Մոսկվայի քաղաքային կառավարության նախարար, քաղաքի աշխատանքի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (2007-2019 թթ.), ներկայումս՝ վետերանների սոցիալական վերականգնման կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության սոցիալական պաշտպանության վաստակավոր աշխատող Վլադիմիր Արշակի Պետրոսյանը կյանքի անչափ հագեցած ու պատասխանատու ճանապարհ է անցել, որտեղ համատեղվել են կրթությունն ու պետական ծառայությունը։
Այդ ուղին եղել է ոչ միայն ձեռքբերումներով, այլև բարդ փորձություններով ու հուսախաբություններով՝ ծնված լինելով ու աշխատանքային առաջին քայլերն անելով Բաքվում, հետո ապրելով ու աշխատելով Հայաստանում, և վերջապես` իր տեղը գտնելով Մոսկվայում։
Վլադիմիր Պետրոսյանը՝ կրթական ոլորտից մինչև պետական բարձր պաշտոններ, Հայաստանից մինչև Մոսկվա, միշտ ծառայել է հասարակությանը՝ առաջնային դարձնելով մարդուն, նրա սոցիալական պաշտպանությունն ու հասարակական պատասխանատվությունը։
Ծնվել է 1959 թ. հուլիսի 9-ին, Բաքվում։ Հորը կորցրել է, երբ երկու տարեկան էր։ Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 1980 թ․ ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։
Երիտասարդ Վլադիմիրի երազանքը քաղաքական գործիչ դառնալն էր։ Հիշում է՝ երբ դպրոցական էր, Ադրբեջան այցելեց ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը և Վլադիմիրը այն եզակի աշակերտներից էր, ում վստահվել էր երգել դպրոցականների հետ հանդիպման ժամանակ։ Բրեժնևին դուր էր եկել տղայի անկեղծ երգը, իսկ Վլադիմիրն այդ օրը շրջապատված լինելով ԽՄԿԿ Գլխավոր քարտուղարի հետ Մոսկվայից ժամանած պետական–քաղաքական այրերով՝ երազում էր դառնալ նրանցից մեկը։
Աշխատանքային ուղին սկսել է 1980-ին՝ որպես դաստիարակ Բաքվի «Կիրովնեֆտ» կոմունալ տնտեսության հանրակացարանում։ Հետագայում աշխատել է Բաքվի Կիրովի անվան Մշակույթի պալատում` բաժնի վարիչ, ապա թիվ 276 դպրոցում՝ դաստիարակչական աշխատանքի կազմակերպիչ, իսկ ավելի ուշ՝ թիվ 30 դպրոցում՝ տնօրեն։
1988-ի վերջերին Ադրբեջանում սկսվեցին հակահայկական ջարդերը։ Ադրբեջանական քաղաքներում սկիզբ առավ հայերի տեղահանման և կոտորածների մի հրեշավոր արշավ։ Հայերին սպանում էին միայն ազգային պատկանելության համար՝ հրապարակներում, շքամուտքերում, ավտոբուսներում, տներում։
Վլադիմիր Պետրոսյանը 1989 թ․ բռնի տեղահանվեց Հայաստան, որտեղ մեկ տարի աշխատեց Երևանի Վ․ Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։
Հետերկրաշարժյան ծանր ժամանակահատվածում՝ 1989–1990 թթ., աշխատել է հրահանգիչ՝ ՀԽՍՀ Սպիտակի շրջկոմի կազմակերպչական բաժնում։
1990–1999 թթ. աշխատել է Հայաստանի Սոցիալական ապահովության նախարարության Ծերերի սոցիալական սպասարկման կենտրոնի գլխավոր տնօրեն։
1999 թ. տեղափոխվելով Ռուսաստան՝ Վլադիմիր Պետրոսյանը զբաղեցրել է սոցիալական ոլորտի մի շարք բարձր պաշտոններ. Կուրովոյի հոգեբուժական ինտերնատի տնօրեն, Մոսկվայի Արևմտյան օկրուգի սոցիալական պաշտպանության վարչության պետ, ապա՝ Մոսկվայի սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։ 2007-ից ղեկավարել է նույն դեպարտամենտը, իսկ 2010–2019 թթ․ եղել է Մոսկվայի կառավարության նախարար՝ Սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար։ Այդ տարիներին աշխատել է Մոսկվայի քաղաքապետեր Յուրի Լուժկովի և Սերգեյ Սոբյանինի հետ՝ իր փորձով և նվիրումով արժանանալով նրանց վստահությանն ու բարձր գնահատանքին։
Վաստակած հանգստի անցնելուց հետո էլ Վլադիմիր Պետրոսյանը «ձեռքերը ծալած» չի նստել․ նա ներկայումս համանախագահում է «Ավագ սերունդ» հասարակական խորհուրդը և ղեկավարում Մոսկվայի պետական բյուջետային հիմնարկը՝ «Պատերազմի և Զինված ուժերի վետերանների սոցիալական վերականգնման կենտրոնը»։
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանն իր երկարամյա նվիրված և անբասիր աշխատանքի համար բազմիցս խրախուսվել է ղեկավարության կողմից, պարգևատրվել է ՌԴ նախագահի, կառավարության և գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։ Նա մի առանձնակի սիրով ու ոգևորությամբ է պատմում այդ մասին․
– «Դու Մոսկվան ես» նախագծում աշխատանքիս 20 տարիների ընթացքում ստացել եմ նախագահական երեք պարգև։ Ունեմ Ռուսաստանի նախագահի կողմից պատվոգիր։ Նախագահի հրամանագրով ինձ շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության սոցիալական պաշտպանության վաստակավոր աշխատող» պատվավոր կոչումը։ Նախագահի հրամանագրով պարգևատրվել եմ «Բարեկամության շքանշանով»։
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կողմից ես պարգևատրվել եմ շքանշանով, որը անձամբ ինձ է հանձնել Պատրիարքը։ Արժանացել եմ նաև «Համագործակցության համար» մեդալի, որը ստորագրել է Ռուսաստանի ազգային գվարդիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վիկտոր Զոլոտովը։
Ինչպես տեսանք, նա իր ուղին ձևավորել է՝ կրթությունից մինչև պետական բարձր պաշտոններ, միշտ հավատարիմ մնալով մարդուն ու նրա խնդիրներին։ Ահա այս և մի շարք այլ հարցերի շուրջ են մեր հայրենակցի մտորումները, որոնցում նա բացում է բազմաթիվ փակագծեր։
Ներկայացնում ենք այդ մտորումներից մի ծաղկաքաղ, որոնք առավել ամբողջական են դարձնում Վլադիմիր Պետրոսյանի մարդկային ու մասնագիտական կերպարը։

…1989-ին Երևան տեղափոխվելուց հետո փախստականի մեր կարգավիճակը լի էր սոցիալական բազմաթիվ դժվարություններով։ 90-ականները ծանր ժամանակներ էին նաև Հայաստանի համար։ Այնուամենայնիվ, իմ առաջարկությամբ Նորքում ստեղծվեց Բաքվից տեղահանված, ծեծված ու ծանր վիճակում գտնվող միայնակ տարեցների կացարան՝ Վետերանների տուն, որտեղ միանգամից ընդունվեցին շուրջ 250 տատիկներ ու պապիկներ։
Ես այնտեղ որպես տնօրեն աշխատեցի 9 տարի։ Այդ ընթացքում Վետերանների տունը վերածվեց սոցիալական պաշտպանության մեծ կենտրոնի։ Աշխատանքը աստիճանաբար ընդարձակվեց․ մեր խնամքի տակ վերցրինք մոտ երկու հազար տարեցների։
Մեկնելով Մոսկվա՝ ընկերոջս մոտ, շուտով ստանձնեցի Կուրովսկոյի հոգե-նյարդաբանական ինտերնատի ղեկավարումը՝ շուրջ 1100 հիվանդներով ու 850 աշխատողով։ Չորսուկես տարի անցկացրի այնտեղ․ դժվար, բայց ամենահիշարժան շրջանն էր, որտեղ բոլորս ապրում էինք ինչպես մի մեծ ընտանիք։
Հետո նշանակվեցի Մոսկվայի Արևմտյան օկրուգի սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար։ Դա արդեն շատ ավելի պատասխանատու աշխատանք էր՝ ոչ միայն ինտերնատների, այլև հազարավոր ընտանիքների, թոշակառուների ու հաշմանդամների հետ։ Ամեն ինչ պետք էր արագ սովորել։ Բարեբախտաբար, կողքիս կային հմուտ մասնագետներ, որոնցից սովորեցի և այդ գիտելիքներով էլ հետագայում դարձա նախարար։
Նշանակումիցս ընդամենը մեկ ամիս անց արդեն հեռուստատեսային ուղիղ եթերում էի՝ 55 րոպեանոց հարցուպատասխանով։ Լարված էի, բայց հաջողությամբ անցա փորձությունը։
Այդպես, աշխատելով նախ նախարարի տեղակալ, ապա նախարար, շուրջ 13,5 տարի ղեկավարեցի Մոսկվայի սոցիալական պաշտպանության համակարգը։ Յուրաքանչյուր փուլ իր արժեքն ու գեղեցկությունն ուներ, բայց հատկապես վերջին տասնամյակն էր ամենաարդյունավետը։ Սերգեյ Սոբյանինի հետ միասին իրականացրինք լայնածավալ բարեփոխումներ․ սոցիալական ոլորտի ֆինանսավորումը եռապատկվեց, բազմաթիվ նոր ծրագրեր գործարկվեցին։ Քաղաքապետը հաճախ էր այցելում մանկատներ, ծերանոցներ, հոգեբուժարաններ, և այդ աջակցությամբ մենք կարողացանք ձևավորել ամուր ու հուսալի համակարգ։
Կյանքը ցույց է տալիս՝ աթոռը հավերժ չէ։ Ես քառասուն տարի պաշտոններում եմ եղել․ 26 տարեկանից՝ դպրոցի տնօրեն, և աշխատանքային ուղիս եզրափակել եմ նախարարի պաշտոնում։ Բայց գալիս է պահը, երբ ստիպված ես վեր կենալ այդ աթոռից։ Եվ հենց այդ ժամանակ ժողովուրդն է որոշում՝ իզո՞ւր ես ապրել, թե՞ ոչ։ Եթե փողոցով քայլելիս կորցրել ես մարդկանց վերաբերմունքը, ուրեմն ոչ դու, ոչ էլ քո պաշտոնը որևէ արժեք չեն ունեցել։ Իսկ եթե մարդիկ մոտենում են, ձեռք են մեկնում, բարևում, խոսք են ասում, նշանակում է՝ ճիշտ ես ապրել ու բարձրացրել ես քո աշխատանքի ու քո աթոռի հեղինակությունը։
Այսօր, երբ 15 միլիոնանոց Մոսկվա քաղաքում փողոց եմ դուրս գալիս, թոշակառուները, բազմազավակ մայրերը, հաշմանդամները հաճախ ասում են․ «Սա մեր նախարարն է, մեր Պետրոսյանը»։ Գուցե մի փոքր անհամեստ է հնչում, բայց դա իրականություն է։ Շատերն ինձ հիշում են ոչ միայն որպես նախարարի, այլև որպես մարդու, որը նրանց համար ինչ–որ բան է արել։
Վլադիմիր Պետրոսյանը համոզված է, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերով փորձված արժեք է, որը երբեք չպետք է խաթարել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է, ինչ էլ որ ասեն։ «Նույնիսկ մեր հանքային ջուրը կամ հայկական կոնյակը շատ երկրներում դժվարությամբ են վաճառվում։ Իսկ Ռուսաստանը միշտ առաջինն է ձեռք մեկնել մեզ։ Այո, Ռուսաստանն ունի իր շահերը, բայց նման հզոր հարևանից երես թեքելը հանցագործություն կլինի սեփական ժողովրդի հանդեպ»։
Նա համոզված է, որ առանց Ռուսաստանի աջակցության անհնար է լուծել Հայաստանը շրջապատող ամենաբարդ հարցերը։ «Դարերով թշնամանքով ապրելը ճիշտ ճանապարհ չէ։ Պետք է ստեղծել կապեր, ընկերանալ, բացել ճանապարհներ ու ամեն քայլ անել սեփական ժողովրդի շահերից ելնելով։ Կարևոր է հասկանալ՝ որտեղ կարելի է գնալ զիջումների, իսկ որտեղ՝ կանգ առնել։ Առաջնորդի ուժը գալիս է ժողովրդի վստահությունից»։
Կյանքում ամենակարևորն այն է, որ առաջնորդը կարողանա ոչ միայն կառավարել, այլև ոգեշնչել իր ժողովրդին, լինել նրա հենարանը։ Խաղաղությունն ու վստահությունը, որ ժողովուրդը զգում է իր առաջնորդի կողքին, ամենամեծ նվերն է պետության համար։
Իմ մաղթանքն այն է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը խելացի որոշումներ կայացնի, երես չթեքի իր դարավոր բարեկամից և Ռուսաստանի հետ շարունակեն քայլել կայունության ու զարգացման ուղիով։ Իսկ մենք՝ հայերս, մնանք հավատարիմ մեր բարեկամությանն ու կողք-կողքի անցնենք ժամանակի փորձություններով։
Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին։ Նա խելացի և իմաստուն առաջնորդ է, որը կարողացել է իր երկրի համար ձևավորել հզորության հիմքեր։
Քանի որ հոկտեմբերի 7-ին լրանում է Պուտինի ծննդյան տարեդարձը՝ առիթից օգտվելով ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել նրան՝ 73-ամյակի կապակցությամբ։ Ցանկանում եմ առողջություն, երկար տարիների ստեղծագործ աշխատանք և այն ուժն ու կամքը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանը դեպի հաջողության եզերքներ անցնցում առաջնորդելու համար։
Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր գործոն է՝ իր հստակ մտածողությամբ և դժվարին պահերին վճռականություն դրսևորելու ունակությամբ։ Նրա ղեկավարությամբ Ռուսաստանը կարողացել է պահպանել իր ուժն ու ազդեցությունը, ինչը երաշխիք է նաև մեր տարածաշրջանի կայունության համար։
Մաղթում եմ, որ նրա գործունեության յուրաքանչյուր քայլը բերի խաղաղություն, բարեկեցություն և վստահություն՝ ինչպես ռուս ժողովրդի, այնպես էլ նրա բարեկամների համար։ Թող առաջիկա տարիները լինեն ձեռքբերումների և մեծ համախմբման տարիներ՝ ի նպաստ ապագայի։
Ես միշտ համոզված եմ եղել, որ հայը, որտեղ էլ ապրի՝ Ռուսաստանում, Ամերիկայում կամ այլուր, չի կարող մոռանալ իր արմատների ու ազգային դիմագծի մասին։ Պետք է կապը պահել, հիշել, այցելել հայրենիք։ Եթե իսկական հայ ենք, անտարբեր չենք կարող լինել մեր երկրի նկատմամբ։
Հայաստանի ընթացիկ քաղաքական ու սոցիալական կյանքին հետևում եմ ոչ միայն ես, այլև իմ որդին, որը Մոսկվայի կառավարության տնտեսական բլոկում է աշխատում։ Նրա կարծիքով՝ ՀՀ վարչապետի տնտեսական քաղաքականությունը հավասարակշռված է և ուղղված է երկրի զարգացմանը։ Սակայն, իմ դիտարկմամբ, քաղաքական ու սոցիալական ոլորտներում անհրաժեշտ են լուրջ շտկումներ, որովհետև քաղաքականությունը հաճախ մնում է անորոշ և երկակի։
Ես կողմնակից եմ, որ հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնվեն։ Միևնույն ժամանակ, այս գործընթացը երբեք չպետք է լինի պետական ու ազգային շահերի հաշվին։

Կարևոր հարցերը չի կարելի որոշել առանց ժողովրդի․ ոչ մի առաջնորդ իրավունք չունի միայնակ որոշելու՝ հող զիջել, թե ոչ։ Առաջնորդի ուժը գալիս է ժողովրդի հետ միասին։ Ես նախարար եղած տարիներին առաջնորդվել եմ հենց այս սկզբունքով՝ «մեկը բոլորի և բոլորը մեկի համար»։ Եթե չհարգես ժողովրդին, վերջում ինքդ քո ժողովրդի կողմից անիծված կմնաս։
Նույնը վերաբերում է նաև եկեղեցուն։ Եթե խնդիրներ կան, դրանք պետք է լուծել օրենքի և եկեղեցական կանոնների շրջանակում, ոչ թե հրապարակային վիրավորանքներով։ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ վայելել է մեծ հեղինակություն ամբողջ աշխարհում, և անթույլատրելի է այն վարկաբեկել։
Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի, պետք է հիշի․ իր ³Ù»Ý ÙÇ քայլ ընկալվում է որպես ամբողջ ժողովրդի քայլ։ Դրա համար հայը պետք է ամենուր առավել սովորի, առավել աշխատի ու ջանք գործադրի, որպեսզի բարձրացնի ոչ միայն իր, այլև իր ազգի հեղինակությունը։ Մեր ավանդույթներն ու սովորույթները պետք է մնան կենդանի․ որտեղ էլ լինենք՝ մեր հարսանիքները, մեր տոները, մեր Տրնդեզը, մեր Վարդավառը պետք է շարունակեն մնալ հայկական։ Մենք չենք կարող կորցնել մեր դեմքը։
Ընտանիքս իմ ուժի ու հպարտության աղբյուրն է։ Կինս՝ մասնագիտությամբ բժիշկ, ավելի քան քսան տարի ղեկավարել է Մոսկվայի Կենտրոնական օկրուգի առողջապահությունը, տասնամյակներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել։ Այս տարվա ապրիլին, լրանալով վաթսունհինգ տարին, նա թոշակի անցավ։
Ունեմ երեք զավակ՝ երկու տղա և աղջիկ։ Դուստրս աշխատում է Արևմտյան օկրուգի վարչակազմում՝ փոխպրեֆեկտի պաշտոնում։ Նա երեք երեխա ունի՝ մի աղջիկ և երկու տղա։ Ավագ որդիս Մոսկվայի քաղաքի շինարարության նախարարի առաջին տեղակալն է․ ունի չորս որդի։ Կրտսեր որդիս բիզնեսով է զբաղվում մայրաքաղաքում՝ տարբեր ուղղություններով։
Այսօր ապրում եմ կրտսեր որդուս ընտանիքի հետ։ Թոռնիկներիս հանդեպ իմ սերը մեծ է ու անթաքույց։ Ավագ որդիս ունի չորս տղա, դուստրերս՝ երկու տղա, իսկ կրտսեր որդիս ևս երկու տղա։ Ի դեպ, երկու որդիներս իրենց տղաներին շնորհել են իմ անունը՝ Վլադիմիր։
Այսօր իմ ամենամեծ հարստությունն ու ուրախությունը մեծ ընտանիքս է՝ 9 թոռներով։ Կան արժեքներ, որոնք ինձ համար անքննարկելի են։ Երեխաներս վաղուց գիտեն՝ եթե ընտանիք կազմեն ոչ հայկական ավանդույթներով, ապա ես դա չեմ ընդունի։ Աստծո կամոք, երեխաներս սիրով են ամուսնացել, և երջանիկ են թե՛ իրենք, և թե՛ ես՝ նրանց հայրը։
Երգը մանկուց է իմ ուղեկիցը։ Ռուսական մշակույթը միշտ էլ մոտ է եղել ինձ։ Մայրս մաքուր հայկական արմատներով կին էր, ծնունդով՝ Իջևանից։ Ի դեպ, Իջևանից են նաև երկու հարսներս։ Մայրս գիտեր գրեթե բոլոր ռուսական ժողովրդական երգերը, և հենց նրա շնորհիվ մեծացա այդ միջավայրում։ Այդտեղից էլ ծնվեց իմ սերը ռուսական երգի հանդեպ, որն ինձ ուղեկցում է մինչ օրս։
Յոթ տարեկանից հաճախում էի Բաքվի Գագարինի պալատ՝ նախկին Պիոներ պալատ։ Եղել եմ «Ճուտիկներ» մանկական համույթի մենակատարը, ինչը հպարտության պատճառ էր, քանի որ այն ԽՍՀՄ ամենահայտնի համույթներից էր։ Հետագայում անցա ժողովրդական երգերին․ սիրում եմ նաև ադրբեջանական ժողովրդական երաժշտությունը և այն երգում եմ առանց կաշկանդման։ Արվեստը ազգություն չի ճանաչում․ յուրաքանչյուր մշակույթի ճանաչումը հարստացնում է մարդուն, ոչ թե աղքատացնում։ Այսօր էլ երգում եմ և՛ ռուսական, և՛ հայկական, և՛ ադրբեջանական երգեր։ 2020 թվականին մի քանի համերգային հավաքների եմ մասնակցել, և ելույթներս կարելի է գտնել Յութուբում։
Երբեմն «ծանր օրերին» փակվում եմ մեր տան բակում՝ «Պետրոսյանների հյուրատան» անկյունում, միացնում կարաոկեն ու մեկուկես-երկու ժամ երգում։ Երգը իմ հակասթրեսային դեղամիջոցն է։ Չնայած պրոֆեսիոնալ երգիչ դառնալու ցանկություն չունեմ, իմ սիրելի կոմպոզիտոր, մեր հայրենակից Արսեն Կասիմովը հատկապես ինձ համար գրել է տասներկու հեղինակային երգ։ Դրանցից ութը հասանելի են «AST» գլոբալ կարաոկե հարթակներում՝ «Վ. Պետրոսյան» անունով։ Երաժշտական ձիրքը, երևի, ընտանեկան է․ մայրս հրաշալի էր երգում, դուստրս նույնպես լավ ձայն ունի։ Կրտսեր որդիս և հարսս նույնպես երգում են։ Մեր տան կանայք գործուն, ուսյալ, աշխատասեր մարդիկ են․ ավագ հարսս իրավաբան է, բայց զբաղվում է բիզնեսով, ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։ Երկրորդ հարսս տնտեսագետ է՝ Կուբանի համալսարանի շրջանավարտ։ Մեր ընտանիքում լեզուների հանդեպ սերը նույնպես ուժեղ է․ մեկը լեզուներ է ուսումնասիրում, մյուսը ղեկավարում է ընտանեկան բիզնեսը։
Մեր վարքագծով են դատում ազգի մասին։ Ես միշտ ասել եմ՝ հատկապես Սփյուռքում ապրող հայի յուրաքանչյուր քայլը բարոյական պարտք է ամբողջ ժողովրդի առաջ։ Օրինակելի լինել կրթությամբ, մշակույթով, զարգացմամբ․ սա է այն «մեկ քայլ առաջը», որն ինձ համար չափանիշ է։ Այսօր, ցավոք, ապագայի հանդեպ վստահությունը տատանվում է, բայց ես ուզում եմ, որ հավատը չկորչի։
Ես խորապես համոզված եմ, որ մեր ավանդական շղթան՝ սովորույթներն ու հավատքը, չպետք է խզվի։ Այդ առումով բարձր եմ գնահատում Հայ Առաքելական եկեղեցու դերը, հատկապես Ռուսաստանի տարածքում գործող մեր եկեղեցիների աշխատանքը։ Դրանք ոչ միայն հոգևոր, այլև ազգային հենասյուն են, որոնք օգնում են, որ հայը հայ մնա օտար միջավայրում։ Մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր Սրբազանին՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, որի անձնուրաց ջանքերով պահպանվում են եկեղեցական ավանդույթներն ու ազգային արժեհամակարգը։ Մեծ քաղաքների բազմամարդ հոսքում չկորչելու լավագույն ճանապարհը մեր եկեղեցու և մեր համայնքի շուրջ միավորվելն է։
Նույնքան կարևոր է «Ռուսաստանի հայերի միության» գործունեությունը՝ Արա Աբրահամյանի ղեկավարությամբ։ Նա տարիներ շարունակ հսկայական աշխատանք է կատարել՝ համախմբելով ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին, ամրապնդելով նրանց կապը միմյանց հետ և Հայաստանի հետ։ Այդ գործը ես բարձր եմ գնահատում։
Բարձր եմ գնահատում նաև Ռուսաստանում ապրող մեր բարերարներին, հատկապես՝ Սամվել Կարապետյանին, Կամո Ավագումյանին, Սերգեյ Համբարձումյանին, ովքեր մշտապես օգնության ձեռք են մեկնում հայրենիքին։
Ցավոք, մեր ժողովրդի նվիրյալ զավակ, մեծ հայրենասեր և մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր շարունակում է կալանավորված մնալ Հայաստանում՝ այն բանի համար, որ բարձրաձայնել է ու պաշտպանել է հայ Առաքելական եկեղեցուն։ Իմ տարիքի ու կյանքի փորձառության բարձունքից ուզում եմ անկեղծորեն հորդորել և խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերանայել այդ որոշումը և ազատ արձակել ազգային բարերարին։ Սա կլինի ոչ միայն արդար քայլ, այլև պետականորեն ճիշտ որոշում, որը կհանգեցնի մեր ժողովրդի համախմբմանը և ազգային արժեհամակարգի պահպանմանը։
Հայերիս երջանկություն ու խաղաղ կյանք եմ մաղթում, թող հայ ժողովուրդը երբեք չկորցնի իր ինքնությունը, իր ավանդույթներն ու իր հոգու լույսը։ Թող Հայաստան աշխարհում հաստատվի կայուն խաղաղություն, մեր ժողովուրդն ապրի վստահությամբ ու հույսով լի տասնամյակներ և յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, զգա իր հայրենիքի ուժը, ժողովրդի միասնությունը և հավատը ապագայի հանդեպ։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ–ում «Ազգի» հատուկ թղթակից