Գերմանիան խոսում է խաղաղությունից, որտեղ մենք չկանք։ Հայաստանը շրջել է այդ խոսույթը կամ՝ սկսել 0 կետից
Խաղաղության մասին Գերմանիայում միշտ են խոսել։ Պատերազմների ժամանակ մտավորական մի նեղ հատված՝ կիսաձայն, դրանից հետո՝ երգչախմբով, համարյա ամեն օր ու՝ բարձր։ Ես չեմ կասկածել գերմանացի պետական, քաղաքական գործչի ճառի անկեղծությանը, երբ նա հատկապես Շոայի վերապրողներին դիմելով, վստահեցրել է, թե Իսրայելի անվտանգության երաշխավորն է։ Չեմ կասկածել, քանզի միշտ եմ տեսնում, որ Գերմանիայում հրեական սինագոգները, դպրոցները, այլ հաստատություններ պահպանում է դաշնային ոստիկանությունը։ Երկու համաշխարհային պատերազմի մեղքի մեջ թաթախված Գերմանիան՝ նախկինում այլոց խաղաղությունը հոշոտողը, հենց դրա պահպանման երաշխավորը պիտի լինի, չարիքը կանխարգելողը, դատապարտողը։ Եվ բնավ տարօրինակ չէ, որ սեպտեմբերի 29-ին «Բեռլինյան խաղաղության երկխոսություն» (Berlin Peace Dialogue) կոնֆերանսին ելույթ ունեցավ ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Ելույթի սկզբում լավ տպավորություն թողեց, քանի որ փաստեց, թե Ուկրաինայի կործանումը վերջնականապես չի ջնջել հիշողությունից այլ երկրների ողբերգությանն անդրադառնալու մասնագիտական եւ մանավանդ բարոյակա՛ն պարտականությունը։ Բայց «լավ» բառը Բերբոքի յուրաքանչյուր նախադասությանը զուգահեռ իմ մեջ ընդվզում է։
«Հարավային Սուդանի գյուղերից մեկում մի տղամարդ նիզակով հարձակվում է հարեւանի վրա։ Բարեբախտաբար ողջ է մնում տուժողը, բայց հարձակվողի դեմ բողոքել չի կարող, քանի որ մոտակայքում պետական դատարան չկա։ Բայց լավ նորություն ունեմ՝ այս դեպքում հակամարտությունը կանխվեց շնորհիվ գերմանացի դատախազի՝ Զաբինե Առնոլդի, որ Հարավային Սուդանի արդարադատության մարմիններին խորհուրդներ է տալիս՝ որպես ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահ։ Նրանց աշխատանքի կարեւոր մասը վրանում է իրականացվում։ 30 հոգանոց թիմով նրանք գյուղական վայրեր են տանում այսպես կոչված «շարժական դատարանը»։ Այս պատմությամբ սկսեց Գերմանիայի «Կանաչների» կուսակցության անդամ արտգործնախարարն իր ելույթը, հետո արդարացրեց Գերմանիայի՝ Ուկրաինային զենք տալու իրենց որոշումը, հետո ասաց, թե «Ուկրաինայում անցկացվածը ազատ ընտրության հակապատկերն է, խաղաղության հակապատկերը։ Սա խաղաղության դիկտատ է։ Քանի ռուսական խաղաղության դիկտատը կա, քաղաքացիներն անվտանգ չեն լինի, ազատ չեն լինի», ասաց Բերբոքը։ Հետո տարբեր երկրներ «գնաց»՝ նույնիսկ ջրհեղեղից տուժած Պակիստան՝ խոսելով բնական կլիմայական աղետները կանխարգելելու կարեւորության մասին… իհարկե Հայաստան չհասավ, երեւի լսել է, որ Հայաստանը 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, Արցախը հանձնելուց հետո, Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինվորին՝ օկուպանտին հանդուրժում է, քանի որ աշխարհում ընդունված խոսույթն ուզում է շրջել, խաղաղության ճառասան միակ ճարտարապետն է ուզում լինել, որ նոր դերաբաշխմամբ՝ զոհին է պարտադրում խոսել…խաղաղությունից։ Եթե խոսույթը թարս է, շրջված է, օկուպանտը՝ դահիճը, մանավանդ Իլհամ Ալիեւի մարդակերության հարուստ կենսագրությամբ, մի պատասխան է տալիս՝ ես խաղաղություն չեմ ուզում։ Ախորժակն ուտելիս է բացվում, բերան չէ, երախ է…խաղաղության օդով չի լցնելու։ Բերբոքն ի՞նչ անի, հո վրանային մի դատարան չի ուղարկելու Հայաստան, Ադրբեջան սահմանին։
Արտգործնախարարության հաջորդ հրապարակային շնչառությունը լսեցինք, երբ այսպես հատու ձեւակերպվեց՝ «Սա ՄԱԿ-ի կանոնադրության հնարավոր լրջագույն խախտումն է։ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի կեղծ հանրաքվեի փաստը, Ռուսաստանի միջազգային իրավունքը խախտող անեքսիան, օրենքի եւ ժողովրդավարության հանդեպ ծաղր են։ Նրանք ծաղրում են այս տարածքներում Ռուսաստանի սպանած հազարավոր մարդկանց, նրանց մերձավորներին։ Երկրի այս կողոպուտը երբեք չենք ճանաչի»։
Հայաստանի մասին դարձյալ ոչ մի ակնարկ։
Դեռ գալու է Հայաստանի եւ Արցախի վերամիավորման օրը։ Գերմանացի բժիշկս ինձ դեղատոմսը հուշում է՝ մի՛ հանձնվեք
Հոկտեմբերի 3-ին ականջս, շունչս, ամենակարեւորը՝ նախանձս պահած հետեւում էի Գերմանիայի վերամիավորման տոնի առթիվ պաշտոնատարների ելույթներին։
Տարիներ ի վեր այդ օրը գերմանացի ծանոթներիս շնորհավորելիս միշտ հիշեցրել եմ, որ մեզ էլ նույնը մաղթեն։ Քաղաքական գործիչների հետ իմ հարցազրույցներում որեւէ մեկը չի ծաղրել, թե Արցախը Ադրբեջանի մաս է, ուղղակի հարց են տվել՝ իսկ Հայաստանն ինչո՞ւ չի ճանաչում։ Մտերիմ շրջանակներում, հատկապես իրավաբանների միջավայրում շատ են զարմացել, երբ բացահայտել եմ, որ Արցախն իրականում Գերագույն խորհրդի որոշմամբ միացել է Հայաստանին։ Ե՞ւ… եթե այդ փաստաթուղթը կա, ինչո՞ւ չեք շրջանառում, հարցրել են նրանք։
Անալենա Բերբոքը Գերմանիայի ազգային տոնը դիմավորեց Լեհաստանում։ Լեհերը Երկրորդ համաշխարհային պատերազմի իրենց հասանելիք փոխհատուցում են պահանջում։Տարիներ ի վեր։ Բերբոքը սիրաշահեց լեհերին, ընդգծեց, թե նրանց արհավիրքների պարագայում երբեք մենակ չեն թողնի, իսկ փոխհատուցման թեման գոցեց՝ ինչպես իր նախորդները։ Նրա այդ օրվա ելույթից մի կարճ հատված՝« Իմ 7, 11 տարեկան երեխաների համար Արեւելք, Արեւմուտքը սոսկ երկնային ուղղություններ են։ Այդ ազատ երկնքի, այդ ազատության մասին խորհում եմ, երբ քաջ մարդկանց եմ տեսնում, որ այսօր դիմադրում են ավտորիտար ռեժիմներին՝ Թեհրանում, Մինսկում կամ Մոսկվայում։ Այդ մարդիկ վաստակել են մեր համերաշխությունը»։
Հայաստանի մասին՝ էլի ոչ մի շշուկ։
Գործադիրը լուռ է, օրենսդիրը լուռ է, դաշնային նախագահը, որի գլխավոր գործառույթը խորհրդարանական երկրում խոսքն է, լուռ է ու լուռ է։ Իսկ կանցլերի՝ մեզ ուղղված անհասկանալի հորդորը նախորդ հոդվածիս մեջ արդեն փոխանցել եմ։ Լուռ են եւ ասես դավադիր լռություն են պահպանում։ Առանձին քաղաքական գործիչներ կիսաձայն արտահայտվում են, բայց ԳԴՀ-ի լռության ծանր պատը դեռ ճաք չի տվել։
ԳԴՀ ԱԳՆ-ին հուշենք՝ որտեղ գտնել անկախ դիտորդի կարծիք, որ արձանագրում է՝ Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանի տարածք է ներխուժել
Երբ Գերմանիայի արտգործնախարարությունը պատճառաբանում է, թե անկախ աղբյուրներից հստակ տեղեկություններ չունի, «Ազգ»ի նախորդ հրապարակումներիս մեջ արդարացված կասկած էի հայտնել, թե սա արդյոք նշանակո՞ւմ է, որ չի վստահում Ջերմուկ այցելությունից հետո Երեւանում իր նորանշանակ փոխդեսպանին, որի գրառումը դեռ պահպանված է դեսպանության ֆբ էջում։ Սատարենք եւ հուշենք ԳԴՀ ԱԳՆ-ին՝ որտե՛ղ գտնել անկախ աղբյուր։
Դեռ սեպտեմբերի 14-ին գերմանական ամենաշատ այցելու ունեցող t-online պորտալում Շտեֆան Մայսթերը Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիայի սպառնալիքը եվրոպական, գերմանական քաղաքականության սնանկություն համարեց։ Գերմանական արտաքին քաղաքականության հարցերի ընկերակցության միջազգային կարգ եւ ժողովրդավարություն ծրագրի ղեկավար Մայսթերը նախկինում երկու տարի ղեկավարել է «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի Թիֆլիսում տեղակայված գրասենյակը։ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության գաղափարները տարածող հիմնադրամի ղեկավար Մայսթերի կարծիքին ինչո՞ւ չի ծանոթանում «Կանաչների» կուսակցությունը ներկայացնող Գերմանիայի դաշնային արտգործնախարար Բերբոքը։ Եթե Հայաստանի վարչապետի հիմնավորումների լաբիրինթոսում խճճվում է, իր նշանակած դիվանագետին չի վստահում, «Կանաչների» համակիրների թիվն ինչո՞ւ է նվազեցնում, նրանցից շատերը Մայսթերի ազնվությանն ու անկախությանը վստահում են, երբ վերջինս Ադրբեջանի՝ սեպտեմբեր 13-14-ի հարձակումից առաջ Երեւանում է եղել, հարցազրույցում բառացի հաղորդում է՝« Բոլոր փորձագետները, որոնց հետ Երեւանում խոսեցի, ակնկալում էին, որ մոտ օրերին ադրբեջանական հարձակում կլինի, սակայն որեւէ մեկը չէր սպասում, որ այն նման չափերի կհասնի»։ «Ադրբեջանական ուժերը առաջանում են հայկական տարածքի վրա, գրավում բնակավայրեր», փաստում է Շտեֆան Մայսթերը։ Իսկ լրատվամիջոցի այն հարցին, թե ակնկալվող էսկալացիան ի՞նչ է հուշում, պատասխանում է՝ « չէի պնդի, որ Ադրբեջանն իր հայացքն ուղղել է Երեւանին, գոնե հիմա՝ դեռ ոչ։ Երեւում է Ադրբեջանն ուզում է ուժ կիրառել՝ 2020-ի զինադադարի համաձայնագրով նախատեսված Հայաստանի հարավով անցնող միջանցքը գրավելու համար։ Երեւում է Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ է դրա հետեւանքներն ընդունել՝ խաղաղ շատ բնակիչներ կզոհվեն»։
Հայաստանի սխալը՝ 90-ականների պատերազմից հետո չի կնքել խաղաղության պայմանագիր
t-online-ի հաջորդ հարցը՝ «այս անգամ խոսքը ոչ թե ԼՂ դե ֆակրո հանրապետության մասին է, որում հիմնականում հայեր են ապրում, բայց որին երկու երկրներն էլ հավակնում են, այլ՝ հայկական տարածքի վրա հարձակումների։ Ի՞նչ է դա նշանակում»։
«Էսկալացիայի բոլորովին այլ աստիճան է։ Խոսքը հայոց պետության ինքնիշխանության եւ ազգային սահմանների մասին է։, մեկնաբանում է Մայսթերը։ Դեռ պարզ չէ, թե ի վերջո Ադրբեջանը որքան հեռու է պատրաստ գնալ։ Մեզանով էլ է պայմանավորված. Քանի չկա միջազգային հակազդում, Ադրբեջանին այն զգացումն է փոխանցվում, թե կարող է ռազմական ուժով ավելիին հասնել՝ առանց որեւէ պատժամիջոցի»։ Ադրբեջանի՝ Հայաստանի սադրանքին պատասխանելու վերաբերյալ հայտարարությունը «արժանահավատ չի համարում» Մայսթերը՝ հիմնավորելով, թե «Հայաստանը ռազմական առումով այնպիսի տկար վիճակում է, որ խոսափում է Ադրբեջանին հրահրող ամեն բանից»։ Ադրբեջանի հաշվարկի մասին հետեւյալ կարծիքն է փոխանցում գերմանացի քաղաքագետը. «Հայաստանի տարածքի վրա հարձակվելով երկու բանի է ուզում հասնել՝ միջանցք դեպի Նախիջեւան եւ Թուրքիա։ Վերջում տարածքներ նվաճելով Հայաստանին ստիպել, որ ԼՂ-ի ամբողջական վերահսկմանը տիրանա»։ «Այս պահին չեմ կարծում, թե Ադրբեջանն ուզում է ամբողջ Հայաստանին տիրանալ։ Ռուսաստանը դա թույլ չէր տա»։
Ծավալուն հարցազրույցը շատ հետաքրքրական է, սակայն տեղի սղության պատճառով մեր ընթերցողին փոխանցենք խիստ կարեւորը։ «Ռուսաստանը տկար է դարձել, իր զորքը տարածաշրջանից հանել է, տեղափոխել Ուկրաինա։ Ուկրաինական պատերազմը ձեռնտու է Ադրբեջանի համար, եւ նա իրավիճակից օգտվում է»։ «Ո՞ւմ վրա կարող է այս պահին հույս դնել Հայաստանը» հարցին հետեւում է Մայսթերի հստակ պատասխանը՝ «Ոչ մեկի։ Եւ սա է խնդիրը։ Հայաստանը ժողովրդավար աշխարհից, նաեւ Ռուսաստանից լիովին մենակ է մնացել։ Որեւէ մեկը պատրաստ չէ խաղաղապահներ կամ միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել։ Հայաստանը զգում է, որ ԵՄ դավաճանել է իրեն՝ նաեւ Ադրբեջանի հետ կնքած գազային գործարքի պատճառով։ Հայաստանն էլ անցյալում սխալ է գործել՝ կարող էր բանակցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ 1990- ականների սկզբին առաջին պատերազմից հետո, երբ դեռ գերազանցություն ուներ։
Էրդողանը Հայաստանի համար ոչ մի սահման չի բացելու
t-online -ի հաջորդ հարցը Թուրքիայի նախագահ Էրդողանի Ադրբեջանին սատարելու մասին է։ «Հաջորդ տարի Թուրքիայում ընտրություններ են, եւ Ադրբեջանը որոշ դերակատարում ունի ներքաղաքական կյանքում։ Իսկ Հայաստանը… Էրդողանի համար միեւնույն է, եւ այդ է պատճառը, որ այս պահին Հայաստանի համար ոչ մի սահման էլ չի բացելու։ Հռետորաբանությամբ, դիվանագիտությամբ նա Ադրբեջանի կողմը կբռնի, հնարավորության պարագայում նաեւ հավելյալ զենք կտրամադրի։ Միեւնույն ժամանակ մեծ պարտավորություն չի ստանձնի խաղաղ կարգավորման կամ հրադադարի հարցում», բացատրում է Մայսթերը։
«Ի՞նչ պետք է անեն ԵՄ, Գերմանիան» հարցի պատասխանը հետեւյալն է «Արեւմուտքը պետք է բանակցություններ կազմակերպի՝ ներառելով այնտեղ ուղարկվող խաղաղապահների պատրաստակամությունը, որ էսկալացիան թուլանա։ Այդ պատրաստակամությունն է բացակայում։ Ինչո՞ւ։ Գերմանիայում ուրիշ գործերով ենք զբաղված, էներգետիկ ճգնաժամ կա, ռուսների վրա ենք կենտրոնացել, ռազմավարական մտածողություն չունենք, ընդհանրապես չենք հասկանում, այդ շրջաններում ինչ է կատարվում, ինչպես է Հարավային Կովկասը կապված Ուկրաինային։ Որեւէ մեկը լրջորեն չի զբաղվում այդ կարեւոր տարածաշրջանով։ Արեւմուտքի ներգրավվածության բացակայության պատճառով այստեղ նախադեպ ենք նկատում. այլ պետություններ տեսնում են, որ արժե պատերազմով, ռազմական ճանապարհով իրենց շահերը պաշտպանել եւ հակամարտությունները լուծել՝ իրենց շահերից ելնելով»։
ԳԴՀ ԱԳՆ դատապարտեց հայ ռազմագերիների մահապատժի փաստը, բայց՝ խուսափում է հրապարակել
Առցանց «Ազգ»ում հոկտեմբերի 4-ի ուշ երեկոյան հաղորդել էինք նույն օրը երեկոյան դաշնային արտգործնախարարության պատասխանը՝ հայ ռազմագերիներին մահապատժի ենթակելու տեսանյութի առնչությամբ։ Գերմանագիր Haypress-ի հարցմանն ի պատասխան ԳԴՀ ԱԳՆ դատապարտել էր միջազգային իրավունքի ոտնահարումը։ «Արմենպրեսը» հաջորդ առավոտ նույն լուրը տպագրել է՝ կցելով Գերմանիայի Բունդեսթագի լուսանկարը։ Սա թյուրըմբռնման աղբյուր կարող է դառնալ, քանի որ Գերմանիայի օրենսդիր մարմինը որեւէ հայտարարություն, վերաբերմունք չի արտահայտել, իսկ գործադիրը՝ տվյալ պարագայում ԱԳՆ, որքան էլ զարմանալի լինի, պաշտոնական կայքում չի զետեղել այդ հարցումն ու պատասխանը կամ նույնաբովանդակ հրապարակում արել։ Մեկ շաբաթ է անցել մեր նախորդ հրապարակումից, բայց արտաքին գերատեսչությունը որեւէ վերանայում չի արել, չի խմբագրել իր փաստազուրկ տեքստը՝ կողմերին հավասարեցնելու միտումնավոր համառ ցանկությունն ընդգծելով։ Այդ պարագայում թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ նպատակ է հետապնդում հարցին պատասխանելը, ապա չհրապարակելը, երբ ուրիշները՝ հայ լրագրողներս այն հանրայանցնում ենք։ Վախենու՞մ եք, որ Ադրբեջանից հոսող գազը կմնա կես ճանապարհին։
Այդ վախն անշուշտ կա։ Գերմանական լրատվամիջոցներից մեկում այսպիսի միտք կար. եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունները վերսկսվեն, ամենայն հավանականությամբ գազ էլ չենք ստանա։ Ուստի ձեռնտու չէ նաեւ չեզոք լինելը։
Վերոնշյալ պորտալի հոկտեմբերի 5-ի թողարկման մեջ նորից հստակ ձեւակերպված է՝ «Սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։ ԵՄ-ն առաքելություն ուղարկելու առաջարկ արեց, բայց Եվրոմիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչ Յոզեպ Բորելի պատասխանից շատ բան հստակ դարձավ …«ԵՄ այժմ որեւէ հնարավորություն չի տեսնում Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո միջնորդ լինել երկու պետությունների միջեւ, քանի որ դրան Հայաստանը համաձայն է, Ադրբեջանը՝ ոչ», ձեւակերպեց Բորելը։
Իսկ Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 5-ին ԱԺ- ի ելույթում ընդհանրական այսպես գնահատեց՝ գոհ է միջազգային արձագանքից։
Ադրբեջանական համայնքի սպառնալիքը՝ Բեռլինը Փարիզ չէ, Բեյրութ չէ…
Գերմանահայ համայնքը տարբեր միջոցներով փորձում է բողոքն արտահայտել։ Հոգեւոր դասը՝ իր խոսակիցների հետ, համայնքային կազմակերպությունները՝ տարաբնույթ դերակատարմամբ, իսկ լրատվամիջոցներին անպայման կանդրադառնաք՝ մեր հաջորդ գրության մեջ։ Շատ կարեւոր աշխատանք է կատարում գերմանահայ իրավաբանների միությունը, որի հիմնավորված, արդյունավետ, օպերատիվ աշխատանքն արժե առանձին ներկայացնել։ Հանրահավաքներ են գումարվել տարբեր քաղաքներում՝ խոսուն պաստառներով, երիտասարդ մասնակիցներով։ «Դադարեցրե՛ք Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմը» գլխագիրն ի մի է բերել հայերին։ Սեպտեմբերի 27-ին ժամը 15-16.30-ին նախագահական նստավայրի՝ Բելվյու դղյակի մոտ ոստիկանական բազմաշերտ հսկողությամբ պաշտպանվում էին հայ ցուցարարները, քանի որ թվիթերյան սոցիալական հարթակում սեպտեմբերի 26-ին «Գերմանիայում ադրբեջանական համայնք» անվանյալ կազմակերպությունը փորձ էր արել սպառնալ։ «Խորհուրդ ենք տալիս բողոքի ցույց չկազմակերպել։ Բեռլինը Փարիզ չէ, Բեյրութ չէ»։ Բեռլինն, այո, հաստատում է, որ ադրբեջանաթուրքական պատանդառության ճիրաններում է, բայց հայերս, որ այդ քաղաքում դեռ չենք կանգնեցրել արդարադատության հաղթանակի մեր հուշարձանը՝ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանին ի պատիվ, ինչպե՞ս ազատագրենք նրանց Ֆեմիդային, որի ոչ միայն աչքերն են գոց, այլեւ՝ ունկնուբերանը, իսկ կշեռքի մի նժարին գազ ու նավթ է, մյուս նժարին՝ խավիար, քանի որ մեր արյունն ու արցունքները նժար չեն գտնում, իսկ Խրիմյան Հայրիկի շերեփի թուղթն էլ վաղուց մաշվել է։ Սեպտեմբերի 27-ին հայ ցուցարարները պահանջում էին, որ նույն օրը նստավայր ժամանած Ադրբեջանի նորանշանակ դեսպան Նասիմի Աղաեւին ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հավատարմագիր չտա։
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի օրը Շթայնմայերը սեղմեց Աղաեւի ձեռքը
Գերմանական դիվանագիտական նրբանկատությունն ո՞ւր կորավ, երբ պատերազմի դասերից ճամարտակող Գերմանիան, հենց 2020-ի 44-օրյա պատերազմի սկիզբը նշանավորող սեպտեմբերի 27-ին է նշանակում Աղաեւին հավատարմագրման օրը, նրա արյունոտ ագրեսորի ձեռքը հենց ա՛յդ օրն է սեղմում ԳԴՀ խորագետ նախագահը։
Ի դեպ Ադրբեջանի նորանշանակ դեսպանը, որ Բեռլինում իր երկրի դիվանագիտական դղյակի պարիսպներից լաթի կտորներով աղաղակում էր, թե «Հայաստանը ահաբեկչական պետություն է», «Ղարաբաղն՝ Ադրբեջան», սեպտեմբերի 30-ին նույնը հաստատեց՝ թվիթերյան իր էջում զետեղելով Նիկոլ Փաշինյանի Հ1-ին տված հարցազրույցից մի մեջբերում՝«Ոչ մի երկիր պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը եւ ոչ մի երկիր պատրաստ չէ ընդունել Ղարաբաղը՝ որպես Հայաստանի մաս։ Պետք է ընդունենք այս փաստը»։ Աղաեւն անգլերեն այդ տեքստին ընդամենն ավելացրել էր՝ «Այո՛, քանի որ Ղարաբաղն Ադրբեջան է»։
«Հայաստանն ահաբեկչական պետություն է» պաստառն այժմ բնականաբար չկա, բայց մեկ շաբաթ է մեր հարցը «Ազգ»ի առաջին էջում տեսանելի է, Հայաստանի օդում չիր է դարձել, Գերմանիայի մթնոլորտում էլ դեռ չի գոլորշացել, իսկ ԳԴՀ եւ ՀՀ ԱԳՆ-երից որեւէ պատասխան չկա։ Ակնկալում ենք, որ Բեռլինում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին կարտոնեն պատասխանել մեր գրավոր հարցերին, որ կներկայացնենք ստանալուն պես։
Մի փաստ եւս՝ Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հանձնակատար Լուիզե Ամցբերգը հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութի մասին թվիթերյան գրառման մեջ զգացական՝ «horrified» (սարսափած) բառով է նկարագրում իր ապրումները եւ մոռանում, որ իր ժլատ բառաշարում կոծկում է հանցագործների, կատարողների՝ ադրբեջանցի զինվոր լինելու փաստը։
Թեմայի շարունակությունը՝ մեր հաջորդ համարում։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա