Օկուպացված Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին Ալիեւն ու Էրդողանը ստորագրեցին «Շուշիի հռչակագիրը»: Դրանով նրանք փաստացի ամրագրեցին պատերազմի արդյունքները: Նրանց այդ հնարավորությունը տվել էր Նիկոլ Փաշինյանը, որն իր հայտարարություններով, ասուլիսներով, ելույթներով արդեն իսկ բոլոր նախադրյալները ստեղծել էր՝ վստահեցնելու, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լիենելու, Գեղարքունիքի, Սյունիքի տարածքներն էլ՝ նվեր:
Թուրքիան 100 տարուց ավելի երազում էր այն, ինչը նրան սկուտեղի վրա մատուցվեց՝ Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա ցամաքային ճանապարհ, թուրքական աշխարհն ամբողջականացնելու եւ այդ տարածքը Հայաստանից մաքրելու ծրագիր: Տարածքը կմնա, բայց Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, չի լինի:
«Շուշիի հռչակագրով» փաստացի սպառնալիքներ են ուղղվում Հայաստանի Հանրապետությանը: Արցախի խնդիրը լիովին լուծված է, քանի որ այն դիտարկվում է Ադրբեջանի մաս: Թուրքիան ու Ասդրբեջանը մեզ տեղ չեն թողնում, որպեսզի քիչ ավելի բարենպաստ պայմաններում Մինսկի խմբում առաջ քաշվի Արցախի կարգավիճակի հարցը:
Մինչեւ հիմա Թուրքիան բացահայտ չէր խոսում, որ 44-օրյա պատերազմում անմիջական մասնակցություն է ունեցել բոլոր առումներով, այդ թվում՝ ռազմական, աջակցել է Ադրբեջանին՝ զանգվածային ոչնչացման զինատեսակներ կիրառելով հայ ժողովրդի դեմ: Իսկ այս հռչակագրով հայտարարվում է, որ թուրքն ու ադրբեջանցին ռազմական դաշնակիցներ են, եթե երկու երկրներից որեւէ մեկի տարածքային ամբողջականությունը խախտվի, ապա նրանք ռազմական միասնական ուժերով պատերազմելու են:
Ենթատեքստն առավել քան հասկանալի է: Արցախը դեռ մի կողմ թողնենք: Այսօր Ադրբեջանը 45 կմ առաջ է եկել, մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք: Փաշինյանի ու նրա ղեկավարած իշխանության կողմից բազմիցս է հայտարարվել, որ այնտեղ, որտեղ հայտնվել են ադրբեջանական զինված ուժերը, ՀՀ տարածք չէ, դրանք պատկանում են Ադրբեջանին: Սրան հաջորդում է Փաշինյանի՝ ինքն իրեն հակասող մյուս հայտարարությունը, թե ադրբեջանական ուժերը հենց հիմա գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում: Այս հայտարարությունն, իհարկե, միայն ՀԱՊԿ-ի համար էր: Համոզվեցինք, որ ձեւական էր, պրոտոկոլի համար: Եթե մինչեւ հիմա ադրբեջանական զինուժին Հայաստանից դուրս շպրտելու որեւէ քայլ չի արվել, նշանակում է, Փաշինյանն ուղղակի է հայտարարում «ՀՀ սուվերեն տարածք», իրականում ինքն էլ Ալիեւի նման այդ տարածքները համարում է ադրբեջանական: Դե օրինակներն էլ քիչ չեն՝ Չայզամի, Էյվազլի…. Շուշիի դժբախտ ու դժգույն, ադրբեջանական լինելու մասին էլ չխոսենք:
Ըստ «Շուշիի հռչակագրի», եթե որեւէ երկիր, այդ թվում՝ Հայաստանը, փորձի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա թուրք-ադրբեջանական ճակատը համատեղ ռազմական գործողություն կսկսի, այսինքն՝ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա:
Հռչակագրում նաեւ գրված է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքով իրականացնելու են իրենց տնտեսական ու քաղաքական նպատակները: Զանգեզուրը կապելու է թուրքական աշխարհը: Փաստաթղթով, ստորագրությամբ ու կնիքով նրանք պաշտոնապես ոտնձգություն են իրականացնում Հայաստանի տարածքի, սահմանների նկատմամբ՝ Սյունիքը համարելով իրենցը: Իսկ Սյունիքը կորցնելով՝ կորցնելու ենք Հայաստանն առհասարակ:
Իսկ եթե փորձենք զենքով պաշտպանել Սյունիքը կամ այնտեղ ներխուժած ադրբեջանցիներին դուրս շպրտել, նոր պատերազմի տեղիք ենք տալու:
«Շուշիի հռչակագիրը» սպառնալիք է նաեւ Իրանի, Ռուսաստանի համար, իսկ ամենամեծ սպառնալիքը Հայաստանին ու Արցախին է ուղղված: Եթե որպես ռազմական դաշնակից՝ Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը ներգրավվեն ռազմական գործողություններում, ուրեմն պատերազմը լինելու է Թուրքիայի, ասել է թե՝ ՆԱՏՕ-ի դեմ:
Ըստ հռչակագրի՝ Թուրքիան ու Ադրբեջանը ժխտում են Հայոց ցեղասպանությունը, նշում են, որ միասնական ջանքերով պայքարելու են ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: Իսկ հայտնի է, որ Հայաստանն Անկախության հռչակագրով պարտավորվում է պետական մակարդակով պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Ստացվում է, որ Ալիեւն ու Էրդողանը ուղիղ պայքարում են Հայաստանի դեմ, Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ: Այդ պայքարին է միացել նաեւ Փաշինյանը, որը փաստացիորեն Թուրքիայից ոչ մի պահանջ չունի նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ու այդ երկրի հետ բարեկամություն անելու պատրաստակամություն է հայտնել «առանց նախապամանների»: Նա հայտարարեց, որ Ցեղասպանության հարցով պետք է զբաղվի Սփյուռքը: Այսինքն՝ «Շուշիի հռչակագրի» այս կետն էլ է նա հլու-հնազանդ կատարում՝ հրաժարվելով Հայոց ցեղասպանության ճանաչման պետական քաղաքականությունից:
Ի՞նչ խոսք, թուրքական շահի լիարժեք ու համապարփակ սպասարկում:
«Վերջին ինքնասուլիսների ժամանակ Փաշինյանն ապացուցում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Այսինքն՝ ինքն իր մեջ այն համոզմունքն ունի, որ Արցախի մյուս հատվածն էլ է հանձնելու Ադրբեջանին: Նա այնպիսի խաղաթղթեր է տվել Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների ձեռքը, որ Ալիեւը կարող է այսուհետեւ ոչ մի բանակցության չգնալ, իր փոխարեն ուղարկել Փաշինյանի ինքնասուլիսների տեսագրությունն ու ասել՝ խնդրեմ, հայի ազգանունով իմ փաստաբանը ներկայացնում է հիմնավորումներ, թե ինչու է Ղարաբաղը պատկանում Ադրբեջանին»,- նկատում է «հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
Փետրվարի 23-ին ԱԺ-ը արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագիրն» է:
«Հայաստան» խմբակցությունը ներկայացնելու է հայտարարության նախագիծ, որում ասված է. «Շուշիի հռչակագիրը» իր սադրիչ եւ ապակառուցողական բնույթով անընդունելի է ՀՀ-ի համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքների հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ է առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»:
ՆԱԻՐ ՅԱՆ