Ավերիչ պատերազմից, սահմանային ներխուժումների կեղծ բանակցությունների եւ զիջումների շարունակական պահանջների տեսքով Ադրբեջանի անողոք ճնշումներից երկու տարի անց վերջապես դեպքերի շրջադարձը շունչ քաշելու կարճատեւ դադար է ընծայում Հայաստանին, որ վերագտնի իրեն եւ գուցե նաեւ բնականոն կյանքի վերադարձը ապահովի: Մյուս կողմից, բնության մոլեգնությունը կարող է փոփոխություններ առաջացնել տարածաշրջանային քաղաքականության մեջ:
Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը, որը նաեւ Սիրիան ավերեց, հիմնականորեն ցնցեց այդ երկրի արտաքին քաղաքականության ամբողջ ուղղվածությունը, որն ավելի տեսանելի կդառնա առաջիկա ամիսների ընթացքում: Թուրք-ռուսական ենթադրյալ դաշնությունը փոխելու է իր վեկտորը, քանի որ Թուրքիան վերականգնելու իր ջանքերի համար ավելի շատ է կախման մեջ լինելու Արեւմուտքից, մասնավորապես Վաշինգտոնից: Տարածաշրջանային երկրները, որոնք մինչ օրս ապրում էին Անկարայի սպառնալիքների եւ նվաճողական քաղաքականության ներքո, հնարավորություն են ունենալու կենտրոնանալու իրենց կենսական առաջնահերթությունների վրա եւ ոչ թե մտահոգվելու Թուրքիայի կատարած քայլերի առնչությամբ:
Թուրքիայում ստեղծված դժվարին կացությունը սահմանափակելու է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Անկարայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությանը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որն սկսվեց 2022-ի դեկտեմբերի 12-ին, կարող էր հավիտյան երկարաձգվել, եթե չփոխվեր իրադրությունը Կովկասում: Արգելափակման նպատակը շնչահեղձ անելն էր Արցախի 120 հազար հայ բնակչությանը, որը դեռեւս շարունակում է կրել դրա հետեւանքները, հակառակ Միջազգային արդարադատության ատյանի ընդունած վճռին, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ դադարեցնել իր գործողությունները:
Մի շարք պատճառներով Հայաստանը տատանվում էր հայց ներկայացնել միջազգային ատյաններ, հավատացած լինելով, որ դրանք քաղաքականացված են եւ գրեթե միշտ հզորին են պաշտպանում: Սակայն Երեւանը ի վերջո համարձակություն ձեռք բերեց եւ դիմեց միջազգային ճանաչում ունեցող իրավաբանների խմբին՝ գլխավորությամբ «Foley Hoag» ընկերության եւ Հայաստանից Եղիշե Կիրակոսյանի: Նրանց աջակցեցին նաեւ սփյուռքահայ ականավոր իրավաբաններ: Ադրբեջանը, որ հսկայական միջոցներ է տրամադրում ուղեղների կայաններին, քարոզչական խմբավորումներին եւ արհեստավարժ անհատ իրավաբաններին, ի վերջո պարտվեց, որովհետեւ նրա փաստարկները չկարողացան համոզել Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) դատավորներին: ՄԱԿ-ի դատաիրավական հարցերի այդ գլխավոր կառույցը՝ ICJ-ը, փետրվարի 22-ին նախազգուշական միջոցներ որդեգրելով պարտադրեց Ադրբեջանին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Ռազմական հզորության բացակայության պայմաններում Հայաստանը պարտավոր է հույսը դնել այս թղթե զենքի վրա:
Իրադրությունը մեզ հիշեցնում է հայոց պատմության մի այլ դրվագ, որը նույնպես առնչվում է թղթի հետ: Հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս դարձած Խրիմյան Հայրիկը 1878-ին Բեռլինի կոնգրեսից վերադառնալով գանգատվում էր, որ մասնակից բոլոր ազգությունները Բեռլին էին եկել հարիսան ճաշակելու երկաթյա շերեփներով եւ անշուշտ հաջողության հասան, իսկ իր սեփական շերեփը անտեսվեց, որովհետեւ թղթից էր պատրաստված: ICJ-ը այս անգամ իրոք որ թղթե զենք է նվիրել Ղարաբաղի հայ բնակչությանը, ի հակադրություն նախորդ անգամվա ձեւակերպմանը, որտեղ թուղթը թուլության խորհրդանիշն էր: ICJ-ի վճիռը, որը պարտադիր կատարման ենթակա է, նշում է. «Ադրբեջանի հանրապետությունը, համաձայն «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերը վերացնելու միջազգային կոնվենցիայի» (CERD) դրույթներով իր ստանձնած պարտավորվածության եւ այս վերջնական դատավճռով պարտավոր է իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով մարդկանց, մեքենաների եւ բեռնատարների երկկողմանի անխափան տեղաշարժը ապահովել Լաչինի միջանցքով»:
Այս վճիռը գալիս է հավելելու 2021 թվի մեկ այլ կարգադրություն, որն Ադրբեջանից պահանջում էր պահպանել իր տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանները:
Դատարանում փաստերը աղավաղելու նպատակով Ադրբեջանը առանձին հայցով Հայաստանին էր մեղադրել Լաչինի միջանցքով զենք եւ ական Արցախ տեղափոխելու համար: Դատարանը, սակայն, մերժեց այդ հայցը, որը կեղծ փաստարկների վրա էր կառուցված: Միջազգային ճանաչման արժանացած իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով, Ադրբեջանի հայցի մերժումը նույնիսկ ավելի կարեւոր է, քան Հայաստանի հայցի մասնակի բավարարումը:
Ադրբեջանի կառավարությունը ոտը կախ է գցել եւ հետաձգում է դատարանի որոշման իրագործումը:
Հայաստանը ողջունեց դատավճիռը եւ որպես հաղթանակ բնութագրեց այն, քանի որ դրա պահանջների չկատարումը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ: Ղազարյանը, սակայն, հավատացած է, որ դատարանի որոշումը չի կարելի հաղթանակ համարել: «Այն սոսկ մի գործիք է, որը բնութագրում է կացությունը քաղաքական տվյալ դաշտում»:
Ադրբեջանը դեռեւս չի կատարել իրենից պահանջվածը: Այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մի նոր ճչան սուտ հորինելով նշում է, որ «Լաչինի միջանցքը արդեն բաց է»:
Այո, երկարաժամկետ քաղաքական հետեւանքներն ավելի կարեւոր են եւ հեռագնա: Այսպես, (ա) Լեռնային Ղարաբաղի հարցը մի անգամ եւս հայտնվեց միջազգային քաղաքականության ուշադրության կիզակետում: (բ) Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը չպետք է օգտագործվի, որովհետեւ այն ոտնձգություն է Ադրբեջանի ինքնավարության հանդեպ. ICJ-ը այն օգտագործում է եւ օրինականացնում է: (գ) ICJ-ի վճիռը անդրադառնում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը եւ այն դարձնում է միջազգային իրավունքի գործիք, պահանջելով Ադրբեջանից հարգել դրա դրույթները, որոնք երբեմն մոռացության են մատնվում Բաքվի եւ Մոսկվայի կողմից: (դ) Բաքուն փորձում էր կեղծ հավասարության նշան դնել Լաչինի եւ Զանգեզուրի միջանցքների միջեւ, պահանջելով Հայաստանից վերջինի հանձնումը իրեն: ICJ-ը իր դատավճռով հստակ անջատում է այդ երկու միջանցքների գործերը եւ մերժում է առաջինի բացումը պայմանավորել երկրորդի ստեղծումով:
Դատավճիռը ինքնին կարող էր անգործուն փաստաթուղթ մնալ, եթե Հայաստանի կառավարությունը չկարողանար օգտագործել այն իր քաղաքական նպատակների իրագործման համար: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն իսկ հեռախոսազրույց ունեցավ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Առաջին հեռախոսազրույցի բովանդակությունը չի հրապարակվել, բայց Գուտերեշի հետ զրույցում Փաշինյանը խնդրել է ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում եւ Արցախում: Երկրորդ պահանջը է՛լ ավելի է զայրացնելու Ռուսաստանին, որն արդեն դժգոհում էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանում ԵՄ դիտորդների տեղակայման կապակցությամբ: ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջերս նշեց, որ Ռուսաստանն ավելի է մտահոգ դիտորդների տեղակայմամբ, քան` Ադրբեջանը:
Ադրբեջանը ճնշման տակ է արեւմտյան իշխանությունների, մասնավորապես Մ. Նահանգների պետքարտուղար Էնթընի Բլինքենի կողմից, որ Ալիեւից պահանջում է բանակցել անմիջական Արցախի ներկայացուցիչների հետ: Նախաձեռենությունը առիթի էր սպասում, որը ներկայացավ Արցախում Ռուբեն Վարդանյանի հայտնումով: Նրա հայտնվելն ու անհետանալը ինքնին քաղաքական խոշորագույն մի թատրոն է:
Երբ մոսկվաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից եւ մի քանի ամիս առաջ հայտնվեց Ստեփանակերտում, Երեւանի ղեկավարները չողջունեցին նրան եւ պիտակավորեցին նրան որպես «ռուսաստանյան գործակալի»: Ալիեւն անմիջապես ավելի ծավալեց այդ անվանարկումը, երբ անցյալ ամիս Մյունխենում Վարդանյանին մեղադրեց «քրեական օլիգարխ» լինելու մեջ եւ Ռուսաստանից Ղարաբաղում հայտնվելու համար: Նա նաեւ նրան մեղադրեց փողերի լվացման հետ կապ ունենալու մեջ, մոռանալով, որ իր ընտանիքը հենց այդ գործերի մեջ է կասկածվում, ինչպես բացահայտում են «Պանամական թղթածրարները» (Panama Papers): Ալիեւների ընտանիքին նաեւ մեղադրում են պետական բյուջեից գումարներ յուրացնելու եւ միայն Լոնդոնում 700 միլիոն դոլարի արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու համար:
Արցախում Վարդանյանին նշանակեցին պետքարտուղար, որ հավասարազոր է վարչապետի պաշտոնին:
Ալիեւը հայտարարեց, որ պատրաստ է բանակցել Ղարաբաղում ծնված որեւէ անձի հետ: Վարդանյանը Հայաստանում էր ծնված: Այնպես պատահեց, որ հինգ օրվա ընթացքում Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը ազատեց Վարդանյանին իր պաշտոնից եւ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին նշանակեց նրա փոխարեն: Դրանով կարծես Ալիեւն ստացավ այն, ինչ ցանկանում էր, քանի որ հաջորդ օրն իսկ ղարաբաղյան ներկայացուցիչների մի խումբ հանդիպեց Ադրբեջանի կառավարական պաշտոնյաների հետ` քննարկելու Լաչինի միջանցքի բացման եւ գազի ու էլեկտրականության վերականգնման հարցերը: Հանդիպումը միջնորդավորված էր Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի կողմից: Հանդիպմանը զուգահեռ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու ժամանեց նշելու համար Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական դաշնակցի պայմանագիրը կնքելու առաջին տարեդարձը: Լավրովը նաեւ քննարկեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության ակնկալվող պայմանագիրը:
Երբ եւ եթե միջանցքը բացվի, Ալիեւը հավանաբար Ռուսաստանին է վերագրելու եւ ձեւացնելու է, որ տեղի չտվեց ICJ-ի վճռի պահանջներին:
Իրադարձությունների այս թոհուբոհի մեջ Ալիեւը չմոռացավ հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իմանալու համար, թե Հայաստանին ճնշելու չթուլացող ջանքերին դեռ որքան օժանդակություն կարող է ցուցաբերել Թուրքիան, հատկապես երկրաշարժի պատճառած ավերածություններից հետո:
Արցախյան ողբերգության ավարտական դրվագը 1990-ականներին պատերազմի հերոս հռչակված, կասկածելի անցյալով Սամվել Բաբայանի հայտնությունն է, որ պնդում է, թե Ղարաբաղի փրկության մի ծրագիր ունի, բայց նախքան դրա իրագործումը նա ցանկանում է կառավարական մի պաշտոն զբաղեցնել:
Հայաստանի եւ Արցախի համար ծանր ժամանակներ են եւ հնարավորություններն ու լավատեսական հայտարարությունները կարող են իրենց բախտը փորձել` հույս ունենալով, որ դրական արդյունքների կհասնեն:
Արցախի ժողովուրդը բավական շատ է տանջվել, իսկ Հայաստանի բնակչությունն էլ երազում է բնականոն կյանքի վերականգնումը: Հույս փայփայենք, որ մեր թղթե զենքը այս անգամ արդյունավետ կլինի:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)