2020 թվականի սեպտեմբերի 21-ին Հասմիկ Պապյանը ստանձնեց Կոմիտաս կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անունը կրող օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Պաշտոնավարումից ի վեր մեկ անգամ եղել եմ նրա «կաբինետում»: Իր շքեղ ներկայությամբ հակադրությունն առավել սուր է նկատվում՝ մաքուր է, բայց աղքատ հաստատության դրոշմ կա՝ պատերը, հատակը, կահույքը…Մեր պետական պաշտոնյան, ԱԺ պատգամավորը, խանութի տնօրենը, երբ պաշտոն են ստանձնում, սկսում են իրենց կաբինետի վերա կամ՝ հիմնանորոգումից: Իսկ շո՞ւրջը…«աղքատ երկիր է, ինչպե՞ս մի քանի ամսում սարքվի» պատճառաբանությունը պաշտոնատարի բացատրությունն է: Պապյանի «կոմֆորտը» տեսանելի է հանդիսատեսի համար՝ երկու տարի էլ չկա եւ նորոգ բեմն ու հանդիսասրահը կրթել են Բեթհովենի, Վիարդոյի, Բրամսի, Ռոսսինիի (անհավանական թվա գուցե, բայց ներկայացվածը բավական ծավալուն է իմ կարճ գրության մեջ) արվեստի երկրպագուներին: Պապյանը սիրում է մարտահրավերը՝ Գլյուքի «Օրփեւս եւ Եվրիդիկե» օպերայի հաջողությունը վկա: Պետությունը չի կարողանում սփյուռքի հետ գործակցության կամուրջ կապել, քանզի նախ՝ չի ճանաչում իր եւ սփյուռքի ներուժը, չի կարողանում խոսել: Պապյանի մի կանչով սփյուռքը, արտերկրում հանրահայտ հայ արվեստագետները նրա կողքին են, Երեւանում եւ օպերային ստուդիա լուսավոր հասցեում ստեղծում են մի Բան, որ աշխարհին հասկանալի է՝ համամարդկային է, ակունք ունի եւ արդիական է, այսինքն՝ անժամանցելի է: Այն, որ այս Բանն ընկալելի չեղավ 2022 թվականի«Արտավազդ» մրցանակաբաշխության ժյուրիի անդամներին, այն, որ նոմինացված «Օրփեւսը» մրցանակ չստացավ,ինձ համար մեր երկրի բարոյականության անկման եւս մեկ ահազանգ է: Վախենում են երեւի խոստովանել, որ օպերային թատրոնից գլուխ չեն հանում, բեմանկարչությունից, լույսից, գեղագիտությունից՝ առավել եւս:
Սեպտեմբերին օպերային ստուդիան ներկայացնում է օպերաների օպերան՝ Մոցարտի «Դոն Ժուանը»: Դարձյալ նրա մի կանչով արտերկրից անվարձահատույց եկել, աշխատում են: «Արտավազդի» ժյուրիի անդամները թող գնահատեն ժամանակը՝ կարդան եւ պատրաստվեն առաջնախաղին, իսկ նրանց մեջ թատերագիտական քննադատական հոդված գրելու ձիրք ունեցողները ներկայացումը դիտելուց հետո «Ազգին» հոդված բերեն: Սա էլ նրանց մարտահրավերն է:
Հասմիկ Պապյանին բեմում տեսնողը համոզվել է, որ երաժշտությունը, օպերան պարզապես անհրաժե՛շտ է կենդանի ունկնդրել: Օպերային ստուդիան Պապյանի գեղադիտակն է, ինքը բեմում կանգնած՝ մարդկանց իր գեղագիտության շուրջ համախմբողը, մի արժանիք, որ անհրաժեշտ է առաջնորդին: Պապյանն ու նրա գեղագիտությունը մի լուսարձակ է, որ ցրում է խավարը:
Քովիդից հետո մարդիկ տարածություն են պահում: Գերմանիայում սա նկատելի է թատրոններում, համերգասրահներում: Պատերազմից վիրավոր, սեւազգեստ Հայաստանում ոչ միայն տարածություն, այլ վիհ կա, որ սիրով լցվելու պակասն ունի, հոգի կա՝ գգվանքի կարոտ: Արցախում՝ առավել եւս: Պատերազմից հետո Պապյանը բազմիցս եղել է այնտեղ: Հուլիսի վերջին՝ որպես «Ատկեն Արմենյան» հիմնադրամի «Զարթոնք» ակադեմիայի գեղարվեստական ղեկավար:
Եթե հավատում ենք բառի ձգողական ուժին, ապա մեր մշակութային զարթոնքը, մեր մտքի հաղթանակը նրանով պայմանավորողները եղանակ են փոխելու, որքան էլ որ մեր երկրում «Արտավազդի» դափնիները ստանում են ուրիշներ:
Բարի՛ տարեդարձ, սիրելի՛ Հասմիկ Պապյան:
Անահիտ Հովսեփյան, Գերմանիա