Գուլբենեի շրջանի (Լատվիա) պատմության եւ արվեստի թանգարանում Լատվիայում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ բացվել է Շուշի քաղաքին նվիրված ցուցահանդես, որը, սկսած քաղաքը «թյուրքական համաշխարհային մշակույթի մայրաքաղաք» ներկայացնող վերնագրից, պատմական խեղաթյուրումների մի շարան է: Հիմնվելով ադրբեջանական հակահայկական քարոզչական թեզերի վրա՝ հայ բնակչության մի քանի ջարդեր եւ հրդեհումներ տեսած Շուշիի պատմությունը թանգարանի կայքը մեկնաբանում է իբրեւ «զարգացման հրաշալի ճանապարհ»: Ըստ տեքստի՝ Շուշին կարեւոր դեր է ունեցել միայն ադրբեջանական մշակույթի ու գիտության համար, իսկ հայերը սոսկ «բռնազավթել» ու «քանդել են» այն (հայերի մասին ուրիշ հիշատակություն չկա): Շուշին անվանվում է թյուրքական աշխարհի միասնականության եւ համերաշխության նոր խորհրդանիշ:
Չբավարարվելով սրանով՝ նույն թանգարանում նույն դեսպանության աջակցությամբ մի քանի օր անց բացվել է եւս մեկ ցուցահանդես՝ «Գագաթներ տանող ճանապարհին» անվանմամբ: Ինչպես թանգարանի կայքում է ներկայացված՝ այնտեղ ցուցադրվում են «ադրբեջանական գորգեր»՝ բերված Ադրբեջանի գորգի ազգային թանգարանից («գորգագործությունը Ադրբեջանի հնագույն արվեստներից է», 1918-ին հայտնված պետության մասին գրում է կայքը), ինչպես նաեւ ղարաբաղյան ձիերի նկարներ, որոնց հեղինակը Ադրբեջանում ապրած Դացե Շտրաուսան է: Ցնծությայամբ նշվում է, որ տիկնոջ ցուցահանդեսներից մեկը կայացել է «հայերից ազատագրված Շուշիում»: Ահա այսպես քարոզչական կոպիտ հնարքներով Ադրբեջանը ուզում է եվրոպական երկրներում արմատավորել սեփական քարոզչական թեզերը եւ արդարացնել հայերի մշակութային… ցեղասպանությունը:
Իրեն ուղղված ֆեյսբուքյան օգտատերերի քննադատությանը թանգարանի տնօրենությունն առայժմ չի պատասխանել:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ