Փետրվարի 21-22-ը Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերագային համալիրում, տեղի ունեցան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի, ինչպես նաեւ քաղաքական, էներգետիկ, տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովների նիստերը:
Երեւանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատգամավորներին:
Քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է Հարավային Կովկայի անվտանգությանը վերաբերող հարց. այդ համատեքստում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման:
Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդը վերահաստատել է, որ պատերազմը հակամարտությունները լուծելու միջոց չէ, եւ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ պետք է ստանա ամբողջական, խաղաղ բանակցային լուծում:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին հարցն ընդգրկված չի եղել, սակայն Հարավային Կովկասում անվտանգության թեմայի քննարկման ժամանակ պատգամավորները բարձրաձայնել են ռազմագերիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է այս խնդիրներին, բայց առանձին բանաձեւ, օրակարգային հարց, առավել եւս՝ փաստաթուղթ այս թեմաներով նախատեսված չի եղել:
«Մենք պարբերաբար խոսում ենք Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, նաեւ Ալիեւից ենք լսում խաղաղության համաձայնագրի մասին ուղերձներ, սակայն խոսքերը եւ գործողությունները պետք է համապատասխանեն: Նիստի մասնակից հայ պատվիրակները շեշտել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների անհապաղ վե¨ադարձի մասին, սակայն ադրբեջանցի պատգամավորների արձագանքն այն եղավ, որ նրանք տարանջատում մտցրին պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո գերեվարվածների միջեւ»,- ասել է Մարիա Կարապետյանը:
Ադրբեջանցի պատգամավորները հայտարարել են, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, բոլորը վերադարձվել են Հայաստանին: Նրանք, ովքեր Բաքվի բանտերում են, ընդամենը օրինախախտներ են:
Նրանք նաեւ պնդել են, թե արցախյան հակամարտությունը լուծված է:
Պնդմանը հետեւել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արման Եղոյանի արձագանքը. «Ադրբեջանի պատվիրակները մի քանի անգամ կրկնեցին դա: Երեւի ուզում են իրենք իրենց համոզել, որ հակամարտությունը վերջացած է: Հակամարտությունը չի կարող վերջանալ միայն այն պատճառով, որ այդ մասին հայտարարում են՝ առանց վերացնելու պատճառները»:
Եղոյանը թեման մեկնաբանել է՝ հիմքում դնելով Ադրբեջանում քարոզվող ու խրախուսվող հայատյացության քաղաքականությունը:
«Այդ պատճառներն ավելի խորն են, դա Ադրբեջանում ատելությունն է հայերի եւ այն ամենի հանդեպ, ինչը կապված է Հայաստանի հետ: Բերեմ ամենաթարմ ապացույցներից մեկը՝ հայկական արձանագրությունները եկեղեցիների վրայից ջնջելը:
Ցանկանում եմ եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել հետեւյալ փաստի վրա: Ի՞նչ է կատարվել Նախիջեւանում հայկական գերեզմանների, խաչքարերի հետ. ոչնչացրել եւ գետն են լցրել:
Սովետական Ադրբեջանում կես միլիոն հայեր է ապրել, հիմա հարց՝ որտե՞ղ են նրանք: Օրինակ՝ Բաքվի, Սումգայիթի հայերն ո՞ւր են, նրանց հետ ի՞նչ է եղել: Եթե ասում եք, թե Ադրբեջանը բազմամշակութային, բազմազգ երկիր է, ապա ո՞ւր են այդ հայերը»,-ադրբեջանցի պատգամավորներին հարցրել է Արման Եղոյանը:
Ի դեպ, ադրբեջաբցիներն իրենց ելույթում նշել են, թե իբր հայերը՝ որպես էթնիկ խումբ, Ադրբեջանում վերաինտեգրվելու, վերահաստատվելու հնարավորություն ունեն:
Արման Եղոյանը պնդել է, որ հակամարտությունները լուծվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, մեկմեկու կյանքը, իրավունքները հարգելու մթնոլորտում միայն:
Եվրանեսթի նիստերից մեկին շնորհանդես է ներկայացվել, որի ընթացքում ցուցադրվել է Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ադրբեջանցի պատգամավորներն անմիջապես բողոքել են: Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության հանձնաժողովի նախագահ Թայիր Միրկիշիլին դժգոհել է. «Դուք սլայդի վրա քարտեզ եք ցույց տվել, որի վրա Ադրբեջանի մի մասը ոչ կոռեկտ է ներկայացված: Կարծում եմ՝ սա սադրանք է»:
Ադրբեջանցիները պահանջել են, որ ցուցադրվելիք շնորհանդեսներն ու սլայդները նախօրոք ստուգվեն հետո միայն ցուցադրվեն էկրանին:
Անգամ եթե հայ պատգամավորները հակադարձել են ադրբեջանցիներին, դրանք արձագանքի մակարդակում են եղել, ոչ ավելի: Հայաստանին, Արցախին վերաբերող օրհասական, կենսական, անվտանգային, իրավական նշանակության որեւէ հարց Եվրնաեսթի օրակարգ չի մտել, մինչդեռ շատ արագ օրակարգ է մտել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հարցը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց երկու օր անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում էին իրավապաշտպաններ, ադրբեջանագետներ, ընդդիմադիր գործիչներ: Իրենց բողոքի ձայնը բարձրացրին նաեւ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներ:
«Ինչպե՞ս կարող էիք թույլ տալ, որ Երեւան գան մեր որդիներին սպանողները: Գուցե հենց այդ երկու պատգամավորների հարազատներն են սպանել մեր տղաներին: Թույլ չտայիք, պայման դնեիք՝ կա՛մ վերադարձնում եք ռազմագերիներին, կա՛մ բոյկոտում ենք ադրբեջանցիների մասնակցությունը Եվրանեսթին: Մեր զավակները կյանք են տվել մայր հողի համար, հիմա այդ հողի վրայով քայլում են երկու ադրբեջանցիներ, մենք ինչպե՞ս հանդուրժենք դա: Դեռ որքա՞ն են այս իշխանությունները մեր ցավն անարգելու, ադրբեջանցիների առաջ սողալու»,- բողոքում էին հերոսածին մայրերը:
Փետրվարի 22-ի երեկոյան երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա են կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ հյուրընկալվել են Եվրանեսթի բազմազգ մասնակիցները, այդ թվում՝ ադրբեջանցիները:
Շատ չանցած՝ կարմիր բերատավորները, բիրտ ուժ կիրառելով, սկսել են բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին, նրանցից մեկի ձեռքը կոտրվել է: Բերման է ենթարկվել նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը: Այս փաստը Հայաստանի ժուռնալիստների մոիւթյան նախագահ Սաթիկ Սեյրանյանը խստորեն դատապարտել է՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի լրագրողի աշխատանքը խոչընդոտել, եթե նա ցույց է տվել իր մասնագիտությունը հաստատող փաստաթուղթ:
Բերման ենթարկված 26 ցուցարարների նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել:
Ի՞նչ հետեւություն կարելի է անել այս ամենից: Ի՞նչ են պատմելու ադրբեջանցիներն իրենց երկրում: Բնական է՝ պիտի գլուխ գովեն, թե Հայաստանում իրենց հարգեցին, պատվեցին, հյուրասիրեցին, հայ ոստիկաններն ուժեղ հսկողությամբ ապահովեցին իրենց անվտանգությունը: Եվրանեսթի նիստերին խոսել են՝ ինչ ուզել են, պահանջել են՝ ինչ ուզել են, Արցախի տարածքները ցույց տալու համար աղմուկ են բարձրացրել, հայերին անվանել են սադրիչներ: Նաեւ հյուրանոցի պատուհաններից տեսել են, թե հայ կարմիրբերատավորներն ինչպես են վազվզում հայ ցուցարարների մեջ, գոռում. «Սաղին մտցրեք ավտո, տարեք սաղին, ոչ մեկին չթողեք» ու չափահաս-անչափահաս՝ բոլոին բերման ենթարկում:
Եթե ազգային իշխանություն ունենայինք, բողոքի ցույցերը հենց նրա՛նք պետք է կազմակերպեին, նրա՛նք պետք է նախաձեռնեին ընդվզում, բոյկոտ, պահանջ: Նրա՛նք պետք է ամեն քայլի դիմեին, անգամ սիրաշահեին եվրոպացի պատգամավորներերին, որպեսզի վերջիններս ադրբեջանցի պատվիրակներից պահանջեին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Իսկ եղավ ճիշտ հակառակը՝ Հայաստանի անատամ իշխանություններն ամեն բան արեցին ադրբեջանցիների ուզածով, անգամ պատվախնդրության, արժանապատվության, արդար ցասումի ցույցերը ճնշեցին՝ ի տես իրենց բարեկա՜մ ադրբեջանցի երկու պատգամավորի:
Ու այս ամենը՝ ընդամենը երկու ադրբեջանցու համար: Նրանք եղել են նաեւ Երեւանի պարսկական Կապույտ մզկիթում, միասին նկարվել այնտեղ: Նրանցից Թաիր Միրկիշիլին նաեւ գրառում է արել. «Մենք Կապույտ մզկիթում էինք: Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որ պահպանվել է Երեւանում: Չնայած այն հանգամանքին, որ նրա պատերին կան այլ պետության մասին արձանագրություններ, սակայն նրա պատերը, ճարտարապետությունը, ներքին ոգին մեզ են պատկանում: Մենք զգացինք այդ հարազատությունը, կարծում եմ՝ մզկիթն էլ է դա զգացել: Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այդ մզկիթում»:
Հայաստանի իշխանություններից, Երեւանի քաղաքապետարանից, բնականաբար, որեւէ արձագանք, առավել եւս հակադարձում երկու երազկոտ ադրբեջանցիներին, չենք սպասում, բայց հույս ունենանք, որ գոնե իրանցիները չեն լռի:
Պարսկական Կապույտ մզկիթը՝ ադրբեջանակա՞ն: Երբ 1730-40-ականներին Նադիր Շահի ժամանակներում կառուցվել է Կապույտ մզկիթը, Մուհամմեդ մարգարեի մտքով անգամ չէր անցնի, որ 2 դար հետո Լենին-Ստալին բռնակալները ադրբեջանցի անունով ինչ-որ միավորում են հորինելու, ուրիշի հայրենիքից բռնազավթած տարածքներում մի ցուցատախտակ տնկեն ու վրան գրեն՝ Ադրբեջան, որպեսզի այն տարածաշրջանի գլխին դառնա պատուհաս:
ՀՀ-ում Իրանի դեսպանատունը դիվանագիտական սպանիչ նրբերանգով կարել է ադրբեջանցիների բերանը այսպիսի պատասխանով. «Իրանական արվեստի խորհրդանիշ հանդիսացող Կապույտ մզկիթը շատ ակտիվ դերակատարում է ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում որպես աղոթատեղի եւ հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաեւ ունեցել է զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»:
Պատմության մեջ կմնա, որ 1990-ններից՝ 30 տարի, ոչ մի ադրբեջանցու ոտք չի մտել Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն, իսկ Փաշինյանի իշխանության օրոք այդ պղծումը կատարվեց: Փաշինյանը կշեռքի մի նժարին դրեց երկու ադրբեջանցու, մյուսին՝ 26 հայ ցուցարարների ու նրանց դեմ քրեական գործ հարուցեց:
Պատմության մեջ կմնա, որ Փաշինյանի կառավարման ժամանակ ՝ 2021 թվականի փետրվարի 21-22-ը, նրա կամակատարները ջերմորեն ընդունել են ադրբեջանցի պատվիրակներին, նրանց դուդուկի տակ «Տրնգի» պարել, հրամանները կատարել, բայց, օրինակ, «Յասաման» ռեստորանը հրաժարվել է Եվրանեսթի պատվիրակներին հաց տալ, քանի որ այդ կազմում նաեւ ադրբեջանցիներ են եղել:
Ադրբեջանցիներն էլ որոշել են դուրս չգալ հյուրանոցի իրենց համարներից եւ այնտեղ էլ սնվել են:
Մեղմ ասած՝ գող, սիրտը՝ դող…
ՆԱԻՐ ՅԱՆ