Աշխարհում գրեթե ամեն ինչ ունի իր մեծ ու փոքր տարբերակներն ու տեսակները, կա մեծ սպորտ, մեծ գնիջեցում, մեծ դեպրեսիա, կա նաեւ մեծ քաղաքականություն: Սրա հոմանիշը կարելի է համարել միջազգային հարաբերությունները: Իսկ ի՞նչ են միջազգային հարաբերությունները: Դրանք այն են, երբ այդ հարաբերությունների մեջ մտնողներից յուրաքանչյուրը ջանում է ինչքան հնարավոր է շատ կուլ տալ՝ ինչ որ կարելի է կուլ տալ: Բնականաբար, ամենամեծ, ամենահամեղ, ամենայուղոտ ու ամենակարմրաթուշ պատառները բաժին են հասնում հզորներին: Երկար, շատ երկար դարեր վերջիններս ուղղակի վերցնում էին թուրն ու թվանքը, հարձակվում իրենցից թույլերի վրա ու նրանցից վերցնում այն, ինչ ուզում էին՝ հնարավորինս շատ: Հիմա մեթոդը փոխվել է. կռիվներ ու պատերազմներ հազվադեպ են լինում, դրանք մոդայից անցել են, մեր օրերում առավել մոդայիկ են առեւտրային պատերազմները. իրար կսմթում են ֆինանսապես, հարվածում իրար դրամապանակների, մտնում իրար գրպաններ՝ նպատակ ունենալով դատարկել դրանք ՝ հնարավորության սահմաններում՝ լիովին:
Այսօրվա աշխարում կարիք չկա այս կամ այն երկիրը ռազմական ուժով, պատերազմով նվաճելու, կարեւորը դրանք քամելն է, արջի նման թաթը մի լավ մտցնել դրանց մեջ ու ինչքան հնարավոր է շատ մեղր հանել, իսկ դա անելու բազում մեթոդներ կան. գործի են դրվում նույնիսկ ժպտուն երեսներ, քաղցր-մեղցր խոսքեր, կոնֆետներ, բլիթներ եւ այլն: Եթե աշխարհի հզորներից մեկն ուզում է մի երկրում սրտի ուզածն անել, իր ազդեցությունը, իշխանությունը հաստատել, պետք եղածը վերցնել, ապա ստեղծում է, օրինակ, տատրակների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություն եւ վերոնշյալ տատրակների իրավունքների պաշտպանության անվան տակ ձգտում իրականացնել իր երազանքները: Խե՜ե՜ե՜ե՜ղճ տատրակներ, չեն էլ կասկածում, թե իրենց ինչ մեծ թղթախաղի խաղաթղթեր են դարձնում:
Միայն հասարակական կազմակերպություն ստեղծելով չէ, որ հզորները իրենց գործն առաջ են տանում, կարող են նաեւ կուսակցություններ ստեղծել, ասենք՝ սրբերի կուսակցություն կամ հրեշտակների, եւ հունցել իրենց խմորը: Մոդայիկ է նաեւ կրոնական կազմակերպությունների ստեղծումը՝ ժողովրդին կրոնական ճիշտ գաղափարներ հրամցնելու համար, քանի որ ժողովուրդը դարեր շարունակ կրոնապես սխալ է ապրել, հիմա պետք է նրան դարձի բերել: Ինչպես ասացինք, մեկ-մեկ կռիվ, պատերազմ էլ է լինում. բա ամոթ չի՞, մարդկությունն առանց կռվի, պատերազմի յոլա կգնա՞: Թուր-թվանքով մյուս(ներ)ի վրա գնալը արդարացվում է, օրինականացվում, լեգիտիմացվում. էսինչը թարս աչքով նայեց ինձ, աչքով տվեց, անպատվեց, հավիս քշա ասաց, քար քցեց իմ այգին, կեղտոտեց եւ այլն, եւ ես իմ պատիվը պիտի պաշտպանեմ, պիտի ինքնապաշտպանվեմ, թե չէ ավելի կլկտիանա, կերեսվորի, մեկ էլ տեսար՝ ընդհանրապես վերջս տվեց. ընենց որ, ես հիմա դրա ճաշը կեփեմ: Երբեմն լինում է այնպես, որ մեկը մյուսի վրա հարձակվելիս, նրան կողոպտելիս ասում է. «Դա քեզ համար եմ անում, քո օգտի համար, դու դա չես հասկանում, ես քո լավն եմ ուզում, քեզ շատ սիրելով կամ սիրելուց եմ դա անում»:
Միջազգային հարաբերություններ կոչվող անվերջանալի այս համաշխարհային ներկայացումը դադարներ, ընդմիջումներ, անտրակտներ չունի, այն անընդհատ, անդադար, անընդմեջ շարունակվում է՝ տարվա՝ իրար հաջորդող եղանակների նման, այս էլ քանի դար, ի՜նչ դար՝ հազարամյա՛կ, երեւի ավել շատ (ո՞վ իմանա), եւ կշարունակվի, քանի կա մարդկությունը: Ինձ թվում է, որ աշխարհի ամենահին մասնագիտությունը ոչ թե էն մեկն է, այլ սա, եւ դա ոչ այն պատճառով, որ վերջինս հաճախ համեմատում են ամենահինը համարվող փեշակի հետ, այլ այն, որ Ադամն ու Եվան էլ քաղաքական խարդավանքների զոհ են դարձել. խնձոր կերցնելը հստակ ծրագրված քաղաքական քայլ էր: Բայց հետո ավելի բեթար բաներ են լինում. արդեն բողկեր են ուտում, էն էլ ինչ բողկեր, էլ դու սուս:
Ինչպես ամեն ինչ աշխարհում, այնպես էլ ինքը՝ աշխարհը երբեք նույնը չի մնում. ժամանակ առ ժամանակ ձեւավորվում է նոր աշխարհակարգ, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ աշխարհի բիլակավորները մեջ-մեջ են անում, իրար մեջ են բաժանում աշխարհը, որոշում, թե ով երկրագնդի որ, ներեցեք ժարգոնային բառիս համար, զոները պիտի նայի:
Փոխվել է նաեւ երկրների քաղաքական դրվածքը՝ որոշ դեպքերում արտաքուստ, ինչպես շպարանքն է ինչ-որ չափով փոխում դեմքը, բայց գլխի միջինը նույնն է մնում. հիմա երբեմնի իմաստով իշխաններ, թագավորներ չկան, հիմա նրանց ընտրում են, ընտրությունների ժամանակ գնում կանգնում են ընտրատուփի մոտ, ասում. «Խեր, շառ, Աստված» ու քվերաթերթիկը գցում թափանցիկ տուփի մեջ: Փակ սենյակում, նեղ տուփի մեջ ընտրաթերթիկները մի քանի ժամ մնում են իրար վրա, իրար սեղմված, փոխարենը հետո, երբ դուրս են գալիս, իրենք են որոշում՝ ով որտեղ լինի: Մենակ փող կոչվող նախշազարդված թղթերը չեն, որ եղանակ են սեղծում, մեկ-մեկ՝ ոչ նախշազարդվածներն էլ՝ ըստ հանգամանքների:
Քաղաքականությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, վեհապանծ առյուծի նման թաթերը տարածել է ամենուր, ազդում է ամեն ինչի վրա. մարդկանց (չի բացառվում՝ ոչ միայն մարդկանց) շնչելն ու արտաշնչելը, հազալը, փռշտալն ու հորանջելը, ճանճերի բզզոցը, ճնճղուկների դայլայլը, հավերի կչկչոցը, կովերի բառաչոցն անգամ կախված են օրվա քաղաքական իրադրությունից:
Իբրեւ մարդկային գործունեության այս բնագավառի ամփոփ բնութագիր՝ կարող ենք ասել հետեւյալը՝ մարդ արարածի բնավորության, խառնվածքի ինչքան լավ, բարի, դրական, լուսավոր գիծ, մարդկային հոգու ինչքան նվիրական թրթիռ կա, հավերժորեն ներկա է այս բնագավառում:
Հենց այսպես էլ ապրում ենք մեր այս մեծ գնդի վրա:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Հրաչյա Արմենյան)
Բան. գիտ. թեկնածու