Փետրվարի 21-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի «Գոստինի դվոր» կոչվող հայտնի դահլիճում հրապարակել է Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձը:
Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում ելույթ է ունեցել 18-րդ անգամ: 2000 թվականից ի վեր Ռուսաստանի նախագահները 21 անգամ ելույթ են ունեցել խորհրդարանում՝ Վլադիմիր Պուտինը՝ 17 անգամ, Դմիտրի Մեդվեդեւը՝ 4 անգամ:
Արարողությանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության սենատորներ, Պետդումայի պատգամավորներ, Կառավարության անդամներ, Սահմանադրական եւ Գերագույն դատարանների ղեկավարներ, նահանգապետական կազմը, Դաշնության հիմնադիր սուբյեկտների օրենսդիր ժողովների նախագահներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի այս տարվա ուղերձը Դաշնային ժողովին տեւեց 1 ժամ 45 րոպե: Պուտինի այս տարվա ուղերձի տեւողությունը ամենաերկարն էր, ինչպես նաեւ՝ ամենասպասվածն ու ամենաուշագրավը, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ պայմանավորված՝ բոլորը սպասում էին Ռուսաստանի նախագահի ամփոփիչ խոսքին: Կրեմլի մամուլի ծառայությունը նախապես հայտարարել էր, որ այս տարի միջոցառումը անմիջապես տեղից լուսաբանելու հնարավորություն կունենան միայն բարեկամ համարվող երկրների լրատվամիջոցները եւ լրագրողները: Ոչ բարեկամները՝ ստիպված կլինեն բավարարվել օնլայն հեռարձակմանը հետեւելով: Ի դեպ, դահլիճում ներկա էր նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը:
Հայտարարված ժամից տասնհինգ րոպե անց ողջույնի ալիքվող ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ներկաներին ողջունելուց հետո փաստեց, որ իր այս անգամվա ելույթը տեղի է ունենում Ռուսաստանի համար բարդ, սահմանագծային եւ վճռորոշ պահի եւ ընդհանրապես, աշխարհում տեղի ունեցող արմատական, անդրադարձ փոփոխությունների նախաշեմին: Նա հատուկ ընդգծեց նաեւ, որ այդ ճակատագրական ժամանակահատվածում, յուրաքանչյուրի վրա դրված է հսկայական պատասխանատվություն: «Մեկ տարի առաջ, հանուն մեր պատմական հողերի վրա ապրող մարդկանց պաշտպանության, հանուն մեր երկրի անվտանգության ապահովման, հանուն մարտահրավերների չեզոքացման, որոնք նետվում են Կիեւի ազգայնական վարչակազմի կողմից՝ Ուկրաինայում 2014 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որոշում կայացվեց անցկացնել հատուկ ռազմական օպերացիա»,- նախաբանեց իր ելույթը Ռուսաստանի նախագահը: Նա հավաստիացրեց, որ Ռուսաստանը քայլ առ քայլ, հետեւողական եւ հավասարակշռված կերպով իրականացնելու է իր դեմ դրված առաջադրանքները: Ուշադրությունից չէր կարող վրիպել այն, որ չնայած Պուտինը իր ելույթը կարդում էր թղթից, սակայն, նախագահը այն ունկնդիրներին մատուցում էր իմաստավորված տոնայնությամբ ու ժեստերով: Եվ թերեւս, տեղին են նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հավաստիացումները, թե ելույթի տեքստի հեղինակը հենց ինքն է՝ Վլադիմիր Պուտինը: Ըստ նախագահի խոսքի, 2014 թվականից ի վեր Դոնբասը պայքարում էր իր հողի վրա ապրելու, մայրենի լեզվով խոսելու իրավունքի համար, չէր հանձնվում բլոկադայի եւ անդադար հրետակոծությունների պայմաններում, կիեւյան վարչակազմի անթաքույց ատելության տակ ու սպասում, հավատում էր, որ Ռուսաստանը օգնության է հասնելու: Եվ, ահա, Ռուսաստանը հասավ օգնության: «Ի դեպ, եւ դուք դա շատ լավ գիտեք, որ մենք անում էինք ամեն հնարավորը՝ այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Համբերատար վարում էինք բանակցություններ, որպեսզի այդ ծանրագույն խնդիրից դուրս գանք խաղաղ, սակայն, մեր մեջքի հետեւում պատրաստվում էր այլ սցենար»,- փաստեց Ռուսաստանի նախագահը: Եվ, նրա խոսքերով, ըստ այդ սցենարի, ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը իրանց ռազմական կայաններն ու բիոլաբորատորյաներն էր ամրապնդում Ռուսաստանի սահմանների երկայնքով, ինչի մասին Արեւմուտքը այսօր խոստովանում է առանց ամաչելու: «Այդպես անխիղճ ու երկերեսանի նրանք գործում էին նաեւ այն ժամանակ, երբ ավերում էին Հարավսլավիան, Իրաքը, Լիբիան, Սիրիան: Այդ խայտառակությունից նրանք երբեք չեն մաքրվի: Նրանք երկար դարեր սովորել են հեգեմոնիայի, նրան, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է, որ կարելի է թքել աշխարհի վրա»,- վրդովմունք հայտնեց Պուտինը: Նախագահը՝ Ռուսաստանի համբերության հատման եւ ռազմական օպերացիա նախաձեռնելու շրջադարձային կետ մատնանշեց այն փաստը, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն 2021 թվականի դեկտեմբերին մերժել են Ռուսաստանի կողմից ուղարկված անվտանգության երաշխավորության պայմանագրերը: «Մենք տեղյակ ենք լավ քողարկված մտքերին, մենք տեղյակ ենք, որ ԱՄՆ-ի տիրապետած որոշակի տեսակի միջուկային զենքերի ռազմական կիրառման ժամկետը մոտենում է ավարտին եւ այդ իսկ պատճառով որոշակի վաշինգտոնյան գործիչներ մտահաղացում ունեն իրենց այդ զինատեսակների իրական փորձարկման՝ հաշվի առնելով նաեւ այն, որ Նահանգները արդեն սկսել է նոր տեսակի նմանատիպ զինամթերքի մշակման գործընթացը: Այդպիսի հավաստի տեղեկատվություն կա: Եվ ըստ այդմ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու Ռոսատոմը, պարտավոր են ցուցաբերել պատրաստակամություն՝ ռուսական միջուկային զենքի փորձարկման: Առաջինը, իհարկե, մենք չենք լինի այդ գործում, բայց եթե ԱՄՆ-ը նման փորձարկում անցկացնի, ապա մենք նույնը կանենք: Ոչ մեկի մոտ չպետք է լինի խաբկանք, թե գլոբալ ռազմավարական հավասարակշռությունը կարող է խախտվել»,- ամփոփեց իր խոսքը Ռուսաստանի նախագահը: Նա նաեւ հայտնեց, որ այս տարվա տեղական ու մարզային, ինչպես նաեւ 2024 թվականի նախագահական ընտրությունները կկայանան՝ օրենքին, դեմոկրատական եւ սահմանադրական նորմերին համապատասխան: Նա ընդգծեց, որ Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական հարցերի նկատմամբ ունեցած տարակարծություններին, միակուռ են երկրի անվտանգությանն եւ ինքնիշխանությանը վերաբերող հարցում: Պուտինի ասածը կասկածի տեղիք չի տալիս, քանզի նրա ուղերձը մեկ մարդու պես լսելու եւ ծափահարելու էին ռուսաստանյան եկել բոլոր կենտրոնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Պուտինը կոչ ուներ նաեւ ռուս գործարարներին ուղղված: Նա ասաց, թե իմաստ չկա անցյալին կառչելու, պարզած ձեռքով այս ու այն կողմ վազվզելու, ստորանալու եւ արտասահմանից փողերը ետ խնդրելու: «Ես դիմում եմ մեր գործարարներին: Պետք է վերանայեք ձեր կյանքն ու աշխատանքը: Հատկապես, որ դուք ուժեղ մարդիկ եք ու շատերին ես ինքս ճանաչում եմ ու երկար տարիներ եմ ճանաչում: Նոր նախագծեր մտածեք, ներդրումներ կատարեք Ռուսաստանում, ստեղծեք աշխատատեղեր, օգնեք դպրոցներին ու համալսարաններին եւ, ես ձեզ խոսք եմ տալիս, պետությունը կաջակցի ձեզ»,- հորդորեց Ռուսաստանի նախագահը:
Նրանք, ովքեր բռնել են երկրի դավաճանության ճանապարհը, պատասխանատվության կենթարկվեն օրենքով, ասել է նա: Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն «վհուկների որս» կազմակերպել:
«Ով գնում է ուղիղ դավաճանության ճանապարհով, կատարում է ահաբեկչական եւ այլ հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվի օրենքով: Բայց մենք երբեք չենք նմանվի Կիեւի ռեժիմին եւ արեւմտյան վերնախավերին, որոնք զբաղվում են վհուկների որսով»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ իշխանությունները «հաշիվներ չեն մաքրի» նրանց հետ, ովքեր «հրաժարվել են հայրենիքից», բայց «դա կմնա նրանց խղճի վրա»:
ՌԴ նախագահը հայտարարեց, որ Մոսկվան սառեցնում է մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին՝ դարձյալ ակտիվացնելով հնարավոր միջուկային պատերազմի մասին մտահոգությունները:
«Հարկադրված եմ այսօր հայտարարել, որ Ռուսաստանը սառեցնում է մասնակցությունը պայմանագրին: Կրկնեմ՝ ոչ թե դուրս է գալիս, այլ՝ սառեցնում»,- ասաց Պուտինը:
Ռուսաստանի նախագահի կրկին ասաց, թե Ուկրաինայի այսօրվա տարածքը Ռուսաստանի պատմական հողներն են: Սեպտեմբերին ռազմի դաշտում ուկրաինական հակահարձակման արդյունքում ավելի վաղ գրավված տարածքների մի մասը, այդ թվում Խերսոն քաղաքը կորցրած Ռուսաստանի նախագահն այսօր պնդել է, թե արեւմտյան ռազմական օգնությունը Ուկրաինային չի օգնի.- «Որքան շատ հեռահար սպառազինության համակարգեր գան Ուկրաինա, այնքան շատ հեռուն մենք ստիպված կլինենք հեռացնել վտանգը Ռուսաստանի սահմաններից»:
Իր ելույթում Պուտինը խոսեց նաեւ սոցիալական խնդիրներից, պնդեց, որ չնայած պատամերազմին, պետությունը հոգ է տանում իր քաղաքացիների մասին, իսկ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով հսկայական կորուստներ կրող ռուսաստանցի օլիգարխներին կոչ արեց լինել ժողովրդի կողքին:
Նա ասել է, որ այսօրվա ուղերձն ընթերցում է երկրի համար բարդ եւ շրջադարձային փուլում, երբ տեղի են ունենում արմատական, անշրջելի փոփոխություններ ամբողջ աշխարհում, կարեւորագույն պատմական իրադարձություններ, որոնք որոշում են երկրի եւ ժողովրդի ապագան:
Պուտինն ասել է, որ բոլոր ռուսները հիմա վիթխարի պատասխանատվություն են կրում:
Ուղերձի ավարտին նա հայտարարել է. «Ճշմարտությունը մե՛ր կողմն է»:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից