Սթափվելու եւ ճիշտ քայլեր կատարելու ժամանակը
Մեր նախորդ՝ «Ռուս-ուկրաինական հակամարտության արմատները» («Ազգ», 14.04.2023) հրապարակումը բավականին հետաքրքրություն առաջացրեց: Անսալով գործընկերներիս հորդորներին եւ կատարելով խոստումս՝ համառոտ ներկայացնեմ հայ-ուկրաինական առնչությունների պատմությունը եւ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայկական հարցին՝ արդի փուլում:
Ուկրաինա երկրանվանումն առաջացել է սլավոնական «կրաինա» («Кра на») «սահմանամերձ երկիր» բառից: 603 700 կմ տարածք (hy.wikipedia.org) եւ 2023 թ. ապրիլի 8-ի տվյալներով 36 մլն 437 հազար (worldpopulationreview.com) (1989 թ. 51,7 մլն, 2013 45,5 մլն dzen.ru) բնակչություն ունեցող Ուկրաինան XIII դարում ավերվել է մոնղոլական արշավանքների հետեւանքով: Հաջորդ 600 տարիների ընթացքում Ուկրաինան գտնվել է Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան եւ ապա Ռուսական կայսրության կազմում: XVII դարում Ուկրաինայում ձեւավորվում է Կազակական հետմանությունը, որն ավելի ուշ բաժանվում է Ռուսաստանի եւ Լեհաստանի միջեւ եւ, ի վերջո, ամբողջությամբ ներառվում Ռուսական կայսրության կազմում: 1917 թ. ազգային շարժումը ձեւավորում է Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունը: Սակայն Կարմիր բանակի ռազմախուժումից եւ Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1922 թ. Ուկրաինան դառնում է Խորհրդային միության հիմնադիր-անդամ: 1939 թ. Ուկրաինական ԽՍՀ-ն արեւմուտքում ձեռք է բերում նոր տարածքներ, իսկ 1954 թ. ստանում է Ղրիմը: Նկատենք, որ 1941-1945 թթ. Մեծ հայրենականի տարիներին, հատկապես Ուկրաինայի արևմտյան մասում, նշանավոր քաղաքական գործիչ Ստեփան Բանդերայի (1909-1959) (https://biographe.ru/politiki/stepan-bandera) գլխավորությամբ, ծայր առավ հակառուսական անզիջում պայքար, որն ավարտվեց պարտությամբ: 1945 թ. Ուկրաինայի ԽՍՀ-ն դառնում է ՄԱԿ-ի անդամ:
Անկախացումից հետո՝ 1996 թ. ընդունված Սահմանադրությամբ ղեկավարվող չեզոք ինքնահայտարարված Ուկրաինական Հանրապետությունը (ՈւՀ) Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների հետ ռազմական համագործակցություն է ձեւավորում: Միաժամանակ 1994 թ. գործընկերություն է հաստատում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ: 2013 թ. նախագահ Վիկտոր Յանուկովիչը, հօգուտ ՌԴ-ի հետ ավելի սերտ տնտեսական կապերի, կասեցնում է Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Արդյունքում՝ Ուկրաինայում բռնկվում են Եվրամայդան անվանումով զանգվածային բողոքի ցույցերը, որոնք վերաճում են «Արժանապատվության» հեղափոխության: Այս իրադարձությունները հիմք են հանդիսանում 2014 թ. մարտին ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցման եւ հաջորդ ամիս՝ Դոնբասի անջատողականների կողմից պատերազմի սանձազերծման համար: 2022 թ. փետրվարին ռուսական զորքերը ներխուժում են Ուկրաինա՝ սանձազերծելով Երկրորդ աշխարհամարտից հետո ծավալված ամենամասշտաբային եւ արյունալի զինված հակամարտություններից մեկը:
Ուկրաինան, ՌԴ-ի հետ շարունակվող պատերազմի հետ մեկտեղ, իր որդեգրած եվրոատլանտյան ինտեգրացիայի քաղաքական կուրսի շրջանակներում շարունակում է տնտեսական, քաղաքական եւ ռազմական կապերը սերտացնել Արեւմուտքի հետ: Եվրոպայի ամենաաղքատ պետություններից Ուկրաինան 2022թ.-ից տառապում է կյանքի ցածր տեւողությամբ եւ համատարած կոռուպցիայով, սակայն ընդարձակ բերրի հողերի շնորհիվ աշխարհում հացահատիկ արտահանող առաջատար երկրներից է:
2001 թ. տվյալներով ՈւՀ-ի բնակչության 77,8%-ը ուկրաինացիներ են, 17,3 %-ը ռուսներ, 0,2 %-ը հայեր (worldpopulationreview.com): Վերջինները Ուկրաինայում վաղուց են բնակվել: XI դարում արդեն Կիեւում հայկական համայնք կար: Ավելի ուշ տարբեր քաղաքներում եւս առաջացել են ներքին ինքնավարություն ունեցող հայկական մեծ համայնքներ: Հայերն զբաղվում էին արհեստներով, առեւտրով, երկրագործությամբ, մասնակցում ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Երկար ժամանակ իրենց ազգային նկարագիրը պահպանած հայերին XVII դարում բռնի կաթոլիկացրել են: Թուրքական դաժան բռնատիրությունից էլ թուլացած գաղութի ապազգայնացումն ավելի ուժեղ ընթացավ: Մեծ Հայրենականի տարիներին, հազարավոր հայ մարտիկներ մասնակցեցին երկրի պաշտպանությանն ու ազատագրմանը: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո մի քանի հազար հայաստանցիներ բնակություն հաստատեցին Ուկրաինայի ծովափնյա քաղաքներում եւ հայ ազգային կյանքը կրկին աշխուժացավ: Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հիմնվեցին հայկական մշակութային ընկերություններ, եկեղեցիներ, դպրոցներ: Պաշտոնական տվյալներով մինչեւ պատերազմը Ուկրաինայում շուրջ 130 հազար, ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 400 հազար հայ էր բնակվում: Գործում էին 25 հայկական եկեղեցիներ, ամենօրյա եւ կիրակնօրյա դպրոցներ, հրատարակվում էին «Արագած», «Մասյաց աղավնի» հայկական թերթերը եւ «Սուրբ Խաչ» հանդեսը: 2001 թ. ստեղծվել է Ուկրաինայի հայերի համաուկրաինական միությունը (ՈՒՀՄ), որը կազմակերպություն է եւ միավորում է երկրում գործող բոլոր հայկական կառույցները:
2014-ից սկսած Ղրիմի, Դոնեցկի եւ Լուգանսկի ռուս-ուկրաինական առանցքային հանգույցները քաղաքակրթական մարտահրավերը վերաճեցին ռուս-ուկրաինական պատերազմի՝ փորձաքար դառնալով Երկիր մոլորակի ժողովուրդների համար: ԱՄՆ-ը Դոնբասի զինված հակամարտությունը համարեց Ռուսաստանի կողմից ագրեսիայի դրսեւորում: Ռուսաստանն էլ հակադարձելով պնդեց, որ դա ներքին հակամարտություն է: 2019 թ. ապրիլի 21-ին ճապոնական արմատներով ամերիկացի ականավոր քաղաքագետ, փիլիսոփա եւ գրող, ժամանակակից լիբերալիզմի կնքահայր Ֆրենսիս Ֆուկույամայի «բողոքի քվեարկություն» եւ նիհիլիզմի արդյունք անվանած ընտրություններում (armenian-interest.com) Ուկրաինայի նախագահ դարձավ Վլադիմիր Զելենսկին, իրավիճակն ավելի բարդացավ եւ վերաճեց ցայսօր շարունակվող ռազմական բախման: Մարդկությունը թեւակոխեց փոփոխությունների զորեղ շրջափուլ, որին զուգընթաց փոխվում են նաեւ մարդկային պատկերացումները աշխարհի եւ կյանքի վերաբերյալ: Սկսված հենց այդ քաղաքական մտքի ճգնաժամն անվանվեց Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողություն: Ըստ ռուսական կողմի, այն իրականացվում է երկրի քաղաքացիներին միջուկային պատերազմից պաշտպանելու եւ «երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար» (Այդ մասին 2019 թ. ապրիլի 7-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, News.am): Իսկ ուկրաինական կողմն այն համարում է ագրեսիա իր երկրի նկատմամբ եւ օգնության խնդրանքով դիմել աշխարհի բոլոր երկրներին:
Հավաքական Արեւմուտքն սկսեց խեթ նայել ՌԴ-ի ուղեծրում գտնվող երկրներին՝ այդ թվում ՀՀ-ին: Նկատենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ հայությունը վերաբերմունքը միանշանակ չէ եւ այսպիսի պատկեր ունի ՝
ա) Հայաստանաբնակ հայերի մեծ մասը՝ հիշելով 1991-1994 թթ. արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի շարքերում կռվող ուկրաինացի օդաչուներին եւ սնայպերներին, Ուկրաինայի կողմից մշտապես ազերիներին մահաբեր զենքեր վաճառելու եւ դիվանագիտության ասպարեզում նրանց ադրբեջանամետ պահվածքի իրողությունները՝ այնքան էլ բարեհաճ չեն տրամադրված Ուկրաինայի նկատմամբ: Հայաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են միմյանց դավաճանելու եւ թշնամիների կողմն անցնելու մեջ: 2014 թ. Հայաստանը, ինն այլ երկրների եւ Ռուսաստանի հետ միասին, դեմ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որն անվավեր էր ճանաչել ռուսամետ Ղրիմի հանրաքվեն՝ հիշեցնելով, որ Ուկրաինան 2008 թ. քվեարկել էր «հայկական ուժերը» Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու բանաձեւի օգտին: ՈւՀ նախագահ Զելենսկին էլ 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես Ադրբեջանը՝ մեզ»:
բ) Հայաստանաբնակների մյուս մասն էլ, տուրք տալով արեւմտամետների ծավալած հակառուսական քարոզչությանը եւ առաջնորդվելով համամարդկային վերացական ինչ-ինչ սկզբունքներով՝ դատապարտում են ՌԴ-ին,
գ) Սփյուռքահայերը Սփյուռքի նման բազմաշերտ են եւ տարակարծիք, իսկ արեւմտյան երկրներում՝ ռուսոֆոբիայի ազդեցության տակ:
Պատերազմին միանշանակ վերաբերմունք ունեն ուկրաինաբնակ հայերը: Այսպես, Ուկրաինայի հայերի միավորման (ՈՒՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանը պատերազմի առիթով հայտարարեց. «Ռուսներն ու ուկրաինացիները եղբայր ժողովուրդներ են, ու երեւի ՌԴ-ի ղեկավարությունը կհասկանա, որ եղբայրը չի կարող եղբորն սպանել: Ուկրաինայի հայերը դեմ են ՌԴ-ի ռազմական ագրեսիային: ՈՒՀՄ-ն աջակցում է Ուկրաինային, այստեղի բոլոր հայերն Ուկրաինան համարում են իրենց հայրենիքը: Մեր տները, ընտանիքներն այստեղ են եւ, ինչ էլ լինի, մենք մինչեւ վերջ կանգնելու ենք ուկրաինացի ժողովրդի կողքին եւ պաշտպանելու ենք մեր տները» (ua-report.info): ՈՒՀՄ փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն էլ հավելեց. «պատերազմի առաջին իսկ օրից ՈՒՀՄ-ն անում է ամեն ինչ, որպեսզի բավարարվեն մեր հայրենակիցների խնդիրները» (armeniatoday. news): Ուկրաինայի հայերի կարծիքով իրենք հասկանում են, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ուղեծրում, բայց նաեւ կարծում են, որ նա պիտի պաշտպանի իր ազատության համար պայքարող Ուկրաինային: Իսկ նվազագույնը պետք է չեզոքություն պահպանի եւ հայտարարի, որ ով ցանկանա ռազմական ճանապարհով հարցեր լուծել, պետք է դատապարտվի եւ պետք չէ քաղաքականություն խաղալ կամ կողմնակալ լինել մարդկանց կյանքի նկատմամբ:
Զգացմունքային հայտարարություններից իրականություն տեղափոխվելով նկատենք, որ աշխարհի գոյությունից ի վեր ուժեղները միշտ էլ իրենց կամքն են հարկադրել թույլերին: Ռուսաստանն էլ իր ազդեցության գոտի ՆԱՏՕ-ի ներխուժումից իրեն վտանգված էր զգում եւ ցանկանում էր պաշտպանել իր ազգային շահերը: Նման իրավիճակի նախադեպը 2008 թ. Ռուսաստանի ներխուժումն էր Վրաստան, երբ վերջինս հրապուրվել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարով: Արեւմուտքում անմեղ երկրի վրա հարձակված եւ վատ Ռուսաստանի մասին սնափառ հայտարարություններ անողները մոռանում են, թե ինչպես են արեւմտյան երկրներն իրենք իրենց պահել հարյուրամյակներ շարունակ: Նրանք հպատակեցրել, թալանել են թույլ երկրների բնական ռեսուրսները, սպանել եւ վիրավորել հարյուր հազարավոր բնիկների: Հենց ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինքնահռչակ տիպար ԱՄՆ-ը, անցյալում հարձակվել, մի քանի երկրներ է գրավել եւ իր կամքը պարտադրել ողջ աշխարհին: ԱՄՆ-ի որդեգրած Մոնրոյի դոկտրինում ասվում է, որ արտաքին ուժերի յուրաքանչյուր միջամտություն Ամերիկայի քաղաքական գործերին, համարվում է ԱՄՆ-ի դեմ թշնամական գործողություն: Ինչո՞վ է սա տարբերվում ՌԴ-ի Ուկրաինայում իր ազդեցության գոտու մասին մեկնաբանությունից: Վերջապես, Washington Post-ի եւ ABC News-ի վերջին հարցախույզը ցույց է տալիս, որ հենց ամերիկացիների միայն 33 տոկոսն է հավանություն տալիս Բայդենի արտաքին քաղաքականությանը:
Ասում են՝ «պատերազմը դիվանագիտություն է այլ միջոցներով», հետեւապես որքան շատ արտաքին ուժեր (ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ այլն) խառնվեն այս հակամարտությանը, այնքան ավելի կվատանա իրավիճակը, քանի որ այս երկրներից յուրաքանչյուրը, ձեւացնելով թե իբր պաշտպանում է Ուկրաինային, իրականում հետապնդում է իր շահը: Իսկ Ռուսաստանն էլ՝ վախենալով, որ Կիեւը կմիանա ՆԱՏՕ-ին, որոշեց իր կամքը պարտադրել Ուկրաինային, որովհետեւ դրանից հետո անհնար կլինի չեզոքացնել սպառնացող վտանգը, քանի որ համաձայն ՆԱՏՕ-ի քաղաքականության՝ «հարձակումը մեկ անդամ երկրի վրա համարվում է հարձակում բոլորի վրա»:
Պատերազմի եւ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքով Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի հետ իր դաշինքի եւ կախվածության, ինչպես նաեւ մնացած աշխարհի հետ հարաբերությունների մեջտեղում, եւ «երբ երկու փիղ բախվում են, մրջյունը ոտնակոխ է լինում, անկախ նրանից, թե որ փիղն է հաղթում»: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով Հայաստանի ամենամեծ խնդիրն այժմ ձեռնահաս ղեկավարի, որը կկարողանար լուծում գտնել այս բարդ իրավիճակից դուրս գալու համար, չգոյյությունն է (www.TheCaliforniaCourier. com): Օրինակ, երբ Եվրոխորհուրդը քվեարկեց Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին, քառասուներկու երկիր կողմ քվեարկեց, իսկ Հայաստանը միակ երկիրն էր, որը Ռուսաստանի հետ միասին դեմ քվեարկեց այդ որոշմանը: Հիշենք, որ Թուրքիան խորամանկորեն ձեռնպահ մնաց, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չքվեարկեց: Անկասկած, հակառուսական պատժամիջոցները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի թույլ տնտեսության վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերն է, քանզի երբ «Ռուսաստանը փռշտում է, Հայաստանը մրսում է»:
Ուստի միակ լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով փոխզիջման հասնելն է: «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» մոտեցումն այս դեպքում բոլորին կդարձնի կույր եւ անատամ, ՀՀ-ին՝ հատկապես: Այնպես որ, ռուս-ուկրաինական շրջանակներից վաղուց դուրս եկած աշխարհը փոխելու եւ նոր աշխարհակարգ ձեւավորելու փորձաքար այդ հակամարտության շրջապտույտում հայտնված Հայկական հարցը հերթական անգամ խիստ վտանգված է: Որովհետեւ՝ օրվա իշխանությունների անհեռատես քաղաքականության հետեւանքով ՀՀ-ն հայտնվել է երկու քարի արանքում, վտանգված է նրա սուբյեկտայնությունը՝ դրանից բխող կործանարար բոլոր հետեւանքներով: Մերօրյա բեւեռացող աշխարհում, որպեսզի ո՛չ ավերակների տակ մնա եւ ո՛չ էլ հայտնվի պատմության լուսանցքում, ՀՀ-ի նման փոքր երկրների համար ճիշտ կողմնորոշվելն անչափ կարեւոր է: Իսկ դա առայժմ չի երեւում: Հետեւապես ստիպված ենք արձանագրել, որ չարչրկված Հայկական հարցը հերթական անգամ ոչ միայն արդարացի լուծում չի ստանում, այլեւ XX դարի առաջին երկու տասնամյակների նման, այս անգամ եւս, հայ ժողովորդի ֆիզիկական գոյությունը հայրենի բնօրրանում կրկին վտանգված է եւ օր առաջ սթափվելու, ճիշտ ու հաշվարկված քայլեր կատարելու խիստ անհրաժեշտությունը կա:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր