Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում կայացնելուց հետո հասարակական քննարկումներ տեղի ունեցան Իրանում: Նախ Թեհրանից հնչեցին մարդասիրական պատրաստակամության հայտարարություններ: Այդ մասին է վկայում այն, որ պատերազմի սկսումից երեք օր անց, փետրվարի 27-ին, Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության նախագահ Փիր Հոսեյն Քոլիվանդը , Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանին ուղղված նամակում, գրել է, որ Կարմիր մահիկի կազմակերպությունը պատրաստ է օգնել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին։
Նկատենք, որ ուկրաինական հակամարտության ռազմագործողությունների պայմաններում իրանական պաշտոնական շրջանակներում կարծես վերահաստատվում է տասնամյակներ շարունակ տիրող այն համոզումը, որ ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք ընդլայնումը սպառնալիք է տարբեր տարածաշրջաններում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբի խոսքով՝ Ուկրաինայի ճգնաժամն ԱՄՆ-ի ձախողված քայլերի հերթական օրինակն է: Ըստ նրա, ԱՄՆ-ն ու Արեւմուտքը փորձում են ձեւավորել ՆԱՏՕ-ի առանցքային նոր դաշինքներ, ու չնայած խոշոր ծախսերին՝ ԱՄՆ-ն նվաստացած լքեց Իրաքը, Աֆղանստանն ու Սիրիան:
Ավելին՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին էլ կարծում է, որ երբ Արեւմուտքը ձգտում է տարբեր ձեւերով հարվածել երկրների ազգային անվտանգությանը, իրականում ուղղակիորեն պատասխանատու է պատերազմների եւ ճգնաժամերի համար, որոնք ձեւավորվում են՝ նպատակ ունենալով դիմակայել Արեւմուտքի ռազմավարությունը:
Փետրվարի 25-ին Այաթոլլահ Սեյեդ Ահմադ Խաթամին Թեհրանի ուրբաթօրյա քարոզում ասել է, որ ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացվող սադրիչ գործողությունները բարդացրել են իրավիճակը տարածաշրջանում: Կրոնապետը հիշեցնելով աշխարհի տարբեր մասերում ԱՄՆ-ի միջամտության հետեւանքները, հայտարարել է, որ մինչ եվրոպական երկրները հարվածում են պատերազմի թմբուկները, ԻԻՀ դիրքորոշումն այս հարցում հակամարտող կողմերին զսպվածության եւ բանակցությունների հրավիրելն է խաղաղության հասնելու նպատակով:
Թեեւ իրանական դիրքորոշումը ԱՄՆ-ի քաղաքականության դեմ է, այդուհանդերձ դրանում կան հետաքրքրական շեշտադրումներ: Այսպես. ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման շրջանակներում Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին «Ալ-Ալամ» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցների շարունակմանը, Իրանի նավթի արտահանումը վերջին հինգ ամսում աճել է մոտ 40 %-ով։ Փաստորեն դրական տեղաշարժեր են գրանցվել երկրի տնտեսության զարգացման գործում՝ պատժամիջոցների պայմաններում բացահայտելով նոր հնարավորություններ ու մեթոդներ։
Թերեւս Կիեւին սթափվելու կոչ կարելի է համարել Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմիի ՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրած այն միտքը, թե պատերազմը լուծում չէ, իսկ ԱՄՆ-ի վրա հույս դնելն անվտանգություն չի բերի: Ավելին՝ ԻԻՀ նախագահն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք ընդլայնվելու քաղաքականության արդյունքն է։ Նախագահ Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ այն, ինչ տեղի է ունենում, կլինի հօգուտ ազգերի ու տարածաշրջանի։ Փաստորեն իրանակասն կողմը կայունության ամրապնդման որոշակի քայլեր է տեսնում ռազմական գործողությունների շրջանակներում:
Ավելի զուսպ կոչով է հանդես եկել փետրվարի 24-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ՝ իր թվիթերյան բլոգում նշելով, որ իրենք պատերազմի դիմելը լուծում չեն համարում՝ հավելելով, որ զինադադարի հաստատումն ու քաղաքական եւ ժողովրդավարական լուծման վրա կենտրոնանալն անհրաժեշտություն է։
Այաթոլլահ Խամենեին էլ նշել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի ճգնաժամ առաջացնող քաղաքականության զոհն է, քանի որ Վաշինգտոնն է միջամտել Կիեւի ներքին գործերին, կազմակերպել ցույցեր եւ իրականացրել թավշյա ու գունավոր հեղաշրջում: Ըստ Իրանի առաջնորդի՝ ուկրաինական ընդդիմության հանրահավաքներին ամերիկացի սենատորների մասնակցությունը այդ երկիրը հասցրեց այս կետին:
Թեմայի շուրջ առկա են ուշագրավ հոդվածներ՝ հրապարակված իրանական մամուլում: Այսպես, «Իրան» օրաթերթը գրում է, որ Մոսկվայի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի ինքնավար հանրապետությունների անկախությունը ճանաչելուց հետո, Արեւմուտքը պատժամիջոցների նոր փաթեթ սահմանեց Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցներ, որոնք Իրանի ու Ռուսաստանի նման երկրները մշտապես շրջանցել են: «Վաթան Էմռուզ» օրաթերթն էլ նկատում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայի միջուկային զինաթափումը կարող է դառնալ ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի կարեւոր ծառայությունն ինչպես ռուսներին, այնպես էլ ողջ աշխարհին: Ըստ նշված թերթի՝ Մոսկվա-Կիեւի լարվածության գագաթնակետին Ուկրաինայի նախագահ եւ նախկին կատակերգու դերասան Զելենսկու ելույթը միջուկային զինանոցի մասին, կարելի է համարել «կատակերգություն-ողբերգություն»:
«Ուկրաինական ճգնաժամը եւ ամերիկյան ԶԼՄ-ների զայրույթը Բայդենի անգործությունից» վերնագրով հոդվածում «Քեյհան» օրաթերթն էլ նշում է, որ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Արեւելյան Եվրոպայում անտեսել Դաշնության անվտանգության հետ կապված մտահոգությունները, սակայն Արեւմուտքը, Եվրոպան եւ Ուկրաինան անտեսեցին այդ հայտարարությունները:
Անդրադառնալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակմանը՝ փետրվարի 25-ին «Իրան» օրաթերթը գրում է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շատ թույլ արձագանքեցին դրան, որը կփոխի համաշխարհային հավասարակշռությունը: «Համշահրի» օրաթերթն էլ ընդգծում է, որ Պեկինն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը ներխուժում չի համարում:
Ավելի կոշտ գնահատական է տալիս փետրվարի 26-ին «Քեյհան» օրաթերթը՝ գրելով, որ ԱՄՆ-ը հերթական անգամ երես թեքեց իր դաշնակցից եւ արեւմտամետները պետք է դաս քաղեն: Ըստ թերթի՝ Կիեւի «դաշնակիցներ» Եվրոպան եւ ԱՄՆ-ը, հինգշաբթի առավոտյան հետեւում էին Ուկրաինա ռուսական ներխուժմանը, բայց ուկրաինական ուժերը չկարողացան դիմանալ 48 ժամից ավելի, եւ ռուսները հեշտությամբ մտան երկիր։ Ըստ նույն թերթի, ԱՄՆ-ն լքել է իր դաշնակիցներից շատերին եւ օրինակ է բերվում վերջերս Աֆղանստանի փախուստի դիմած նախագահ Աշրաֆ Ղանիի դեպքը, որը ամիսներ առաջ միայնակ թողնվեց թալիբների դեմ։
Ինչ վերաբերում է հակամարտության տնտեսական հետեւանքներին, ապա «Իրան» օրաթերթը գրում է, որ երկու օրվա ընթացքում համաշխարհային շուկայում նավթի եւ գազի գները կտրուկ աճել են՝ հասնելով բարելի դիմաց 100 դոլարի: Շարունակելով նույն թեման՝ մեկ այլ օրաթերթ՝ «Արմանե մելլի», նկատում է, որ ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա փոխել է համաշխարհային տնտեսական հավասարակշռությունը:
«Վաթան էմռուզ» օրաթերթի գնահատմամբ՝ Եվրոպան ցրտի եւ հոսանքազրկման վտանգի տակ է, քանի որ մոտ ապագայում Եվրոպան այլընտրանք չունի ռուսական գազին փոխարինելու համար: Իսկ Իսլամական խորհրդարանում Սարի քաղաքի ներկայացուցիչ Ալի Բաբայի Քարնամիի խոսքով՝ Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ պաշտպանական հարցերի շուրջ գործարքի չգնալը ճիշտ ռազմավարություն է, եւ եթե դա անեին, այսօր իրենց կսպասեր Ուկրաինայի ճակատագիրը: Իրանին ուկրաինական պատերազմի կարեւոր դաս տալու մասին է խոսել Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն «Թասնիմ» գործակալությանը։ Նրա խոսքով՝ ուկրաինացիներն այժմ պայքարում են ճգնաժամի դեմ, քանի որ տարիներ առաջ նրանք ապամոնտաժել են զսպման իրենց ներուժը։
Հարկ է նշել իրանական միջնորդական առաքելության առաջարկության մասին հակամարտության հանգուցալուծման հարցում: Փետրվարի 28-ին «Քեյհան» օրաթերթը, մեջբերելով նախագահ Էբրահիմ Ռայիսիին, գրում է, որ Իրանն աջակցում է դիվանագիտական բոլոր ջանքերին, որոնք կհանգեցնեն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է դերակատարություն ունենալ՝ օգնելու վերականգնել խաղաղությունն Ուկրաինայում։ Հետաքրքրական է, որ Ռայիսիի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով իր արտաքին քաղաքականության սկզբունքների վրա, պաշտպանում է բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նկատենք, որ վերջին թեզը օգտակար կլիներ Արցախյան հակամարտության մասին պաշտոնական Թեհրանի հետ խոսակցություններում:
Այսպիսով, իրանական մամուլում աշխուժորեն քնննարկվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ մի կողմից անվտանգության սեփական հայեցակարգի ու համակարգի առավելության կարեւորման, իսկ մյուս կողմից իրանական տնտեսության դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառման համատեքստում:
ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Իրանագետ