Մայիսի վերջին օրվա երեկոյան Գյումրու մարզամշակութային կենտրոնի դահլիճում արվեստի գեղեցիկ ոգին էր թեւածում: «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցի դասական պարի բաժինն այս տարի իր առաջին շրջանավարտները տվեց, եւ այդ նշանակալի իրադարձության առիթով այստեղ կազմակերպված «Գյումրվա բալետի հմայքը» բազմամարդ համերգը, նաեւ, այս տարիների ընթացքում կատարվածի յուրատեսակ հաշվետվություն էր:
«Օյունջյան» կրթահամալիրի մաս կազմող, ուսուցման գործընթացի հիմքում պետական ծրագիրն ունեցող «Վարդուհի» մասնավոր արվեստի դպրոցը կառուցվել է ամերիկաբնակ բարերար, երջանկահիշատակ Հովհաննես Օյունջյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, գործունեությունը սկսելով 2015 թվականին: Այն իր երեք բաժիններով (նաեւ երաժշտություն, կերպարվեստ) կոչված է ապահովելու քաղաքիս փոքրիկ արվեստասերների գեղագիտական պատշաճ դաստիարակությունը եւ նպաստելու Գյումրու հարուստ գեղարվեստական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը: Դրա համար բոլոր հարմարություններն ունեցող եռահարկ կառույցում մոտ 200 սաների հետ աշխատում են Գյումրու ու մայրաքաղաք Երեւանի տարբեր ուսումնական հաստատություններից հրավիրված երկու եւ կես տասնյակի չափ ճանաչված ու նաեւ երիտասարդ նվիրյալ մասնագետներ: Նրանց կատարած աշխատանքի մի տեսանելի արդյունքը դպրոցի սաների հաջողություններն են նաեւ արվեստի հանրապետական եւ միջազգային տարբեր փառատոներում ու մրցելույթներում:
Իսկ այս համերգի բեմից ներկայացվող համարների հոգեպարար երաժշտությունն ու վարժ պարային, բալետային կատարումները շուրջ երկու ժամ հիացմունք եւ իսկական գեղագիտական բավականություն էին պատճառում դահլիճում ներկա ծնողներին, արվեստասերներին, մայրաքաղաքից եւ այլ վայրերից ներկա հյուրերին: Ներկայացվեցին հատվածներ հայ եւ համաշխարհային բալետային ստեղծագործություններից, կոմիտասյան հայահառաչ «Կռունկի», Մանսուրյանի «Սիրո մեղեդու» գեղեցիկ բեմադրություններ, «Վարդագույն աղջիկների պարը» Խաչատրյանի «Գայանե» եւ «Վալսը»՝ «Դիմակահանդես» բալետներից:
Ու մտածում էիր՝ այսօրվա մեր անուրախ օրերին, նաեւ ռաբիսի ու շոու-բիզնեսի անհամեստ տարածվածության պայմաններում նման մաքրող, հոգով վեհացնող ամոքիչ արվեստին հաղոդակցվելը որքա՜ն անհրաժեշտ է մեր ներկա հատկապես երիտասարդ սերնդին:
Եվ եթե այսօր «Գյումրվա բալետ» գուցե անսովոր թվացող արտահայտությունը սկսում է վերստին շրջանառվել, դա հա՛տկապես՝ այս դպրոցի, դաստիարակվող այս երեխաների շնորհիվ: Ասում ենք վերստին, քանի որ բալետային տարրն այս քաղաքում ներկա է եղել դեռ մեկ դար առաջ՝ օպերա-օպերետային ստուդիայի օպերային բեմադրություններում: Ավելին, համերգին ներկա՝ արվեստի հմուտ գիտակ, «Ազգ»ի մեր բազմաշնորհ գործընկեր Արծվի Բախչինյանը նաեւ նշեց հետեւյալը. «Ընդունված է ասել, որ Հայաստանում բալետը սկիզբ է առել 1926 թվականին, Երեւանում: Ո՛չ, իմ պրպտումները ցույց են տվել, որ բալետը սկիզբ է առել դրանից առաջ՝ 1924 թվականի հունիսի 17-ին այստեղ՝ Գյումրիում… «Վալպուրգյան գիշեր» բալետային ներկայացմամբ»: Ասել է թե՝ այս պարագայում խոսքը բալետային նոր սերնդի դաստիարակման ու գեղարվեստական երբեմնի ավանդույթի վերականգնման մասին է:
Դասական պարի բաժնի առաջին շրջանավարտներից է 14-ամյա Օֆելյա Բոնդոյանը, որը փոքրուց է սիրել բալետը: Արվեստի այս դպրոցը, որի նաեւ երաժշտության բաժնում է նա սովորել, Օֆելյայի ու իր խմբի մյուս սաների համար հարազատ տուն է դարձել: «Ավարտում եմ, բայց պիտի շատ կարոտեմ նույնիսկ սրահի ձողափայտերը, ամեն-ամեն ինչ»,- ասաց նա:
Մինչ այս տեղի էր ունեցել նաեւ դպրոցի երաժշտության բաժնի սաների համերգը, իսկ այս համերգի օրը մարզամշակութային կենտրոնի երկրորդ հարկի սրահում բացվել էր կերպարվեստի բաժնի սաների գործերի ցուցահանդեսը:
«Մեր շրջանավարտները կցանկանա՞ն դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտներ, պարուհիներ, նկարիչներ, քանդակագործներ, թե՞ ոչ՝ կորոշվի հետագայում,- ասում են «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցում:- Սակայն նրանք կլինեն հայրենիքին նվիրված եւ արվեստը արժեւորող անհատներ, ինչն անչափ կարեւոր է գիտելիքով հարուստ քաղաքակիրթ հասարակության համար»:
Ուրեմն բարի երթ ու նաեւ՝ բարի շարունակություն…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի