Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցողն այս օրերին այնքան հարափոփոխ է, որ անգամ ամենափորձառու վերլուծաբանները հեռու են մնում լուրջ կանխատեսումներ անելուց, չհաշված խմբաշահ բարձրաձայնումները։
Այնպես որ՝ մնում է սոսկ արձանագրումներ անել, հուսալով, որ իրադարձությունները չեն գնա վատթարագույն ճանապարհով։
Թուրքիայի երկրաշարժից հետո բոլորիս համար գուցե անսպասելի՝ բացվեց Մարգարայի կամուրջը, եւ Հայաստանը երեք տասնամյակ չբացված այդ կամուրջով հումանիտար բեռ ուղարկեց Թուրքիա։ Միամիտ կլինի կարծել, թե Մարգարայի կամուրջը սոսկ հայ-թուրքական սահման կամ անցակետ է։ Կարելի է անգամ ասել, որ Մարգարայի կամուրջը աշխարհաքաղաքական սահման ու անցակետ է։ Եւ եթե դա բացում են, ապա առնվազն հավանություն կա աշխարհաքաղաքական կենտրոններից՝ նույնիսկ երկրաշարժի արտակարգ այս վիճակում եւ հումանիտար նպատակի համար։ Ո՞վ է հավանություն տվել, այս հարցի ուղիղ պատասխան ստանալ ոչ մեկին չի հաջողվի, սակայն ենթադրել մեզ ոչ ոք չի արգելում։ Դատելով ռուս կրեմլամետ վերլուծաբանների ոչ այնքան բարյացակամ արձագանքներից իրողությանը՝ ո՛չ Մոսկվան, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի ուղիղ հարաբերվելը չի բխում ռուսական շահից, այդ դեպքում ավելորդ կդառնա նրա ե՛ւ ներկայությունը մեր տարածաշրջանում, ե՛ւ նրա հավակնած միջնորդի կարգավիճակը՝ կնճռոտ հարցերը լուծելիս։
Ֆրանսիական կողմի սուղ արձագանքներում եւս ոգեւորություն չի նկատվում, ի տարբերություն եվրոպական կառույցներից մի քանի ֆունկցիոներների, որոնք անմիջապես ողջունեցին Հայաստանի քայլը։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմը ողջ մերկությամբ ցույց տվեց Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից։ Ահա եւ կասկածն ընկնում է վերջինիս վրա, որը եւս մեր տարածաշրջանում ունի շահեր, դաշնակիցներ եւ թշնամիներ, ու այս իմաստով կուզենար ստանձնել հայ-թուրքական հաշտեցման մոդերատորի դեր, շեշտենք՝ բացառապես իր, ու նախեւառաջ՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու շահը սպասարկելով։ Փաստորեն ՝ քառասունչորսօրյա պատերազմի կանգնեցումը ԱՄՆ-ի շահից չէր բխում, երբ ՆԱՏՕ-ում նրա դաշնակից Թուրքիան կործանիչներ ու «բայրաքթարներ» էր ուղարկում հայերիս վրա, իսկ ահա հիմա հաշտեցման ջատագով է։ Սա ընդամենը որպես արձանագրում։
Նշենք նաեւ, որ Անկարայում հայ եւ թուրք նախարարների հանդիպմանը, որ եւս չափազանց անսպասելի էր հայ հանրության համար, քննարկվել են հեռանկարային քայլեր՝ Անիի կամրջի համատեղ նորոգում, սահմանը բացելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կարգավորում։ Կառավարության վերջին նիստին էլ արտգործնախարար Միրզոյանն ավետեց, որ որոշում կա արագացնել հայ-թուրքական երկխոսության եւ սահմանի բացմանն ուղղված գործընթացները, եւ մինչեւ նոր զբոսաշրջային սեզոնի բացումը հնարավոր կլինի երրորդ երկրների քաղաքացիների՝ ցամաքային սահմանը հատելը։ Տեղ հասանք՝ ամեն տեսակի լրտես ու գործակալի համար «պռախադնոյ դվոր» ենք դառնում։
Ռուս-ուկրաինական պատերազմի ելքը դեռ չի ուրվագծվում, իսկ այդ ելքը կկանխորոշի շատ բան, ու աշխարհը կիսող երկու բեւեռ ներկայացնողները դեռ մեր տարածաշրջանի համար ճակատելու են՝ հայերիս համար այդպիսի ճակատամարտի դաժան հետեւանքներով։ Չնայած տեսակետներ կան, որ ի վերջո ռուսները կարող են պայմանավորվել մյուս բեւեռի հետ՝ իրենց համար էլ ավելի կարեւոր Ղրիմը, Դոնբասը եւ մի շարք այլ տարածքները տիրապետելու պայմանով՝ սահուն հեռանալ մեր տարածաշրջանից, ինչպես եւ անցած դարասկզբին, հայերիս թողնելով գիշատիչների համար հոշոտման։
Բայց խնդիրն այն է, որ ամեն ինչ այնպես հարթ չի կարող լինել, ինչպես մարդն է պլանավորում, եւ Թուրքիայի երկրաշարժն այդ տրամաբանության մեջ է՝ Արեւմտյան Հայաստանի զավթված մասերի հիմնահատակ ավերմամբ եւ հայերի գոնե տնտեսական վնասին համարժեք նյութական վնասով։
Մյուս կողմից, եթե այնպես ստացվի եւ սկսվի, իրոք, Թուրքիայի հետ ջերմացումը, որը մենք չենք պատկերացնում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի անընդունելի նախապայմանների պատճառով, ընդհանրապես հայկական գործունեությունը ողջ աշխարհում կտուժի, անկախ նրանից՝ ջերմացումից Հայաստանը քաղաքականապես եւ տնտեսապես կշահի, թե՞ կտուժի (երկրորդն ավելի հավանական է)։ Աշխարհասփյուռ հայկական կազմակերպությունների տասնամյակների այն ջանքը, որը բերել էր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդեն ոտք էր դնում Թուրքիայի դեմ հատուցումների պահանջով դատական հայցերի փուլ՝ կզրոյանա։ Ընդհանրապես հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմամիլիոն սփյուռքի պայքարը կիմաստազրկվի, կկոտրվի։ Սա էլ որպես արձանագրում։
Իսկ սովորական հայերիս անունից ասեմ, որ հատկապես ՀՀ քաղաքացիներիս ոչ ոք շան տեղ չի դնում, ոչ ոք նախօրոք չի բացատրում այս կամ այն քայլի բուն բովանդակությունը ու դրա հետեւանքները, որ անում է իշխանությունը, ասես նա միայն իշխանական կուսակցությանն ինչ-որ բան բացատրելու պարտավորություն ունի։ Ինչպես նախկինում առանց բացատրելու մի գիշերում եվրոպական ինտեգրումից շրջադարձ կատարեցինք դեպի ԵԱՏՄ, այնպես էլ այժմ, առանց բացատրելու, չգիտես ում հրահանգով բացում ենք Մարգարայի կամուրջը, հայ-թուրքական երկխոսություն ենք կառուցում։ Բայց չէ՞ որ Հայաստանը միայն իշխանությանը չէ, ոչ էլ նրա սեփականությունը, ու ամեն քայլի համար, որ ճակատագրական հետեւանքներով է հղի բոլորիս համար, նախ պետք է հարցնել նրա երեք միլիոն քաղաքացիների կարծիքը։ Ես, օրինակ, համաձայն չեմ, որ իմ երկրի հաշվին Թուրքիայի եւ Ադրբեջանի հավակնությունները բավարարվեն, իսկ նրանք առիթ-անառիթ իրենց անընդունելի պահանջներն են առաջ մղում։
Անգամ չգիտենք այն առաջարկների բուն բովանդակությունը, որ կրկին խմբագրվել եւ փոխանցվել է Ադրբեջանին, որի մասին վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում ասում էր, թե այդ խաղաղության պայմանագրի փաստաթղթում պետք է այնպիսի պայմանավորվածությունների տրամաբանություն եւ զսպումների մեխանիզմ լինի, որը կբացառի տեւական խաղաղության խաթարման որեւէ սցենար, այդ դեպքում վարչապետը պատրաստ է պատասխանատվություն վերցնել ու կրել այդ սցենարի համար։ Բա ասեք՝ ո՞րն է այդ մեխանիզմը, ի՞նչ եք տալիս-առնում, թե՞ ՀՀ քաղաքացին ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, այդ սցենարը մեր գլխների վրա չի՞ կիրառվելու, բա չիմանա՞նք ՝ ի՞նչ սցենար է, առարկայորեն։ Բացի այդ՝ օրինակ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի հետ դժվար է չհամաձայնել, որն ասում է, թե ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Հայաստանի բնակչության ութսուն տոկոսը Թուրքիային եւ Ադրբեջանին թշնամի է համարում, բա ո՞ւմ համար եք այդ սցենարներն իրականացնում։
Արցախյան անհասկանալի գործընթացներ
Ավելի վաղ մենք գրել էինք այն մասին, որ Արցախում երկթեւ իշխանություն է, շատերի համար անհասկանալի գործընթացներ են Արցախի իշխանության ներսում կատարվում։ Շրջափակված Արցախում դա չի կարող վտանգներ չունենալ իր մեջ։ Վերջերս մամուլը գրել էր, որ առանձին -առանձին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկնել են Մոսկվա՝ ռուսական շրջանակներում քննարկելու իրենց հետագա իշխանավարման նրբությունները։
Ըստ որոշ լուրերի՝ ռուսական կողմը ձեռնպահ է մնացել որեւէ նախապատվություն դրսեւորելուց, պրոբլեմը վերահասցեագրելով արցախցիներին։ Արցախի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, որ Ա. Հարությունյանինն է, այս համատեքստում պետք է դիտարկել, քանի որ Արցախի սահմանադրությունը կազուսներ ունի՝ եթե նախագահն ինչ-որ պատճառով չկարողանա ղեկավարել երկիրը, Արցախի ԱԺ նախագահն այդ դեպքում անգամ ժամանակավորապես կառավարելու լիազորություն չունի եւ միայն նոր ընտություններ կարող է կազմակերպել։
Այդ պատճառով արցախցիները հակված են նրան, որ երկրի նոր նախագահ ընտրել կարողանա խորհրդարանը, քանի որ այս իրավիճակում որեւէ նոր ընտրություն վտանգավոր կարող է լինել երկրի համար։ Սակայն տարակուսանք է առաջացրել այն, որ Արցախի նախագահը դեռեւս երիտասարդ մարդ է, նախագահելու ժամկետի ավարտն էլ հեռու է, ու անհասկանալի է, թե ինչ են ասել Կրեմլից կամ Հայաստանից, որ նա այդպես շտապում է։ Մինչդեռ ֆիգուրափոխությունը ամենահրատապ հարցը չէ հիմա շրջափակված Արցախում, որտեղ բոլոր ջանքերը պետք էր մեկտեղել օրվա խնդիրները լուծելու համար, եւ ոչ թե ինչ- որ չերեւացող գործընթացների վրա ռեսուրս ու ժամանակ ծախսել։ Եւ սա անսպասելի բան չէ, եթե հիշենք, որ օրեր առաջ էլ տարածվել էր այն լուրը, թե Ա. Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել, եւ դա Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով է։ Սահմանադրական փոփոխություններն արդյոք Ռուբեն Վարդանյանի իշխանության գալը կանխելու, թե՞ դա արագացնելու համար են, հասկանալի կդառնա կարճ ժամանակում։ Համենայն դեպս՝ Արցախի խորհրդարանում քաղաքական ուժով ներկայացված Սամվել Բաբայանն արդեն հայտարարել է, որ չի հավակնում Արցախի նախագահ դառնալ՝ իր անվան շուրջ շահարկումները թուրքական օրակարգի սպասարկում անվանելով։ Սահմանադրական փոփոխությունները նրա սրտով են, քանի որ ըստ նրա՝ Արցախի ներկա սահմանադրությունը Արցախի սուբյեկտայնությանը սպառնացող վտանգ է պարունակում իր մեջ։
Կապրենք-կտեսնենք, թե Արցախի համար այս ճակատագրական պահին ի՞նչ գաղտնի եւ հատկապես՝ ո՞ւմ ջրաղացին ջուր լցնող գործընթացներ են տեղի ունենում հասարակության աչքին անտես։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ