Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վլադիմիր Շահիջանյան. «Հայաստանն իմ ցավն է»

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վլադիմիր Շաhիջանյանը բազմակողմանի հետաքրքրությունների տեր անձնավորություն է. հոգեբան է եւ լրագրող, հանդես է գալիս ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, բազմամիլիոն տպաքանակներով հրատարակված մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, ձեռնարկատեր, «Սոլո՝ ստեղնաշարի վրա» առցանց ծրագրի (Դավիթ Յանի վկայությամբ՝ ամենատարածվածներից մեկը Ռուսաստանում) եւ «Ծխել՝ ծխելը թողնելու համար» առցանց գրքի ստեղծողը: Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի շրջանավարտ է եւ դասախոս: Որպես ռեժիսոր նկարահանել է մեկ գեղարվեստական եւ մի քանի վավերագրական ֆիլմ: Ծնված լինելով Լենինգրադում՝ պատերազմի սկզբից մեկ տարի առաջ, եւ շրջափակման ողջ ընթացքում ապրելով այնտեղ՝ Վլադիմիր Շահիջանյանը լավ գիտի ամեն օրվա արժեքը, ջանում է այն հետաքրքրական անցկացնել եւ համոզված է, որ ամեն ինչ մեր ձեռքերում է:

–Մենք՝ հայերս, հպարտանում ենք մեր երեւելի հայրենակիցներով, եւ դուք, իհարկե, բացառություն չեք: Սակայն ձեր արմատների մասին շատ քիչ է հայտնի: Կպատմե՞ք՝ որտեղից են ձեր նախնիները, ինչո՞վ են նրանք զբաղվել:

-Իմ նախնիները Լեռնային Ղարաբաղից են՝ Շուշիի շրջանից: Այնտեղ են ապրել տատիկս ու պապիկս: Պապս արդյունաբերող էր, ուներ գորգի ֆաբրիկա: Հեղափոխությունից հետո Երեւանում աշխատել է որպես հաշվապահ: Տատիկս շուտ է մահացել, երբ դեռ երեսուն տարեկան էլ չկար: Մայրս յոթ տարեկանում որբ է մնացել, նրան փաստորեն պապիկս է մեծացրել: Սա թերեւս այն ամենն է, ինչ ես գիտեմ իմ արմատների մասին:

Ես իրականում ամենասովորական մարդ եմ: Ուղղակի սովորական մարդիկ քիչ են պատահում՝ ազնիվ, անկեղծ, հնարավորինս բարի, խանդավառ, սիրող մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես գնահատել ժամանակը եւ փորձում են բարելավել մեր կյանքը:

Ես ապրել եմ առանց հոր: Սա առանձին, բարդ ու դժվարին հարց է: Ես չէի ցանկանա այս թեմայով ավելին ասել:

–Ինչպե՞ս է ձեզ հաջողվում միաժամանակ լինել հաջողակ մեդիա անձնավորություն եւ տարբեր գիտակարգերի հատման դաշտում աշխատող խոշոր մասնագետ:

-Նախ՝ ես ինձ հաջողակ մեդիա անձնավորություն եւ խոշոր մասնագետ չեմ համարում: Երկրորդը, ցավոք, ինձ շատ բան անել չի հաջողվում:
Տարածված արտահայտություն կա. «Եթե դու այդքան խելացի ես, ապա ինչո՞ւ ես այդքան աղքատ»: Այս խոսքերը լսելով՝ զայրանում եմ: Ցավոք սրտի, բազում մեծ մարդիկ, փայլուն անհատականություններ աղքատ են եղել: Աղքատ էր Կոմիտասը, փողի սակավությունից տառապում էր Սպենդիարյանը, երկար ժամանակ աղքատության մեջ էր Մարտիրոս Սարյանը, Վահրամ Փափազյանը ֆինանսական դժվարություններ էր կրում… կարող եմ շարունակել այս ցուցակը:

Ահա՛ իմ սեփական կանոնները: Պետք է ավելի շատ աշխատել: Կազմել անելիքների ցանկ եւ որոշել առաջնահերթությունները: Պետք է զբաղվել նրանով, ինչը հետաքրքրական է: Այստեղից է գալիս հետաքրքրություններիս բազմազանությունը:

Երբ ճակատագրի բերմամբ ծանոթացա Յուրի Նիկուլինի հետ, նրան առաջարկեցի գիրք գրել իր կյանքի մասին: Նա համաձայնեց, եւ մենք յոթ տարի միասին աշխատեցինք նրա հուշերն ի մի բերելու համար: «Գրեթե լուրջ…» գիրքը մեծ հաջողություն ունեցավ: Այն բազմիցս վերահրատարակվել է: Գրքի նպատակն է՝ ներշնչել ընթերցողին, որ շատ բան կախված է հենց իրենից ու այն բանից, թե ինչպես նա կկառուցի իր կյանքը: Պետք է սիրես աշխատանքդ, պետք է սիրես կողքդ գտնվող մարդկանց, բայց ամենից առաջ պետք է սիրես ինքդ քեզ: Եթե   մարդ սիրում է իրեն, ապա ուրիշ մարդկանց համար էլ գրավիչ կլինի:

Ես ցանկանում էի լինել մանկավարժ: Ոգեւորությամբ էի դասավանդում. սիրում էի շփվել երիտասարդների հետ, ինձ դուր էր գալիս կրթել ապագա տաղանդավոր լրագրողների:

Ես հետաքրքրվեցի սեքսի խնդիրներով եւ գրեցի «1001 հարց այդ մասին» գիրքը: Շատ հրատարակություններ են եղել: Ես ստացել եմ հազարավոր նամակ-արձագանքներ: Ամենակարեւորը՝ ինձ հաջողվեց օգնել բազմաթիվ մարդկանց՝ լուծելու իրենց խնդիրները: Ես Ռուսաստանում առաջիններից մեկը սկսեցի զբաղվել սեռական կրթությամբ:

Կարծես թե միանգամայն պատահաբար լույս աշխարհ եկավ «Սոլո՝ գրամեքենայի վրա» գիրքը: Ես հոգնել էի իմ ուսանողների խզբզանքները կարդալուց եւ սկսեցի սովորեցնել նրանց տասը մատով «կույր» մուտքագրման մեթոդը: Եվ սովորեցրի: Հետո սկսվեց համակարգչային դարաշրջանը, եւ գրքի հիման վրա ստեղծեցի «Սոլո՝ ստեղնաշարի վրա» ծրագիրը: Մոտ տասը միլիոն մարդ անլեգալ օրինակներով անցան այս դասընթացը: Ի դեպ, մենք այժմ աշխատում ենք «Սոլո՝ ստեղնաշարի վրա» դասընթացի հայերեն տարբերակի վրա: Ինձ օգնում են հայտնի ծրագրավորողներ Վադիմ Կովալենկոն եւ Սեմ Հակոբյանը: Հոգեբանական թրենինգը նույնպես ներառված է մեր ծրագրում: Մենք մարդկանց սովորեցնում ենք ավարտին հասցնել սկսած գործերը:

Մանկուց ես կակազում էի, վախենում էի հրապարակային ելույթներից: Հաղթահարել եմ կակազությունը եւ վախը հանրությունից: Ես ուսուցիչ եմ, իմ մասնագիտությունը ենթադրում է հաղորդակցություն: «Սովորում ենք խոսել հանրության առջեւ» գիրքս հրատարակվել է տասը անգամ: Այս պահին զբաղված եմ հաղորդակցության առցանց դասընթացի ստեղծմամբ:
Ես ծխել եմ 55 տարի: Արդեն տասնչորս տարի է՝ չեմ ծխում: Ինձ լավ ծանոթ են ծխողներին բնորոշ դժվարությունները եւ ես ստեղծել եմ անվճար առցանց գիրք՝ «Ծխել՝ ծխելը թողնելու համար» (https://kurilbrosil.ru): Մինչ օրս ստացվել է ավելի քան 7000 արձագանք, որոնց 99%-ը դրական է: Համաձայնեք, որ հիանալի արդյունք է:

–Մի առիթով ինձ գրել էիք, որ եթե Ռուսաստանում ծխում է բնակչության 30%-ը, ապա Հայաստանում՝ 40-50%-ը: Հետաքրքրական է, ի՞նչ ընդհանուր սկզբունքներ են ընկած ծխելը թողնելու ձեր մեթոդի հիմքում:

-Դժվար հարց է: Ես վարժությունների համակարգ եմ մշակել: Եթե   դրանք կատարվում են, մարդը սկսում է զզվել ծխելուց: «Ծխել՝ ծխելը թողնելու համար» գիրքը չի կարելի կարդալ միանգամից՝ սկզբից մինչեւ վերջ, այն ենթադրում է չափաբաժինային ընթերցանություն, օրական իմաստ ունի կարդալ միայն մի քանի գլուխ: Սա մեր մեթոդաբանության մի մասն է:
Բացի այդ, մենք օգտագործում ենք երաժշտություն, ինտերակտիվություն (տարբեր հարցումներ ենք անցկացնում). ընթերցանության ընթացքում թույլատրվում է ծխել այնքան, որքան ցանկանում եք, սակայն շատերը թողնում են ծխելը գրքի կեսը կամ նույնիսկ դրանից քիչ կարդալուց հետո:

–Դուք մոտիկից ճանաչում էիք «ծաղրածու՝ աշունը սրտում» Լեոնիդ Ենգիբարյանին: Ինչպիսի՞ մարդ էր նա: Նրա հետ կապված ի՞նչ պատմություններ եք հիշում առաջին հերթին:

-Այո՛, ես եւ Լեոնիդ Ենգիբարյանը մտերիմ ընկերներ էինք: Ես հաճախ էի լինում նրա տանը՝ Մարյինա Ռոշչայում, իսկ նա այցելում էր ինձ Սոկոլնիկիում: Լեոնիդը չէր սիրում պարտվել, իրեն թույլ չէր տալիս պարտվել: Նա խաղում էր շաշկի եւ եթե հանկարծ սկսում էր տանուլ տալ, պահանջում էր շարունակել խաղը ու խաղում էր այնքան, մինչեւ հաղթեր: Եթե   ինչ-որ բան էր ձեռնարկում, ուրեմն այն պետք է ստացվեր, զարմացներ ուրիշներին:
Ենգիբարյանը կյանքից հեռացավ 37 տարեկանում: Նա հանճարեղ մարդ էր: Լավ գրում էր, հիանալի կերպով աշխատում էր կրկեսում որպես գորգի ծաղրածու, անցկացնում էր մնջախաղի փայլուն ստեղծագործական երեկոներ: Ինչպես ասում են՝ նա շնորհներ էր ստացել Տեր Աստծուց: Պլաստիկա, երաժշտականություն, բառի զգացում, ճաշակ՝ նա ամեն ինչ ուներ: Լեոնիդ Ենգիբարովը բնավորությամբ անհամբեր մարդ էր, ուզում էր հաջողության հասնել այստեղ եւ հիմա, օրերով փորձեր էր անում, աշխատում հալումաշ լինելու աստիճան:

–Որպես ռեժիսոր դուք «Մոսֆիլմ» ստուդիայում նկարահանել եք «Ծաղրածու Մուսլյան» ֆիլմը: Համագործակցել եք նաեւ ծաղրածու Հրաչիկ Քեշչյանի հետ: Որտեղի՞ց է ծագել այդ մեծ հետաքրքրությունը կրկեսի եւ ծաղրածուների արվեստի նկատմամբ:

-1947 թվականին մորս մտերիմ քեռի Սաշան ինձ տարավ կրկես: Լենինգրադում էր, կրկեսը տեղում էր, ինչ հիմա՝ Ֆոնտանկայում: Առաջին անգամ կրկեսային ներկայացման դիտումը ֆանտաստիկ ազդեցություն թողեց ինձ վրա: Ես հասկացա՝ աշխարհում կրկեսից ավելի հետաքրքրական եւ լավ բան չկա: Ինձ ամենաշատը դուր եկան ծաղրածուները: Ինչպես հետո իմացա, դրանք Կարանդաշը եւ նրա օգնական Յուրի Նիկուլինն էին: Ահա այսպես ամեն ինչ հատվում է, միահյուսվում:

Պատերազմի տարիներին կատարյալ սով էր, իսկ պատերազմից հետո՝ մասնակի սով:

Պատկերացնո՞ւմ եք, պատերազմից հետո տղան հայտնվում է կրկեսում՝ երաժշտություն, լույսեր, զգեստներ եւ զվարճալի ծաղրածուներ: Դե՛, կյանքում դրանից լավ ի՛նչ կարող է լինել:

–Դուք հաջողակ, գործունյա ու կենսասեր մարդու տպավորություն եք թողնում: Կհայտնե՞ք մեր ընթերցողներին՝ կյանքի խնդիրների լուծման ի՞նչ հիմնական սկզբունքների եւ մոտեցումների եք հետեւում:

-Եկեք սահմանե՛նք, թե որն է կյանքի իմաստը: Կյանքի իմաստը ուրախության մեջ է: Եկեք սահմանե՛նք, թե ով է մարդը: Մարդը հնարավորություն է: Իսկ ի՞նչ է կյանքը: Կյանքն արվեստ է: Կա նաեւ կյանքի ալգորիթմ՝ երազել-մտածել-գործել: Այլ կերպ ասած՝ ուզում եմ-կարող եմ-անում եմ:

Դուք ինձ հաջողակ մարդ եք անվանում: Ակամա ժպտացի: Ես (ձեր տեսանկյունից՝ հաջողակ մարդ) միշտ գումարի փնտրտուքների մեջ եմ իմ «ԷրգոՍոլո» ընկերությունը փրկելու համար, որն իրականացնում է նշածս ծրագրերը. մեր ընկերությունն աշխատում է շուրջօրյա, շուրջօրյա է նաեւ տեխնիկական աջակցությունը:

Ես երազում եմ գտնել օլիգարխների, բանկիրների, որոնք կաջակցեն ինձ եւ կօգնեն զարգացնել ընկերությունը: Գուցեեւ այս հարցազրույցը կարդա մի մեծահարուստ եւ ասի. «Եկեք օգնե՛նք Վլադիմիր Շահիջանյանին, եւ նրա միջոցով շատերը օգնություն կստանան թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս»: Հիանալի՛ կլիներ: Ամեն դեպքում, թողնում եմ մեր էլ-փոստի հասցեն՝ shahid@ergosolo.ru եւ հեռախոսահամարը՝ +7-495-995-82-95: Ուրախ կլինեմ նամակներ ստանալ եւ պատասխանել «Ազգ»ի ընթերցողների զանգերին:

–Եվ վերջին հարցը՝ ի՞նչ կարող եք ասել Հայաստանի մասին:

-Հայաստանն իմ ցավն է: Երազում եմ, որ Ղարաբաղի խնդիրը լուծվի: Կուզենայի, որ յուրաքանչյուր տղա եւ յուրաքանչյուր աղջիկ կարողանար անել այն, ինչին հոգեպես ձգտում է, եւ որ ոչ մի բանի կարոտ չմնար:

Ցանկացած ազգության մարդիկ արժանի են հարգանքի, ճանաչման եւ օգնության: Ցավոք, մարդիկ չեն սովորել միմյանց հասկանալ: Մարդիկ սովորել են սպանել միմյանց, ինչը սարսափելի է: Եթե   մեզնից յուրաքանչյուրը փորձի բարելավել այս աշխարհը եւ սկսի իրենից, ապա ամբողջ աշխարհը կդառնա ավելի լավը:

Հայաստանը զարմանալի երկիր է: Ես ընկերություն էի անում Մարտիրոս Սարյանի, Արմեն Ջիգարխանյանի, Լեոնիդ Ենգիբարյանի, Արամ Խաչատրյանի, Միքայել Թարիվերդիեւի եւ Հայաստանի այլ հայտնի եւ ոչ այնքան հայտնի մարդկանց հետ: Մենք բոլորս մարդիկ ենք՝ ճանաչված թե անհայտ, եւ մեզնից յուրաքանչյուրը չպետք է մոռանա, որ ինքը մարդ է:

Ես անուղղելի լավատես եմ ու հավատում եմ, որ կյանքն ավելի լավը կդառնա: Անկախ ամեն ինչից եւ ի հեճուկս ամեն ինչի… Եվ թող Հայաստանը բարգավաճի: Թող բոլո՛ր երկրները բարգավաճեն:

Հիշում եմ, որ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո, երբ բոլոր հարեւաններով հավաքվում էինք ամանորյա սեղանի շուրջ (ապրում էինք կոմունալ բնակարանում), առաջին կենացը լինում էր՝ «միայն թե պատերազմ չլինի»: Ես էլ եմ ցանկանում, որ պատերազմ չլինի…

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ. ռուս-թուրքական համագործակցություն-մրցակցությունը

Հաջորդ գրառումը

Երկու կարեւոր իրադարձութիւն

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Երկու կարեւոր իրադարձութիւն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական