Վերջին մի քանի օրերի քաղաքական անցուդարձից անդրադառնանք երկու թեմայի` իմպիչմենտին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին, սրանք դիտելով որպես պահի դետոնատոր:
Դա՞րձ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի դեմ բողոքի պաստառների պարզմանը Հայաստանում իհարկե շատ մեծ լրջություն չի կարելի տալ, դա ավելի շուտ քաղաքական կողմնորոշված փոքր խմբի վերաբերմունքի դրսեւորում էր: Այլ բան կլիներ, եթե ՌԴ պահվածքով նաեւ խրախուսված Արցախի կորստի համար արցախցիներ բողոքեին: Բայց այդպիսի բան չնկատվեց:Այնպես որ` անկախ դրանից Հայաստանում եւ ՌԴ-ում Լավրովի այցը հաջողված են համարում:
Այդ այցը մի շարք նոր իրողություններ հայտնի արեց` կարելի է անգամ խոսել ռուսական ուղղությամբ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումների մեղմացման մասին, ինչի ցուցիչ էր նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայի մայիսիննյան միջոցառումներին: Բայց որ դա առավել տեսանելի էր Լավրովի այցի շրջանակում` հերքել այլեւս չի լինի: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցը կառուցողական է անվանում, Լավրովին վստահեցնում, որ ԵՄ անդամակցության հայտ եւ բանակցություն այդ առմամբ հայկական կողմից չկա, Եվրոպայում նոր ռազմավարական գործընկերոջ փնտրտուքի վերաբերյալ հարցին բացասական պատասխանում` նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերաֆորմատավորում չի նախատեսում: Հայաստանի մտադրություններն ու պարտավորությունները նա պայմանագրերով հաստատված է համարում, չնայած, այնուամենայնիվ, Միրզոյանը նշել էր, որ դրանք լիարժեք չեն աշխատել: ՀԱՊԿ-ից հայկական կողմը դժգոհ է, ճիշտ է, եւ սառեցրել է անդամակցությունը, բայց դրանից ավելի հեռուն գնացող հետեւություններ Միրզոյանը չի անում, չնայած Ջերմուկին հարակից տարածքների ադրբեջանական զավթմանը ՀԱՊԿ-ի չարձագանքելու վերաբերյալ` Լավրովի ոչ համարժեք արձագանքին:
Լավրովը խոսում էր ռուսական ռազմաբազայի անվտանգային կարեւոր դերի, հարցերը մեր տարածաշրջանի երկրների եւ մերձավոր հարեւանների կողմից լուծելու, արտատարածաշրջանային երկրների հետ համագործակցությունը տարածաշրջանում լարվածությանը չուղղելու, աշխարհաքաղաքական խաղերին չնպաստելու անհրաժեշտության մասին: Վերահաստատում ՌԴ-ի պատրաստակամությունը` նպաստելու Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնության ձեռքբերմանը եռակողմ հայտարարությունների հիմքով (տեսանք, էլի, այս տարիներին ինչպես նպաստեց):
Արցախն Ադրբեջանին հանձնելու մեղքը Լավրովն ամբողջովին բարդեց հայկական կողմի վրա` ռուսական առաջարկ որպես նկատի առնելով հինգ շրջանների վերադարձն ու Արցախի պատկանելության խնդիրն ապագա սերունդներին թողնելը, որից , ըստ Լավրովի, հենց Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել` Պրահայում Ալմա-Աթիի հռչակագրով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ռուսական չմատակարարված զենքի համար Հայաստանի վճարած գումարները վերահասցեագրվել են, իբր, Հայաստանի այլ պարտքերի մարմանը, սա չի մանրամասնվել` ո՞ր պարտքի, Աստված գիտե, թե ի՞նչ կարգի են այդպիսով կողոպտում Հայաստանին: Լավրովը, փաստոեն, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անվստահության փուլն ի վերջո հաղթահարված է համարում:
Ի՞նչ է այս բոլորը նշանակում` արդյոք Հայաստանը դանդաղորեն դարձ է կատարում ի շրջանս յուր, թե՞ այս բոլորը պետք է դիտարկել իշխանության հայտարարած բալանսավորված քաղաքականության տիրույթում: Եւ ի՞նչ վտանգներով է հղի այս բոլորը Հայաստանի համար, երբ ինչպես ողջ տարածաշրջանում, այնպես Հայաստանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունն ու մրցակցությունը, չնայած ԱՄՆ-ՌԴ սիրախաղին, շարունակում են բարձրակետի վրա մնալ: Այլ խոսքով` ո՞ր դժգոհ կողմն է այս անգամ հրահրելու Ադրբեջանին` հարձակվելու Հայաստանի վրա:
Միայն ինչ արժե ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի արձագանքը, որը կոնգրեսում հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության իրական վտանգի մասին, որը, պատկերացրեք, ԱՄՆ-ը փորձում է կանխել: Ոչինչ նոր` հակամարտությունները բոլոր պետություններն են օգտագործում` այս կամ տարածաշրջանում իրենց շահերը հետապնդելիս:
Իմպիչմենտ
Իմպիչմենտ բառը, որ սիրում են օգտագործել մեր քաղաքականները, ճիշտ բնորոշումը չէ, քանի որ դա նախագահի ինստիտուտի համար է նախատեսված մեր օրենսդրությամբ, իսկ կառավարության ղեկավարի դեպքում ճշգրիտը անվստահության գործընթացն է, բայց դե մերոնց մոտ ի՞նչն է ճշգրիտ, որ այս բնորոշումը ճշգրիտ լինի:
Հայտնի է, որ արտախորհրդարանական մի թեւ փորձում է անվստահության գործընթաց նախաձեռնել խորհրդարանում կառավարության ղեկավարի նկատմամբ , մեր խնդիրն այս պահին խորհրդարանական ուժերի, ասել է թե` Հայաստանի քաղաքական եռագլուխ դաշտի արձագանքը նկարագրելն է դրան:
Նախ միանգամից ֆիքսենք` նախաձաեռնության համար խորհրդարանի երկու ընդդիմադիր պատգամավորական խմբերը ստորագրություններով հարցն օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ 36 պատգամավոր չունեն: «Պատիվ ունեմ» խմբակցությունից ժամանակին հեռացել էր Իշխան Զաքարյանը, հետո «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը, այնպես որ հենց այդ երկու մանդատն է պակաս` նախաձեռմնությունն օրակարգ մտցնելու համար:
Երկրորդ` ընդդիմադիր երկու խմբակցությունների պատկերացումներն են տարբեր այս հարցում: Ու թեեւ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ երբ անհրաժեշտ ձայների հեռանկար լինի, կմիանա նախաձեռնությանը, իսկ ՊՈՒ-ն էլ համարյա նույն տիպի հայտարարություն էր արել: Սակայն ավելի ուշ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս տվեց եւ հայտարարեց, թե իմպիչմենտի կողմնակից չէ (նկատի ունի հանրային ճնշման անհնարինությունը), հավակնում է վարչապետի թեկնածու լինել առաջիկա ընտրություններում, իսկ ՊՈՒ փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանը Քոչարյանի հավակնությունը վատ տարբերակ չհամարեց` որպես վարչապետ իր թեկնածությունը բացառելով:
Մինչ այդ երկու մանդատով խորհրդարանում ներկա Հովիկ Աղազարյանի կուսակցությունը հայտարարեց, որ ինքը եւս իմպիչմենտ է նախաձեռնում` սեփական թեկնածու Էդմոն Մարուքյանով, որին հանրության մեջ անմիջապես որակումներ տվեցին` Նիկոլ-2, Քոչարյանն էլ ակնհայտորեն նրան էր ակնարկում իր կամերային ասուլիսում, թե ոմանց երազանքն է 48 ժամով գոնե վարչապետի թեկնածու լինել:
Բայց ամբողջ հետաքրքրությունն այն է, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ իրենք անվստահության գործընթաց չեն նախաձեռնում, չեն էլ միանում ո՛չ Աղազարյանի, ո՛չ արտախորհրդարանականների նախաձեռնած իմպիչմենտին` յուրաքանչյուրը խոստանալով միանալ նախաձեռնությանը, եթե անհրաժեշտ պակասող ստորագրություններն առկա լինեն: Ընդ որում` հարկ է հիշել, որ «Հայաստան» խմբակցության մեծամասնություն կազմող ՀՅԴ-ի` Գերագույն ժողովից հետոյի ծրագրային դրույթներով հայտարարության մեջ խոսք կար այն մասին, որ ՀՅԴ-ն սեփական թեկածուով է գնալու ընտրությունների:
Անձամբ Հովիկ Աղազարյանը, խորհրդարանում մեր հարցին պատասխանելիս, իմպիչմենտի եւ սեփական թեկնածուի հիմնավորում որպես, ասել էր, թե հարկ է կոտրել այն սյունը, որին հենված` իշխանությունն ու ընդդիմությունը հավասարակշռում են իրար, նույն քաղաքական գծագրությամբ ապագայում եւս վերարտադրվելու համար: Է, սա մենք արդեն երկու-երեք տարի ասում ենք:
Ինչ կարելի է ասել այս բոլորի մասին: Եթե դաժան լինենք` շոու, ոչ մի ուրիշ բան: Եթե մեղմ լինենք` միմյանց տրամադրվածությունների եւ կարողությունների գնահատում ընդդիմության կողմից` առաջին հայացքից: Բայց եթե խորանանք` շատ անմխիթար պատկեր կբացվի մեր քաղաքական դաշտի համար, քանզի նախ` ընդդիմադիրները հասկանում են, որ իմպիչմենտ չի ստացվի, քանի որ դրա համար անհրաժեշտ հանրային աջակցությունը չկա: Այդ աջակցությունն աստիճանաբար ձգտում է նվազագույնի ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության համար, պայմանավորված խորհրդարանում բեմադրված տհաճ տեսարաններով, միմյանց քողազերծելու գործընթացի ընթացքում բոլորի վարկաբեկման բարձր աստիճանով, հանրության խնդիրների լուծումը ոչ մեկի հետ չկապելու հիասթափության մեծացմամբ, ինչու չէ`սեփական ունեցվածք դիզող եւ հանրության խնդիրները չլուծող նախկին ու ներկա պաշտոնյաների կերպարներով եւ այլն: Եւ իմպիչմենտը կամ դրա մասին խոսակցությունները վառ պահելն առանձին խմբերի կողմից այս պահին նշանակում է հանրության մեջ այլընտրանքի ձեւավորման վերջնական հուղարկավորման գործընթացի կազմակերպում միայն, քանի որ մինչեւ աշուն այն հնարավոր չէ` ԱԺ նիստերն ընդհատվելու են ամռանը, աշնանն էլ մի քանի ամիս կանցնի, երբ օրենսդրորեն արդեն հնարավոր չի լինի անվստահության գործընթաց: Նոր ուժեր ձեւավորված չեն լինի, այդպիսով, ու մարդկանց կխաբեն եւ կզբաղեցնեն ինպիչմենտ անվանված բեմադրությամբ, դա անգամ իշխանությանն է ձեռնտու` ամեն ինչ սահուն կգնա դեպի հերթական ընտրություններ հին-կլանային քաղաքական դաշտով:
Բայց այնուամենայնիվ իմպիչմենտ մասկի-շոուն մի դրական գործ անում է` բոլորի համար պարզ դարձնելով, որ մեր քաղաքական ուժերը այն աստիճանի խեղճուկրակ են, որ վարչապետի թեկնածու չունեն, ավելի ստույգ` քաղաքական կլանները մտահոգվել են, որ որեւէ չանվանարկված գործիչ չմնա, քանի որ նրանց լիդերները մնացել են ներընտանեկան- կլանային մտածողության շրջանակում` իշխանությունն ու ընդդիմությունն այս հարցում իրարից չեն տարբերվում, ու ոչ ոք չի ուզենա հանուն երկրի զարգացման տնտեսական-ֆինանսկան լծակների համար սպառնալիք ստեղծել եւ եղած կլաններից դուրս իրոք գործունակ մարդկանց դիտարկել որպես երկրի հետագա ղեկավար: Ապա տվեք նոր անուններ իշխանությունից եւ ընդդիմությունից, որոնց կպատկերացնեք վարչապետի դերում, ու կհասկանաք, որ դրանք պարզապես չկան, նրանց բոլորին ժամանակին ոչնչացրել են:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ