Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օգնում են ոչ թե պարտադրված, այլ սրտանց. HUJ-ի կամավորներին սպասում են միշտ

ԱԶԳ
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սկիզբը` նախորդ համարում

«Հայերն ու իտալացիները շատ նման են՝ երկուսն էլ սրտանց, ջերմ ու մարդասեր ժողովուրդ են», – ժպտում է Դանիելեն:

Ռուսաստանից ժամանած Սվետլանա Սեմյոնովան առաջին օրերից ներգրավվել է կենտրոնի առօրյայում: Նա ասում է. «Երեւանում մեզ շատ ջերմ ընդունեցին: Հիացած եմ քաղաքով, կենտրոնի աշխատակիցներով ու փոքրիկներով: Մենք պատրաստեցինք հեքիաթային ներկայացում՝ հիմնված «Կարմիր գլխարկի» վրա: Յուրաքանչյուր երկիր ներկայացավ իր երաժշտությամբ ու պարով, այդ թվում մենք՝ ռուսական խմբով: Միասին՝ երեխաների ու նրանց ծնողների հետ, կատարեցինք «ԹՎպրՑպ ՉպրպսՏ ՔՈչՈՑՖ տՏ տՐՏրՑՏՐՈՎ» երգը, որն անչափ տպավորիչ էր»:

Սվետլանան բժշկական կրթություն ունի, աշխատում է Մոսկվայում՝ որպես դեղատան ղեկավար: Միջմշակութային շփումն իր կյանքում միշտ առաջնային տեղ է զբաղեցրել, եղել է նաեւ Գերմանիայում, Հարավային Կորեայում, բայց այս ճամբարը համարում է ամենամոտն իր սրտին.«Կազմակերպիչները շատ հստակ ներկայացրին ծրագրի ընթացքը, պայմանները հիանալի էին: Աշխատանքը հավասարակշռված էր, եւ ամենակարեւորը՝ երեխաների ժպիտներն ամեն ինչ արժեին: Մենք ոչ միայն խաղում էինք նրանց հետ, այլեւ փորձում կառուցել վստահության միջավայր: Նրանք իսկապես մեզ ընդունեցին»:

Կամավորների օրերը հագեցած էին ոչ միայն աշխատանքով, այլեւ մշակութային բացահայտումներով:

«Մասնակցել ենք հայկական պարի դասերի, պատրաստել ենք տոլմա, սովորել հայերեն մի քանի արտահայտություններ: Այցելել ենք Գառնի, Գեղարդ, Սեւան… Ես տպավորված եմ հայ ժողովրդի պատմությամբ, հատկապես Արցախի վերաբերյալ ունեցած տեղեկություններով: Ուզում եմ, որ աշխարհում ավելի շատ լսեն դրա մասին», – նշում է Սվետլանան:

Իսկ թե կվերադառնա՞ արդյոք Հայաստան, պատասխանը միանշանակ է. «Այո՛: Սա վերափոխող փորձառություն էր: Ուրախ եմ, որ դուրս եկա առօրյայից ու ճանաչեցի այս մարդկանց, որոնք ապրում են ուրիշ իրականությունում, բայց նույն ջերմ սրտով»:

HUJ Զվարթնոց

Այս կամավորական շփումներն առիթ են նաեւ հայ երեխաների համար՝ լեզու սովորելու, բացվելու, մարդկանց վստահելու եւ պարզապես խաղալու, որ երբեմն մոռանալու հիվանդության կամ սոցիալական խոչընդոտների մասին:

«Մեր երեխաները շատ լավ ընդունեցին կամավորներին: Նկարներ էինք անում, երգում, պարում, շփվում: Շատերն արդեն հեռախոսահամարներ են փոխանակել: Ուղղակի հրաշք էր», – ավելացնում է Էլինան:

Այս օրերը «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ում սովորական չէին: Դրանք օրեր էին, երբ օտար լեզուները դարձան մանկության ընկերության լեզու, երբ ֆիզիոթերապիայի դահլիճից դուրս երեխաները քայլեցին դեպի հեքիաթ ու ծիծաղ: Եվ երբ վերջին օրը կամավորներից մեկն արցունքով գրկեց իր «մեծ եղբոր» դեր խաղացած փոքրիկին՝ մի բան պարզ դարձավ՝ կամավորների եւ երեխաների սրտերը խոսում են նույն լեզվով:

Երեւանի «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի» երկրորդ  ճամբարի ղեկավարը Սոֆի Դիլոյանն էր: Նրա համար այս փորձառությունը եղել է ոչ միայն անձնական եւ մասնագիտական աճի հնարավորություն, այլեւ մի հարթակ, որտեղ ինքնավստահությունը պետք է դառնար առաջնորդության հիմք:

«Սա իմ առաջին փորձն էր որպես ճամբարի ղեկավար: Նախկինում եղել եմ տարբեր միջազգային ճամբարներում, բայց այստեղ՝ Հայաստանում, առաջին անգամ ես պատասխանատու էի 15 կամավորների համար, որոնք եկել էին աշխարհի տարբեր անկյուններից: Հեշտ չէր՝ նույնիսկ նույն ազգի ներսում տարբերությունները կարող են խնդիր դառնալ, բայց մեզ հաջողվեց ստեղծել մի թիմ, որը վստահում է միմյանց ու աշխատում մեկ նպատակի շուրջ», – պատմում է Սոֆին:

Այս մեկ ամսվա ընթացքում կամավորները ոչ միայն մասնակցեցին վերականգնողական կենտրոնի առօրյային, այլեւ վերանորոգեցին սենյակներ, կազմակերպեցին կրթական եւ ժամանցային ծրագրեր ու վերջում բեմադրեցին եզրափակիչ համերգ: Համերգը, ինչպես առաջին ճամբարի դեպքում, վերածվեց մշակութային ճամփորդության՝ Ճապոնիայից մինչեւ Մեքսիկա ու հետ՝ Հայաստան:

Ռուսաստանից ժամանած կամավոր Լիլյա Սաբիրզյանովան մեզ հետ կիսվեց իր տպավորություններով.  «Առաջին օրերը շատ դժվար էր: Երբ տեսնում ես երեխաների խնդիրները, ծանր է անդրադառնում ներաշխարհիդ վրա: Բայց հետո, երբ այդ երեխաները վազում են դեպի քեզ, գրկում ու ասում՝ շնորհակալ եմ, հասկանում ես՝ ամեն ինչ արժեր: Մի օր պատահեց մի դրվագ՝ երեխան մոտեցավ ու ասաց՝ ինչ դուք անում եք, մեզ շատ դուր է գալիս: Դա բառացիորեն հուզեց ինձ մինչեւ արցունքներ»:

Լիլյայի համար ամենահիշարժան պահը եղել է հենց եզրափակիչ համերգը. «Դա մեր աշխատանքի արդյունքն էր: Երեխաներն այնքան ուրախ էին, իսկ կամավորները՝ հպարտ: Երաժշտությունը, պարերը, խաղերը միաձուլվել էին՝ դառնալով մի հզոր փոխկապվածություն: Դա բառերով հնարավոր չէ նկարագրել»:

Իսկ Մեքսիկայից ժամանած 18-ամյա կամավոր Գրեկո Էմանուել Լոպես Կոլչադոն նշում է, որ Հայաստանը դարձել է իր սրտին մոտ երկիր.  «Հայաստանը շատ-շատ գեղեցիկ երկիր է: Ես հաճույքով էի երեխաների հետ խաղում, սիրում էի տեսնել նրանց ժպիտները: Համերգի օրը հատկապես հիշարժան էր՝ մենք այնքան էինք աշխատել դրա վրա: Այդ օրը բոլորի դեմքին ժպիտ կար, եւ ես հասկանում էի, որ ինչ-որ բան ենք փոխել նրանց օրվա մեջ, գուցե նույնիսկ կյանքում»:

Գրեկոն հավելեց, որ ճամբարի ընթացքում հասցրել է սովորել մի քանի հայերեն բառ՝ «Բարեւ», «Ոնց ես», եւ խոստացավ վերադառնալ: «Ես իսկապես ուզում եմ կրկին գալ Հայաստան: Թեեւ դեռ չգիտեմ՝ երբ, բայց հաստատ կվերադառնամ: Այստեղ ինձ ընդունեցին այնպես, կարծես վաղուց ծանոթ լինեինք: Իսկ լավաշը… դրա համը երբեք չեմ մոռանա», – կատակում է նա:

Խոսելով կենտրոնի մասին՝ Գրեկոն շեշտեց. «Թեեւ մի փոքր դժվար էր շփվել երեխաների հետ՝ լեզվական խոչընդոտների պատճառով, միեւնույն է՝ մենք կարողացանք միմյանց հասկանալ: Կենտրոնը հիանալի վայր է երեխաների համար: Այստեղ նրանք ստանում են ոչ միայն բուժում, այլեւ սեր, ուշադրություն ու վստահություն իրենց նկատմամբ»:

Ինչպես ճամբարի ղեկավար Սոֆին է ամփոփում. «Մեր նպատակն էր՝ ոչ թե պարզապես լինել այստեղ, այլ ինչ-որ բան թողնել: Ոչ միայն ներկ, խաղալիք կամ պար, այլ զգացողություն, որ երեխաները միայնակ չեն: Եվ ես վստահ եմ՝ դա մեզ հաջողվեց»:

«ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍ՝ ՄԻԱՍՆԱԲԱՐ»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մեր հաջորդ կանգառն էր: Այստեղ օտարերկրացի կամավորները հիացած էին Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի (HUJ) միջազգային ճամբարների կազմակերպվածությունից, բայց ոչ «Զվարթնոց»-ի հյուրընկալությունից: Իսկ պատճառն ամենեւին էլ ամառային տապը չէր:

Միխալը, որը Չեխիայից էր ժամանել, չափազանց անկեղծացավ մեզ հետ զրույցում: «Ընտրեցի Հայաստանը կամավորության համար, որովհետեւ լսել էի, որ այստեղ շատ գեղեցիկ աղջիկներ կան: Ուզում էի ստուգել՝ արդյոք ճի՞շտ է»,- ժպիտով բացահայտում է իրականությունը:

«Զվարթնոցի» տարածքում նրանց հիմնական առօրյան ենթադրում է ֆիզիկական աշխատանք՝ աղբ հավաքել, մոլախոտ պոկել, քարեր տեղափոխել, կատարում են նաեւ թարգմանչական աշխատանքներ թանգարանում: Ամառային տապին, ինչ խոսք, այս ամենը հեշտ չէ, բայց Միխալն ասում է. «Շոգ եղանակը թեպետ քիչ էր նպաստում աշխատանքի կատարմանը, սակայն դրա պատճառով ոչ մի դեպքում չի պակասում իմ ոգեւորությունն՝ արժեքավոր աշխատանք կատարել՝ ազգային արժեքների հետ շփվելով»:

Միխալը, որը ֆիզիոթերապեւտի մասնագիտություն ունի, բայց ներկայում իր երկրում ոստիկան է աշխատում, ավելի է սիրում կամավորական ճամբարները, քան դասական տուրիզմը. «Կամավորությունն արտերկրում ինձ համար առանձին իմաստ է, որեւէ պարտավորություն չունենալով՝ օգնել»:

Իսպանիայից ժամանած կամավոր Լեսլին էլ ոչ պակաս անկեղծ էր. «ԸՆտրեցի Հայաստանը եւ չեմ զղջում: Այստեղ տրամադրող է, հատկապես, որ մշակութային արժեքի հետ գործ ունենք: Աշխատանքը շատ դուր եկավ»:

Նա ուսանող է, ապագա ինժիներ, նախկինում մասնակցել է ճամբարների Պրահայում եւ Համբուրգում: Նրա կարծիքով՝ ֆիզիկական աշխատանքն իրենը չէ, բայց քանակով մեծ աշխատանքից չի բողոքում ընդհանրապես:

Նա իր համար առանձնացրել է հատկապես Սեւանա լճի ափին անցկացրած օրը՝ խորովածի արարողությունով հանդերձ. «Օր էր լի ներշնչանքով. Էդգարը (մեր կամավորներից) միս էր պատրաստում եւ այդ ընթացքը, ողջ պատրաստությունը երկար կմնա իմ հուշերում: Տպավորիչ էր նաեւ մեր այցը Գառնի եւ Գեղարդ, Հայաստանի պատմության թանգարան, Սուրբ Էջմիածին»:

Պարի դասին մասնակցությունը նույնպես առանձնահատուկ է հիշում: «Չնայած իմ պարելը շատ լավ չէր ստացվում, բայց ինձ շատ դուր եկավ եւ եթե հնարավորություն լինի, կրկին կցանկանամ մասնակցել հայկական պարի դասերի», – ասում է Լեսլին:

Հայերենի դասերին նույնպես օտարերկրացի կամավորները սիրով են մասնակցել: Միխալն անգամ հայերեն հաշվեց թվերը՝ հատուկ մեզ համար: «Արդեն եղբորս հետ հեռախոսազրույցի ժամանակ էլ եմ հայերեն բառեր օգտագործում, եւ նա ոչինչ չի հասկանում: Ցանկություն ունեմ խորանալ հայերենում, ավելի շատ սովորել», – վստահեցնում է նա:

Միխալը վերջում շնորհակալություն հայտնեց ճամբարի հայ կամավորներին՝ մի շարք հարցերում աջակցության համար, միեւնույն ժամանակ, շեշտեց. «Թանգարանում լինելով կամավոր՝ զգացողություն ունեի, որ այստեղ կա մեկը, որը չի ուզում այստեղ լինեինք: Հաճախակի ջուրն էին կտրում, լույսը: Իհարկե, հասկանում եմ, որ այսպիսի դժվարություններ լինում են, քանզի եղել եմ նաեւ այլ ճամբարներում: Կարեւորը՝ կամավորներիս մեջ խնդիրներ չկան եւ միասին հաղթահարում ենք ամեն ինչ: Բայց մենք՝ կամավորներով, շատ զարմացանք` գալով ճամբար եւ իմանալով, որ վարչությունը, որը ղեկավարում է թանգարանները, արգելել է կամավորներին սնունդ պատրաստել տարածքում` բացատրելով, որ դա խանգարում է զբոսաշրջիկներին: Ես 40 տարեկան եմ եւ եղել եմ տարբեր կամավորական ճամբարներում, որոնցից մեկը եվրոպական խոշորագույն Պետսդամի Սան Սուսի պարկում, որտեղ կամավորների ապրելու տեղը նախկին եկեղեցին էր: Այնտեղ մենք մեր սնունդը պատրաստում էինք տեղում եւ թանգարանի ղեկավարությունմ ամեն ինչով մեզ օգնում էր: Ավելին, շատ տուրիստներ մոտենում էին մեզ, զրուցում, հաճույքով օգնում, իսկ «Զվարթնոց»-ում ստիպված էինք ամեն օր պատվիրել սնունդն արագ սննդի օբյեկտներից, ինչը շատ անհարմար էր եւ չէր բավարարում մեզ: Մենք անգամ ձվերը խաշում էինք թեյնիկում: Նշեմ նաեւ, որ զբոսաշրջիկները միանում էին մեզ` օգնելով կատարել մաքրման եւ բարեկարգման աշխատանքները: Անգամ երբ եկավ պարուսույցը եւ սովորեցնում էր մեզ հայկական պար, մեծ խմբով զբոսաշրջիկներ միացան մեզ՝ ոչ միայն նկարում էին, այլեւ մասնակցում պարելու գործընթացին»:

Նույնը վերահաստատեց Լեսլին. «Ամբողջ ճամբարի ընթացքում չողջունեց եւ չասեց՝ բարի գալուստ, իսկ վերջում շնորհակալություն՝ թանգարանի տնօրենը: Բայց գիտական աշխատակից Լարիսան շատ հետաքրքրական էքսկուրսիա անցկացրեց մեզ հետ, եւ մենք հաճույքով օգնեցինք իրեն թարգմանություններ կատարել թանգարանում: Մեզ նաեւ արգելել էին կախել մեր կեցության տեղում մեր շապիկները՝ չորացնելու համար, չնայած տեղը հեռու էր հուշարձանից եւ թանգարանից: Ի դեպ, մեկ անգամ ենք տեսել միայն տնօրենին, երբ նա վերցրեց մեզանից կոնդիցիոների հեռակառավարման վահանակը, եւ մենք զրկվեցինք միակ հով տարածքից, որտեղ հանգստանում էինք՝ ահավոր արեւի տակ աշխատելուց հետո: Ուշագրավ էր նաեւ այն, որ թանգարանի բանվորները հետեւում էին մեզ` ասելով, որ իրենց հանձնարարվել էր արգելել մեզ գարեջուր կամ այլ ոգելից խմիչք օգտագործել, ինչը շատ վրդովեցնում էր մեզ, քանի որ մեր մտքով անգամ չէր անցնում խմել թանգարանի տարածքում»:

Իսկ ճամբարի ղեկավար Արթուր Ջուլհակյանը, որն այժմ սովորում է Պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում, ներկայացրեց կազմակերպչական մարտահրավերների լուծման բանաձեւը. «Փորձեցինք անել հնարավորը, որ կամավորները ոչինչի կարիք չունենան: Ընտանեկան ջերմ միջավայր ստեղծեցինք, ինչն ինձ թվում է` հաջողվել է»:

Մեր զրուցակիցն ունենալով կամավորության մեծ փորձ՝ անչափ կարեւորեց, որ նման ճամբարներ լինեն ոչ միայն Երեւանում կամ մայրաքաղաքին մոտ քաղաքներում, այլ նաեւ ամբողջ Հայաստանում. «Ճիշտ է, ես հասկանում եմ, որ կամավորությունն այդքան էլ զարգացած չէ մեր երկրում՝ մենթալիտետի առումով: Օրինակ, մեր կամավորներից Միխալը եկել է Հայաստանին օգուտ տալու, բայց դժվար է պատկերացնել 40 տարեկան հայ տղամարդ գնա ինչ-որ տեղ՝ կամավորության: Մինչդեռ այն ամբողջ աշխարհում ընդունված է ու շատ հարգի: Դրա համար կցանկանայի, որ Հայաստանում ավելի շատ նմանատիպ ճամբարներ բացվեր, փորձեինք ավելի մեծ օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը եւ, ինչու ոչ, նաեւ պատմել մեր երկրի մասին օտարերկրացիներին»:

Այս կամավորական ճամբարն ապացուցում է մի պարզ ճշմարտություն՝ ոչ միայն ֆիզիկական աշխատանքը, այլեւ կենցաղային դժվարությունները կարող են համախմբել տարբեր մարդկանց՝ վերացնելու մշակութային տարբերություններն ու ձեւավորել միասնություն: Խնդիրները, ինչպես ջրի եւ սննդի կազմակերպման դժվարությունները, լուծվում են հանդուրժողականությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
HUJ
Մանկական վերականգնողական կենտրոն

Գլխավոր լուսանկարում՝ HUJ 14 հատուկ դպրոց

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գեորգի Մելքոնյան.  մարդասիրական առաքելություն

Հաջորդ գրառումը

Աշխարհագրության տարրական դասեր Արարատ լեռան մասին

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Խաչատուր Մխիթարյան. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող արցախցիների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը»

19/09/2025
Հաջորդ գրառումը

Աշխարհագրության տարրական դասեր Արարատ լեռան մասին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական