Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՇԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ «ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»ՙ ՈՐԲԵՐԻՆ

30/05/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Մայիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմանությունըՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

Րաֆֆի Պետրոսյանը մասնագիտությամբ ինժեներ-շինարար է: Ապրում է Տորոնտոյում (Կանադա). վերջերս մասնակցել է Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Ստորեւ նրա հոդվածի թարգմանությունըՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 11-ի համարից:

Մեծ եղեռնի օրերին սպանված հայերի քանակի վերաբերյալ մի կողմից հայկական եւ միջազգային պնդումների եւ մյուս կողմից թուրքական մոտեցումների շրջանակներում հիշատակության արժանի են Հրանտ Դինքի խոսքերը առավել կրիտիկական մի հարցի վերաբերյալ: Նա ասում էր. «Մենք անընդհատ խոսում ենք մահացածների մասին: Եկեք խոսենք ողջ մնացած մյուսների մասին»:

Այդ «ողջ մնացած մյուսները», որոնց թվաքանակը դժբախտաբար ճշտված չէ, մահմեդական թուրք, քուրդ կամ ալավի դարձած հայերն են, այն «թաքնված հայերը», որոնց մեծ մասը որբեր ենՙ ձուլված ամենատարբեր ինքնությունների համայնքներում: Նրանք կորցրել են իրենց հայկական ինքնությունը եւ դրա բաղադրիչ մասերից մեկըՙ լեզուն:

Հրանտը խիզախությունն ունեցավ բացահայտելու թուրք ճանաչված հերոսներից մեկի, առաջին կին զինվորական օդաչու Սաբիհա Գյոքչենի ինքնությունը: Աթաթուրքի որդեգրված դուստրը իրականում Խաթուն Սեբիլջյանն էր, որբացած հայ աղջիկը Բուրսայից: Այս բացահայտումը դարձավ Հրանտի վերջի… սկիզբը, առաջ բերելով կառավարության, զինվորականության եւ զանգվածային լրատվամիջոցների ատելությունն ու սպառնալիքների արշավը, որն ավարտվեց նրա սպանությամբՙ երեք տարի անց:

Սեբիլջյան-Գյոքչենը մեկն էր միայն այն տասնյակհազարավոր հայ աղջիկներից ու տղաներից, որոնց 1915-ի իրադարձությունների օրերին խլել էին իրենց ծնողներից: Ի՞նչ եղան այդ որբերը: Ինչպե՞ս դասավորվեցին նրանց ճակատագրերը: Քանի՞սն էին նրանք: Այս հոդվածը Անատոլիայի տարբեր շրջաններից մի քանի օրինակներ է բերելու նրանց գոյության մասին:

Ապացուցված իրականություն է, որ Անատոլիայի շրջաններից դեպի Սիրիայի անապատները բռնագաղթած հայերից, ճանապարհի տարբեր հատվածներում, տեղացի թուրքերն ու քրդերը խլում էին զավակներինՙ որպես կնոջ կամ աղախնի իրենց տանը պահելու կամ էլ ուրիշներին վաճառելու նպատակով: Կային նաեւ երեխաներ, որոնց ծնողները կամովին էին հանձնել իրենց հարեւան թուրք կամ քուրդ ընտանիքներին նախքան տարագրվելը: Եվ դեռ կային ուրիշներ, որոնց փրկել էին եվրոպացի եւ ամերիկացի միսիոներները կամ Պոնտոսի հույները, բայց նրանք վաղ թե ուշ հայտնաբերվել էին եւ արժանացել իրենց ծնողների ճակատագրին:

Կարելի է հիշատակել այստեղ Տրապիզոնի ողբերգական իրադարձություններից մեկը, երբ 600 հայ որբեր, կառավարության թույլտվությամբ, հունական մի վանքում տեղավորվելուց ընդամենը երեք ամիս անց Տրապիզոնի կառավարիչ Ջեմալ Ազմիի հրամանով դուրս էին բերվել զինյալ զինվորների կողմից, հանձնվել թուրք նավապետ Ռահման Բայրակթարօղլուին, որը երեխաներից յուրաքանչյուրին ալյուրի պարկի մեջ դնելուց եւ պարկի բերանը ամուր կապելուց հետո գցել էր ծովը, որպեսզի միանան իրենց ջրախեղդ եղած ծնողներին:

Տրապիզոնի կառավարիչը նաեւ 450 գեղեցիկ աղջիկների էր առանձնացրել եւ տեղի Կարմիր մահիկի հիվանդանոցը պոռնկատան վերածելովՙ ստիպել նրանց աշխատել այնտեղ: Մի քանիսին նա նույնիսկ ուղարկել էր Ստամբուլՙ իր վերադասներին, տասնհինգին էլ պահել իր անձնական հաճույքի համար, չմոռանալով նրանցից մեկին նվիրել իր 14-ամյա որդուն: Աղջիկների մեծամասնությունը բռնի մահմեդական էր դարձել, մի քանիսը կամ փախուստի էին դիմել, կամ ինքնասպան եղել: Այս փաստերը երեւան են եկել պատերազմից հետո «Իթթիհատ վե Թերաքքի» կուսակցության առաջնորդների դատավարության ժամանակ, ականատեսների վկայություններից: Նաեւ 1921 թվին Ջեմալ Ազմիի որդինՙ Էքմելն է պատմել դրանց մասին իր Մեհմեդ Ալի անունով ընկերոջը, որը, պարզվել է հետագայում, Հրաչ Փափազյան անունով մահմեդականությունը ընդունած եւ նույնիսկ թլփատված հայ է: Վերջինս հաջողությամբ ներթափանցել էր «Իթթիհատ վե Թերաքքիի» շարքերը եւ Բեռլինում թաքնվելով պատրաստվում էր թուրք առաջնորդներին սպանել: (Ջեմալ Ազմին եւ հատուկ կազմակերպության («Թեշքիլաթի Մահսուսա») ղեկավար Բեհաէդդին Շաքիրը սպանվեցին Բեռլինում 1922-ի ապրիլի 17-ին Թալեաթ փաշայի այրիացած կնոջ աչքերի առաջ):

«Իթթիհատ վե Թերաքքին» հատուկ ծրագիր էր մշակել որբերի համար: Նրանց ուղարկում էին տարբեր վայրերում հիմնված որբանոցներ, որպեսզի այնտեղ մահմեդական դառնան եւ ձուլվեն թուրքերի հետ: Թուրքացման այդ որբանոցներից մեկը գտնվում էր Այն Թուրայում, Զուքի մոտ, Բեյրութից ավտոյով մեկ ժամվա հեռավորության վրա: Այնտեղ 3-ից 15 տարեկան հազար հայ որբեր էին պահվում: Սիրիայի եւ Լիբանանի այդ ժամանակվա կառավարիչ Ջեմալ փաշայի հրամանով եւ թուրք ուսուցիչների (նրանց թվումՙ նորանշանակ տնօրեն, վիպասան Հալիդե Էդիպ Ադիվարը) հսկողության ներքո այդ որբերը դառնում էին թուրքեր եւ ընդունում մահմեդականությունը որպես դավանանք: Տղաներին թլփատում էին եւ թուրքական անուններ տալիս, հիմնականում պահպանելով նրանց իսկական անվան սկզբնատառերը, օրինակՙ Հարություն Նաջարյանը դառնում էր Համիդ Նազիմ, Պողոս Մերդանյանըՙ Պեքիմ Մուհամմեդ, Սարգիս Սարաֆյանըՙ Սաֆֆետ Սուլեյման: Մինչ Սիրիայում եւ Լիբանանում համատարած սով էր պատերազմի ժամանակաշրջանում, որբանոցին առատ սնունդ էր մատակարարվում, որպեսզի առողջ նոր թուրքացած երեխաներ դուրս գան այնտեղից: Որբանոցում, ըստ որբերից մեկիՙ Հարություն Ալբոյաջյանի հուշերի, հաղորդակցության լեզուն թուրքերենն էր միայն: Հայերեն բառեր լսվելու դեպքում երեխաներին դաժանորեն ծեծում էին:

Երեխաներին թուրքական զգեստներ էին հագցնում եւ մահմեդականություն քարոզում: Ջեմալ փաշան գիտակցում էր, որ հայերը գերագույն ինտելեկտի եւ կարողությունների տեր անձնավորություններ են, եւ նրանց միջոցով կարելի էր մեծապես բարելավել թուրքերի մտավոր կարողությունները:

Բայց, հակառակ ձեռք առնված սանիտարական միջոցառումներին, մոտ 300 հայ որբեր մահացան բորոտությունից եւ այլ հիվանդություններից մինչեւ 1918 թիվը: Որբերից ոմանց տեղավորեցին հայազուրկ եղած քաղաքներում բնակվող թուրք ընտանիքների մոտ, մի մասին էլ տեղափոխեցին այլ որբանոցներ: Պատերազմի ավարտին, երբ «Նիըր իսթ Ռիլիֆը» ստանձնեց որբանոցը, այնտեղ 670 որբ կար, 470 տղաներ եւ 200 աղջիկներ, որոնք դեռ հիշում էին իրենց իսկական հայկական անունները:

Թուրքացման մեկ այլ օրինակ էլ հաջողությամբ տեղի էր ունենում Արեւելյան Անատոլիայում, ձեռամբ արեւելյան ճակատի հրամանատար Քազիմ Քարաբեքիրի: Նրա հաշվարկներովՙ իր գործողությունների տարածքում մոտ 50 հազար հուսահատ որբեր կային պատերազմից հետո: Նրանցից 30 հազարը թլփատված էր եւ թուրքացած: Նա մոտ 6 հազար հայ երեխաների կենտրոնացրեց Էրզրումումՙ զինվորական մի ճամբարում, որտեղ նրանք ստացան զինվորական դաստիարակություն: Որոշ մասին էլ արհեստներ սովորեցնել տվեց, որպեսզի բանակի կարիքները կարողանար հոգալ:

Այս երեխաները, որոնց «Առողջ երեխաների բանակ» էին անվանում, ամբողջովին թուրքացած էին: Նրանցից ամենատաղանդավորներին հետագայում բարձրագույն զինվորական ակադեմիաներ ուղարկեցինՙ Բուրսայում եւ Ստամբուլում: Ենթադրվում է, որ նրանք դարձան այն ծայրահեղ ազգայնական զինվորականները, որոնք, մասնակցելով 1960-ի մայիսին տեղի ունեցած հեղաշրջմանը, տապալեցին Ադնան Մենդերեսի քաղաքացիական կառավարությունը:

Որբանոցներից բացի, տասնյակհազարավոր հայ աղջիկներ եւ տղաներ 1915-ից հետո դարձան շուկաներում որպես ստրուկներ (աղախիններ, ծառաներ) վաճառվելու «ապրանք»: Հակառակ որ ստրկությունը 1909-ից վերացված էր Օսմանյան կայսրությունում, այդ շուկաները վերաբացվեցին 1915-ից հետո: Տարագրության ճանապարհներից առեւանգված երեխաները դառնում էին ոչ միայն ձրի աշխատուժ կամ սեքսի առարկաներ, այլեւ լավ եկամուտի աղբյուրՙ վերավաճառքի պայմաններում: Շուկաներ գործում էին Հալեպում, Դիարբեքիրում, Ուրֆայում, Մերտինում եւ այլուր: Մերտինի շուկան համեմատաբար ամենաէժանն էր: Տեսակավորվելուց եւ դաջվելուց հեո 5-ից 7 տարեկան երեխաները վաճառվում էին 20 ցենտով, 14-15 տարեկաններըՙ 50 ցենտով, մինչդեռ հասուն կինը արժեր 1 թուրքական լիրա: Եթե ճանաչված, հարուստ ընտանիքի զավակ էր վաճառվող ստրուկը, գինը բարձրանում էր, քանի որ նրա միջոցով հետագայում գնորդը իրավունք կարող էր ձեռք բերել տիրանալու նրա ծնողների հարստությանը: Փաստեր կան, որ բազմաթիվ թուրք եւ քուրդ ընտանիքներ փորձել են իրավական հիմքերի վրա դնել իրենց «կանանց» կամ «դուստրերի» անշարժ գույքի ունեցվածքները:

Վկայություններ կան նաեւ, որ բարեսիրտ ասորի հոգեւորականներ եւ եվրոպացի կամ ամերիկացի միսիոներներ գնել են շուկաներից հայ երեխաներին փրկելու նպատակով: Ասորի Թապունի արքեպիսկոպոսն, օրինակ, Մերտինում գնել եւ փրկել է 1916-ին մոտ 2 հազար հայ որբերի: Մինչ որոշ մահմեդական թուրքեր հայերին մարդասիրաբար էին վերաբերվում, մեծամասնությունը դաժանորեն ծեծում էր այդ «ստրուկներին», հավատալով, որ «քրիստոնյաները դրան են միայն արժանի»: Աղջիկները դարձան հարեմի երկրորդական կանայք, որոնց ոչ միայն իրենց ամուսիններն էին վատ վերաբերվում, այլեւ մյուս «առաջին տիկինները»: Ժամանակի ընթացքում այդ աղջիկները ամբողջովին ձուլվեցին, դարձան մահմեդականներ եւ յուրացրին ղուրանը:

Ըստ Ազգությունների լիգայի «Հայ կանանց եւ երեխաների փրկության հանձնախմբի» զեկուցագրիՙ առնվազն 30 հազար հայ աղջիկներ են վաճառվել շուկաներում: Այժմ Ժնեւի «Ազգությունների լիգայի» գրասենյակի արխիվներում գտնվում են թուրք եւ քուրդ ընտանիքներից փրկված երկու հազարի չափ հայ տղաների եւ աղջիկների վերաբերյալ փաստական տվյալներ: Հայ որբերին փրկելը լիգայի համար դարձել էր առաջնահերթ խնդիր հատկապես 1918-ի զինադադարից հետո: Ընդառաջելով Ստամբուլի հայկական պարտիարքարանի խնդրանքներինՙ դաշնակցային ուժերի եւ ազգությունների լիգայի ներկայացուցիչները ձեռնամուխ եղան կազմակերպելու Անատոլիայից եւ Սիրիայից հայ որբերի տեղափոխումը Ստամբուլ: Նրանք սկսեցին հայ որբեր որոնել մահմեդականների տներում: Ստամբուլում տեղի պակասության հետեւանքով որոշ օտար դպրոցների, ինչպես օրինակՙ ֆրանսիական «Նոթր դամ դը Սիոնի», իտալական «Սան Ժոզեֆի», ռուսական վանքի եւ թուրքական «Քուլելի զինվորական ակադեմիայի» շենքերն օգտագործվեցին որպես որբանոց-ապաստարաններ հայ մանուկների համար:

Քանի որ երեխաների մեծ մասն արդեն թուրքական անուն-ազգանուններ էին կրում, թեժ քննարկումներ տեղի ունեցան հայոց պատրիարքարանի եւ կառավարական իշխանությունների միջեւՙ որոշելու համար նրանց ինքնությունը: Իրականում որբերից ոմանց արդեն Ստամբուլում տեղավորել էին թուրքերի տներում որպես աղախինների կամ ծառաների: Հիսուն երեխա էլ ուղարկել էին Էնվեր փաշայի ագարակը: Նրանց խստորեն պատվիրել էին չբացահայտել իրենց իսկական իսկությունը:

Փաստացի տվյալներ կան, որ 1920-22-ի ժամանակահատվածում մոտ 3.800 հայ երեխաներ տեղափոխվել են Ստամբուլ, 3000-ը ուղարկվել Կիպրոս, 15.600-ըՙ Հունաստան եւ 12 հազարըՙ Սիրիա (Մարաշից, Ուրֆայից, Այնթապից Մալաթիայից եւ Խարբերդից): Ստամբուլի հայոց պատրիարքարանի տվյալներովՙ առնվազն 63 հազար հայ որբեր դեռ կան, որոնք «չեն փրկվել» եւ անհայտ են:

Ցեղասպանագետները վերջերս առաջ են քաշում այն թեզը, որ ցեղասպանություն կազմակերպողներն ու իրականացնողները սովորաբար նպատակ են հետապնդում ոչ միայն «բնաջնջելու» ճնշված փոքրամասնական խմբակցությունները, այլեւ «վերընձյուղելու» ճնշող դասակարգի խմբակցությունները: 1915-ի իրադարձություններն ու դրանց հետեւանքները հստակ ցույց են տալիս, որ հայ որբերը դարձան թուրք գենոֆոնդի հարստացման աղբյուր: Հազարավոր թուրք եւ քուրդ ընտանիքներում այսօր էլ կարելի է գտնել «թաքնված» հայ տատիկների: Նրանց «բացահայտումների» գործընթացը արդեն սկսված է: Գոյություն ունի նույնիսկ հատուկ բառեզր նրանց բնութագրելու համար: Նրանց կոչում են «Քիլինչ Արթըղը», այսինքնՙ «Յաթաղանի մնացորդները»: Նրանց մասին գրքեր են գրվում եւ ֆիլմեր նկարահանվում: Ֆեթհիյե Չեթինի «Տատիկս» եւ Այշեգյուլ Ալթինայի համահեղինակությամբ նրա «Թոռները» հատորները դրա վառ օրինակներ են:

Դժվար է, անշուշտ, թաքնված հայերի թիվը ճշգրիտ որոշելը: Կարելի է ենթադրել, որ մոտ 100 հազար որբեր վերապրեցին, բայց թուրքացան եւ մահմեդական դարձան: Մասնագետները նաեւ 200 հազարի են առանձնացնում, որոնք չտեղահանվեցին իսլամը ընդունելով: Այնպես որ կարելի է ասել, որ մոտ 300 հազար հայեր վերապրեցին 1915-ի իրադարձություններից:

Թուրքիայի բնակչությունը յոթ անգամ ավելացել է այժմ, այնպես որ կարելի է մոտավոր հաշվարկներով ասել, որ մոտ 2 միլիոն մարդ այժմ Թուրքիայում ունի հայկական արմատներ:

Իմ անձնական փորձառությունից կարող եմ ավելացնել հետեւյալը: Երբ Հայաստանում էի 1995 թվին որպես կամավոր ինժեներ-շինարար, այցելեցի Սպիտակ, որտեղ վերականգնվում էր երկրաշարժի ժամանակ քանդված եկեղեցին: Ինձ տեղեկացրին, որ ֆինանսավորումը կատարել էր Թուրքիայից ոմն բարերար: Հարուստ թուրք մի ընտանիքում մահվան սնարի մոտ տատիկը խոստովանել էր, որ ինքը հայկական արմատներ ունի:

Վերջին տարիներին նման երեւույթները հաճախակի են դառնում: Հուսանք, որ թուրքական կառավարությունը նման երեւույթները կդիտի ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես ազատագրմանն ու հանդուրժողականությանն ընդառաջ գնալու քայլեր:

Օգտագործված գրականության ցանկ:

Sait Cetinoglu,”1915 Soykirim Surecinde Ermeni Gen Havuzuna El Konmasi ve Seks Koleligi” (The Capture of the Armenian Genetic Pool and Sex Slavery During the 1915 Genocide), Seyfo Center, 09.04.2013

Ayse Hur,”1915ten 2007ye Ermeni Yetimleri (Armenian Orphans from 1915 to 2007),” Radikal, 20.01.2013

Eren Keskin,”Soykirimin Ortaklari “(Partners in Genocide), Ozgur Gundem, 22.01.2013

Ruben Melkonyan,”Attitude of the Armenian Patriarchate in Istanbul Towards the Issue of the Forcibly Islamicized Armenians,” Noravank Foundation, 09.03.2010

Ruben Melkonyan, “The Islamization of Armenian Children at the Period of the Armenian Genocide,” Miacum, 11.08.2007

Keith David Watenpaugh,”The League of Nations Rescue of Armenian Genocide Survivors and the Making of Modern Humanitarianism, 1920-1927″, American Historical Review, December 2010.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅ. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՓՈՒՄՆԵՐՆ ԱՐԳԵԼՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԲԻՇՔԵԿ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ԳՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԲԻՇՔԵԿ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ԳՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական