Ֆըրաթ Գյուլյուն թուրք պատմաբան, գրող, թարգմանիչ, դերասան եւ թատրոնի պատմաբան է: Պատմության բակալավրի եւ մագիստրոսի կոչում է ստացել Ստամբուլի Բողազիչի համալսարանի Աթաթյուրքի անվան ժամանակակից թուրքական պատմության ինստիտուտում: Երկար տարիներ կատարել է դերասանական, կազմակերպչական եւ ռեժիսորական պարտականություններ Բողազիչի համալսարանի թատերախմբում, հանդես եկել համալսարանական «Բոսֆոր» թատերախմբի բեմադրություններում: Նրա թարգմանություններն ու գրությունները լույս են տեսել «Միմեսիս. թատրոնի թարգմանական եւ հետազոտական պարբերականում», որի խմբագրական խորհրդի անդամ է: Ֆըրաթ Գյուլյուն Պատմության հիմնադրամի եւ նրա «Սոցիալական պատմություն» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է, որպես պատմության ուսուցիչ աշխատում է մասնավոր ավագ դպրոցում: Հրատարակել է «Վարդովյան թատերախումբը եւ երիտասարդ օսմանցիները» (2008) եւ «Համակարգային ճգնաժամն ու թատրոնը Օսմանյան կայսրությունում» (2017) աշխատությունները, Զեյնեփ Օքանի հետ անգլերենից թուրքերեն է թարգմանել Գեւորգ Բարդակչյանի «Հակոբ Պարոնյանի քաղաքական եւ սոցիալական սատիրան» ուսումնասիրությունը, իսկ անցյալ տարի հրատարակել է «Անանուն մարդը» վեպը` ներշնչված ստամբուլահայ թատերագիր Արման Վարդանյանի (1930-2015) կյանքից:
-Ֆըրա՛թ, առաջին անգամ մենք հանդիպեցինք 2013 թվականին Վենետիկում, որտեղ դու մասնակցում էիր «Պո-Արաքս» ընկերակցության կազմակերպած հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացին: Որտեղի՞ց են քո հայկական հետաքրքրությունները:
-Ազգանվանս պատճառով երբեմն ինձ հարցնում են, թե ես հայ նշանավոր թատերական բեմադրիչ Գյուլյու Ագոփի (Հակոբ Վարդովյան) թո՞ռն եմ: Մինչդեռ եթե չսկսեի զբաղվել թատրոնով, իրականում հնարավոր չէր լինի բացահայտել մեր մշակույթի պատմության այս կարեւոր գործչին: Ես շատ քիչ բան գիտեի թուրքական թատրոնի արդիականացման գործում հայ նշանավոր դերասան-դերասանուհիների ունեցած մեծ ավանդի մասին: Իրականում, մինչեւ 2007 թվականը ես հնարավորություն չունեի կենտրոնանալու այդ թեմայի վրա: Այդ անիծյալ թվականին Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի հանրապետության յուրաքանչյուր բարեխիղճ քաղաքացու դրդեց լուրջ առճակատման գնալ պաշտոնական ազգայնական պատմության հետ: Պատմական այս տխուր շրջադարձը ստիպեց ինձ ամբողջովին փոխել ստեղծագործություններիս ուղղությունը, եւ ես սկսեցի ուսումնասիրել հայ թատրոնի պատմությունը օսմանյան եւ հանրապետական ժամանակաշրջաններում:
-Թուրք թատերագետ Մեթին Անդը գրել է, որ թուրքերը որքան էլ շնորհակալություն հայտնեն հայերին թուրքական թատրոնում ունեցած իրենց ներդրման համար, բավարար չի լինի: Սակայն այս ներդրումը հայտնի է միայն մասնագետների նեղ շրջանակին…
-Հատկապես 1960-1970-ական թվականների իր առաջին աշխատություններում Մեթին Անդը հակված էր Թուրքիայում ժամանակակից թատրոնի զարգացումը դիտարկել բազմամշակութային տեսանկյունից: Գիտության մեջ դա ռահվիրայի աշխատանք էր, ինչը սովորաբար ունենում է բավականին ազգայնական կառուցվածք: Այնուամենայնիվ, 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո, ձախակողմյան մտավորականների դեմ «վհուկների որսի» պատճառով Մեթին Անդի մոտեցումն իր նախկին գործերի նկատմամբ սկսեց փոխվել: Հակոբ Վարդովյանի մասին նրա «Օսմանյան թատրոնը» կարեւոր մենագրության (առաջին անգամ տպագրվել է 1960-ականներին, ապա` 1990-ին) նոր հրատարակության վերջաբանը հիմնախնդրի նկատմամբ նրա փոփոխվող վերաբերմունքի հստակ վկայությունն է: Այս թեման հաշվի եմ առել իմ «Վարդովյան թատերախումբը եւ երիտասարդ օսմանցիները» աշխատության մեջ:
-Քո թարգմանած գրքերից է ամերիկահայ հետազոտող Գեւորգ Բարդակչյանի «Հակոբ Պարոնյանի քաղաքական եւ սոցիալական երգիծանքը»: Դա քո սեփակա՞ն նախաձեռնությունն էր, թե՞ թուրքական շրջանակներում կա որոշակի հետաքրքրություն 19-րդ դարի հայ գրողի նկատմամբ, որը եղել է Օսմանյան կայսրությունում երգիծական գրականության առաջամարտիկը:
-1870-ականներին հրատարակած իր «Թիյաթրո» (Թատրոն) թուրքերեն երգիծաթերթի շնորհիվ Պարոնյանն արդեն հայտնի էր թուրքական նեղ շրջանակներին: Սակայն որպես թատերագիր նա լայն ճանաչում չուներ հայ համայնքից դուրս: Վարդովյանի մասին իր աշխատության մեջ Մեթին Անդն առաջինն էր, որ նրան ներկայացրեց ոչ հայախոս թուրքական համայնքին` որպես 19-րդ դարի Ստամբուլի թատերագիր եւ թատերագետ: 2010 թվականին Բողազիչի համալսարանի կատարողական արվեստի խմբի եւ «Արաս» հրատարակչության համագործակցությամբ մենք կազմակերպեցինք «Պարոնյանի օր» Բողազիչի համալսարանում եւ Գեւորգ Բարդակչյանին հրավիրեցինք երգիծաբանի մասին դասախոսություն կարդալու: Սա, որքան գիտեմ, այս թեմայով առաջին հանրային միջոցառումն էր հայոց լեզվով Բողազիչի համալսարանում: Այս միջոցառման շրջանակներում Պարոնյանի «Արեւելյան ատամնաբույժը» պիեսը Պողոս Չալգըճըօղլուն թարգմանեց թուրքերեն, այն լույս ընծայեց «Արաս» հրատարակչությունը, այնուհետեւ բեմադրվեց Ստամբուլի Մետրոպոլիտենի քաղաքապետարանի թատրոնում: Քո նշած գիրքը Պարոնյանի վերաբերյալ այս ուսումնասիրությունների վերջին օղակն էր:
-Հայ գործիչները քո հետաքրքրության առարկան են նաեւ գեղարվեստական գործերիդ մեջ: Առաջինը հայ եւ թուրք թատրոնների երկու ականավոր գործիչների` Վահրամ Փափազյանի եւ Մուհսին Էրթուղրուլի բարեկամության մասին քո բեմադրությունն էր:
-Հիշո՞ւմ ես, մի անգամ, երբ Վենետիկում զրուցում էինք ճաշի ժամանակ, ես պատմեցի, թե ինչպես է փոխվել պապիկիս կյանքը, որը Մուհսին Էրթուղրուլի շնորհիվ Ստամբուլի պետական օպերայի եւ բալետի թատրոնում աշխատել է որպես բեմահարդար: Դրանից հետո ինձ ասացիր, որ Վահրամ Փափազյանի հետ աշխատել է տատիկդ` լինելով Թբիլիսիի հայկական թատրոնում զգեստավորող: Հետագայում այս երկու անձանց ամբողջական հարաբերությունները ոգեշնչման աղբյուր դարձան «Մուհսին եւ Վահրամ» կարճ թատերախաղի համար, որը մենք բեմադրեցինք Պերպերյան թատերախմբի հետ համատեղ: Այն ներկայացվեց 2014 թվականին Ստամբուլի միջազգային թատերական փառատոնի միջոցառման ժամանակ, որին դու նույնպես ներկա էիր որպես քննարկման մասնակից: Այնուամենայնիվ, պատմությունը չավարտվեց այդ պահին, եւ այդ կարճ պիեսը Բողազիչի կատարողական արվեստի խմբի անդամների ջանքերի շնորհիվ վերածվեց մրցանակակիր պրոֆեսիոնալ նախագծի` «Ո՞վ է այնտեղ» վերնագրով:
-Ու դու նաեւ ստեղծեցիր մեկ այլ հայ հերոսի` անցյալ տարի լույս տեսած «Անանուն մարդը» վեպիդ մեջ: Այն արժանացել է երկրորդ մրցանակի «Թուդեմ» գրական մրցանակաբաշխության ընթացքում: Քո վեպը հիմնված է պոլսահայ դրամատուրգ Արման Վարդանյանի կյանքի վրա: Հիշում եմ պարոն Արմանին, իսկապե՛ս հետաքրքրական անձնավորություն էր…
-Վեպի պատմությունը սկսվեց 2018 թվականի մայիսին, Բողազիչի համալսարանում, իմ սիրելի ընկեր Սեւան Տեյիրմենճյանի հետ սեմինարում: Երբ սկսեցինք ուսումնասիրել Վարդանյանի կյանքը, զարմանքով նկատեցինք, որ նրա ստեղծագործություններն այնքան էլ հայտնի չեն թատերական շրջանակներում, նույնիսկ հայ համայնքում: Եթե չունենայինք նրա երկրորդ կնոջ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Զարինե Վարդանյան-Գրիգորյանի գրած կենսագրությունը, ապա կբախվեինք մի առեղծվածային գրողի, որը գրեթե ոչինչ չի թողել իր կյանքի պատմությունից: Պատմաբանը երբեմն օգտագործում է իր երեւակայությունը, երբ փաստերն անհասանելի են եւ անհայտ: Կարծում եմ` չկարողացա կարգավորել երեւակայությանս չափաբաժինը, եւ իմ գրած տեքստն ավելի շատ գեղարվեստական է, քան իրական կենսագրություն:
-Արման Վարդանյանը ժառանգություն է թողել տարօրինակ պիեսներ` արտասովոր վերնագրերով: Կարդացե՞լ ես դրանք ու փորձե՞լ ես օգտագործել նրա ոճը քո վեպում:
-Մեր ուսումնասիրությունների ընթացքում տեսանք, որ Վարդանյանն այն գաղտնապահ գրողներից էր, որոնք օգտագործում են դժվար հասկանալի լեզու: Նա չէր սիրում շատ խոսել իր գործերի մասին: Ընթերցողների կամ բեմադրիչների համար, որոնք ցանկանում են բեմադրել նրա պիեսները, հեշտ չէ հասկանալ նրա տեքստերը` առանց հետազոտություն անելու եւ դրանք բացատրելու համար լրացուցիչ ջանքեր գործադրելու: Թեեւ նրա «Թոխորը», «Կանկրուկը» եւ «Ախացելը» պիեսները հաջողությամբ թարգմանվել են թուրքերեն, սակայն դրանք չեն կարողացել գրավել ոչ հայախոս թուրք ընթերցողների ուշադրությունը: Ինձ համար շատ հարստացնող փորձառություն էր սեմինարին նախապատրաստվելիս այս անորսալի տեքստերով զբաղվելը: Վեպը գրելիս ես փորձեցի իմ երեւակայության մեջ ներառել այն հզոր փոխաբերությունները, որ ստեղծում են այդ տեքստերը: Հուսով եմ` հաջողվել եմ:
-Ես էլ հուսով եմ, որ քո վեպը կթարգմանվի հայերեն, ու մենք կկարողանանք կարդալ այն: Հայկական թեմաներով քո գրքերն, անշուշտ, հետաքրքրական են հայ ընթերցողին, բայց արդյո՞ք դրանք նաեւ թուրք լսարան ունեն:
-Ոչ գեղարվեստական բնույթի իմ նախորդ հետազոտական գրքերը գրավել են ավելի նեղ գիտական շրջանակների ուշադրությունը: Վեպս լույս է տեսել անցած ապրիլին: Ցավոք, տարվա ընթացքում հրատարակիչները չկարողացան ընթերցողների հետ հանդիպել գրքի տոնավաճառներում` համավարակի պատճառով: Չնայած դրան, ըստ իմ հրատարակչից ստացած տեղեկությունների, ընթերցողների հետաքրքրությունը մեծ է եղել: Իմ ունեցած զրույցներից եւ ստացածս զանազան հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվել, որ ընթերցողները համակրանքով են վերաբերվում իմ վեպին: Կարող եմ ասել, որ այն արժեւորվել է հատկապես Ստամբուլի հայ համայնքում: Անկեղծ ասած, դա ինձ շատ է ուրախացնում:
-Առանձնահատուկ առիթ կա՞ր քո վեպը նվիրելու մեր ընդհանուր ընկեր (ավա՜ղ, այժմ հանգուցյալ) Երվանդ Պարետ Մանոքին:
-Պարետը մի մարդ էր, որը հավատում էր, որ անկախ պետությունների արտաքին քաղաքականությունից` մարդիկ կարող են խաղաղ երկխոսության միջոցով բարելավել իրենց հարաբերությունները: Նրա լավատեսական տեսլականը միշտ ոգեշնչել է ինձ:
Ցավոք, մենք նրան կորցրինք վաղ տարիքում, նա դեռ կարող էր շատ բան անել: Պարետը գիտեր, որ ես գրում եմ այս վեպը, եւ հատկապես Վենետիկում տեղի ունեցած տեսարաններում զգացվում են 2013 թվականի ամռանը նրա հետ այդ քաղաքի փողոցներով մեր զբոսանքների ազդեցությունը, բայց, ցավոք, նա հնարավորություն չունեցավ տեսնելու վեպն ավարտված…
-Դու երկու անգամ այցելել ես Հայաստան: Դու այն թուրք մտավորականներից ես, որոնք փորձում են երկխոսություն կառուցել հայերի հետ մշակույթի եւ ընդհանուր անցյալի միջոցով: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020-ի պատերազմից հետո, որտեղ գլխավոր դերը կատարեց Թուրքիան, այս երկխոսությունը պատկերացնելը չափազանց դժվար է թվում: Ի՞նչ կասես, ինչպե՞ս շարունակենք:
-Ինչպես գիտես, մեր երկրների հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերման առաջին շրջանում համարվում էին տաբու: 2000-ականների սկզբին մենք համեմատաբար ժողովրդավարական շրջան էինք ապրում երկրում, ինչը հանգեցրեց Թուրքիայի` իր հարեւանների հետ հարաբերությունների դրականորեն փոխվելուն` Եվրոմիությանն անդամակցության գործընթացի մեկնարկով: 2005 թվականին Բիլգի համալսարանում կայացած «Օսմանյան հայերը կայսրության վերջին ժամանակաշրջանում» խորագրով գիտաժողովը կարեւոր շրջադարձ եղավ: Հրանտ Դինքի սպանությունը լուրջ սոցիալական արձագանք առաջացրեց հասարակության լայն շերտերում: Հայ մշակույթով հետաքրքրված թուրք մտավորականները բացահայտեցին Երեւանը, եւ տեսանելի ակտիվություն սկսեց նկատվել Հայաստանի հետ ոչ պաշտոնական մշակութային եւ մտավոր հարաբերություններում: «Հրանտ Դինք» հիմնադրամի ջանքերը` ուղղված երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, դրական արձագանք են գտել: Սակայն հայ-ադրբեջանական վերջին պատերազմը ցույց տվեց, որ հայ-թուրքական երկխոսությունը դեռ երկար ուղի ունի անցնելու, եւ գործադրվելիք ցանկացած ջանք մեծ արժեք ունի…