոստիկանության հետ բախումներով ընթացող բազմամարդ ցույցերը, ցուցարարներըՙ անվանելով կառավարությանը ֆաշիստական, պահանջում էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը, իսկ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները «Թուրքական գարնան» հետեւություններ էին անում, համեմատելով իրադարձությունը արաբականի հետ, հունիսի 7-ի լույս գիշերը Ստամբուլում վայրէջք կատարեց Թունիսից վերադարձող Էրդողանի ինքնաթիռը:
Վարչապետ Էրդողանը Աթաթուրքի անվան օդանավակայանում դիմեց հավաքված տասնյակհազարավոր մարդկանց, որոնք դիմավորելու էին եկել: Թվում էր, թե բողոքի ցույցերի ծավալումը երկրի 67 քաղաքներում, ցուցարարների հանդեպ գործադրած անհամաչափ ուժի համար ոստիկանության միջազգայնորեն դատապարտումը, ցույցերին աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների դրական արձագանքը կստիպի Էրդողանին զիջողականություն դրսեւորել:
Նա ոչ միայն չզիջեց ցուցարարներին, այլեւ արդարացրեց ոստիկանությանը: Նույն ոգով անցան նաեւ Էրդողանի ելույթները Ադանայում, Մերսինում, Անկարայի օդանավակայանում եւ արվարձաններում: Նա վերստին «թափթփուկ» անվանեց ցուցարարներին, դատապարտեց ցուցարարների թիկունքում թաքնված ներքին եւ արտաքին ուժերին, սպառնաց ֆինանսաբանկային շրջանակներին եւ ընդգծեց, որ նույնությամբ իրականացվելու է Թաքսիմ հրապարակի վերակառուցման նախագիծը:
Այս նախագծով, որը կտրականապես մերժում են հարյուրհազարավոր ցուցարարներ, նախատեսվում է վերականգնել 1780-ին կառուցված «Սելիմիե» զորանոցը, քանդել Աթաթուրքի անվան մշակույթի պալատը եւ «Գեզի» այգում կառուցել մզկիթ: 1938-ին քանդված զորանոցը օսմանյան կառույց էր, մզկիթըՙ իսլամական աղոթատեղի: Այլ կերպՙ զորանոցն ու մզկիթը խորհրդանշում են Օսմանյան կայսրությանը, որը կրոնապետություն էր:
Աթաթուրքի մշակույթի պալատն էլ քեմալականների հիմնադրած աշխարհիկ-հանրապետական Թուրքիան է խորհրդանշում: Պալատը քանդելիս վերակառուցել զորանոցը` մզկիթի շինարարությունով հանդերձ, կնշանակիՙ կողմնորոշվել դեպի Օսմանյան կայսրություն: Մինչդեռ, քեմալականները Թուրքիայի հանրապետության հիմնադրման օրից մերժում էին այն, ինչ օսմանյան էր, նույնիսկ պատմագրությունը: Ահա թե ինչու ցուցարարները կտրուկ հակադրվում են Թաքսիմում զորանոցի վերականգնմանն ու մզկիթի կառուցմանը եւ նրանք ոչ մի կերպ չեն հաշտվում Աթաթուրքի պալատի քանդելու մտքի հետ, բայցՙ ապարդյուն:
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ վարչապետ Էրդողանի հունիսի 9-ի ելույթներին: Նախքան անդրադառնալը նշենք, որ նրան հոծ բազմությունը ամենուրեք դիմավորում էր «Թուրքիան քեզնով հպարտանում է» վանկարկումներով, դիմավորողները, ի տարբերություն «Մենք Աթաթուրքի զինվորներն ենք» բացականչող ցուցարարների, «Մենք Էրդողանի զինվորներն ենք», «Պինդ կաց, մի ընկրկիր, մենք քեզ հետ ենք» վանկարկումներով հաճախակի ընդհատում էին նրան ելույթը: Ի դեպ, շրջապատում աչքի էին զարնում «Մենդերեսին կախել եք, Օզալինՙ թունավորել, չենք թողնի հոշոտել Էրդողանին» մակագրությամբ ցուցապաստառները:
Ադանայի օդանավակայանում Էրդողանն ասաց. «Ձեր վարչապետն Ալլահի օրհնությամբ ամուր կանգնած է, քանի դեռ ողջ է, չի ընկրկի ոչ մեկի առջեւ: Աշխարհում միմիայն արարչին է պարտք, այն էլՙ իր հոգին: Դուք մի վարվեք այնպես, ինչպես վարվում է մի քանի թափթփուկ: Դրանք ավերում են, թալանում, այրում: Դա թափթփուկի բնութագիրն է: Կա մի խավ, որը չի հանդուրժում Թուրքիայի հզորացումը: Ինչ էլ որ անեսՙ հակադրվում է: Հավաքվածների 95 %-ը նույնիսկ չգիտեր «Գեզի» այգու տեղը»:
Էրդողանը Ադանայից անցավ Մերսին, որտեղ էլ նշեց. «Այն երիտասարդությունը, որն իր վարչապետին անասելի հայհոյանքներով վիրավորում է, չի կարող իմը համարվել: Այդ հայհոյանքները պատերին գրող երիտասարդությունը չի կարող իրավունքի պայքար մղել: Մի կողմիցՙ խանութները, առեւտրի կենտրոնները պիտի թալանես, ավերես, այրես, իսկ մյուսՙ իրավունքի համար պայքարես: Ի՞նչ իրավունք: Ես իմն եմ համարում ողջամիտ երիտասարդներին»:
Մերսինից Էրդողանն ուղեւորվեց Անկարա, օդանավակայանն ավելի քան բազմամարդ էր, շրջակայքըՙ նմանապես: Նա տասնյակհազարավոր բազմությանը դիմեց հետեւյալ խոսքերով. «Թող բառարանը բացեն եւ նայեն, թե որն է թափթփուկի սահմանումը: Թափթփուկը նա է, ով ավերում, կողոպտում ու այրում է: Հետեւաբար, թող չնեղանան սրանց աջակցողները նույնպես թափթփուկներ են: Սրանք ժամանակին հարձակվել են գլխաշոր կրող իմ քույրերի վրա: Հիմա մզկիթ են մտնում գարեջրի շիշը ձեռքին: Այս երկրում ավարտվել է չեթեների ժամանակաշրջանը, մաֆիայի ժամանակաշրջանը: Անվերադարձ փակվել է խունտայի ժամանակաշրջանը: Ֆինանսաբանկային շրջանակների լոբբին տարիներ շարունակ շահագործել է իմ ժողովրդի քրտինքը: Այսուհետեւ չեն շահագործի: Շատ երկար ենք հանդուրժել: Բոլորին եմ ասում. «Դուք որ մեր դեմ այս պայքարն եք ձեռնարկել, դրա համար շատ ծանր գին եք վճարելու»: Առանց ամաչելու Ստամբուլի բորսան փլուզելու ջանքեր են գործադրում: Փլուզում եսՙ փլուզիր, Թայիփ Էրդողանը բորսայում բաժնետոմսեր չունի: Եթե փլուզեսՙ փլատակների տակ ինքդ կմնաս»:
Օդանավակայանից Էրդողանը շարժվեց Անկարա, առաջին կանգառը Փուրսաքլար արվարձանն էր, որտեղ ասաց. «Երկրի վարչապետին հայհոյողներն ունեն աջակիցներ: Մենք նորից կհամբերենք, բայց համբերությունը սահման ունի: Ամոթ նրանցՙ ֆինանսական շրջանակներից են, թե արվեստագետ: Բարձրացել են Աթաթուրքի անվան պալատի տանիքը, թե չենք թողնի քանդել: Ձեր ուժը չի պատի: Քանդելու ենք: Ինչո՞ւ: Օպերայի թատրոն կառուցելու համար: Թուրքիան դա չունի: Եթե շատ են ուզում, որ Աթաթուրքի պալատի տեղը այգի լինի, ապա այգի կկառուցենք: Բայց մեզ չեն կարող հետքայլ պարտադրել»:
Վարչապետ Էրդողանը մոտավորապես նույն բանն ասաց Անկարայի մյուս երկու արվարձաններում: Պարզապես օդանավակայանը Անկարայի կենտրոնից 35 կմ հեռավորության վրա է, եւ նա այս ճանապարհը անցավ 4 ժամում: