Արցախի Ազգային ժողովն Ադրբեջանի կողմից օկուպացված կամ բռնազավթված տարածքների մասին օրենքի նախագիծ է մշակել, որը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում այս ամսվա ընթացքում կներառվի ու կքննարկվի: Նախագծի հեղինակներն ԱԺ բոլոր 5 խմբակցություններն են: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն «Ազգ»ի հետ զրույցում ասում է, որ «օկուպացիայի» վերաբերյալ օրենք ընդունելու անհրաժեշտության ու կարեւորության մասին դեռեւս 2020-ից է խոսում, եւ այժմ ուրախ է, որ ընթացիկ ամսվա մեջ Արցախի խորհրդարանը վերջապես կքննարկի հարցը: Հիշում էՙ մինչեւ օրինագիծն էլ նախորդ տարիՙ 2021-ին, Արցախի ԱԺ-ն բռնազավթված տարածքների մասին հայտարարություն էր ընդունել, դրան որոշակի գործընթաց էր հաջորդել, ու ըստ պետական նախարար Արտակ Բեգլարյանիՙ վերոնշյալ օրինագիծը դեռեւս նախորդ տարվա հունիսին պետք է ընդունվեր: «Թեեւ ուշացումով, բայց ողջունելի է, որ գոնե աժմ օրակարգ է բերվել, ու դրա շուրջ խորհրդարանական բոլոր խմբակցությունները կոնսեսուս ունեն: Դա, նախեւառաջ, իրավական փաստաթուղթ է, որ կարող է կարգավորել մի շարք խնդիրներՙ հակառակորդի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային կաթողների պատկանելիությունից մինչեւ բնակավայրերը հայկական տեղանուններով կոչելը: Նման օրենք ունենալու անհրաժեշտության մասին արտաքին գործերի նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Արա Այվազյանն էլ էին խոսում, ու հուսամ, որ բոլորս միասին կօգնենք Արցախի պառլամենտին օրինագիծը կյանքի կոչել»,- նշում է Պողոսյանը:
Նրա համոզմամբՙ օրենքը թե՛ քաղաքական, թե՛ իրավական ընկալումներ կունենա, եւ ի լուր աշխարհի, այո, պետք է ասել, որ այդ տարածքները բռնազավթված կամ օկուպացված են: Իսկ միջազգային բոլոր այն կառույցները, որ կցանկանան անգամ հումանիտար ներդրում անել (օրինակ` ջրային կամ անտառային), ապա հարցն անպայման պետք է քննարկեն Արցախի իշխանության հետ:
Ծնունդով արցախցի Թեւան Պողոսյանի գնահատմամբ` որպեսզի օրենքը հետագայում կիրառելի լինի ու ազդեցություն ունենա, ապա բոլորս նախ պետք է ընդունենք, ապա հարգենք այն: «Այսօր Հայաստանը, հանգամանքներից ելնելով, Արցախի անվտանգության երաշխավորը չէ, բայց կարող ենք, չէ՞, Արցախի գոնե իրավական երաշխավորը լինել, ու միջազգային կառույցների հետ ՀՀ-ն խոսի: Ի վերջոՙ Հայաստանի ու Արցախի Ազգային ժողովների միջեւ միջպետական բարեկամական խումբ է գործում, որի առաքելությունը հենց օգնելն ու օժանդակելն է,- ընդգծում է նաՙ հավելելով,- Ադրբեջանն Արցախ այցելող օտարերկրացիների համար «սեւ ցուցակներ» էր կազմում, ինչո՞ւ նմանատիպ ցուցակներ նաեւ մենք չենք կազմում: «Օկուպացիայի» մասին օրենքը կարող է նաեւ այսՙ «սեւ ցուցակի» կարգավորումն ունենալ»:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցի փոխանցմամբՙ օրենքի նախագիծը հունվարի 27-ին է շրջանառության մեջ դրվել: Այն Ազգային ժողովի կանոնակարգին համապատասխանՙ փետրվարի 16-ինՙ ԱԺ հերթական նիստի ժամանակ է առաջին ընթերցմամբ քննարկման դրվելու ու անցնելու բոլոր փուլերով: Բաղունցի փոխանցմամբՙ օրինագիծը հիմնական 2 ուղերձ ունի, առաջինն այն է, որ Արցախը որեւէ դեպքում չի հրաժարվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից, օրինակ` Հադրութի շրջանից, որ եղել ու մնում է հայկական: Երկրորդ` Արցախի Հանրապետությունը, դիմելով բոլոր այն երկրների կառավարություններին եւ արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, զգուշացնում է` առանց Արցախի կարծիքը հաշվի առնելու նշյալ տարածքնեում որեւէ գործողություն չիրականացնել, այլապես համաձայն «Օկուպացիայի» մասին օրենքի դրույթների եւ տարբեր միջազգային նորմերի` միջազգային ատյաններ եւ արբիտրաժային դատարան կդիմի: Այսինքն ըստ օրինագծի` արտասահմանյան ընկերություններն օկուպացված տարածքներում գործունեություն ծավալել կարող են միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ:
«Իրավական ի՞նչ գործընթաց կարող է սկսվել, եթե, օրինակ, արտասահմանյան ընկերությունը որոշի ներդրում անել Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում, «սեւ ցուցակո՞ւմ է հայտնվելու». հարցին ԱԺ փոխխոսնակն արձագանքում է. «Տվյալների բազա կստեղծենք, միջազգային տարբեր ատյաններում այդ գործունեության գնահատականը կներկայացնենք»:
Ինչ վերաբերում է հարցին, թե «Օկուպացիայի» մասին օրենքը ո՞ր տարածքներին է վերաբերելու` ԼՂԻՄ-ի՞ն, թե՞ նաեւ անվտանգության գոտի համարվող տարածքներին, ապա Արցախի նախագահի տեղակալը հղում է կատարում Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածին, որ սահմանում է. «Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացնում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:
Ազգային ժողովի մեկ այլ` «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վերոնշյալ հարցին այսպես է պատասխանում. «Օկուպացված տարածքների մեջ են ընդգրկում նաեւ այն տարածքները, որոնք Ադրբեջանը դեռեւս 90-ականների պատերազմի ժամանակ է զավթել` Շահումյանի շրջանը, Մարտունու, Մարտակերտի որոշ գյուղեր»:
Հակոբյանը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի այն հայտարարությանը, թե միջազգային տարբեր կառույցներ պատրաստ են ներդրումներ անել Արցախի` հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում: «Նախագծով հայտարարում ենք, որ որեւէ միջազգային կառույց չի կարող այդ տարածքներում ներդրում անել` առանց հայկական կողմի թույլտվության, առանց մեզ հետ համաձայնեցնելու, այլապես դա անօրեն կճանաչվի»,- շեշտում է մեր զրուցակիցը: