Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրիորդ Քնքշունի

11/04/2025
- 11 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
28
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրիորդ Քնքշունին ուսանողուհի է իրականացել է նրա ու նրա ծնողների, տնեցիների, բոլոր հարազատների, բարին կամեցողների վաղեմի երազանքը՝ իրենց դուստրը կամ հարազատուհին ընդունվել է բարձրագույն: Եվ այսպես ամեն առավոտ օրիորդ Քնքշունին հանդիսավորապես գնում է մայրաքաղաքիս համալսարաններից մեկը՝ դասի՝ իր հետ վերցնելով առաջին անհրաժեշտության իրերը՝ պամադա, պուդրա, մանիկյուր, մատիտ (հոնքերի), փոքրիկ հայելի եւ էլի նման մի քանի բան: Անպայման պետք է նշել, որ օրիորդը երբեք անպատրաստ դասի չի գնում, եթե ոչ մեկ, ապա անպայման կես ժամ պատրաստվում է՝ գունավորում է շրթունքները, մի թեթեւ կարմրացնում այտերը, մուգ սեւացնում թարթիչները եւ այլն: Նրա ու նրա նման ուսանողուհիների բարի բախտից բուհի միջանցքը հար եւ  նման է պոդիումի, օրվա ընթացքում, երբեք առիթը բաց չթողնելով, օրիորդ Քնքշունին, ինչպես եւ նրա նման ուսանողուհիները, առանձհահատուկ կարգով, նազանքով անցնում են այդ պոդիումով՝ ի ցույց դնելով իրենց արտաքին բարեմասնություններն ու հասարակական կշիռը:    

Բուհում համակուրսեցուհիների հետ օրիորդ Քնքշունին զրուցում է նորաձեւությունից, նոր երգերից, ֆիլմերից, պատմում իր ու իր ազգականների մասին, լսում ընկերուհիների պատմությունները նրանց ու նրանց ազգականների մասին: Համակուրսեցուհիները չեն շրջանցում նաեւ իրենց դասախոսներին. զրույցի ու քննարկման հիմնական թեման՝ որ դասախոսը այդ օրը ինչ շոր ու կոշիկ է հագել կամ առհասարակ ինչ շոր ու կոշիկ է հագնում, ո՞րն է օրը մեջ շոր ու կոշիկ փոխում, ո՞րն է օծանելիք օգտագործում, օգտագործելու դեպքում՝ ինչ օծանիլիք, որն ի՞նչ ավտոյով է գործի գալիս եւ այլն:  

Քնքշունու համար բուհական կյանքի թերեւս ամենահաճելի դրվագներից մեկը կամ գուցե ամենահաճելին ուսանողական երեկույթներն են՝ զվարճանալու, ինչպես ասում են, իրեն ցույց տալու, ուրիշներին նայելու հոյակապ հնարավորություն: Այս երեկույթները մի այլ օգտակարություն էլ ունեն քանի որ  օրիորդ Քնքշունին մեծ ջանք է թափում դասերը սովորելու վրա, ապա մի քանի ժամով կտրվում է ուսումնառությունից, դասերից, հանգստանում տեւական մտավոր աշխատանքից հետո, լիցքաթփվում, ուժ ու եռանդ կուտակում նոր գիտելիքների նվաճման նպատակով մղվելիք գրոհների համար: Հիշյալ գրոհներում նրան օգնության է գալիս համացանցը, օրեցօր կատաղող համակարգչային տեխնիկան ու արհեստական բանականությունը դրանց շնորհիվ զգալիորեն թեթեւանում է նրա գործը  էլ թանկագին ժամանակ չի ծախսում նստելու եւ գրելու համար, մի քանի հեզիկ-նազիկ հարված համակարգչի մի քանի ստեղնի, եւ տեխնիկայի հրաշքը նրան ընծայում է իր ուզած գրությունը՝ խնայելով ժամանակ մանիկյուր քսելու, եղունգները գեղարվեստական  մշակման ենթարկելու եւ նմանատիպ՝ նրա համար մեծ կարեւություն ունեցող այլ գործերի համար օրիորդ Քնքշունու բախտը բերել է. նա ծնվել է համակարգչի, համացանցի ու արհեստական բանականության դարում: 

Լինում է եւ այնպես, որ մերթ ընդ մերթ մեր ուսումնակարոտ, ուսումնատենչ եւ ուսումնածարավ ուսանողուհին գնում է բուհի ընթերցասարհ (սա էլ սիրելի  վայր է, քանի որ այնտեղ  վայֆայ կա) նստում է  ընթերցասեղանի առջեւ, միացնում հեռախոսն ու սկսում իր սիրելի գործը՝ ծանոթ-անծանոթների էջերը նայել, հավանել կամ, արդի հայերենով ասած, լայքել,  իրեն հոգեհարազատ բաները ներբեռնել, տեղադրել եւ այլն:

Օրվա մեջ օրիորդ Քնքշունին անպայման ժամանակ է հատկացնում ընկերուհիների հետ սրճարան գնալու, իր պարտքն է համարում մի քանի անգամ սելֆի անելը ապագային հուշ պետք է թողնել, ինչպես կարելի է իմաստով ու բովանդակությամբ հարուստ օրերը չվավերագրել, չհավերժացնել, թողնել, որ անհետք անցնեն-գնան, կորչեն:

Լայնասահման  ճանաչողության տեր է մեր երիտասարդուհին՝ մայրաքաղաքիս կարեւոր հաստատությունների գծով, շատ լավ՝ հինգ մատի պես գիտե, թե ո՞ր խանութում, ո՞ր սուպերմակետում, ո՞ր մոլում են լավ գնով պամադա, պուդրա, մանիկյուր, հոնքերի մատիտ եւ նման, իր խորին համոզմամբ՝ ուսանողուհուն խիստ անհրաժեշտ այլ պարագաներ վաճառում, ո՞ր խանութում, ո՞ր սուպերմակետում, ո՞ր մոլում են լինում շորերի, կոշիկների, պայուսակների, զարդերի, բիժուտերիայի, գալանտերիայի, կոսմետիկայի, պարֆյումերիայի, տորթերի, բանբաներկաների եւ այլ հանապազորյա ապրանքների զեղչեր, ո՞ր գեղեցկության սրահում են մազերը լավ գնով սարքում, ներկում, ֆենում, որտե՞ղ են լավ գնով շրթունքները հաստացնում, կլորացնում, տողադարձ անում, եղունգները ներկում, տաշում, դարձնում սառը զենք. նույն ճանաչողությունը, սակայն, օրիորդը չունի մշակութային օջախների գծով:

Քնքշունու ոչ բոլոր համակուրսեցիներն ու ուսանողական ընկերուհիներն են իր նման առաջադեն ու ժամանակակից, կյանքի իսկական իմաստը հասկացող: Կան այնպիսիք, ովքեր ոչ մի կամ համարյա ոչ մի դաս բաց չեն թողնում, յուրացնում են հանձնարարված դասանյութը, կատարում դասախոսների բոլոր առաջադրանքները, ժամանակ տրամադրում ընթերցանությանը, մշակութային օջախներ այցելելուն: Քնքշունին եւ իր  հոգեկից, խառնվածքակից, գաղափարակից ընկերուհիները նրանց անվանում են գիրք կրծողուհիներ, կյանքի իմաստը չհասկացող, հետամնաց, ոչ ժամանակակից աղջիկներ:  

Տանը եղած ժամանակ օրիորդ Քնքշունին առանձնանում է իր սենյակում. նպատակը՝ դասապատրաստումը: Օրիորդը նորից ձեռքն է առնում հեռախոսն ու համակարգիչը եւ սկիզբ են առնում տեւական ու հաճելի զրույցներ ընկերուհիների,  զարմուհիների եւ այլոց հետ, ապա՝ ժամերով զբոսանք համացանցային անսահմանության մեջ՝ սիրելի երգերի ունկնդրում, սիրելի կինոների ակնդրում (Քնքշունին Քնքշունին չէր  լինի, եթե բաց թողներ սիրելի, կամ, գուցե, պաշտելի սերիալները), իրեն առավել հոգեհարազատ երգերի ու կինոների ներբեռնում, տեղադրում, ծանոթություն սիրելի հայտնիների, հանրային դեմքերի կյանքին ու սկանդալներին՝ հույսով ու երազանքով, որ մի օր ինքն էլ նրանց նման հայտնի կդառնա: Քնքշունին բնականաբար չի կարող անտարբեր լինել իր երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. անպայման հետաքրքվում է բիժուտերիայի, գալանտերիայի, կոսմետիկայի, պարֆյումերիայի նոր տեսականիներով (դրանք չափազանց կարեւոր են նրա համար, իմաստավորում են նրա կյանքը), նորաձեւության աշխարհի նորություններով (նա ոչ մի դեպքում հագուկապով ընկերուհիներից հետ չպիտի մնա), շոուբիզի նորօրյա զարգացումներով (ներքին մեծ պահանջ կա տեղյակ լինելու մարդկային գործունեության՝ իրեն անչափ հագեհարազատ, ըստ իրեն՝ չափազանց կարեւոր  բնագավառի բոլոր թարմ լուրերին ու բամբասանքներին): Եվ մի բան էլ, որ երիտասարդուհին անում է ոչ միայն օնլայն, այլեւ օֆլայն՝ հետաքրքրվում է՝ ով կամ առավել եւս ովքեր են իրենով հիանում, արդյոք ճերմակափառ ձի հեծած ասպետ չկա՞:

Օրն ավարտվում է, ուշ է արդեն. օրիորդ Քնքշունին պառկում է քնելու, վաղն ամեն ինչ նորից է սկսվելու, իսկ վերջնակետում՝ դիպլոմը որպես օժիտի բաղադրատարր, բարձրագույնավարտ լինելու պատվավոր համարում, որ ողջ մնացյալ կյանքում օգտագործելու է մերթ իբրեւ հաղթաթուղթ, մերթ իբրեւ հպարտության միջոց, մերթ իբրեւ զորավոր զենք սկեսրոջ դեմ մղվելիք հնարավոր ճակատամարտում, ինչպես նաեւ իրեն թերագնահատելու փորձ անողներին շշպռելու գործում:  

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Հրաչյա Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Րաֆֆու «Խենթը»՝ շվեդերեն

Հաջորդ գրառումը

Լույս տեսավ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

Լույս տեսավ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական