Հայաստանը զիջումների է գնում նախքան բանակցությունները

234

Երվանդ Ազատյան

Հայ-թուրքական մերձեցման շրջանակներում Անկարան մեքենայի ղեկին նստած վարորդի դերում է: Երկու երկրների ներկայացուցիչների նշանակման լուրը առաջինը հնչեցրեց Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, ի զարմանս հայաստանյան լրատվամիջոցների:

Լուրերի երկրորդ հոսքը դարձյալ միեւնույն աղբյուրից է գալիս: Չավուշօղլուն վերջերս հայտարարեց, որ Հայաստանի արտգործնախարարը մասնակցելու է Անթալիայում մարտի 11-ից 13-ը տեղի ունենալիք «դիվանագիտական ֆորումին», խորհրդարանի պատգամավոր եւ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ նշանակված Ռուբեն Ռուբինյանի հետ միասին: Հայաստանի պաշտոնական աղբյուրները, մինչդեռ, շարունակում են պնդել, որ ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը դեռեւս քննարկման առարկա է:

Ֆորումին մասնակցելու են քառասունհինգ երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները, որպեսզի քննարկեն եւ կարգավորեն միջազգային հարաբերություններում առկա գլոբալ եւ տարածաշրջանային հարցեր:

Թուրքիայի արտգործնախարարը արդեն բնորոշել է հայաստանյան պատվիրակների օրակարգը: Նա նշեց, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ ներկայացնելու է իր երկիրը, եւ Թուրքիան հույս ունի, որ կողմերից յուրաքանչյուրը կներկայացնի իր դիրքորոշումը: Քառասունչորսօրյա պատերազմի օրերին Ադրբեջանին ԱԹՍ-եր եւ ջիհադիստներ մատակարարած Անկարան, Անթալիայում փորձում է անաչառ միջնորդի դերը կատարել իբր խաղաղություն հաստատելու մտադրությամբ: Ի դեպ, Թուրքիան փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ռուսաստան-Ուկրաինա լարվածության խնդրում որդեգրել է միեւնույն դերակատարությունը, այն բանից հետո, երբ Կիեւին ԱԹՍ-եր էր տրամադրել եւ հայտարարել, որ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:

Մինչ հայկական կողմը մոտենում է բանակցությունների սեղանին, մեր պատմական փորձառությունը պետք է մեզ ուղենիշ դառնա գնահատելու եւ հասկանալու համար Թուրքիայի մտադրություններն ու նպատակները: Թուրքիայի ներկա քաղաքականության հիմքում ընկած է թուրանական կայսրություն ձեւավորելու նրա բազմամյա նպատակը: Որոշ պատմաբաններ եւ վերլուծաբաններ հավատացած են, որ նման գաղափարը սոսկ հայկական երեւակայության արգասիքն է, բայց այն հաստատվեց նախ Բաքվում, երբ նախագահ Էրդողանը Շուշիի մոխիրների վրա Ադրբեջանի հաղթանակն էր տոնում եւ ոգեկոչում Էնվեր Փաշայի ներկայությունը Կովկասում, եւ հետո Կենտրոնական Ասիայում, որտեղ կոչ էր անում իր ղեկավարության ներքո սուլթանություն կառուցելու համար զորահավաք անցկացնել: Էրդողանն այդ երազանքը վերակենդանացրեց հայտարարելով վերոնշյալ տոնակատարության ժամանակ` «մենք այստեղ ենք մեր նախնիների երազանքը իրականացնելու համար»:

Որպեսզի իրականացնի այդ «երազանքը», Թուրքիան պետք է ոչնչացնի իր ճանապարհին խոչընդոտ հանդիսացող Հայաստանի անկախ հանրապետությունը: Թվում է, թե Թուրքիան, ինչ դրոշի կամ վարչակազմի տակ լինի, միշտ էլ հետապնդել է այդ նպատակը: Մուսթաֆա Քեմալի օրոք, բոլշեւիկյան Ռուսաստանի օժանդակությամբ նա քայքայեց Կիլիկիայում հայկական ինքնավար հանրապետություն ստեղծելու հնարավորությունը: Միեւնույն սցենարը կրկնվեց, երբ գնդապետ Կազիմ Կարաբեքիրը 1920-ին Ալեքսանդրապոլի պայմանագիրը պարտադրեց Հայաստանի հանրապետությանը, որից ընդամենը մի փոքր մասն էր մնացել:

Այս նախադեպերի եւ պատմական փաստերի հիմնավորումներով Հայաստանի նպատակը պետք է լինի բարեհաջող դուրս գալ դիվանագիտական բանակցություններից, կառուցել իր զինված ուժերը եւ դաշնակցային հարաբերությունների համակարգ մշակել Թուրքիայի կողմից թիրախավորված տարածաշրջանային երկրների հետ:

Հայաստանի եւ իր շուրջը կատարվող իրադարձությունների հետ առնչվելու եւ քաղաքական կացությունը վերլուծելու պարագայում անհրաժեշտ է խուսափել անձնավորված քաղաքականությունից, որովհետեւ այն կարող է առաջնորդել մեզ տվյալ անձի պաշտամունքի, ինչի պատճառած վնասները դեռ զգալի են Հայաստանում: Պետք է նշել, որ քաղաքականությունը, իրոք, անձնավորված է այնտեղ: Քաղաքական որեւէ քայլի վերաբերյալ դիտարկումներն ու հայտարարությունները դեռեւս մեկնաբանվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմ կամ դեմ: Հազվադեպ է, որ որեւէ արտահայտություն արժեւորվի իր արժանիքի կամ Հայաստանի շահերն ընդհանրապես պաշտպանելու համար:

Նման հիստերիկ իրավիճակը պատահական զուգընկերներին է հատուկ: Խոսքս վերաբերում է Եվրոխորհուրդի խորհրդարանական համաժողովի (PACE) հունվարի 27-ի նիստին, որտեղ Հայաստանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը (Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» կուսակցությունից) դեմ քվեարկեց PACE-ի Հայաստանին նպաստավոր մի զեկույցին, պատճառաբանելով, որ զեկույցը Փաշինյանի օգտին էր, իսկ ինքը` ընդդիմադիր ճակատից: Դեմ էին քվեարկել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, իսկ Ռուսաստանի պատվիրակը ձեռնպահ էր մնացել:

Անձնավորման այս վերաբերմունքը շատ խորը արմատներ ունի Հայաստանի բեւեռացված քաղաքական համակարգում:

Եթե Թուրքիան որոշել է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, նշանակում է, որ տարածաշրջանում «փոխվել է քամու ուղղությունը»: Չնայած Հայաստանը պարտվեց պատերազմում, որոշ նպաստավոր գործոններ համենայնդեպս առկա են: Դրանցից մեկը Թուրքիայի մահամերձ տնտեսությունն է, որը որոշ առումով սանձել է նրա ռազմատենչ հռետորաբանությունն ու ընդարձակման ախորժակը: Ժամանակավորապես գուցե, բայց Անկարան ստիպված է հարաբերությունները բարելավել ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Հաջորդ գործոնը նախագահ Էրդողանին ուղղված Մ. Նահանգների նախագահ Ջո Բայդենի հորդորն է վերացնելու Հայաստանի շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նրա հետ: Իհարկե, Բայդենի այդ քայլը բարեսիրական նպատակներ չէր հետապնդում: Կառավարություններն իրենց քաղաքականությունը բարեսիրական հիմքերի վրա չեն մշակում: Հայկական լոբբիի գործողությունները հավանաբար իրենց դերն ունեցել էին, գուցե ոչ որպես կարեւորագույն, բայց որպես լրացուցիչ գործոն Ռուսաստանին մեկուսացնելու կամ պարփակելու, նաեւ Հայաստանի նման դաշնակիցներին նրանից հեռու պահելու Մ. Նահանգների քաղաքականությունը: Այս քաղաքականությունը համահունչ է Թուրքիայի քաղաքականությանը, ե՛ւ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ե՛ւ որպես երկրի շահերից բխող քայլ:

Երրորդ գործոնը Ցեղասպանության հարցն է, որը Հայաստանից անկախ իրավունք է ձեռք բերել գոյություն ունենալու միջազգային ասպարեզում:

Հայաստանը Թուրքիային կճնշի՞ ճանաչելու Ցեղասպանությունը, թե՞ ոչ, միեւնույն է` այդ հարցը դարձել է մոնումենտալ մարդասիրական եւ մարդու իրավունքների անժխտելի թեմա, որը օգտագործվել է եւ շարունակվելու է օգտագործվել բոլոր այն պետությունների կողմից, որոնք Անկարայի հետ խնդիրներ ունեն կարգավորելու:

Պարզ ասած, հայ անմեղ զոհերի թողած ժառանգությունը Անկարային պարտապան է դարձնում համաշխարհային հանրության առաջ: Թուրքիային պարտահատույց դարձնելու բանալին Հայաստանի ձեռքերում է եւ այն չպետք է հեշտությամբ հանձնվի Անկարային: Սակայն, այս նպաստավոր գործոնների առկայության պայմաններում, Երեւանի կառավարությունը արդեն իսկ զիջումների է գնում նույնիսկ բանակցությունների սկզբնավորումից առաջ:

Առաջին զիջումը կարելի է համարել Փաշինյանի կարգադրությունը վերացնելու թուրքական ապրանքների ներմուծման արգելքը: Դա կարող է չնչին ազդեցություն գործել Թուրքիայի տնտեսության վրա, բայց երեւի դա ցույց տալու համար էր, որ հայկական կողմը ողջունում է հարաբերությունները բարելավելու Թուրքիայի նախաձեռնությունը:

Հաջորդ զիջումը Ադրբեջանին էր վերապահված, երբ Փաշինյանը Ղարաբաղի հարցին անդրադառնալով նշեց, որ գնդակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դաշտում է, որտեղ հրապարակված բոլոր փաստաթղթերում Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս: Այս հայտարարությունը խոտոր է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, որոնք դեռ պնդում են, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը իրենց օրակարգում է, հակադրվելով նախագահ Ալիեւի պնդումներին, որ անկլավի կարգավիճակի հարց այլեւս գոյություն չունի:

Փաշինյանի կուսակցությունից խորհրդարանում պատգամավորներից մեկը նշել է, որ Հայաստանում ոչ մի գործադիր իշխանություն հարցականի տակ չի դրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող ներկա սահմանները: Սա երկդիմի հաճոյախոսություն է ուղղված Անկարային, որովհետեւ հակառակ ձեւակերպում պետք է տրվեր դրան: Հայաստանի խորհրդարանից հնչած այս հայտարարությունը Թուրքիայի օրենսդիրների կողմից կարող է մեկնաբանվել, որ ներկա վարչակազմը անուղղակիորեն վավերացրել է 1921 թվի Կարսի պայմանագիրը, որ Հայաստանի եւ Թուրքիայի ներկա սահմաններն է որոշում: Այդ պայմանագիրը ստորագրել էին Ռուսաստանի բոլշեւիկյան կառավարությունն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որոնցից ոչ մեկն այդ ժամանակ միջազգայնորեն ճանաչված կառավարություն չի եղել: Հետագայում այն բռնի ուժով պարտադրվել է Հայաստանին:

Կարսի պայմանագիրը շոշափվել է ուղղակի կամ անուղղակի կերպով ամեն անգամ, որ Հայաստանն ու Թուրքիան մերձեցման փորձ են կատարել:

Հայ դատի ուրացման աղաղակող փաստ էր մամլո ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած այն միտքը, թե Հայաստանի կառավարությունը երբեք էլ Հայ դատի հետապնդման քաղաքականություն չի վարել, իսկ Ցեղասպանության ճանաչման գործընթացում սփյուռքահայությունն է կատարել շարժիչ մեքենայի դերը: Սա Ցեղասպանության զոհերի ժառանգությունից հրաժարվելու վառ օրինակ է: Հայ դատը երկու բաղադրամասերից է կազմված. մեկը 1,5 միլիոն հայերի բնաջնջումն է, մյուսը` հազարամյա պապենական հայրենիքի կորուստը: Սփյուռքահայությունը կառավարական միավոր չէ, որպեսզի որեւէ հայց ներկայացնի միջազգային դատարաններում: Դա միջազգային ճանաչման արժանացած Հայաստանի կառավարության իրավունքն ու պատասխանատվությունն է:

Այդուամենայնիվ, Փաշինյանը միակը չէ, որ հրաժարվում է Ցեղասպանության հարցի հետապնդումից: Նրա մեղսակիցն է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որ այդ ժամանակ փոխնախագահ Ջո Բայդենին էր զանգել հայտնելու համար, որ Մ. Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հայկական կառավարության առաջնահերթություններից չէ: Գուցե նախկին նախագահը այդ դավաճանական քայլին էր դիմել առաջ տանելու համար իր «ֆուտբոլային դիվանագիտությունը», որ ձախող ավարտ ունեցավ:

Այստեղ անհրաժեշտ է մի կարեւոր հարց բարձրացնել. եթե Հայաստանի գլխավոր դեմքերը չեն անհանգստանում Ցեղասպանության ճանաչում հետապնդելու հարցով, ապա ինչու նախագահ Բայդենը կամ մեկ այլ պետության ղեկավարը պիտի անհանգստանա այդ հարցով:

Վերջին, բայց նույնքան կարեւոր մի նկատառում: Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-ամյակի տոնակատարությունների չեղյալ համարելը քողարկված երկչոտություն էր: Դրանք պետք է տեղի ունենային հունվարի 28-ին, բայց չկայացան, որովհետեւ Փաշինյանն ու զինված ուժերի բարձրաստիճան սպաներ վարակված էին քովիդ-19-ով: Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը ճիշտ ժամանակին է վարակվում այս վիրուսով:

Նման որոշման շուրջ ենթադրությունները բազմաթիվ են: Դրանց մեջ ամենահավանականն այն է, որ նա խուսափել է վրդովեցնել նախագահ Ալիեւին` ցուցադրելով Հայաստանի նորագույն զինամթերքը, որն ավանդաբար տողանցում է հրապարակում նման հանդիսությունների ժամանակ: Ալիեւը նախազգուշացրել էր, որ Հայաստանի կողմից վերազինվելու կամ ռեւանշիստական քայլեր կատարելու որեւէ փորձ չեզոքացվելու էր:

Այժմ, երբ Հայաստանը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստելու առանց նախապայմանների, որո՞նք են այն գործոնները, որոնք խանգարելու են այդ բանակցությունների հաջող անցկացմանը, երբ Հայաստանն ինքն է զինաթափվել նույնիսկ բանակցություններից առաջ:

Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Թուրքիայի քաղաքականությունը մշակողների գործունեությանը, հասկանում են, որ ոչ մի զիջում չի բավարարելու Թուրքիային: Նա միշտ ավելին է պահանջելու: Չավուշօղլուի հայտարարությունը, որ Թուրքիայի կատարած ամեն մի քայլ նախապես քննարկվելու է Ադրբեջանի հետ, ինքնին շատ բան է ասում: Դա արդեն նախապայման էր, քանի որ Բաքուն իր եւ Անկարայի անունից շարունակում է պնդել, որ ձեռք կբերի Զանգեզուրի միջանցքը:

Ոչ մի զիջում չպետք է լիներ նախքան բանակցությունների սկզբնավորումը:

Անգլ. թարգմանեց

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)