Մարտի 5-ին էկրան բարձրացավ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը: Դեռեւս փետրվարի 24-ին տեղի էր ունեցել ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ մամուլի ասուլիսը: Ֆիլմի մտահաղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը: Սպարապետի դերը մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանը, որը ասուլիսի ժամանակ խոսեց կերպարի կարեւորության, դժվարությունների եւ իր էմոցիաների մասին:

«Եթե կարելի է՝ մի քիչ գլուխ գովեմ: Մեր մեջ շատ ընդհանրություններ եմ նկատել: Փորձել եմ չկրկնօրինակել, որ չվերածվի «տնազի»: Սա երազանքի դեր է եւ ոչ բոլորին է բախտ վիճակված այն խաղալ»:
Եթե Խորեն Լեւոնյանի դեպքում արտաքին նմանությունը օգնել է լիովին մտնել դերի մեջ, Մարջան Ավետիսյանի կերպարը մի փոքր ավելի բարդ է: Մարջանը, որը մարմնավորում է Վազգեն սարգսյանի մոր կերպարը, խոսել է իր դերի դժվարությունների մասին:
«Չափազանց մեծ է պատասխանատվությունը՝ հանդես գալ այդ կարեւոր դերում: Իզուր չէ, որ ասում են՝ Գրետա մայրիկը բոլորի մայրիկն է: Այն շատ կարեւոր կերպար է եղել ոչ միայն իր ընտանիքի, այլեւ ողջ ազգի համար: Գրետա մայրիկի ամուսնական մատանին կրում եմ մինչեւ հիմա եւ կարեւոր պահերին այն միշտ ինձ հետ է: Իմ դեպքում դժվարություն կար տարիքային տեսանկյունից, քանի որ ես ու Խորենը գրեթե հասակակիցներ ենք, բայց ֆիլմում ես կերտում եմ իր մայրիկի կերպարը: Հուսով եմ կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի կերպարի էմոցիաները»:

Ֆիլմի սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանը բացահայտեց, որ ֆիլմում արտացոլվում է ոչ միայն Վազգեն սպարապետը, այլեւ Վազգեն մարդը, հորեղբայրը եւ գրողը: Ֆիլմում ներկայացված է նաեւ Վազգենի թե՛ ռազմական, թե՛ սիրային կյանքը:
Ֆիլմը նկարահանվել է «Genetic production»-ի կողմից: Գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը նաեւ նշեց, որ Ֆիլմը չի հովանավորվել ո՛չ պետության, ոչ էլ որեւէ այլ կառույցի կողմից:
Մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ֆիլմը մեծ էկրան բարձացավ: Հանդիսատեսը դիտեց Սպարապետի կյանքի մասին պատմող այս բացառիկ ֆիլմը: Ֆիլմում ներկայացված է Սպարապետի կյանքը՝ մանկությունից մինչեւ կյանքի վերջին ժամերը: Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է իրական փաստերի վրա:

Դերասաններն ու հյուրերը խոսեցին իրենց էմոցիաներից ու ֆիլմից ստացած տպավորությունից:
Ֆիլմում հանդես են եկել նաեւ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը, Ռոբերտ Հակոբյանը, Արտուշ Բաղդասարյանը եւ այլք:
ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Բրյուսովի պետական համալսարան, 4-րդ կուրսի ուսանող