Օրերս շնորհակալությամբ ստացանք եգիպտահայ հայտնի մտավորական, ազգային դիմագծի ու անաղարտ հայերենի աներեր պահապան ու ջատագով Պերճ Թերզյանի «Գրախօսականներ եւ անդրադաձներ Պերճ Թէրզեանի գիրքերուն մասին եւ իր հետ եղած հարցազրոյցներ» ժողովածուն (Գահիրէ, 2024, 278 էջ): Այս առիթից օգտվելով ցանկանում եմ մի քանի խոսք ասել բարեկամիս հայաշունչ անձի եւ բծախնդիր ու ճշտապահ ստեղծագործությունների մասին:
Պատմությունը մեր հիշողությունն է, ազգապահպան հզոր զենքը: Ազգերը, երբ կորցնում են պատմական հիշողությունը, հաղթանակը՝ արդարի եւ հավատը՝ հաղթանակի նկատմամբ, մեռնում են: Դա ավելի է կարեւորվում, երբ վերաբերում է Սփյուռքին: Այդ թվում` եգիպտահայ գաղութին, որը շնորհիվ իր նվիրյալների, կարողացավ օտար հողի վրա ստեղծել անհրաժեշտ կենսապայմաններ ու կրթամշակութային օջախներ: Նրանցից մեկը ազգանվեր գործիչ ու գրչի համեստ մշակ, տարիների ու կենսափորձի վաստակած ծանրությունից սակավախոս դարձած Պ. Թերզյանն է`բացառիկ ազնիվ ու իրատես անհատ, որն արգասաբեր մտածողություն ունի եւ բեղուն գրիչ: Նա մարդկային այն տեսակն է, որ ամեն ինչով նպաստում է հայ մնալու, ազգային դեմքը չկորցնելու, հայոց ոգին ու ձգտումները անաղարտ պահպանելու ու սերունդներին փոխանցելու ազգանվեր գործին:
Փոքր տարիքից «ընթերցասէր եղած» Պ. Թերզյանի հոգու միջուկը գիրն ու գիրքն են եղել, հայ ազգն ու նրա անհատակ մշակույթը: Ժողովածուի նյութերին ծանոթանալով հասկանում ես, որ նա սովորական անձ չէ, այլ ուժեղ ու ստեղծագործող անհատականություն: Իսկ այդտեսակ անհատները մեծարման համար չէ, որ արարում են, քանի որ նրանք իրենց գործով, վաստակով, թողած նշանակալի ժառանգությամբ եւ կերտած կենսագրությունով արդեն բարձրունքում են: Թերզյանը գնահատելի երեւույթ է: Նա զգալի վաստակ ունի եւ Սփյուռքում իր հրատարակած հոդվածներով ու գրքերով ստեղծել է մամուլի յուրահատուկ միջավայր ու մթնոլորտ:
Իսկապես, եթե փորձենք Ժողովածուի էջերը թղթատել, կգտնենք այնտեղ Թերզյանի էությունը, նվիրումի, հավատքի, զոհողության եւ անշահախնդիր ծառայելու ոգին: Ազգային կյանքի հավատավոր նվիրյալը ծառայել է ազգապահպանության վեհ գործին եւ կցանկանայինք այսուհետ եւս վերանորոգ ուխտով շարունակի իր նվիրական այդ երթը: Նա հաճախ է շեշտում, որ իրեն գրող կամ հետազոտող չի համարում: Սակայն հաճախ կարելի է տեսնել, թե որքան մտահոգ է ու անհանգիստ հատկապես Սփյուռքի վաղվա օրվա համար. «Եթէ այսօր չապահովենք մեր նոր սերունդին ազգային դաստիարակութիւնը, ապա` 20-30 տարի պիտի չունենանք ազգային ծառայութեան եւ Հայրենիքին օգտակար ըլլալու նուիրուած սերունդ մը. այսօրուընէ պատրաստելու ենք մեր ապագայ առաջնորդները»,-մի անգամ ափսոսանքով ասաց նա:
Եղել են պահեր ու խնդիրներ, որոնց կողքով չի կարողացել անտարբեր անցնել եւ դիմել է գրիչի ու թղթի ծառայությանը: Նրա աշխատությունները հաստափոր չեն, ամպագորգոռ թեմաներ չեն ընդգրկում, սակայն ասելիք ունեն, պարզ, հասկանալի եւ ջինջ ու ծորուն արեւմտահայերենով ներկայացնում են խնդիրները: Ամենակարեւոր արժանիքը, թերեւս, դրանց անկեղծությունն է, խնդրո առարկա թեմայի բոլոր եզրերի իմացությունն ու ամբողջական ընկալումը: Մի առիթով խոստովանել է. «Թեեւ դաստիարակութիւնս եւ ուսումնասիրութիւնս միտուած չէին որ ես գրող մը ըլլամ կամ գրագէտ մը, սակայն …Անցեալ դարու 70-ականերէն սկսեալ հայերէն լեզուով յօդուածներ եմ գրեր, իսկ «Արեւ» թերթի արաբերէն ամսօրեայ յաւելուածին առիթով 1998-էն` նաեւ արաբերէն»:
Հանդարտաբարո վարքագծի տեր, խաղաղ ու անառարկելի ոճով, «նիւթի մէջ անգամ ներքին անհանգստութիւնը կամ անհամաձայնութինը» անկողմնակալ, համակողմանի, նկարագրական մանրամասներով քողարկող (ինչն ավելի վստահություն է հաղորդում նրա խոսքին) Պ. Թերզյանի նախորդ տարիներին կատարած ազգանվեր գործերի, արձանագրող գրչի ու տարեգրողի, ասելիք ու անելիք ունեցող անհատի ստեղծագործությունների յուրատեսակ ամփոփում ու ամբողջացում է սույն Ժողովածուն: Այստեղ անհատն է, Աշխարհի քաղաքացին, հայի ու սփյուռքահայի տեսակը, տարիների իր կենսափորձով, աշխարհընկալմամբ ու մինչեւ ուղնուծուծը ազնվաբարո կեցվացքով` գրիչ-թուղթ մոլորակի անխոնջ կատարողը: Ժողովածուն լայն ընդգրկում ունի եւ անդրադարձներ է պարունակում XX դարի վերջին եւ XXI դարի առաջին քառորդների Սփյուռքում, Մայր հայրենիքում եւ եգիպտահայ գաղութում համազգային մտահոգության իրադարձությունների մասին:
Ժողովածուում ընդգծվում է, որ Թերզյանի հոդվածների հիմնական նյութը ազգային կյանքն է` իր խնդիրներով, հոգսերով, աշխույժ առօրյայով ու փոքրիկ հաղթանակներով: Իրադարձությունների կիզակետում իր մտորումներով, աշխարհընկալմամբ եւ անորոշ վաղվա օրվա նկատմամբ մի քիչ էլ անհանգստությամբ, մարդն է, հայն ու եգիպտահայը: Այստեղ իրար կողքի են մեկտեղվել մամուլի մշակն ու հայի ապագայով մտահոգ կրոնավորը, հայկական ռադիոժամի աշխատակիցն ու մարզամշակութային ասպարեզի ներկայացուցիչը, նշանավոր եւ ունեւոր հայն ու կրթական գործի երախտավոր մշակը: Նրանք բոլորն էլ լարված են, մտահոգ, վաղվա օրվա նկատմամբ անվստահ: Հոգս ու ցավ ունեն նրանք, առաջին հայացքից անտեսանելի կարոտ` Հայրենիքի ու հայի տեսակի հանդեպ, Եղեռնից ժառանգած հոգու խորքում անթեղված անթաքույց ցավ ու մորմոք…: Այս ամենով հանդերձ, նշվում է, որ Թերզյանի այդ հրապարակումներում այս կամ այն հարցի վերաբերյալ մտորումներում ու եզրահանգումներում նկատելի է լավատեսությունը, ինչն, անկասկած, մեծ հոգու, հզոր անհատի առհավատչյան է: Այդ լավատեսությունն ու անսասան հավատն ապագայի նկատմամբ դրսեւորվում է հատկապես այն դեպքերում, երբ խոսք է գնում հայոց պետականության մասին:
Ժողովածուում նշվում է, որ Թերզյանը խորը մորմոքով արձանագրելով հայ մարդու մեծագույն ցավն ու ողբերգությունը, կատարում է ուժեղ ու «պինդ» անհատին վայել եզրահանգումներ` անհրաժեշտ ու պարտադիր է համարում անցյալից դասեր քաղելը, վերլուծել իրադարձությունները խորքային մակարդակով եւ հասկանալ, ճշգրտել համայն հայության անելիքները, եւ այդ նվիրական առաքելության իրականացմանը որպես գրավական տեսել է հայոց պետականությունը: Իրեն գիտակ ուսումնասիրող չհամարող Թերզյանն այս դեպքում հանդես է բերում նյութի եւ իրավիճակի խորը իմացություն եւ անհրաժեշտ է համարում թուրքական կողմի հակահայ քարոզչությանն ու մերժողականությանը արժանի պատասխան տալը, ընդգծելով այն խիստ վտանգավոր միտումը, որ թուրքերին երբեմն հաջողվում է հայերին ներկայացնել իբրեւ իսլամի թշնամիներ եւ թուրքերին կոտորողներ:
Թերզյանն սփյուռքահայ այն գործիչներց է, որոնք երբեք կուսակցական չդարձան եւ առանց այդ համակարգում աթոռ, դիրք կամ իշխանություն ունենալու որեւէ ակնկալության, ներքին համոզմունքով եւ նվիրումով, բարձր գնահատելով հայությանը զանազան արկածախնդրություններից հեռու պահելու «Արեւ» թերթի զգոն եւ շրջահայաց մոտեցումները` ծառայեցին ազգին ու նրա ցավերը դարմանելու դժվարին գործին: Ժողովածուում տարբեր գրախոսների կողմից արձանագրվում է, որ անաչառ փաստագրողի դիրքերից Պ. Թերզյանը մշտապես իրատեսորեն արձանագրում է կատարված իրողությունների պատմությունը: Սակայն զգացվում է նաեւ, որ նա կորստյան ցավ ու մորմոք ունի հոգում անթեղած, տագնապ ու անհանգստություն հայադեմ դրսեւորումների նկատմամբ: Դրսեւորումներ, որոնք աղքատացնելով մշակութային, հոգեւոր ու կրթական ասպարեզները, վտանգում են հայապահպանության կարեւորագույն գործառույթները եւ, վերջապես, Սփյուռքի գոյությունն ընդհանրապես:
Ավարտելով ցանկանում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ Սփյուռքում այսօր հաց վաստակելն ավելի հեշտ է, քան ետեղեռնյան դաժան տարիներին: Սակայն այսօր էլ հայ մնալն ու հայ մեծացնել-կրթելն է դարձել չափազանց դժվար: Իսկ այդ դժվարին, նվիրական ու ազգահաճո գործում խիստ անհրաժեշտ են Պերճ Թերզյաններն ու նրանց արգասաբեր գրիչները, ինչպես նաեւ` նրանց արժանին մատուցելուն, մեծարելուն կոչված հրապարակումներն` ի դեմս ներկա ժողովածուի:
Շնորհակալություն մեծահարգ Պերճ Թերզյան-հեղինակին` իր բացարձակ նվիրումի ու հայ տեսակին լիարժեք հավատարիմ լինելու, Արեւիս տակ Մարդ մնալու համար եւ բոլոր նրանց, ովքեր նկատում, գնահատում եւ արժանին են մատուցում նրան ու նրա գրվածքներին:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր
23.04.24