Ըստ թուրքական TRT կայքի, Թեհրանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ հնարավորություն են ունեցել ծանոթանալու երկրի մայրաքաղաքում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում պատճառված նյութական վնասներին:
Վկայակոչելով իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ թուրքական կայքը հայտնում է, որ ԻԻՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված ծրագրին մասնակցել են 25 դեսպաններ:
Օտարերկրյա դիվանագետները այցելել են բողոքի ցույցերի ժամանակ հրկիզված եւ ավերված կրոնական վայրեր, կառավարական շենքեր եւ ստացել համապատասխան տեղեկատվություն պատճառված վնասների վերաբերյալ: Իրանական լրատվամիջոցների հրապարակած տվյալների համաձայն, բողոքի ցույցերի ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 314 կառավարական շենք, 399 բանկ, 704 մասնավոր հաստատություն, 419 ցանցային խանութների մասնաճյուղ, 253 ավտոբուսային կայարան եւ 24 բենզալցակայան:
Իրանական աղբյուրների փոխանցմամբ, վնասվել կամ հրկիզվել է նաեւ 305 կառավարական եւ 749 ոստիկանական ավտոմեքենա: Բացի այդ, անկարգությունների ընթացքում վնասվել է 350 մզկիթ, 84 կրոնական հաստատություն եւ 89 կրոնագիտական դպրոց:
Ըստ TRT կայքի, Իրանի դատաբժշկական կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիման վրա կազմված զեկույցում նշվում է, որ ԻԻՀ նահատակների եւ վետերանների հարցերով հիմնադրամը հայտարարել է երկրում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի հետեւանքով 3117 զոհերի մասին:
Նույն զեկույցի համաձայն, զոհվածներից 2427-ը (անվտանգության մարմինների ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ) սպանվել են այսպես կոչված «զինված ահաբեկչական խմբավորումների» կողմից եւ Իրանի կառավարության կողմից ճանաչվել որպես «նահատակներ»:
Պաշտոնապես հայտարարվել է, որ մահացածների մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք զոհվել են զինված հարձակումների եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքով:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ալիքը բարձրացել է 2025 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ազգային արժույթի կտրուկ արժեզրկումից հետո եւ տարածվել երկրի մի շարք քաղաքներում:
Հունվարի 8-9-ին մայրաքաղաքում բողոքի ցույցերի սրացումից հետո երկրում արգելափակվել է ինտերնետ հասանելիությունը: Սակայն վերջին օրերին, անկարգությունների աստիճանական նվազման հետ մեկտեղ, ինտերնետի հասանելիությունը մասամբ վերականգնվել է:
Գ. Ա.





