Մոսկվան նախորդ շաբաթ բոլորին ցնցող տեսանյութ տարածեց. Կարմիր հրապարակում սավառնող ու հենց օդում ոչնչացված անօդաչուն Կրեմլի վրա էր ուղարկված: Թեեւ պաշտոնական Կիեւը հնարավոր բոլոր խողովակներով տեղեկացրեց ու հերքեց իր կապը ԱԹՍ-ի հետ, այնուամենայնիվ մոսկովյան աղբյուրներն առ այս պահը վստահեցնում են՝ Կրեմլի վրա ուղարկված «դեսանտը» Զելենսկիի ձեռագիրն էր: «Ազգ»-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշում է՝ չափերով փոքր երեւացող անօդաչուները երկար ճանապարհ կտրել-անցնել չէին կարող, հետեւաբար Կրեմլի վրա ուղարկված «թռչունների» մասով Կիեւի մատը դժվար թե խառը լիներ:
Այս հարցի մասով, ի դեպ, բազմաթիվ են այն բովանդակությամբ կարծիքները, թե անօդաչուները Կրեմլի վրա ուղարկելը ռուսական սցենար է: Ռազմական մեկ այլ փորձագետ՝ Կարեն Վրթանեսյանն այս մասով մեզ հետ զրույցում նկատում է. «Ռուսաստանյան տեղեկատվական տիրույթում Մոսկվան անօդաչուներով Կրեմլին հարվածելու փաստի կարեւորությունը փորձում է նվազեցնել»:
«Ազգ»-ի հարցին, թե Մոսկվան այս միջադեպը հնարավո՞ր է միջուկային զենքն ասպարեզ հանելու համար օգագործի, «Հենակետ»-ի ղեկավարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից մեկը մեջբերելով է պատասխանում. «Եթե կհիշեք՝ մի առիթով Պուտինն ասաց, որ միջուկային զենքը գործի դնելու մասով Ռուսաստան-Արեւմուտք հաշիվը 0-1 է: Նա պարզ հասկացրեց, որ վաղ թե ուշ այդ հաշիվը 1-1 է դառնալու»:
Վրթանեսյանը սակայն չի կարծում, թե այս միջադեպից հետո միջուկային զենքի կիրառման թեմա բացվի, բայցեւ չի բացառում՝ հանգամանքը ՌԴ-ի համար Ուկրաինայի ղեկավարներին թիրախավորելու պատրվակ կարող է դառնալ. «Մի բան, ինչից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսները, կարծես թե, խուսափում էին, այժմ կարող են կյանքի կոչել: Ենթադրում եմ, որ այդպիսի թիրախավորումը հիմնավորելու համար լրացուցիչ աշխատանք պետք է տանեն, ապացույցներ ներկայացնեն միջազգային հանրությանը՝ նույնիսկ եթե արեւմտյան երկրները հրաժարվեն դրանք ընդունել: Իհարկե, նաեւ չի կարելի բացառել, որ Ռուսաստանը հարվածներ հասցնի՝ առանց եւ որեւէ մի հիմնավորման»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ