Հայտնի դարձան «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ – 2022» շարադրությունների մրցույթի հաղթողները: Ամենամյա ձեռնարկը, որը նվիրված է հայ ականավոր լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, «Նոր Օր» թերթի խմբագիր, թարգմանիչ Հակոբ Պողոսյանի հիշատակին, նախաձեռնվել եւ 2002թ. սկսած իրականացվում է Պողոսյանների ընտանիքի (ԱՄՆ) կողմից: Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների առաջադիմության բարձրացմանը, խրախուսել հայոց լեզվի իմացությունն ու ստաղծագործական աշխատանքը, նոր լիցք ու ոգեւորություն հաղորդել աշակերտներին, ինչպես նաեւ առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ պատանիներին դրսեւորելու իրենց գիտելիքները:
Օրերս Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում՝ Հակոբ Պողոսյանի անունը կրող լսարանում, կայացավ ձեռնարկի արդյունքների ամփոփումը (մրցույթը կայացել էր ս.թ. նոյեմբերի 10-ին Թեքեյան Կենտրոնում): Այս տարվա ստեղծագործական շարադրությունների թեմաներն էին «Պայքար հանուն կյանքի», «Խաղաղություն աշխարհին», «Ես՝ ազգիս համար» եւ «Աշնան մեղեդի»: Մրցույթի մասնակիցներն էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, որոնցից վեցը լավագույն աշխատանքների համար արժանացան դրամական պարգեւների՝
I մրցանակ – Աիդա Մելքոնյան («Պայքար հանուն կյանքի»)
II մրցանակ – Շուշաննա Խաչատրյան («Ես՝ ազգիս համար»)
III մրցանակ – Սոնա Մակինյան («Պայքար հանուն կյանքի»)
IV (խրախուսական) մրցանակ – Սոֆի Ռաֆայելյան («Պայքար հանուն կյանքի»)
V (խրախուսական) մրցանակ – Արարատ Արզումանյան («Խաղաղություն աշխարհին»)
VI (խրախուսական) մրցանակ – Արփինե Սարգսյան («Պայքար հանուն կյանքի»)
ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆ…
Ծնվել է Լիբանանում 1936թ.: Հաճախել է Հայ Կաթողիկե Մեսրոպյան եւ ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանները: Բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, այնուհետեւ ավարտել է Լոնդոնի համալսարանի միջազգային լրագրության բաժնի դասընթացները: Դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթն ու լեզուն: Վաղ հասակից գիտակցել է հայի ինքնության պահպանման կարեւորությունը եւ ուսանողական տարիներից ի վեր ազգանվեր բեղուն գործունեություն ծավալել լիբնանահայ համայնքի հասարակական կյանքում: Երկար տարիներ Բեյրութի ԹՄՄ եւ Գրական Շրջանակի վարչությունների առաջատար անդամներից էր: Աշխատել է «Յառաջ», «Յառաջ Գրական», «Զարթօնք» թերթերում: 1989թ. ընտանիքով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ շուտով ստանձնել Կալիֆորնիայի ՌԱԿ «Նոր Օր» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Եղել է նաեւ ՀԲԸՄ Կալիֆորնիայի հանձնաժողովի վարիչ-քարտուղարը: Արժանացել է ԹՄՄ «Ռիթա եւ Վարդգէս Պալեան» մամլո մրցանակին: Կյանքից հեռացել է վաղաժամ՝ 2001թ.:
Գ. Մ.