Թե չէ ճառում եք, ճառում եք, ճառում
Հրապարկներում, բեմի վրա, բարձրախոսների շուրջբոլորը նույն դեմքերն են՝ մի աչքը անցող-դարձողին, մյուսը՝ ուղիղ եթերի սարք ունեցող լրատվամիջոցների տեսախցիկներին: Նրանց տեքստեը վաղուց չեն փոփոխվում, մի քանի խմբագրում անում են, մեկ-երկու նոր համեմատություն ավելացնում ու ճառում են, ճառում են, ճառում:
Հայրենի ընդդիմությունը, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո արդեն 4-րդ, թե 5-րդ անգամ է Փաշինյանին գուժում մոտալուտ իշխանափոխության մասին, այժմ էլ հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց են սկսկելու: Խորհրդարանական մանդատավորները նման մի գործընթաց նաեւ մեկ տարի առաջ՝ 2022-ի սեպտեմբերյան մարտերից հետո էին սկսել, երբ Ազգային ժողովի մոտ հավաքված մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիները պահանջում էին ինչ-որ քայլ կատարել: Համաժողովրդական ճնշման ներքո ընդդիմադիր պատգամավորները ստորագրություններն իրարով տվեցին, «բարաթը» հանրության աչքը կոխեցին, բայց ամեն ինչ այդքանով ավարտվեց, եւ Նիկոլ Փաշինյանն առ այսօր (անգամ ընդդիմադիրներից մեկի՝ «Փաշինյան չկա» արտահայտությունի՛ց հետո) նստած է իր աթոռին: Թե ինչքանով է պինդ կամ փշերի վրա նստած, ոչ ոք ասել չի կարող:
Հարցի պատասխանը գուցե ունեն՝ համաժողովրդական ցասումը արհեստավարժորեն վիժեցնող, ինքնաբուխ հավաքների լարումը հանդարտեցնող ընդդիմադիրները, որ Ազգային ժողովից դուրս «հողատու» են գոռում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «պարոն Փաշինյանով» հարց տալիս (թե «ջան»-ն ինչո՞ւ են խնայում): Բայց ընդդիմադիրների՝ Փաշինյանի գնալու ու մեկ ուրիշի գալու (կարծում եմ՝ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի սատելիտների) ժամկետների ու սցենարի մասին իմ տպավորությամբ տեղեկատվություն ունեցող ընդդիմադիրներն ազդակներ ստանում են Հյուսիսային Տիեզերքից ճիշտ նույն տեղից եւ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ